Սուրբ գրությունների պատմություններ
Հրաշքներ՝ դեպի Հռոմ Պողոսի ճանապարհորդության ընթացքում․ Տերը օրհնում է Իր ծառային


Գործք Առաքելոց 21-22, 26-28

Հրաշքներ՝ դեպի Հռոմ Պողոսի ճանապարհորդության ընթացքում

Տերը օրհնում է Իր ծառային

Պողոսը Երուսաղեմում ձերբակալվում է։

Հոգին Պողոսին պատվիրեց գնալ Երուսաղեմ: Շատ մարդկանց դուր չէր գալիս այն, ինչ Պողոսն ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի մասին։ Նրանք ձերբակալեցին և կապեցին նրան շղթաներով։ Պողոսը պատմեց բոլորին այն ժամանակի մասին, երբ տեսավ երկնքից իջնող մի լույս, լսեց Հիսուսի ձայնը և մկրտվեց։

Գործք Առաքելոց 21․4, 12-13, 27-40, 22.1-16

Քրիստոսը բանտում հայտնվում է Պողոսին։

Պողոսին բանտարկեցին։ Մինչ նա այնտեղ էր, Հիսուսը հայտնվեց և ասաց նրան․ «Քաջալերվի՛ր, Պողո՛ս»։ Նա ասաց, որ Պողոսը Իր մասին Հռոմում էլ պետք է վկայի։

Գործք Առաքելոց 23․10–11

Պողոսը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։

Պողոսին տարան կուսակալների և թագավորի մոտ: Պողոսը համարձակորեն վկայեց Հիսուս Քրիստոսի մասին այդ հզոր իշխանների առաջ։ Նա ցանկանում էր, որ բոլորը հավատան Հիսուսին:

Գործք Առաքելոց 24.10-27, 25.6-8, 17-19, 26․1-29

Պողոսը հորդորում է նավաստիներին սպասել մինչև եղանակը լավանա։

Թագավորը ուղարկեց Պողոսին Հռոմ, որպեսզի կայսրը դատի նրան։ Պողոսը այլ բանտարկյալների հետ ճանապարհորդում էր նավով՝ ճանապարհին կանգ առնելով։ Կանգառներից մեկում Պողոսը հասկացավ, որ ձմեռը մոտենում է։ Եթե նրանք շարունակեին ճանապարհը, կլինեին մեծ վտանգի տակ։ Նա խնդրեց նավի անձնակազմին սպասել մինչև եղանակը լավանա։

Գործք Առաքելոց 27․1-10

Նավը հայտնվում է փոթորկի մեջ։

Ոչ ոք չհավատաց Պողոսին, այնպես որ նրանք շարունակեցին նավարկել։ Մի հզոր փոթորիկ սկսվեց, և նավը շատ օրերի ընթացքում տարուբերվում էր ալիքներից։ Նրանք չէին կարողանում տեսնել ո՛չ արևը, ո՛չ էլ աստղերը։ Նրանք կարծում էին, որ ծովում խեղդվելու են։

Գործք Առաքելոց 27․11-20

Նավում մի հրեշտակ է հայտնվում Պողոսին։

Մի գիշեր, մի Աստծո հրեշտակ այցելեց Պողոսին և ասաց․ «Մի՛ վախեցիր, Պողո՛ս»։ Հրեշտակն ասաց, որ Պողոսը կհասնի Հռոմ, ինչպես Տերն էր խոստացել։ Նա ասաց, որ Աստված կպաշտպանի նավում գտնվողներին․ նրանցից ոչ ոք չի մահանա։

Գործք Առաքելոց 27․23-24

Պողոսը պատմում է նավում գտնվողներին հրեշտակի մասին։

Պողոսը պատմեց բոլորին այն, ինչ հրեշտակն ասաց։ «Քաջալերվե՛ք,- ասաց Պողոսը,- որովհետև հավատում եմ Աստծուն»։

Գործք Առաքելոց 27․21-25

Պողոսը և մյուսները Մելիտե կոչվող կղզում։

Օրեր անց նավը բեկվեց և խորտակվեց։ Բայց, ինչպես հրեշտակը խոստացել էր, նավում գտնվողներից ոչ ոք չմահացավ։ Նրանք բոլորը լողացին դեպի Մելիտե կոչվող կղզին։

Գործք Առաքելոց 27․40-44, 28.1

Մելիտե կղզու մարդիկ օգնում են Պողոսին և մյուսներին։

Մելիտե կղզու մարդիկ բարեսիրտ գտնվեցին Պողոսի և մյուսների հանդեպ։ Նրանք խարույկ վառեցին, որպեսզի բոլորը տաքանան։

Գործք Առաքելոց 28․2

Օձ է խայթում Պողոսին, բայց նրան ոչինչ չի պատահում։

Հանկարծ, խարույկից օձ դուրս եկավ և խայթեց Պողոսի ձեռքը։ Բայց Պողոսին ոչինչ չպատահեց։ Նա ուղղակի սողունին թափ տվեց և հեռացրեց։ Մարդիկ զարմացած էին:

Գործք Առաքելոց 28․3-6

Պողոսը օրհնություն է տալիս Պոպլիոսի հորը։

Պոպլիոս անունով մի մարդ թույլ տվեց, որ Պողոսը մնա իր տանը։ Պոպլիոսի հայրը շատ հիվանդ էր։ Պողոսը իր ձեռքերը դրեց նրա վրա և օգտագործեց Աստծո ուժը՝ բժշկելու նրան։

Գործք Առաքելոց 28․7-8

Պողոսը հասնում է Հռոմ։

Պողոսը երեք ամիս անցկացրեց Մելիտե կղզում։ Տերն օգնեց նրան՝ գործելու շատ հրաշքներ, օրհնելու և բժշկելու նրանց, ովքեր հիվանդ են։ Հետո, ինչպես Տերը խոստացել էր, Պողոսը ճանապարհ ընկավ դեպի Հռոմ։

Գործք Առաքելոց 28․9-16

Պողոսը ուսուցանում է ավետարանը՝ բանտում գտնվելիս։

Պողոսը դեռ բանտարկյալ էր, երբ գտնվում էր Հռոմում։ Բայց նրա բանտապահները թույլ էին տալիս, որ մարդիկ այցելեն նրան։ Պողոսը ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի մասին յուրաքանչյուրին, ով կլսեր նրան։ Նա նաև նամակներ էր գրում տարբեր տեղերում գտնվող եկեղեցու շատ անդամների։ Այդ նամակների կամ թղթերի մի մասը գտնվում են Նոր Կտակարանում:

Գործք Առաքելոց 28.16–31