Մատթեոս 14․13–21, Հովհաննես 6
Հիսուսը կերակրում է հազարավոր մարդկանց
Նա Կյանքի Հացն է
Հիսուսը իմացավ, որ Հովհաննես Մկրտիչը սպանվել է։ Նա գնաց մի վայր, որը հեռու էր քաղաքներից, որպեսզի կարողանար մենակ մնալ որոշ ժամանակ։
Մատթեոս 14․13
Երբ մարդիկ լսեցին, թե ուր է գնացել Հիսուսը, հետևեցին Նրան։ Հիսուսը տեսավ նրանց և սեր զգաց նրանց հանդեպ։ Նա ամբողջ օրը անցկացրեց նրանց հետ՝ օրհնելով և բժշկելով նրանց։
Մատթեոս 14․13–14
Օրվա վերջում մարդիկ սկսեցին քաղ զգալ։ Առաքյալները կարծում էին, որ Հիսուսը պետք է ժողովրդին ուղարկեր քաղաքներ՝ սնունդ բերելու։ Բայց Հիսուսը ուզում էր, որ նրանք մնային։ Նա խնդրեց առաքյալներին ժողովրդին ուտելիք տալ։
Մատթեոս 14.15–16
Անդրեաս առաքյալը գտավ մի տղայի, որն ուներ հինգ հաց և երկու փոքր ձուկ՝ մարդկանց տալու համար։ Բայց կային 5000 տղամարդ, գումարած կանայք ու երեխաներ, որոնք ուտելիքի կարիք ունեին։ Ինչպե՞ս կարող էին այդ քիչ ուտելիքով այդքան շատ մարդկանց կերակրել։
Մատթեոս 14․17, 21, Հովհաննես 6․8-10
Հիսուսը խնդրեց առաքյալներին ուտելիքը բերել Իր մոտ։ Նա ասաց ժողովրդին, որ նստեն խոտերի վրա։ Ապա Հիսուսը աղոթք ասաց՝ շնորհակալություն հայտնելով Երկնային Հորը հացի ու ձկան համար, և օրհնեց այն։ Ապա Նա կտորների բաժանեց հացն ու ձուկը։
Մատթեոս 14․18-19, Հովհաննես 6․10-11
Հիսուսը խնդրեց Իր առաքյալներին հացն ու ձուկը տալ մարդկանց։ Բոլորը կերան, և բոլորը կշտացան։ Երբ նրանք կերան, դեռևս մնաց 12 զամբյուղ՝ լի մնացորդներով։
Մատթեոս 14․20, Հովհաննես 6․11-13
Հաջորդ օրը մարդիկ վերադարձան և Հիսուսին նորից այդտեղ տեսան։ Բայց Հիսուսը գիտեր, որ նրանցից շատերը հետևում էին Իրեն միայն այն պատճառով, որ Նա նրանց ուտելիք էր տվել։ Հիսուսը հիշեցրեց նրանց, որ ուտելիքը կարճ ժամանակ է մնում։ Նա ավելի լավ բան ուներ նրանց տալու։
Հովհաննես 6․14, 24–27
Հիսուսն ասաց․ «Ես եմ կյանքի հացը»։ Հացը մեզ կյանք է տալիս երկրի վրա։ Բայց Հիսուս Քրիստոսը կարող է մեզ հավիտենական կյանք տալ Երկնային Հոր հետ։
Հովհաննես 6․35-58
Շատերին դուր չեկավ այն, ինչ Հիսուսը փորձում էր ուսուցանել։ Նրանք հեռացան և որոշեցին այլևս չհետևել Հիսուսին։
Հովհաննես 6․60, 66
Ապա Հիսուսն ասաց Իր առաքյալներին. «Գուցե դուք է՞լ եք ուզում գնալ»: Պետրոսը պատասխանեց․ «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»։ Առաքյալները չհեռացան։ Նրանք գիտեին, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է և Աստծո Որդին։
Հովհաննես 6․67-69