Սուրբ գրությունների պատմություններ
Փրկիչը ծնվեց. Աստծո խոստումը կատարվեց


Ղուկաս 2, Մատթեոս 2․1-15

Փրկիչը ծնվեց

Աստծո խոստումը կատարվեց

Հովսեփը և Մարիամը ուղևորվում են Բեթլեհեմ

Հովսեփը և Մարիամը ապրում էին Նազարեթում: Մարիամը շուտով երեխա էր ունենալու։ Բոլորը պետք է գնային իրենց հայրենի քաղաքը՝ մարդահամարի համար։ Սա նշանակում էր, որ Հովսեփն ու Մարիամը պետք է գնային Բեթլեհեմ՝ Հովսեփի հայրենի քաղաքը։ Նրանք ստիպված էին երկար ճանապարհ անցնել՝ այնտեղ հասնելու համար։

Ղուկաս 2.1–5

Մարիամն ու Հովսեփը Բեթլեհեմում

Ճանապարհորդությունը հեշտ չէր Մարիամի համար։ Քանի որ Բեթլեհեմ շատ մարդիկ էին եկել, Մարիամն ու Հովսեփը չէին կարողանում տեղ գտնել Մարիամի համար, որպեսզի նա ծննդաբերեր։

Ղուկաս 2․6-7

Մարիամն ու Հովսեփը նորածին Հիսուսի հետ

Նրանք գտան մի տեղ, որտեղ սովորաբար կենդանիներին էին պահում։ Այս համեստ վայրում ծնվեց Հիսուսը։ Մարիամն ու Հովսեփը սիրում էին և հոգ էին տանում մանուկ Հիսուսի մասին։ Նրանք Նրան փաթաթեցին կտորով, որպեսզի տաք և հարմարավետ զգար Իրեն։ Նրան դրեցին մսուրի մեջ, որ քներ։ Մսուրը սովորաբար օգտագործվում էր կենդանիներին կերակրելու համար։

Ղուկաս 2․6-7

Հրեշտակը հայտնվում է հովիվների խմբին

Մոտակայքում հովիվներ կային, որոնք գիշերը հսկում էին իրենց ոչխարներին։ Հանկարծ նրանց շուրջը պայծառ լույս փայլեց, և մի հրեշտակ հայտնվեց։ Հովիվները վախեցան:

Հրեշտակը հովիվներին հայտնում է, որ Հիսուսը նոր ծնվեց

Հրեշտակը նրանց ասաց, որ չվախենան, որովհետև նա հրաշալի լուր ունի։ Փրկիչը ծնվել է Բեթլեհեմում, և նրանք կարող են գտնել նրան մսուրի մեջ պառկած։ Հետո ավելի շատ հրեշտակներ եկան՝ ասելով․ «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։

Ղուկաս 2.10-15

Հովիվները ողջունում են մանուկ Հիսուսին

Հովիվները շտապեցին Բեթլեհեմ և գտան մանուկ Հիսուսին, ինչպես հրեշտակն ասել էր։ Նրանք մարդկանց պատմեցին տեսած ու լսած հրաշալի բաների մասին։ Նրանք գիտեին, որ Հիսուսը յուրահատուկ երեխա էր։

Ղուկաս 2․16-17

Սիմեոնը գրկել է մանուկ Հիսուսին

Մարիամն ու Հովսեփը մանուկ Հիսուսին տարան տաճար՝ Նրան Աստծուն ներկայացնելու։ Այնտեղ նրանք հանդիպեցին Սիմեոն անունով մի մարդու։ Սուրբ Հոգին Սիմեոնին ասել էր, որ իր մահից առաջ նա կհանդիպի Փրկչին։ Նա գրկեց երեխային և ասաց, որ Հիսուսը կփրկի Աստծո բոլոր զավակներին։ Հովսեփն ու Մարիամը զարմացած էին նրա խոսքերից։

Ղուկաս 2.22-35

Աննան հանդիպում է մանուկ Հիսուսին

Տաճարում կար ևս մեկ մարդ՝ Աննա անունով։ Նրա ամուսինը մահացել էր շատ տարիներ առաջ։ Այժմ Աննան իր ամբողջ ժամանակն անցկացնում էր տաճարում՝ Աստծուն երկրպագելով։ Նա շնորհակալություն հայտնեց Աստծուն Փրկչին հանդիպելու հնարավորության համար։ Երբ նա հանդիպում էր Փրկչին սպասող որևէ մարդու, պատմում էր նրան Հիսուսի մասին։

Ղուկաս 2.36-38

Մոգերը տեսնում են երկնքում հայտնված մի նոր աստղ

Երբ Հիսուսը ծնվեց, մեկ այլ երկրի մոգերը մի նոր աստղ տեսան երկնքում։ Նրանք գիտեին, որ դա նշանակում էր, որ ծնվել էր մի հատուկ երեխա, որը պետք է լիներ Աստծո Որդին և աշխարհի Փրկիչը։ Նրանք երկար ճանապարհորդություն ձեռնարկեցին՝ այս երեխային այցելելու և Նրան երկրպագելու համար։ Նրանք ուզում էին Նրան նվերներ բերել՝ ցույց տալու իրենց սերը Նրա հանդեպ։

Մատթեոս 2․1-7, տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, ծանոթագրություն 2ա

Երուսաղեմում Փրկչին փնտրող մոգերը

Երկար ճանապարհորդությունից հետո մոգերը եկան Երուսաղեմ։ Նրանք ասացին, որ ծնվել է հրեաների նոր թագավորը՝ Փրկիչը, և նրանք եկել են Նրան երկրպագելու։ Նրանք հարցրին, թե որտեղ կարող են գտնել նոր թագավորին։

Մատթեոս 2.1–2

Հերովդեսը իր մարդկանց հրամայում է գտնել նոր թագավորին

Հերովդես անունով մի թագավոր լսեց, որ մոգերը նոր թագավոր էին փնտրում։ Նա անհանգստացած էր։ Նրա քահանաներն ու դպիրները նրան ասացին, որ սուրբ գրություններում ասված է, որ նոր թագավորը կծնվի Բեթլեհեմում։ Հերովդեսը մոգերին ասաց, որ փնտրեն Բեթլեհեմում, ապա, երբ գտնեն նոր թագավորին, վերադառնան և պատմեն իրեն։

Մատթեոս 2․3-8

Մոգերը երկրպագում են մանուկ Հիսուսին

Մոգերը եկան Բեթլեհեմ։ Նրանք հետևեցին աստղին, որը նրանց տարավ Հիսուսի մոտ։ Երբ նրանք գտան Նրան, Մարիամին ու Հովսեփին, Հիսուսին տվեցին երեք հատուկ նվեր և երկրպագեցին Նրան։ Աստված զգուշացրեց նրանց, որ չվերադառնան Հերովդեսի մոտ, ուստի նրանք տուն գնացին այլ ճանապարհով։

Մատթեոս 2․9-12

Հրեշտակը Հովսեփին ասում է, որ նա պետք է իր ընտանիքը տանի Եգիպտոս

Մոգերի հեռանալուց հետո Հովսեփը երազ տեսավ։ Երազում հրեշտակը Հովսեփին ասաց, որ Հերովդեսը զայրացած է։ Հովսեփը պետք է Մարիամին ու Հիսուսին տաներ Եգիպտոս՝ նրանց վտանգից հեռացնելու համար։

Մատթեոս 2.13

Հովսեփը, Մարիամը և Հիսուսը մեկնում են Եգիպտոս

Հովսեփն անմիջապես վեր կացավ։ Նա վերցրեց Մարիամին ու Հիսուսին և գնացին Եգիպտոս, երբ դեռ գիշեր էր։

Մատթեոս 2․14

Հովսեփը, Մարիամը և Հիսուսը՝ տանը

Մարիամը, Հովսեփը և Հիսուսը մնացին Եգիպտոսում մինչև հրեշտակը նրանց ասաց, որ Հերովդեսը մահացել է, և կարող են վերադառնալ։ Ապա նրանք վերադարձան Նազարեթ՝ իրենց տուն։

Մատթեոս 2․15,19-23