Մատթեոս 21.1–16
Հիսուսը մտնում է Երուսաղեմ
Մարդիկ ողջունում են իրենց Փրկչին
Մոտենում էր Զատիկը, որը հրեաների համար կարևոր տոն էր։ Զատիկի տոնին շատ մարդիկ գնում էին Երուսաղեմ: Հիսուսը և Իր աշակերտները նույնպես գնացին։ Երբ մարդիկ լսեցին, որ Հիսուսը գալիս էր, նրանք գնացին Նրան դիմավորելու:
Մատթեոս 21․1, Հովհաննես 12․12-13
Երբ Հիսուսը և Իր աշակերտները մոտեցան Երուսաղեմին, Նա խնդրեց նրանց մի էշ բերել Նրա համար։ Շատ տարիներ առաջ մի մարգարե ասել էր, որ Փրկիչը կգա խոնարհաբար՝ նստած մի փոքր ավանակի վրա։
Մատթեոս 21․1-7, տես նաև Զաքարիա 9.9
Հիսուսը քաղաք մտավ՝ էշին հեծած։ Մարդիկ շատ ուրախ էին Նրան տեսնելու։ Նրանք Նրան դիմավորեցին ինչպես թագավորի։ Նրանք արմավենու ճյուղեր և հագուստ փռեցին գետնին, որպեսզի էշը քայլեր դրանց վրայով։ Նրանք շնորհակալություն հայտնեցին Աստծուն և բացականչեցին. «Օվսաննա՜, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, Իսրայելի թագավորը»։
Մատթեոս 21․8-9, Ղուկաս 19․36-38, Հովհաննես 12․13
Երուսաղեմում շատերին հետաքրքրում էր, թե ինչ էր կատարվում։ «Ո՞վ է սա»,- հարցրեցին նրանք: Ոմանք պատասխանեցին, որ դա Հիսուսն էր Նազարեթ քաղաքից։
Մատթեոս 21.10-11
Այնուհետև Հիսուսը գնաց տաճար։ Այնտեղ ոմանք լումա էին փոխանակում և վաճառում կենդանիներ զոհաբերության համար։ Հիսուսը գիտեր, որ նրանք անազնիվ էին։
Մատթեոս 21․12
Հիսուսին դուր չէր գալիս, որ նրանք փող էին վաստակում այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին երկրպագել տաճարում։ Նա վռնդեց նրանց տաճարից և ավերեց նրանց սեղանները։ Նա ասաց. «Գրված է. Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»:
Մատթեոս 21․12–13, տես նաև Եսայի 56․7, Երեմիա 7․11
Տաճարում նրան մոտեցան կույրեր ու կաղեր, և նա բժշկեց նրանց։ Երեխաները բացականչում էին «Օվսաննա»՝ գովաբանելով Հիսուսին և ասելով, որ Նա Փրկիչն է։
Մատթեոս 21․14–15
Քահանայապետներից և դպիրներից մի քանիսը վրդովվեցին, երբ տեսան Հիսուսի կատարածը և լսեցին երեխաների ասածը։ Հիսուսը նրանց հիշեցրեց մի սուրբգրային հատված, որտեղ ասվում է, որ Աստված մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեց։
Մատթեոս 21․15–16, տես նաև Սաղմոս 8․2