Մարկոս 5.21-43
Հիսուսը բժշկում է մի կնոջ և վերակենդանացնում Հայրոսի դստերը
«Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»
Հայրոս անունով մի մարդ իր կնոջ և դստեր հետ ապրում էր Գալիլեայի ծովի մերձակա մի քաղաքում։ Հայրոսը ժողովարանի առաջնորդ էր, որտեղ հրեաները գնում էին Աստծուն երկրպագելու։
Մարկոս 5․22
Հայրոսի դուստրը, որն ընդամենը 12 տարեկան էր, ծանր հիվանդացավ։ Նա մահամերձ էր։ Հայրոսը գիտեր, որ նրան օգնություն է պետք։ Նա նաև գիտեր, որ Հիսուսը իրենց քաղաքում է։
Մարկոս 5․22-23
Հայրոսը դուրս եկավ իր տնից և գտավ Հիսուսին։ Նա ծնկի իջավ Հիսուսի ոտքերի մոտ և խնդրեց Նրան գալ և բուժել իր դստերը։ Հայրոսը գիտեր, որ եթե Հիսուսը օրհներ իր դստերը, վերջինս կապրեր։ Հիսուսը հետևեց Հայրոսին և գնաց նրա տուն։ Մարդկանց բազմությունը հետևեց Նրան։
Մարկոս 5:23-24
Նույն քաղաքում մի կին նույնպես Հիսուսի օգնության կարիքն ուներ։ Նա 12 տարի ծանր հիվանդ էր։ Նա իր ամբողջ փողը ծախսել էր բժիշկների վրա, բայց ոչ ոք չէր կարողացել բուժել նրան. նրա վիճակը միայն վատանում էր։ Նա գիտեր, որ Հիսուսը կարող էր բուժել իրեն։ Բայց ինչպե՞ս էր նա մոտենալու Հիսուսին՝ այդ բազմության միջով։
Մարկոս 5․25-27
Կինը հավատում էր, որ եթե միայն դիպչեր Հիսուսի հագուստին, կբուժվեր։ Կինը ձեռքը մեկնեց դեպի Հիսուսը, երբ Նա անցնում էր իր կողքով։ Հենց որ նա դիպավ Նրա հագուստի քղանցքին, նրա հիվանդությունը բուժվեց։
Մատթեոս 9․20, Մարկոս 5․27–29, Ղուկաս 8․44
Հիսուսն անմիջապես կանգ առավ։ Նա զգաց, որ զորություն դուրս եկավ Իրենից։ «Իմ հագուստին ո՞վ դիպավ»։ Հարցրեց Նա։ Նրա աշակերտները շփոթված էին։ Շատ մարդիկ էին դիպել Նրան, քանի որ իրենք շրջապատված էին մարդկանցով։ Հիսուսը շուրջը նայեց՝ տեսնելու, թե ով էր դիպել Իրեն։
Մարկոս 5․30-32, Ղուկաս 8․45
Հիսուսը տեսավ այն կնոջը, որը դիպել էր Իր հագուստին։ Նա պատմեց Հիսուսին իր հիվանդության մասին, և որ Հիսուսը բուժել է իրեն։ Հիսուսը նրան մխիթարեց։ Կինը բժշկվեց Հիսուսի հանդեպ իր հավատի շնորհիվ։ «Գնա՛ խաղաղությամբ»,- ասաց Նա կնոջը։
Մարկոս 5․33–34, Ղուկաս 8․47–48
Ապա մի մարդ եկավ Հայրոսի տնից։ Նա ասաց, որ շատ ուշ է. Հայրոսի դուստրն արդեն մահացել էր։ Հայրոսը այլևս չպետք է անհանգստացնի Հիսուսին։
Մարկոս 5․35
Հենց որ Հիսուսը լսեց սա, Հայրոսին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։ Ապա նրանք գնացին Հայրոսի տուն։
Մարկոս 5․36-38
Հայրոսը և նրա կինը Հիսուսին տարան այնտեղ, որտեղ պառկած էր իրենց դուստրը։ Հիսուսը բռնեց աղջկա ձեռքը և ասաց նրան. «Վե՛ր կաց»։
Մարկոս 5․41
Հայրոսի դուստրը իսկույն վեր կացավ իր մահճակալից։ Նա այլևս մեռած չէր։ Հիսուսը խնդրեց Հայրոսին և նրա կնոջը, որ դստեր համար ուտելիք բերեն։ Նրանք զարմացած էին այն ամենից, ինչ Հիսուսն արեց իրենց դստեր համար։ Հիսուսը խնդրեց նրանց չպատմել ուրիշ մարդկանց այս հրաշքի մասին։
Մարկոս 5․42-43