Գործք Առաքելոց 10
Կոռնելիոսն ու ընկերները ստանում են Սուրբ Հոգին
Ավետարանը բոլորի համար է
Կոռնելիոսը հռոմեացի զինվորների առաջնորդ էր։ Նա և իր ընտանիքը հավատում էին Աստծուն, բայց նրանք հրեաներ չէին և չգիտեին Հիսուս Քրիստոսի մասին։ Կոռնելիոսն իր ունեցածը կիսում էր աղքատների հետ և հաճախ աղոթում Աստծուն։
Գործք Առաքելոց 10․1-2
Մի օր, երբ Կոռնելիոսը ծոմ էր պահում և աղոթում, մի հրեշտակ եկավ նրա մոտ։ Հրեշտակն ասաց. «Կոռնելիոս, քո աղոթքը լսվեց»։ Աստված տեսել էր նրա բարությունը։ Հրեշտակը Կոռնելիոսին պատվիրեց գտնել Պետրոս առաքյալին, որը Հոպպե կոչվող քաղաքում էր։ Պետրոսը Կոռնելիոսին կասեր՝ ինչ անել։
Գործք Առաքելոց 10․3-6, 30-32
Կոռնելիոսն իր ծառաներին պատմեց հրեշտակի ասածը։ Նա նրանց ուղարկեց Հոպպե՝ Պետրոսին խնդրելու, որ այցելի իրեն։
Գործք Առաքելոց 10․7-8
Հոպպեում Պետրոսը տան տանիքին աղոթում էր։ Նա քաղցած էր և պատրաստվում էր գնալ ուտելու, երբ հանկարծ տեսիլք տեսավ։
Գործք Առաքելոց 10․9-10
Պետրոսը տեսավ մի մեծ սփռոց, որն իջնում էր երկնքից՝ լի ամեն տեսակ կենդանիներով ու թռչուններով։ Ապա Պետրոսը լսեց մի ձայն, որն ասում էր, որ պետք է ուտի այդ կենդանիներին։ Բայց սրանք այն կենդանիներն էին, որոնց հրեաներին թույլատրված չէր ուտել։ Մովսեսի օրենքն ասում էր, որ դրանք անմաքուր են։ Պետրոսը չէր ուզում ուտել դրանք։
Գործք Առաքելոց 10.11-14
Ձայնն ասաց, որ եթե Աստված ինչ-որ բան մաքուր է ստեղծել, այն չպետք է անմաքուր համարվի։ Տեսիլքը կրկնվեց երեք անգամ։ Պետրոսը մտածում էր, թե դա ինչ է նշանակում։
Գործք Առաքելոց 10.15-17
Այդ պահին Հոգին Պետրոսին ասաց, որ երեք տղամարդ նրան են փնտրում։ «Գնա՛ նրանց հետ, որովհետև ես եմ ուղարկել նրանց»,- ասաց Հոգին։
Գործք Առաքելոց 10.16-21
Երեք տղամարդիկ Կոռնելիոսի ծառաներն էին։ Նրանք Պետրոսին պատմեցին Կոռնելիոսի տեսած հրեշտակի մասին և հարցրին, թե արդյոք Պետրոսը կգա նրան ուսուցանելու։ Սովորաբար հրեաները չէին մտնում այն մարդկանց տները, ովքեր հրեա չէին, և առաքյալները նրանց չէին ուսուցանում ավետարանը։ Բայց հիշելով իր տեսիլքը, Պետրոսը որոշեց գնալ։
Գործք Առաքելոց 10.22, 28
Երբ Պետրոսը ժամանեց, Կոռնելիոսը նրան սպասում էր բազմաթիվ ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Կոռնելիոսը Պետրոսին ասաց, որ նրանք պատրաստ են լսել այն ամենը, ինչ Աստված պատվիրել էր Պետրոսին ասել իրենց։
Գործք Առաքելոց 10.26, 33
Այժմ Պետրոսը հասկացավ, թե Աստված ինչ էր սովորեցնում իրեն տեսիլքում։ Պետրոսը բոլորին ասաց, որ Աստված մեկ ազգին կամ մարդկանց խմբին ավելի շատ չի սիրում, քան մյուսներին։ Աստված ընդունում է յուրաքանչյուրին, ով հետևում է Իրեն և անում է այն, ինչը ճիշտ է։ Պետրոսը Կոռնելիոսին, նրա ընտանիքին ու ընկերներին ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին։
Գործք Առաքելոց 10․34–43
Երբ նա ուսուցանում էր, Սուրբ Հոգին այցելեց բոլոր նրանց, ովքեր լսում էին։ Պետրոսը հրավիրեց նրանց մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով։ Պետրոսը սովորել էր, որ Աստծո բոլոր զավակները ողջունելի են Հիսուս Քրիստոսի Եկեղեցում։ Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզվում էր բոլորին։
Գործք Առաքելոց 10․44-48