Սուրբ գրությունների պատմություններ
Քանքարների առակը․ Աստծո տվածից առավելագույնը ստանալ


Մատթեոս 25․14-30

Քանքարների առակը

Աստծո տվածից առավելագույնը ստանալ

Հիսուսը մի առակ է պատմում մի մարդու և նրա ծառաների մասին։

Աստծո արքայության մասին ուսուցանելու համար Հիսուսը մի առակ պատմեց։ Առակում մի մարդ պատրաստվում էր մեկնել օտար երկիր: Մեկնելուց առաջ նա հանդիպեց իր երեք ծառաների հետ և խնդրեց, որ հոգ տանեն իր գումարի մասին իր բացակայության ընթացքում։

Մատթեոս 25․14

Մարդը քանքարներ է տալիս իր ծառաներից յուրաքանչյուրին։

Մարդն իր ծառաներից յուրաքանչյուրին տվեց մեծ գումարներ, որոնք կոչվում են քանքարներ: Մի ծառայի նա տվեց հինգ քանքար։ Մեկ այլ ծառայի տվեց երկու քանքար։ Իսկ վերջին ծառային մեկ քանքար տվեց։ Հետո նա ճանապարհ ընկավ:

Մատթեոս 25․15

Մեկ ծառան ևս հինգ քանքար է վաստակում։

Հինգ քանքար ստացած ծառան շատ աշխատեց։ Նա օգտագործեց քանքարները՝ ևս հինգը վաստակելու համար:

Մատթեոս 25․16

Մեկ ծառան ևս երկու քանքար է վաստակում։

Երկու քանքար ստացած ծառան շատ աշխատեց։ Նա օգտագործեց քանքարները՝ ևս երկուսը վաստակելու համար:

Մատթեոս 25․17

Մի ծառա թաղում է իր քանքարը։

Մեկ քանքար ստացող ծառան փոս փորեց և քանքարը թաղեց հողի մեջ։

Մատթեոս 25․18

Մարդը վերադառնում է ճամփորդությունից։

Որոշ ժամանակ անց մարդը վերադարձավ իր ճամփորդությունից։ Նա ուզում էր իմանալ, թե ծառաներն ինչ էին արել այն քանքարներով, որոնք ինքը տվել էր նրանց։

Մատթեոս 25․19

Մարդը գոհ է առաջին երկու ծառաներից։

Հինգ քանքար և երկու քանքար ստացած ծառաներն իրենց տիրոջը պատմեցին, թե ինչպես էին կրկնակին ձեռք բերել նրա բացակայության ընթացքում։ Տերը ուրախ էր։ Նա ասաց, որ քանի որ նրանք այդքան հավատարիմ էին, ինքը նրանց ավելի շատ բան կվստահի հոգ տանելու համար։ Եվ ասաց նրանց, որ երջանիկ լինեն։

Մատթեոս 25․20–23

Երրորդ ծառան ասաց, որ թաքցրել էր իր քանքարը։

Մեկ քանքար ստացող ծառան իր տիրոջն ասաց, որ վախեցել էր, ուստի քանքարը թաքցրել էր հողի մեջ։ Նա քանքարը վերադարձրեց տիրոջը։

Մատթեոս 25․24–25

Մարդը դժգոհ է այս ծառայից։

Տերը դժգոհ էր այս ծառայից։ Նա ասաց, որ ծառան պետք է օգտագործեր իրեն տրվածը՝ ավելի շատ քանքարներ վաստակելու համար։ Տերը քանքարը տվեց այն ծառային, որը տասը քանքար ուներ։ Տերը ցանկանում էր, որ իր ծառաները օգտագործեն իրենց տրված քանքարները՝ իր թագավորությունը կառուցելու համար։

Մատթեոս 25․26–29