Գործք 9.1–31
Հիսուսը հայտնվում է Սողոսին
Ապաշխարելու և Տիրոջը հետևելու հրավեր
Սողոսը փարիսեցի էր՝ հրեաների առաջնորդ, որը լավ գիտեր սուրբ գրությունները։ Բայց Սողոսը չէր հավատում, որ Հիսուսը Փրկիչն է։ Նա հաճախ էր Հիսուսի հետևորդներին բանտարկում։ Մի օր Սողոսը մեկնեց Դամասկոս կոչվող քաղաք՝ Հիսուսի հետևորդներից մի քանիսին ձերբակալելու և Երուսաղեմ տանելու՝ նրանց պատժելու համար։
Գործք Առաքելոց, 22.4-5, 26․5
Երբ Սողոսը ճանապարհ ընկավ, հանկարծ մի լույս շողաց նրա վրա։ Այն ավելի պայծառ էր, քան արևը։ Սողոսն ընկավ գետնին: Նա լսեց մի ձայն, որն ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ»։ Ապա ձայնը հարցրեց Սողոսին, թե ինչու է նա պայքարում Հիսուսի դեմ և վնասում Նրա աշակերտներին։
Գործք Առաքելոց 9․3-4, 26․13-14
Սողոսը հարցրեց, թե ով է խոսում։ Ձայնն ասաց. «Ես Հիսուսն եմ»։ Սողոսը վախեցած և զարմացած էր։ Նա հարցրեց Հիսուսին, թե ինչ պետք է անի։ Հիսուսն ասաց Սողոսին. «Վե՛ր կաց, մտի՛ր քաղաք»։ Այնտեղ նա կիմանար, թե ինչ պետք է աներ դրանից հետո։
Գործք Առաքելոց 9․5-6
Սողոսը հնազանդվեց և վեր կացավ։ Բայց այժմ նա կույր էր։ Նա ոչինչ չէր տեսնում։ Նրա հետ ճանապարհորդող մարդիկ նրան ուղեկցեցին դեպի Դամասկոս քաղաք։ Երեք օր Սողոսը ոչինչ չկերավ ու չխմեց։
Գործք 9.8–9
Հիսուսի աշակերտներից մեկը, որն ապրում էր Դամասկոսում, Անանիան էր։ Հիսուսը տեսիլքում այցելեց Անանիային և պատվիրեց նրան գնալ և օգնել Սողոսին։
Գործք Առաքելոց 9.10-12
Բայց Անանիան շփոթված էր։ Նա լսել էր Սողոսի մասին։ Նա գիտեր, թե ինչպես էր Սողոսը գործում Հիսուսի աշակերտների դեմ։
Գործք Առաքելոց 9․13-14
Հիսուսը խնդրեց Անանիային ամեն դեպքում օգնել Սողոսին։ Հիսուսն ասաց, որ Ինքն էր ընտրել Սողոսին՝ Իր ավետարանը հասցնելու բազմաթիվ մարդկանց, ովքեր հրեա չէին և չգիտեին Իր մասին։
Գործք Առաքելոց 9.15-16
Անանիան հնազանդվեց Հիսուսին։ Նա գտավ Սողոսին և օրհնեց նրան։ Անանիան նրան անվանեց «Սավուղ եղբայր»։
Գործք Առաքելոց 9.17
Անանիան ասաց, որ Հիսուսն էր իրեն ուղարկել, որպեսզի Սողոսը կարողանա բժշկվել և լցվել Սուրբ Հոգով։ Սողոսն անմիջապես սկսեց կրկին տեսնել։
Գործք Առաքելոց 9.17–18
Սողոսը մկրտվեց։ Ապա նա քաղաքի բոլոր բնակիչներին ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին։ Մարդիկ զարմացած էին, որ Սողոսն այդքան շատ էր փոխվել։ Իր կյանքի մնացած օրերին Սողոսին անվանում էին Պողոս։ Նա բոլոր մարդկանց՝ հրեաներին և շատ ուրիշներին, սովորեցրեց հավատալ Հիսուսին։ Պողոսը դարձավ Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկը։
Գործք Առաքելոց 9.18–22, 29–31, 13.9