Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսն ընտրում է Իր առաքյալներին. Հրավեր՝ լինելու «մարդկանց որսորդներ»


Մատթեոս 10, Ղուկաս 5.1-11, 6.12-16

Հիսուսն ընտրում է Իր առաքյալներին

Հրավեր՝ լինելու «մարդկանց որսորդներ»

Հիսուսը ուսուցանում է մարդկանց Գալիլեայի ծովի մոտ

Մի օր մարդիկ եկան Գալիլեայի ծովի ափ՝ լսելու Հիսուսի ուսուցումը։ Հիսուսը նրանց ուսուցանում էր նավակից, մինչ նրանք ափին լսում էին։ Նավակը պատկանում էր Սիմոն անունով մի ձկնորսի։

Ղուկաս 5․1–3

Հիսուսը խոսում է Սիմոնի հետ

Երբ Հիսուսն ավարտեց ուսուցումը, խնդրեց Սիմոնին նավակը տանել դեպի ծովի խորքը։ Նա Սիմոնին ասաց, որ իր ուռկանները ջուրը գցի՝ ձուկ որսալու համար։ Սիմոնն ասաց, որ ամբողջ գիշեր չարչարվել է, բայց ոչ մի ձուկ չի որսացել։ Բայց քանի որ Հիսուսն է ասել նրան, նա կրկին կփորձի։

Ղուկաս 5.4-5

Սիմոնը և նրա ընկերները շատ ձուկ են որսում

Սիմոնն այնքան շատ ձուկ բռնեց, որ նրա ուռկանները պատռվում էին։ Նա կանչեց ընկերներին մյուս նավակով, որ օգնեն իրեն։ Շուտով նավակներն այնքան լցվեցին ձկներով, որ սկսեցին խորտակվել։ Սիմոնը և նրա ընկերները զարմացել էին։

Ղուկաս 5․6-7, 9

Սիմոնը ծնկի է իջել Հիսուսի առաջ

Սիմոնը ծնկի իջավ Հիսուսի առաջ։ Նա ասաց. «Տե՛ր, ես մեղավոր մարդ եմ»։ Նա գիտեր, որ Հիսուսը Աստծուց էր ուղարկված։ Հիսուսն ասաց նրան, որ չվախենա։

Ղուկաս 5․8

Հիսուսը հրավիրում է Սիմոնին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին հետևել Իրեն

Հիսուսը հրավիրեց Սիմոնին, նրա եղբորը՝ Անդրեասին և իր ընկերներին՝ Հակոբոսին ու Հովհաննեսին, հետևել Իրեն։ Ձուկ որսալու փոխարեն նրանք պիտի օգնեին մարդկանց գալ Հիսուսի մոտ։

Մարկոս 1․16-17, Ղուկաս 5․10-11

Հիսուսը Իր առաքյալներին տալիս է քահանայության իշխանություն՝ Եկեղեցին առաջնորդելու համար

Սիմոնը, Հակոբոսը և Հովհաննեսը թողեցին իրենց ձկնորսական նավակները և դարձան Հիսուսի առաքյալները։ Հետագայում Հիսուսը Սիմոնին տվեց Պետրոս անունը։ Առաքյալը Հիսուս Քրիստոսի հատուկ վկան է։ Հիսուսը կանչեց 12 տղամարդկանց՝ լինելու Իր առաքյալները։ Նա աղոթեց՝ իմանալու, թե ում պետք է կանչի։ Նա Իր առաքյալներին տվեց քահանայության իշխանություն՝ առաջնորդելու Իր Եկեղեցին։

Մատթեոս 10, Ղուկաս 6․12-16, 9․1-2

Առաքյալը բուժում է երեխային

Քանի որ առաքյալներն ունեին Աստծո զորությունը, նրանք նույնպես կարող էին բուժել հիվանդներին, կյանքի կոչել մահացածներին և գործել այլ հրաշքներ։

Մատթեոս 10․8

Հիսուսը ուսուցանում է մի խումբ մարդկանց։ Ոմանք դժգոհ են Նրա ուսմունքներից։

Հիսուսն Իր առաքյալներին ուղարկեց բազմաթիվ քաղաքներ՝ մարդկանց Իր ավետարանը ուսուցանելու համար։ Նա ասաց, որ Սուրբ Հոգին կօգնի նրանց իմանալ, թե ինչ պետք է ասեն։ Հիսուսն ասաց, որ որոշ մարդկանց դուր չի գա նրանց ուսուցանածը, բայց եթե նրանք հավատարիմ ծառայեն, Աստված նրանց հետ կլինի։

Մատթեոս 10․5-7, 19-22