Հովհաննես 21, Մատթեոս 28․16–20, Մարկոս 16․15–19
Հիսուսը խնդրում է առաքյալներին արածեցնել իր ոչխարներին
սեր ցույց տալ Հիսուսի հանդեպ՝ ուսուցանելով ուրիշներին Նրա մասին
Հիսուսի հարությունից հետո Պետրոսը և առաքյալներից մի քանիսը գնացին ձկնորսության: Թեև ամբողջ գիշեր ձկնորսություն էին արել, բայց ոչինչ չէին բռնել։
Հովհաննես 21․1–3
Հաջորդ առավոտ առաքյալները տեսան Հիսուսին ափին, բայց նրանք չգիտեին, որ այդ Նա էր: Նա հարցրեց, թե արդյո՞ք ձուկ բռնել են։ Նրանք ասացին, որ չեն բռնել:
Հովհաննես 21․4–5
Հիսուսն ասաց առաքյալներին, որ իրենց ցանցը գցեն նավի աջ կողմում, և նրանք ձուկ կբռնեն: Առաքյալներն արեցին այն, ինչ ասաց Հիսուսը, և ավելի քան հարյուր ձուկ լցվեց ցանցի մեջ: Ցանցն այնքան ծանր էր ձկներով, որ առաքյալները չկարողացան այն քաշել նավակի մեջ:
Հովհաննես 21․6
Հետո Հովհաննեսը հասկացավ, թե ով է այդ մարդը: Նա Պետրոսին ասաց․ «Տերն է»։ Պետրոսը նետվեց ծովը և լողաց դեպի Հիսուսը: Մյուս առաքյալները նավակն ու ձուկը բերեցին ափ։ Հիսուսը հաց ու ձուկ էր եփում, և Նա հրավիրեց առաքյալներին ճաշելու Իր հետ:
Հովհաննես 21․7–13
Երբ նրանք կերան, Հիսուսը Պետրոսին հարցրեց, «Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Պետրոսն ասաց՝ այո։ Ապա Հիսուսն ասաց, «Արածեցրո՛ւ իմ գառներին»։
Հովհաննես 21.15
Այնուհետև Հիսուսը նորից հարցրեց Պետրոսին, թե արդյոք նա սիրում է Իրեն: Նորից, Պետրոսն ասաց՝ այո։ Հիսուսն ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։
Հովհաննես 21․16
Հիսուսը երրորդ անգամ հարցրեց Պետրոսին՝ արդյոք նա սիրում է Իրեն: Պետրոսն ասաց, «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»: Հիսուսը նորից ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»: Նա ցանկանում էր, որ Պետրոսը հոգ տանի Հիսուսի հետևորդների մասին։
Հովհաննես 21․17
Ավելի ուշ Հիսուսը խնդրեց Իր առաքյալներին հանդիպել Իրեն լեռան վրա: Այնտեղ Նա պատվիրեց նրանց կիսվել Իր ավետարանով ամբողջ աշխարհում, ուսուցանել մարդկանց Իր պատվիրանները և մկրտել բոլորին, ովքեր հավատում են: «Դուք ․․․ իմ վկաները կլինեք»,- ասաց Նա։ Նա խոստացավ, որ կլինի նրանց հետ և զորություն կտա նրանց Սուրբ Հոգու միջոցով:
Մատթեոս 28․16–20, Մարկոս 16․15–19, Գործք Առաքելոց 1․8
Այնուհետև Հիսուսը ամպի մեջ բարձրացավ երկինք։ Նա վերադարձավ Իր Երկնային Հոր մոտ: Մինչ առաքյալները նայում էին Նրան հեռանալիս, հայտնվեցին երկու հրեշտակներ: Նրանք ասացին, որ ինչպես Հիսուսը բարձրացավ երկինք, այնպես էլ մի օր կվերադառնա երկիր։
Գործք Առաքելոց 1․9–11