Ղուկաս 24․1–12, 36–49, Հովհաննես 20
Նա հարություն առավ
Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին՝ բոլորի համար
Հիսուսի աշակերտները Նրա մարմինը դրեցին գերեզմանի մեջ։ Նրանք ցանկանում էին ավելին անել Նրա մարմնի մասին հոգ տանելու համար, բայց գրեթե Հանգստության օրն էր: Նրանք ծրագրել էին վերադառնալ Հանգստության օրից հետո՝ ավարտելու համար:
Ղուկաս 23․52–56
Հիսուսի մահից հետո երրորդ օրը՝ վաղ առավոտյան, Մարիամ Մագդաղենացին և մյուսները գնացին գերեզմանի մոտ։
Ղուկաս 24․1, Հովհաննես 20․1
Երբ հասան, տեսան, որ գերեզմանը ծածկող քարը գլորված էր։ Նրանք ներս մտան գերեզման, բայց Հիսուսի մարմինը այնտեղ չէր:
Ղուկաս 24․2–3, Հովհաննես 20․1
Մարիամը վազեց՝ Պետրոսին և Հովհաննեսին ասելու, որ ինչ-որ մեկը տարել էր Հիսուսի մարմինը։ Պետրոսն ու Հովհաննեսը վազեցին դեպի գերեզմանը։
Հովհաննես 20․2–4
Երբ նրանք հասան գերեզմանին, Պետրոսն ու Հովհաննեսը ներս մտան։ Նրանք տեսան, որ Հիսուսի մարմինն անհետացել է։ Կտորը, որի մեջ Նա փաթաթված էր, դեռ այնտեղ էր:
Հովհաննես 20․5–7
Պետրոսն ու Հովհաննեսը գնացին տուն, իսկ Մարիամը լաց լինելով մնաց գերեզմանի մոտ։ Նա նայեց գերեզմանի մեջ և տեսավ երկու հրեշտակների: Նրանք հարցրին նրան, թե ինչու է լաց լինում։ Նա ասաց, որ ինչ-որ մեկը տարել է Հիսուսի մարմինը, և ինքը չգիտեր, թե որտեղ է այն:
Հովհաննես 20․11–13
Հետո Հիսուսը եկավ, բայց Մարիամը չգիտեր, որ Նա էր: Հիսուսը հարցրեց նրան. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս»: Մարիամը կարծեց, թե Նա պարտիզպանն էր։ Ապա հարցրեց Նրան՝ արդյոք Նա գիտեր, թե որտեղ է Հիսուսի մարմինը:
Հովհաննես 20.14–15
Հիսուսն ասաց․ «Մարիա՛մ»։ Նա շրջվեց։ Այժմ նա գիտեր, որ դա Հիսուսն էր։ Նա ասաց Հիսուսին․ «Վարդապետ»: Հիսուսը խնդրեց նրան ասել մյուս աշակերտներին, որ Ինքը պետք է գնա Իր Երկնային Հոր մոտ: Մարիամը գտավ մյուս աշակերտներին և ասաց նրանց, որ ինքը տեսել էր Հիսուսին, և Նա կրկին ողջ է:
Հովհաննես 20․16–18
Այդ երեկո առաքյալներից շատերը միասին էին: Նրանք փակեցին դռները՝ վախենալով, որ հրեաների առաջնորդները կարող են փորձել գտնել իրենց։ Հանկարծ նրանք տեսան Հիսուսին՝ կանգնած իրենց մեջ։ Սկզբում նրանք վախեցած էին։ Նրանք կարծեցին, որ Նա ոգի է: Հիսուսն ասաց, «Խաղաղությո՜ւն ձեզ»:
Ղուկաս 24․33–38, Հովհաննես 20․19
Հիսուսը հրավիրեց առաքյալներին դիպչել Իր ձեռքերին և ոտքերին: Նա ցանկանում էր, որ նրանք իմանային, որ Ինքը մարմին ուներ, ոչ թե պարզապես հոգի: Նրանց հետ Նա նույնիսկ ձուկ ու մեղրախորիսխ կերավ։ Աշակերտները շատ ուրախ էին, որ տեսան Նրան։
Ղուկաս 24․39–44, Հովհաննես 20․20
Այնուհետև Հիսուսն օգնեց Իր առաքյալներին հասկանալ սուրբ գրությունները, որոնք ուսուցանում էին Իր մահվան և Հարության մասին: Նա ցանկանում էր, որ նրանք բոլորին ուսուցանեն, որ Իր շնորհիվ նրանք կարող են ապաշխարել և ներվել: Առաքյալները Նրա վկաներն էին լինելու:
Ղուկաս 24․44–48
Թովմաս առաքյալը այնտեղ չէր, երբ Հիսուսը եկավ: Նա ասաց, որ չի հավատա, որ Հիսուսը ողջ է, մինչև չտեսնի մեխերի հետքերը Նրա ձեռքերում:
Հովհաննես 20․24–25
Ութ օր անց աշակերտները հավաքված էին միասին։ Հիսուսը նորից հայտնվեց։ Այս անգամ Թովմասն այնտեղ էր։
Հովհաննես 20․26
Հիսուսը հրավիրեց Թովմասին դիպչել Իր ձեռքերի և կողի վերքերին: Նա ասաց Թովմասին, «Մի՛ երկմտիր, այլ հավատա՛»։ Թովմասը ասաց, «Դու իմ Տերն ես և իմ Աստվածը»։ Այժմ Թովմասը հավատում էր, որ Հիսուսը հարություն է առել: Հիսուսն ասաց, որ մարդիկ օրհնված են, երբ հավատում են, նույնիսկ եթե չեն տեսել Իրեն:
Հովհաննես 20․27–29