Ղուկաս 15
Կորած ոչխար, կորած դրամ և կորած որդի
Երեք առակ Աստծո սիրո մասին
Որոշ հրեա առաջնորդներ տեսան Հիսուսին խոսելիս և ուտելիս այն մարդկանց հետ, որոնց նրանք մեղավոր էին համարում։ Առաջնորդները կարծում էին, որ Հիսուսի համար սխալ էր մեղավորների հետ ուտելը։ Հիսուսը առաջնորդներին պատմեց երեք պատմություն կամ առակ՝ նրանց օգնելու հասկանալ, որ Նա ցանկանում է օգնել բոլորին ապաշխարել և որքան երջանիկ է Նա, երբ նրանք դա անում են։
Ղուկաս 15․1-3
Առաջին առակը մի մարդու մասին էր, որն ուներ 100 ոչխար։ Նրա ոչխարներից մեկը կորավ։
Ղուկաս 15.4
Հովիվը թողեց մյուս 99 ոչխարներին և գնաց կորածին փնտրելու։ Նա շարունակեց փնտրել, մինչև գտավ նրան։
Ղուկաս 15.4
Երբ նա վերջապես գտավ իր կորած ոչխարին, նա շատ ուրախացավ։ Նա ոչխարին տուն տարավ իր ուսերի վրա և ասաց իր ընկերներին ու հարևաններին, որ ուրախանան իր հետ։ Հիսուսն ասաց, որ Երկնային Հայրն այսպես է զգում, երբ մեկը զղջում է իր մեղքերի համար և վերադառնում Նրա մոտ։
Ղուկաս 15․5-7
Երկրորդ առակը մի կնոջ մասին էր, որն ուներ 10 արծաթե դրամ։ Երբ նա կորցրեց մեկը, մոմ վառեց և մաքրեց տունը՝ փնտրելով կորած դրամը։ Նա շարունակեց փնտրել, մինչև գտավ այն։
Ղուկաս 15.8
Երբ նա վերջապես գտավ իր կորած դրամը, շատ ուրախացավ։ Նա իր ընկերներին ու հարևաններին ասաց, որ ուրախանան իր հետ։ Հիսուսն ասաց, որ այսպես են զգում հրեշտակները երկնքում, երբ մեկը զղջում է իր մեղքերի համար։
Ղուկաս 15․9-10
Երրորդ առակը մի մարդու մասին էր, որն ուներ երկու որդի։ Կրտսեր որդին այլևս չէր ուզում ապրել հոր հետ։ Նա խնդրեց հորն իրեն տալ ընտանիքի ունեցվածքի իր բաժինն այդ պահին։ Ապա որդին լքեց տունը և գնաց մի հեռավոր երկիր։
Ղուկաս 15.11-13
Որդին շատ վատ ընտրություններ կատարեց։ Նա վատնեց հոր տված փողը։
Ղուկաս 15.13
Երբ նրա փողը սպառվեց, նա շատ քաղցած էր։ Ոչ ոք նրան ուտելու բան չէր տալիս։ Վերջապես նա աշխատանք գտավ՝ արածեցնել խոզերին։ Որդին այնքան քաղցած էր, որ ցանկանում էր խոզերի կերն ուտել։ Նա գիտեր, որ պետք է վերադառնա հոր մոտ։
Ղուկաս 15.14-18
Բայց որդին վստահ չէր, որ հայրը կընդունի իրեն, երբ վերադառնա։ Նա որոշեց հարցնել հորը, թե արդյոք կարո՞ղ է լինել իր վարձկաններից մեկը։
Ղուկաս 15․17-19
Երբ որդին տուն էր գնում, հայրը հեռվից տեսավ նրան։ Հայրն այնքան ուրախ էր, որ վազեց որդու մոտ։
Ղուկաս 15.20
Հայրը գրկեց որդուն և համբուրեց նրան։ Նա իր ծառաներին ասաց, որ որդու համար բերեն լավագույն պատմուճանը և խնջույք կազմակերպեն։ Նա ցանկանում էր, որ բոլորը տոնեն և ուրախ լինեն, քանի որ իր որդին տուն էր վերադարձել։
Ղուկաս 15․20-24
Այս ամբողջ ընթացքում ավագ որդին աշխատում էր դաշտերում։ Երբ նա տուն վերադարձավ, երգերի և պարերի ձայն լսեց։ Նա հարցրեց մի ծառայի, թե ինչ է կատարվում։ Ծառան նրան ասաց, որ իր կրտսեր եղբայրը տուն է եկել, ուստի նրանք խնջույք են անում։
Ղուկաս 15.25-27
Ավագ եղբայրը բարկացած էր։ Հայրը նրան հրավիրեց խնջույքի, բայց նա չգնաց։ Նա հորն ասաց, որ տարիներ շարունակ ծառայել է իրեն, բայց ոչ ոք երբեք խնջույք չի կազմակերպել իր համար։ Հայրն ասաց նրան. «Ամեն ինչ, որ իմն է, քոնն է», բայց լավ էր ուրախանալ, երբ մեկը զղջում է և վերադառնում տուն։
Ղուկաս 15․28–32