2025
Սթիվեն Չ․ Բարլոու
Մայիս 2025


«Երեց Սթիվեն Չ․ Բարլոու», Լիահոնա, մայիս 2025։

Երեց Սթիվեն Չ․ Բարլոու

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

Երեց Սթիվեն Չ. Բարլոուն Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելու ամենահուզիչ փորձառություններից մեկը համարում է «երկնքից ստացած անհերքելի տպավորությունը, որ [նա] պետք է ամուսնանար Քրիստինա Էվանսի հետ»: Նրանք ամուսնացել են Սոլթ Լեյքի տաճարում 1991 թվականին և ունեն հինգ երեխա:

Երեց և քույր Բարլոուները ծառայել են որպես միսիայի ղեկավարներ Էկվադորում 2017-2020 թթ․, այդ թվում՝ COVID-19 համավարակի սկզբում: Այդ ընթացքում շատ միսիոներներ վերադարձան տուն, մինչդեռ մյուս միսիոներները վերանշանակվեցին Բարլոուների միսիայում: Երեց և քույր Բարլոուները ականատես եղան Տիրոջ ձեռքի միջամտությանը, որն ուղղորդում էր այդ միսիոներական ջանքերը:

«Մենք մեր հույսը դրեցինք Տիրոջ վրա»,- հիշեց նա: «Կային պահեր, երբ մենք չգիտեինք, թե ինչ է լինելու հաջորդ օրը։ Մենք հարմարվում էինք և պատրաստվում։ Մենք աղոթում էինք, և ամեն ինչ ստացվեց»։

Այս փորձառությունն ամրապնդեց այն դասերը, որոնք նրան ավելի վաղ սովորեցրել էին, որ Տերը կառավարում է ամեն բան, և որ մենք միշտ կարող ենք վստահել Նրան:

Երեց Բարլոուն առողջապահության կրթության բակալավրի աստիճան է ստացել Յուտայի համալսարանում 1993 թվականին։ Նա աշխատել է որպես գործադիր տնօրեն՝ տվյալների վերլուծության և առողջապահության որակի բարելավման ոլորտում: Իր կոչումը ստանալու պահին երեց Բարլոուն ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական Յուտայի տարածաշրջանում:

Սթիվեն Չադ Բարլոուն ծնվել է Բաունթիֆուլում (Յուտա), 1969 թվականի հունվարի 1-ին՝ Ջոն Քեյ Բարլոուի և Բեքի Քրիստենսեն Բարլոուի ընտանիքում: Նրան «մեծացրել են զարմանալիորեն նվիրված, հավատարիմ ծնողներ», որոնք նրան ուսուցանել են ավետարանը վաղ տարիքից: