2025
Աստվածային իշխանություն, վսեմ երիտասարդ տղամարդիկ
Մայիս 2025


11:44

Աստվածային իշխանություն, վսեմ երիտասարդ տղամարդիկ

Ես հավերժ երախտապարտ եմ, որ Ահարոնյան քահանայություն կրողները՝ այդ քահանայության զորություններով, արարողություններով և պարտականություններով հանդերձ, օրհնում են մեզ։

Շնորհակալություն, երեց Անդերսեն, քաhանայության զորության և Փրկչի Քավության զորության այդ հզոր դրևորման համար:

Այս հունվարին՝ մի կիրակի առավոտյան հաղորդության ժողովի, մեկ տասնյակից ավել երիտասարդներ կարգվեցին Ահարոնյան քահանայության ավելի բարձր կոչումների։ Կարծես, աշխարհը փոխվեց մեր ոտքերի տակ:

Ինձ ապշեցրեց, որ ամբողջ աշխարհով մեկ՝ ժամային գոտի առ ժամային գոտի, հաղորդության ժողովների ժամանակ, ինչպիսին այդ մեկն էր, տասնյակ հազարավոր սարկավագներ, ուսուցիչներ և քահանաներ (այս առավոտ Նախագահ Հոլլանդի ընկերոջ՝ Իսթոնի նման) էին հաստատվում, որպեսզի կարգվեին քահանայության ծառայության ամբողջ կյանքի ընթացքում՝ ընդգրկելով Իսրայելի հավաքման մեծ աշխատանքը:

Ամեն հունվար ձեռքեր են դրվում մոտ 100,000 երիտասարդ տղամարդկանց գլխին՝ արարողության միջոցով նրանց կապելով իշխանության պայծառ գծի հետ, որը վերականգնման դարաշրջանի միջով ձգվում է մինչև Ջոզեֆը և Օլիվերը, Հովհաննես Մկրտիչը և Հիսուս Քրիստոսը:

Այո, մեր եկեղեցին միշտ չէ, որ ցուցադրական է։ Բայց դա այդքան էլ ճիշտ չէ։

Տեսնելով նոր կարգված քահանայություն կրողների այս որոտացող ամպրոպը, որը տարածվում է ամբողջ երկրով մեկ, ես մտածեցի, որ պատշաճ է «ուրախության եկեղեցում» դրա մասին բացականչել տանիքներից: «Այսօր,- մտածեցի ես,- պետք է շեփորներ, ծնծղաներ ու հռոմեական մոմավառություն: Պետք է շքերթներ լինեն»։

Իմանալով Աստծո իրական զորությունը, մենք ականատես եղանք այս աշխարհի օրինաչափությունների խաթարմանը՝ աստվածային իշխանությունը Երկրով մեկ տարածելով:

Ստանալով այդ կարգումները՝ երիտասարդ տղամարդիկ սկսում են իրենց կյանքի ծառայությունը՝ հայտնվելով համապատասխան ժամանակներում և վայրերում, որտեղ իրենց ներկայությունը, աղոթքները և Աստծո քահանայության զորությունները, որը կրում են, իսկապես կարևոր կլինեն:

Այս վերահսկվող շղթայական ռեակցիան սկսվեց Աստծո կողմից ուղարկված սպասավոր հրեշտակի հետ: Հին ժամանակների հարություն առած Հովհաննես Մկրտիչը հայտնվեց Ջոզեֆին և Օլիվերին, դրեց իր ձեռքերը նրանց գլխին և ասաց՝ «Իմ ընկերակի՛ց ծառաներ, Մեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը, որը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները» (Վարդապետություն և Ուխտեր 13․1

Հովհաննեսն այս իշխանությունն անվանեց «Ահարոնի քահանայություն»՝ Մովսեսի եղբոր և քաhանայության զուգընկերոջ անունով: Հին ժամանակներում Ահարոնի այս քահանայության կրողները պետք է ուսուցանեին և օգնեին արարողություններում, որոնց առանցքում կլիներ աշակերտությունը՝ կենտրոնացած ապագա Մեսիայի՝ Տեր Հիսուս Քրիստոսի շուրջ (տես Բ Օրինաց 33․10

Թվերի գիրքը բացահայտորեն հանձնարարում է Ահարոնի քահանայության կրողներին պատասխանատու լինել արարողությունների սպասքների համար: «Եվ դու կնշանակես Ահարոնին և նրա որդիներին … և նրանց պարտականությունը կլինի … սեղանը … և սրբարանի սպասքը, որով նրանք ծառայում են» (Թվեր 3.10, 31)։

Հին Կտակարանում կենդանիների զոհաբերության արարողությանը վերջ դրվեց և փոխարինվեց Փրկչի կյանքի և քավության միջոցով։ Այդ հնագույն արարողությունը փոխարինվեց այն արարողությամբ, որը մենք այժմ կոչում ենք Տերունական ընթրիքի հաղորդություն:

Տերն այսօր մեր օրերի Ահարոնի քահանայության կրողներին վստահում է նույն գործերը, որոնք արվում էին հնում. ուսուցանել և սպասավորել արարողությունները, որոնք բոլորը հիշեցնում են մեզ Իր քավության մասին:

Երբ սարկավագները, ուսուցիչները և քահանաներն օգնում են սպասավորել հաղորդությունը, նրանք ստանում են դրա օրհնությունները, ինչպես բոլորը՝ պահելով ուխտը, որ կապում են, երբ անհատապես ճաշակում են հացը և ջուրը: Բայց կատարելով այս սուրբ պարտականությունները, նրանք նաև ավելին են սովորում իրենց քահանայության դերերի և պարտականությունների մասին:

Ահարոնյան Քահանայությունը կոչվում է նախապատրաստական քահանայություն մասամբ, որովհետև դրա արարողությունները թույլ են տալիս նրանց զգալ Տիրոջ գործի մեջ լինելու ծանրությունն ու ուրախությունը, պատրաստելով նրանց ապագա քահանայության ծառայությանը, երբ կարող են կանչվել սպասավորելու անկանխատեսելի ձևերով, այդ թվում ոգեշնչված օրհնություններ հայտնելով այն ժամանակներում, երբ հույսերն ու երազանքները, և նույնիսկ կյանքն ու մահն են կանգնած եզրին։

Նման լուրջ ակնկալիքները լուրջ նախապատրաստություն են պահանջում։

Վարդապետություն և Ուխտերում բացատրվում է, որ սարկավագներն ու ուսուցիչները «պետք է զգուշացնեն, մեկնաբանեն, հորդորեն և ուսուցանեն և բոլորին հրավիրեն գալ Քրիստոսի մոտ» (Վարդապետություն և Ուխտեր 20․59)։ Այս հնարավորություններից բացի՝ քահանան պետք է նաև «քարոզի … և մկրտի» (Վարդապետություն և Ուխտեր 20․50):

Այո, այդ ամենը շատ է թվում, բայց իրականում այս բաները տեղի են բնականոն կերպով և ամբողջ աշխարհով մեկ:

Մի եպիսկոպոս ուսուցանեց այս պարտականությունները իր սարկավագների քվորուոմի նոր նախագահությանը։ Երիտասարդ նախագահությունը սկսեց խոսել այն մասին, թե ինչպես կարող են անել դա իրենց քվորումում և իրենց ծխում: Նրանք որոշեցին, որ պետք է սկսեին այցելել ծխի տարեց անդամներին՝ իմանալու, թե ինչ կարիքներ նրանք ունեն, և հետո հոգան դրանց մասին:

Նրանց թվում, ում ծառայում էին, Ալանն էր՝ կոպիտ, հաճախ անվայել խոսելաձևով, երբեմն էլ թշնամաբար տրամադրված հարևանը։ Ալանի կինը՝ Վանդան, դարձավ եկեղեցու անդամ, բայց Ալանը, ինչպես մենք ասում ենք՝ մեկ ուրիշ յուրահատուկ դեպք էր:

Այդուհանդերձ, սարկավագները գործի անցան՝ ծիծաղի տալով նրա վիրավորանքները, մինչ բահերով ձյուն էին մաքրում և աղբը դուրս հանում։ Սարկավագներին դժվար է ատել, և ի վերջո Ալանը սկսեց սիրել նրանց։ Ինչ-որ պահի սարկավագները հրավիրեցին նրան եկեղեցի։

«Ես եկեղեցի չեմ սիրում», - պատասխանեց նա:

«Բայց դու մեզ ես սիրում», - նրանք ասացին։ «Արի մեզ հետ։ Կարող ես գալ մեր քվորումի ժողովին, եթե ցանկանում ես»։

Եվ եպիսկոպոսի համաձայնությամբ նա եկավ, և նա շարունակեց այցելել:

Սարկավագները դարձան ուսուցիչներ, և մինչ նրանք շարունակում էին ծառայել նրան, նա սովորեցրեց նրանց աշխատել մեքենաների վրա և բաներ կառուցել։ Մինչ այդ ուսուցիչներ դարձած սարկավագները չէին դարձել քահանաներ, Ալանը նրանց անվանում էր «իմ տղաներ»։

Նրանք ջանասիրաբար պատրաստվում էին միսիա գնալու և հարցրին նրան, թե արդյոք կարող էին վարժվել և միսիոներական դասեր անցկացնել նրա հետ: Նա երդվեց, որ երբեք չի լսի և հավատա, բայց իրենք կարող էին վարժվել իր տանը:

Իսկ հետո Ալանը հիվանդացավ։ Եվ նա փափկեց:

Եվ մի օր, քվորումի ժողովի ժամանակ, նա քնքշությամբ խնդրեց նրանց աղոթել, որ նա թողնի ծխելը, և նրանք աղոթեցին: Իսկ հետո նրա հետ իր տուն գնացին և առգրավեցին իր ողջ ծխախոտի պահուստը։

Երբ վատառողջությունն Ալանին հիվանդանոցներ և վերականգնողական կենտրոններ հասցրեց, «Ալանի տղաները» ծառայեցին նրան՝ լուռ արտահայտելով քահանայության և անկեղծ սիրո զորությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 121․41):

Հրաշքը շարունակվեց, երբ Ալանը խնդրեց մկրտվել, սակայն մինչ դրա տեղի ունենալը նա մահացավ: Նրա խնդրանքով, իր քահանաներ դարձած սարկավագները թաղման արարողության ժամանակ աճյունը կրողներն ու խոսնակներն էին, որտեղ նրանք պատշաճ կերպով զգուշացնում էին, մեկնաբանում, հորդորում, ուսուցանում և բոլորին հրավիրում Քրիստոսի մոտ:

Իսկ ավելի ուշ Ալանի տղաներից մեկը տաճարում մկրտեց նախկին սարկավագների քվորումի նախագահին՝ որպես Ալանին փոխարինող։

Այն ամենը, ինչ Հովհաննես Մկրտիչն ասել էր, որ անենք, նրանք արեցին։ Նրանք արեցին այն, ինչ անում են սարկավագները, ուսուցիչները և քահանաները ամբողջ Եկեղեցում և ամբողջ աշխարհում:

Ահարոնի քահանայության կրողների հանձնարարականներից մեկը վերաբերում է հաղորդության արարողությանը:

Անցյալ տարի ես հանդիպեցի մի ոգեշնչված եպիսկոպոսի և նրա հրաշալի կնոջը: Դրանից մեկ շաբաթ առաջ առավոտյան իրենց որդու մկրտության արարողությանը ուղևորվելիս, ողբերգական և հանկարծակի ձևով նրանք կորցրեցին իրենց սիրելի երկու տարեկան դստերը՝ Թեսին։

Հաջորդ առավոտյան նրանց ծխի անդամները հավաքվեցին հաղորդության ժողովին` լցված կարեկցանքով, տառապելով այս կատարյալ փոքրիկ աղջկա կորստից: Ոչ ոք չէր սպասում, որ եպիսկոպոսի ընտանիքն այդ առավոտ եկեղեցում կլինի, բայց ժողովի մեկնարկից մի քանի րոպե առաջ նրանք լուռ ներս մտան և զբաղեցրին իրենց տեղերը:

Եպիսկոպոսը գնաց դեպի բեմահարթակը, անցավ իր խորհրդականների միջև գտնվող իր նստատեղի մոտով, և փոխարենը նստեց հաղորդության սեղանի մոտ՝ իր քահանաների միջև։

Հասկացողության և խաղաղության փնտրտուքի այդ տխուր և անքուն գիշերվա ընթացքում նա ուժգին հուշում ստացավ այն մասին, թե իր ընտանիքն ու ծուխն ամենից շատ ինչի կարիք ունեին։ Դա իրենց եպիսկոպոսի, իրենց ծխի Ահարոնյան քահանայության նախագահի, վշտացած հոր ձայնը և հաղորդության ուխտի խոստումները լսելու կարիքն էր:

Այսպիսով, երբ ժամանակը եկավ, նա ծնկի իջավ քահանաների հետ և խոսեց Իր Հոր հետ: Մեծ տխրությամբ՝ նա արտասանեց ամենահզոր խոսքերը, որոնք երբևէ թույլատրված են բարձրաձայնել այս կյանքում:

Հավերժական հետևանք ունեցող խոսքերը։

Արարողության խոսքերը։

Ուխտի խոսքերը։

Մի հրահանգ, որը կապում է մեզ այս կյանքի ամենաիրական նպատակների և մեզ համար Երկնային Հոր ծրագրի ամենահիասքանչ արդյունքների հետ:

Պատկերացնու՞մ եք, թե ինչ լսեցին մարդիկ հավաքատանը այդ օրը, ինչ նրանք զգացին ասված այդ խոսքերում, որոնք մենք լսում ենք ամեն կիրակի մեր հավաքատներում։

«Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն, որ նրանք կարողանան ուտել, ի հիշատակ Որդուդ մարմնի, և վկայեն քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց. որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան: Ամեն» (Վարդապետություն և Ուխտեր 20․77):

Այնուհետև․ «Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս [ջուրը] բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ըմպում են այն, որ նրանք կարողանան անել այդ, ի հիշատակ Որդուդ արյան, որ հեղվել է իրենց համար. որ նրանք կարողանան վկայել քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք միշտ հիշում են նրան, որպեսզի նրանք նրա Հոգին իրենց հետ ունենան։ Ամեն» (Վարդապետություն և Ուխտեր 20․79

Այս բարի հայրն ու մայրը վկայեցին, որ այդ խոստումը կատարվել է։ Նրանք, իրոք, իրենց հավիտենական մխիթարության համար «նրա Հոգին իրենց հետ [ունեն]»։

Ես հավերժ երախտապարտ եմ, որ Ահարոնյան քահանայություն կրողները՝ քահանայության զորությամբ, արարողություններով և պարտականություններով, օրհնում են մեզ բոլորիս հենց «հրեշտակների սպասավորության և ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության» բանալիների միջոցով (Վարդապետություն և Ուխտեր 13․1): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Պատրիկ Քիրոն, «Բարի գալուստ ուրախության Եկեղեցի», Լիահոնա, նոյ. 2024, 36-38։

  2. Կիսամյա գերագույն համաժողովի Բարի գալուստ ուրախության Եկեղեցի իր ելույթում երեց Քիրոնը տողատակի ծանուցում 10-ում հղում է կատարում Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի ուսուցմանը․ «Երբ դուք, որպես քահանա, ծնկի եք իջնում հաղորդության սեղանի մոտ և ասում աղոթքը, որը տրվել է հայտնությամբ, դուք բոլոր հավաքվածներին ուխտով կապում եք Տիրոջ հետ։ Արդյո՞ք դա փոքր բան է։ Դա շատ կարևոր և նշանակալի բան է» (“The Aaronic Priesthood—a Gift from God,” Ensign, May 1988, 46)։