2025
Գթություն՝ ճշմարիտ աշակերտության նշան
Մայիս 2025


11:29

Գթություն՝ ճշմարիտ աշակերտության նշան

Աշակերտության իրական նպատակակետն այն է, որ բառացիորեն դառնանք այնպիսին, ինչպիսին Հիսուս Քրիստոսն է։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս հրավիրեց մեզ «մեր աշակերտությունը դարձնե[լ] մեր ամենաբարձր առաջնահերթությունը»։ Այդ զորեղ հրավերը մղել է ինձ խորհելու Հիսուս Քրիստոսի իմ անձնական աշակերտության մասին։

Աշակերտությունը մտածված գործընթաց է

Աշակերտը մեկ ուրիշի հետևորդն է կամ ուսանողը: Աշակերտները «սովորողներ» են, ովքեր իրենց կյանքը նվիրում են իրենց ուսուցչին նմանվելուն։ Այսպիսով, Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը ավելին է նշանակում, քան Նրա ուսմունքներին և վարդապետությանը հավատալը։ Դա նույնիսկ ավելին է ենթադրում, քան Նրա աստվածությունը ճանաչելը և Նրան որպես մեր Փրկիչ ու Քավիչ ընդունելը, թեև դա կենսական կարևորություն ունի։

Նախագահ Դալլին Հ․ Օուքսը բացատրել է. «Քրիստոսին հետևելը պատահական կամ անկանոն փորձառություն չէ: Դա շարունակական պարտավորություն է և ապրելակերպ, որը պետք է առաջնորդի մեզ բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում»: Աշակերտությունը մտածված ճամփորդություն է, որը մենք ձեռնարկում ենք, որպեսզի փոխակերպվենք Տիրոջ քավող զոհաբերության և Նրա հնարավորություն տվող զորության միջոցով: Աշակերտության իրական նպատակակետն այն է, որ բառացիորեն դառնանք այնպիսին, ինչպիսին Հիսուս Քրիստոսն է, նույնիսկ այն աստիճան, որ ստանանք Նրա «պատկերը [մեր] դեմքին»։

Տիրոջ աշակերտները լինելու համար մենք պետք է ամեն օր մտածված կերպով ընդօրինակենք Նրա մտքերն ու գործողությունները, օրինակ՝ Նրա հնազանդությունը, խոնարհությունը և համբերությունը։ Երբ աստիճանաբար ներառում ենք այս հատկանիշները մեր ինքնության մեջ, մենք «[Նրա] աստվածային բնությանը հաղորդակից» ենք դառնում։ Փրկչի բնավորության այս ընդօրինակումը Նրան երկրպագելու հիմքում է։ Ինչպես ուսուցանել է նախագահ Նելսոնը․ «Հիսուսի հանդեպ մեր երկրպագությունը լավագույնս արտահայտվում է Նրան ընդօրինակելով»։

Ճշմարիտ աշակերտության նշան

Հիսուս Քրիստոսի բոլոր աստվածային հատկանիշներից, որոնք մենք պետք է ընդօրինակենք, մեկը գերակշռում է և ընդգրկում է մյուս բոլորը։ Այդ հատկանիշը՝ Նրա մաքուր սերն է կամ գթությունը։ Թե՛ Մորմոն մարգարեն, և թե՛ Պողոս առաքյալը հիշեցնում են մեզ, որ առանց գթության «[մենք] ոչինչ ենք»: Կամ, ինչպես հայտնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, առանց գթության «[մենք] ոչինչ չենք կարող անել»։

Ինքը՝ Փրկիչը սերը բնութագրեց որպես նշան, որով Իր ճշմարիտ աշակերտները կճանաչվեն, երբ հայտարարեց․

«Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։

Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։

Գթությունը բազմաշերտ հասկացություն է, որը դժվար է սահմանել, բայց այն հեշտությամբ ընկալվում է բոլոր նրանց կողմից, ում այն դիպչում է։ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում ուսուցանվում է, որ գթությունն «ինչպես հավատքը, մղում է գործողության»։ Իսկապես, գթությունը կարելի է բնութագրել որպես «գործով արտահայտված սեր»։ Այս նկարագրությունը մեծ լույս է սփռում Փրկչի կյանքն ամփոփող տողերի վրա․ Նա «շրջում էր՝ բարիք գործելով»:

Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ՝ մենք պետք է ձգտենք ընդօրինակել այն, թե ինչպես է մեր Տերը ցույց տվել Իր մաքուր սերը մարդկանց հանդեպ։ Թեև Փրկիչը գթություն է դրսևորում տարբեր եղանակներով, ես կցանկանայի ուշադրություն հրավիրել Նրա գթության երեք առանձնահատուկ օրինաչափությունների վրա, որոնք հստակ երևում են Նրա ճշմարիտ աշակերտների մեջ:

Գթությունը կարեկցանք ցուցաբերելն է

Առաջին՝ Փրկիչը գթություն դրսևորեց կարեկցելով։ Մորմոնի Գրքում պատմվում է, որ նեփիացիների մեջ ծառայելիս, Տերը հրավիրեց ժողովրդին վերադառնալ տուն և խորհել այն բաների մասին, որոնք Նա սովորեցրել էր, և պատրաստվել հաջորդ օրվա Իր վերադարձին: Ապա, գրությունն ասում է․

«Նրանք արտասվում էին, և նայում էին նրա վրա սևեռուն, կարծես կամենում էին խնդրել նրան՝ մի քիչ էլ մնալ իրենց հետ։

«Եվ նա ասաց նրանց. Ահա, իմ սիրտը լցված է կարեկցանքով հանդեպ ձեզ»:

Կարեկցանքը գթության այն բաղադրիչն է, որը փնտրում է թեթևացնել տառապանքը։ Կարեկցանքով լցված՝ Տերը բժշկեց հիվանդներին և չարչարվածներին ժողովրդի մեջ: Հետո Նա օրհնեց նրանց երեխաներին, և հրեշտակներ իջան երկնքից և օղակեցին նրանց։ Նա կատարեց այս և շատ ուրիշ նրբազգաց, սիրառատ արարքներ, քանի որ «գթաց» մարդկանց։

Հարավային Ամերիկայում որպես երիտասարդ միսիոներ ծառայելիս՝ ես նույնպես զգացել եմ իմ սիրելի ընկերոջ կարեկցանքը։ Մի երեկո մեքենաս վարում էի դեպի մեր միսիայի նախագահի տուն, հանկարծ հեծանվով մի երիտասարդ հայտնվեց մեքենայիս դիմաց։ Դա այնքան արագ տեղի ունեցավ, որ չկարողացա խուսափել բախումից։ Ցավալիորեն, այդ երիտասարդը զոհվեց հարվածից։ Ես ցնցված էի նրա կյանքի կորստով։ Առերեսվելով տեղի ունեցածի ահավոր իրականությանը, ես սարսափի և շոկի մեջ էի, երբ ինձ տարան բանտ և փակեցին խցում։ Ես երբեք այդքան վախեցած ու միայնակ չէի զգացել ինձ։ Ես շատ հուսահատված էի և վախենում էի, որ ամբողջ կյանքս բանտում կանցկացնեմ։

Ինձ հետ ծառայող միսիոներներից մեկը՝ երեց Բրայան Կոչեվարը, իմանալով պատահարի մասին, լցվեց կարեկցանքով։ Նա եկավ բանտ և աղերսեց աշխատակիցներին, որ իրեն թույլ տան մնալ ինձ հետ բանտախցում, որպեսզի մենակ չլինեմ։ Հրաշքով նրանք համաձայնվեցին։ Մինչ օրս խորին երախտագիտություն եմ զգում այս աշակերտի քրիստոսանման սիրո արարքի համար, որը հանգստացրեց, մխիթարեց ու սփոփեց ինձ իմ կյանքի ամենամեծ նեղության պահին։ Նրա գթառատ կարեկցանքը աշակերտության արտահայտիչ նշան էր։ Ինչպես նկատել է նախագահ Նելսոնը․ «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդին բացահայտելու ամենահեշտ ձևերից մեկն այն է, թե որքան կարեկից է մարդը ուրիշների հանդեպ»։

Գթությունը՝ չբարձրաձայնված կարիքների սպասավորությունն է

Մեկ այլ օրինակ, թե ինչպես է Փրկիչը ցույց տալիս Իր սերը, մարդկանց կողմից չբարձրաձայնվող կարիքների նկատումն ու սպասավորումն է։ Այն մարդուն, ով 38 տարի կաղ էր և ոչ ոք չուներ իրեն օգնելու, Տերը ողջ դարձրեց և խրախուսեց արդար ապրել։ Շնության մեջ բռնված կնոջը Նա չդատապարտեց, այլ հույս և մխիթարություն տվեց։ Տանիքից իջեցված անդամալույծ մարդուն Տերը ոչ միայն մարմնի բուժում, այլ նաև մեղքերի թողություն շնորհեց։

Երբ ես կանչվեցի ծառայելու որպես եպիսկոպոս, մեր վեց փոքր երեխաները հաղորդության ժողովի մասնակցությունը դժվարացրին կնոջս՝ Քրիստինի համար, ով ստիպված էր միայնակ նայել նրանց, մինչ ես նստում էի բեմահարթակում։ Ինչպես կարող եք կռահել, մեր երեխաները հաճախ ակնածալից չէին։ Նկատելով նրա դրությունը՝ մեր ծխի երկու անդամներ՝ Ջոն և Դեբի Բենիչները, սկսեցին ամեն կիրակի նստել նրա կողքին և օգնել։ Նրանց բարությունը շարունակվեց երկար տարիներ, և նրանք դարձան փոխարինող տատիկ ու պապիկ մեր ընտանիքի համար։ Տիրոջ նման՝ այս աշակերտները նկատել էին չբարձրաձայնված կարիքը և գործել սիրով, որը նրանց աշակերտության ակնառու նշան էր։

Գթությունը մարդկանց ուխտի ճանապարհին օգնելն է

Վերջապես՝ Փրկչի կատարյալ սերը կենտրոնացած է Աստծո բոլոր զավակներին հնարավորություն տալու վրա՝ իրականացնել մեր աստվածային ներուժը, որպեսզի կարողանանք «ճաշակել նրա փրկությունից և նրա փրկագնման զորությունից»: Երբ ավելի ենք նմանվում մեր Տիրոջը, ուխտի ճանապարհին մեր եղբայրներին ու քույրերին օգնելու մեր ցանկությունն ինքնըստինքյան մեծանում է։

Օրինակ՝ մենք կարող ենք քաջալերել և ընկերանալ նրանց հետ, ովքեր վիրավորված կամ մոռացված են, օգնել այն մարդկանց, ովքեր նոր են եկեղեցում, որ իրենց ողջունված զգան, կամ հրավիրել մեր ընկերներին երկրպագելու մեզ հետ հաղորդության ժողովին, գուցե այս գալիք Զատկին։ Մարդկանց քաջալերելու և օգնելու անհամար միջոցներ կան, եթե մենք մտածված և աղոթքով փնտրենք երկինքների օգնությունը, որպեսզի աչքեր ունենանք տեսնելու և սիրտ՝ զգալու այնպես, ինչպես է Հիսուս Քրիստոսն է նրանց տեսնում և զգում։

Մարդկանց օգնելը նրանց ուխտի ճանապարհին կարող է լինել ծառայության արտասովոր ձև ընդունել։ Օրինակ՝ Ֆիլիպիններում իմ ներկայիս հանձնարարության ժամանակ ես լսեցի Ագամատա ընտանիքի մասին։ Նրանք մկրտվել էին 2023 թվականին, ապա անհամբերությամբ հերթագրվել որպես ընտանիք կնքվելու համար մոտակա Ուրդանետայի (Ֆիլիպիններ) տաճարում։ Սակայն հերթագրված օրվանից առաջ մի քանի թայֆուններ տեղի ունեցան այդ տարածաշրջանում։ Հուժկու փոթորիկների պատճառով եղբայր Ագամատան, ով բրնձի ֆերմեր էր, չկարողացավ ցանել բրինձը։ Երբ փոթորիկները վերջապես անցան, նա պետք է արագ տնկեր բրինձը, մինչ հողը թաց էր, որն իդեալական պայման է բրինձը տնկելու համար։ Ցավոք, տաճարի ուղևորությունը պետք է հետաձգվեր։

Միսիոներները օգնում են բրինձ ցանել։
Միսիոներները բրինձ են ցանում։

Երկու աշակերտներ՝ երեց և քույր Քաոլանները, ինչպես նաև երեք երիտասարդ ծառայության միսիոներներ, իմանալով Ագամատա ընտանիքի դժվարության մասին, իրենց օգնությունն առաջարկեցին, չնայած որ գյուղատնտեսական փորձ չունեին։ Աշխատելով կիզիչ արևի տակ՝ նրանք օգնում էին տնկել սածիլները, որպեսզի Ագամատա ընտանիքն այդ գործն ավարտելուն պես հասցներ մասնակցել տաճարային կնքմանը, ինչպես ծրագրված էր։ Երեց Քաոլանը նկատել է․ «[Ագամատաների] դեմքերը փայլում էին, երբ մենք տեսանք նրանց սպիտակ հագուստով Տիրոջ տանը։ Այն ուրախությունը, որը մենք զգացինք այդ մարդկանց ծառայելիս, անհամեմատելի ուրախություն է»։

Ագամատաների ընտանիքը զբոսնում է տաճարի մոտ

Ագամատաներն այժմ վայելում են որպես հավերժական ընտանիք կնքվելու առատ օրհնությունները, քանի որ մի քանի գթառատ աշակերտներ, ինչը նրանց աշակերտության նշան էր, վճռեցին օգնել իրենց եղբայրներին ու քույրերին առաջ ընթանալ ուխտի ճանապարհով։

Եղբայրներ և քույրեր, Հիսուս Քրիստոսի աշակերտությունը հարատև երջանկություն ձեռք բերելու միակ ճանապարհն է: Դա մարդկանց հանդեպ սիրո մտածված և նպատակալից գործողություններով լի ուղի է։ Թեև աշակերտության ուղին կարող է դժվար լինել, և գուցե երբեմն դժվարանանք ու ձախողվենք, մենք կարող ենք մխիթարվել նրանով, որ Աստված մտածում է մեր մասին և ցանկանում է օգնել մեզ ամեն անգամ, երբ փորձում ենք։ Եսային հիշեցնում է մեզ, որ «Աստված [կ]բռն[ի մեր] ձեռքը. … աս[ելով՝] «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»»։

Մտքում պահելով մեր Երկնային Հոր այս հավաստիացումը, ես անկեղծորեն աղոթում եմ, որ մենք կարողանանք հետևել նախագահ Նելսոնի հրավերին՝ առաջնահերթություն տալու մեր աշակերտությանը: Թող որ «աղոթե[ն]ք Հորը, սրտի ողջ կորովով, որ … կարողանա[ն]ք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու` Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են. … որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման», որովհետև մենք ունենք ճշմարիտ աշակերտության նշանը, որն է «գթությունը՝ Քրիստոսի մաքուր սերը»:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր կենդանի փառահեղ Փրկիչն է, Քավիչը, Օրինակը և Ընկերը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», Լիահոնա, նոյ․ 2024, 121։

  2. Տես Merriam-Webster.com Dictionary, “disciple”։

  3. Դալլին Հ. Օուքս, «Հետևել Քրիստոսին», Լիահոնա, նոյ. 2024, 23։

  4. Ալմա 5․14, տես նաև Ալմա 5․19։

  5. Տես Բ Պետրոս 1․3-8։

  6. Ռասսել Մ. Նելսոն, «Perfection Pending», Ensign, նոյեմբեր 1995, 87։

  7. Մորոնի 7․46, տես նաև Ա Կորնթացիներին 13․3։

  8. Վարդապետություն և Ուխտեր 18․19, շեշտադրումն ավելացված է։

  9. Հովհաննես 13․34-35, շեշտադրումն ավելացված է:

  10. Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023), 127։

  11. Գործք Առաքելոց 10.38:

  12. Տես 3 Նեփի 17․3։

  13. 3 Նեփի 17․5-6:

  14. Տես Merriam-Webster.com Dictionary, “compassion”։

  15. Տես 3 Նեփի 17․7-25։

  16. Մատթեոս 9․36, 14․14, Մարկոս1․41, 6․34։

  17. Ոստիկանության աշխատակիցներն ինձ կալանավորեցին մահվան ելքով պատահարի ընթացակարգի համաձայն։ Ինձ բաժանեցին իմ զուգընկերոջից, որովհետև ես էի վարորդը։ Ես բանտում էի երկու օր։ Ոստիկանության հետաքննության ընթացքում պարզեց, որ վթարի պահին այդ երիտասարդը ոչ սթափ վիճակում էր և դա, ամենայն հավանականությամբ, հանգեցրել էր նրան, որ նա հանկարծակի շրջվել և հայտնվել էր մեր ընթացող մեքենայի առջև։ Ես ներկայացա դատավորի առաջ պաշտոնական դատավարության, և վճիռ կայացվեց, որ մեղքի կամ անփութության որևէ ապացույց չկա իմ դեմ, և որ դա պարզապես դժբախտ ու ողբերգական պատահար էր։

  18. Տես Մատթեոս 25․31-40, հատկապես հատված 36։

  19. Ռասսել Մ. Նելսոն, «Պահանջվում են խաղաղարարներ», Լիահոնա, մայիս 2023, 98:

  20. Տես Հովհաննես 5․2-9, 14։

  21. Տես Հովհաննես 8․1-11։

  22. Տես Մարկոս 2․1-12:

  23. Օմնի 1.26:

  24. Տես Վարդապետություն և Ուխտեր 76․12:

  25. Sես 2 Նեփի 26․24։

  26. Անձնական հաղորդակցություն Դարվին Սերանո Քաոլանի հետ, 1 դեկտեմբերի, 2024 թ.։

  27. Եսայի 41․13։

  28. Մորոնի 7.48։

  29. Մորոնի 7.47։