2025
Ուրախություն՝ ուխտյալ աշակերտության միջոցով
Մայիս 2025


10:58

Ուրախություն՝ ուխտյալ աշակերտության միջոցով

Երբ մենք պարտավորվում ենք գործել որպես ուխտյալ աշակերտներ Հոր և Որդու հետ մեր հարաբերությունները զարգանում են, մեր ուրախությունը մեծանում է, և մեր հավերժական հեռանկարը ընդլայնվում:

2023 թվականն էր, Ույանգա Ալթանսուխը աշխատավայրում էր՝ հյուսիսային Մոնղոլիայի Դարխան քաղաքում, երբ մի օր Մոնղոլիայի միսիայի նախագահը մտավ իր աշխատասենյակ: Նրա խոսքերով.

«Ես տեսա նրան և մտածեցի, որ նա պայծառ լույս ունի իր դեմքին: Նա շատ բարի էր ու զվարճալի՝ մարդկանց հետ շփվելիս, և ես ջերմ զգացում ունեցա: Մինչև նրա գնալը ես մի քանի հարց տվեցի նրան։ Մի քանի օր անց նա նորից եկավ իմ աշխատավայր և հարցրեց, թե արդյոք չէի ցանկանա գնալ իր եկեղեցի։ Ես մտածեցի, որ դա օգտակար կլիներ։ Ես անհանգստանում էի երեխաներիս ապագայի համար, քանի որ միջավայրը կարծես լի էր լարվածությամբ ու խավարով: Ես ուզում էի, որ երեխաներս նմանվեին այդ մարդուն՝ լույս ունենային իրենց դեմքին, ուրախություն պարգևեին մարդկանց։

Մի օր միսիոներները սովորեցրին մեզ տասանորդի օրենքը: Երեխաներս խանդավառությամբ ասացին․ «Մայրի՜կ, մենք պետք է վճարենք մեր տասանորդը»: Այդ պահին ինձ համար ակնհայտ էր երեխաներիս հավատքը։ Եկեղեցուն միանալուց առաջ ես դիտեցի գերագույն համաժողովը և լսեցի նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ելույթը։ Նա նոր տաճարներ հայտարարեց ամբողջ աշխարհում և ասաց, որ նոր տաճար կկառուցվի Ուլան Բատորում (Մոնղոլիա)։ Ես ուրախացա և արտասվեցի, նույնիսկ չհասկանալով, թե՝ ինչու։ Այդ ուրախությամբ ես կարող էի ասել, որ իմ հավատն ու վկայությունը գնալով աճում էին»։

Ույանգան, ինչպես և միլիոնավոր այլ մարդիկ, մաս է կազմում Իսրայելի հավաքման մեծ գործում՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի նախաշեմին։ Նա սկսել է իր ճամփորդությունը ուխտի ճանապարհով և դարձել է Քրիստոսի աշակերտը։ Ի՞նչ է նշանակում լինել Քրիստոսի աշակերտ: Ինձ դուր է գալիս ճապոներեն աշակերտ բառը —դեշիդե նշանակում է կրտսեր եղբայր, շի նշանակում է երեխա։

Հիսուս Քրիստոսը հայտարարեց. «Ես սկզբում Հոր մոտ էի, և Անդրանիկն եմ»: Այն պատճառով, թե Նա ով է, և ինչ է արել, մենք երկրպագում ենք Նրան, հարգում ենք Նրան, փառք ենք տալիս Նրան և հետևում ենք Նրան: Քրիստոսը փրկագնել է մեզ, և մենք հավիտյան երախտապարտ ենք Նրա անսահման և քավիչ զոհաբերության համար։

Մենք ունենք Երկնային Հայր, ով սիրում է մեզ՝ Իր զավակներին։ Նրա սերը մեր հանդեպ կատարյալ է: Հիսուս Քրիստոսը և Նրա առաքելությունը ցույց են տալիս Աստծո սերը մեր հանդեպ։ Ինչպես գրել է Հովհաննեսը․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։

Ձգտելով հասկանալ այն, ինչը մենք չգիտենք, երբեմն գուցե հույս դնենք մեզ հայտնի մահկանացու փորձառությունների վրա, կամ այն բաների՝ որոնք մեզ ծանոթ են։ Օրինակ, մենք կարող ենք ինչ-որ բան սովորել Հայր Աստծո մասին՝ մեր սեփական ծնողավարության փորձից կամ մեր ընտանեկան հարաբերություններից: Այնուամենայնիվ, մենք պետք է զգույշ լինենք այս համեմատությունները կիրառելիս, երբ փորձում ենք հասկանալ մեր Երկնային Հորը։ Հայր Աստծո հատկանիշները վեր են ընկած մարդու ոչ կատարյալ հատկանիշներից։ Հայր Աստվածը կատարյալ Հայր է: Նա ունի կատարյալ սեր, բարի է, համբերատար, հասկացող և կատարելապես փառահեղ։ Մենք կարող ենք Նրան կատարելապես վստահել։ Քրիստոսի սերը արտացոլում է Հայր Աստծո սերը և այդ սիրո դրսևորումն է։

Հիսուս Քրիստոսը և՛ օրինակն է, և՛ միջոցը։ Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ավելի լավ հասկանալ Հոր և Նրա ծրագրի կատարյալ հատկանիշները: Քրիստոսի միջոցով մեզ տրված է հնարավորություն՝ հաղթելու բնական տղամարդկանց և կանանց հակումները, որպեսզի ավելի նմանվենք Հորը։

Մեր Երկնային Հոր պես Հիսուս Քրիստոսը կատարելապես ողորմած է և արդար: Արդարության և ողորմության աստվածային այս հատկանիշներն իրար հակասող չեն։ Դրանք իրար լրացնող են։ Թե՛ արդարությունը, թե՛ ողորմածությունը ցույց են տալիս Աստծո կատարյալ սերն Իր զավակների հանդեպ։ Մենք կարող ենք վստահել Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին, քանի որ Նրանք արդար ու ազնիվ են բոլորիս հետ։

Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը կատարելապես միասնական են նպատակի և սիրո հարցում: Քանի որ Աստված և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ, ապա մեզ՝ որպես ճշմարիտ աշակերտների, հնարավորություն և արտոնություն է տրվում ուխտեր կապել Նրանց հետ։ Դա անելով՝ Քրիստոսի հետ մեր հարաբերություններն ընդլայնվում են․ «Եվ այժմ, ուխտի շնորհիվ, որ դուք արել եք, դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը, քանզի ահա, այս օրը նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով. հետևաբար, դուք ծնվել եք նրանից և դարձել եք նրա որդիներն ու նրա դուստրերը»:

Որպես աշակերտներ, երբ մենք սուրբ ուխտեր ենք կապում և պահում, մենք օրհնվում ենք հոգևոր զորությամբ։ Մեր կապը Քրիստոսի և Հայր Աստծո հետ պայմանավորվում է հատուկ հարաբերություններով, և մենք կարող ենք զգալ Նրանց սերն ու ուրախությունը այն չափով, որը հասանելի է նրանց, ովքեր կապում և պահում են ուխտեր: Աստծո սիրո ողջ չափը զգալու կամ Նրա սիրո մեջ մնալու մեր ունակությունը կախված է մեր արդար ցանկություններից և գործողություններից։

Հովհաննեսի 15-րդ գլխի 9-րդ հատվածում կարդում ենք. «Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի»: Այնուհետև մեզ հրավեր է տրվում՝ «մնացե՛ք իմ սիրո մեջ»։

Հաջորդ հատվածում մեզ տրվում է Նրա սիրո մեջ մնալու ուղին․ «Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում»։

Այնուհետև, 11-րդ հատվածում, մենք տեսնում ենք պատվիրանները պահելու նպատակը․ «Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի»։

Ճշմարիտ` ուխտյալ աշակերտության միջոցով մենք կարող ենք սկսել ավելի լավ հասկանալ Աստծո էությունը և այն ուրախությունը, որը Նա ցանկանում է, որ Իր բոլոր զավակները զգան։ Մենք նաև կսկսենք հասկանալ որոշ սկզբունքներ, որոնք սկզբում գուցե անհասկանալի թվան։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող է Աստված լիարժեք ուրախություն ունենալ, երբ Իր զավակներից ոմանք այդքան շատ են տառապում։ Պատասխանը գտնվում է Աստծո կատարյալ հեռանկարում և Նրա կատարյալ ծրագրում: Նա տեսնում է մեզ սկզբից մինչև մեր փառահեղ հնարավոր ապագան։ Նա ճանապարհ է ապահովել Իր զավակների՝ բոլորիս համար, Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որ հաղթահարենք մեր մահկանացու կյանքի ցավերը, տառապանքները, մեղքերը, սխալները և միայնությունը։ Աստված տվել է մեզ ճանապարհը և ընտրությունը։

Նրանց օրինակները, ովքեր աշակերտության շնորհիվ ուրախություն են զգացել, կօգնեն մեզ ավելի լավ հասկանալ այս գաղափարը։ Գուցե դուք լսել եք այսպիսի արտահայտություն, որ մենք երջանիկ ենք այնքան, որքան մեր ամենադժբախտ երեխան: Ես հասկացել եմ, որ այդպես չէ։ Իմ 94-ամյա մայրն ունի ավելի քան 200 ապրող ժառանգ։ Ցանկացած պահի այդ 200 հոգուց առնվազն մեկը գուցե դժբախտ լինի։ Եթե այս պնդումը ճիշտ լիներ, ապա մայրս անդադար դժբախտ վիճակում պետք է որ լիներ, սակայն նա դժբախտ չէ։ Նրանք, ովքեր ճանաչում են մորս, գիտեն, թե ինչ ուրախ մարդ է նա։

Այժմ ես կցանկանայի մեկ այլ օրինակ բերել։ 2019թ. հունվարին ես ու կինս՝ Դեբին, հրավիրվեցինք նախագահ Նելսոնի գրասենյակ։ Նա իր աթոռն այնքան մոտ էր դրել մեր աթոռներին, որ մենք գրեթե ծունկ ծնկի տված էինք նստել։ Մեր ներկայիս կոչումը մեզ առաջարկելուց հետո նախագահ Նելսոնը դիմեց Դեբիին և համակ ուշադրությամբ զրուցեց նրա հետ։ Նա բարի էր, սիրառատ, նրբանկատ և լի էր ուրախությամբ, ինչպես կատարյալ հայրը կամ պապիկը: Նա բռնեց Դեբիի ձեռքը և հավաստիացրեց նրան, որ ամեն ինչ լավ կլինի, և որ մեր ընտանիքը կօրհնվի։ Այդ պահին մեզ թվաց, որ մենք նրա համար ամենակարևոր մարդիկ էինք և որ իր ողջ ժամանակը այս աշխարհում տրամադրված է մեզ։ Այդ ուրբաթ կեսօրին մենք հեռացանք նրա գրասենյակից՝ վստահության, սիրո և ուրախության զգացումով։

Երկուշաբթի օրը մենք տեսանք նորությունները։ Այդ նույն օրվա ընթացքում, որ նախագահ Նելսոնն անցկացրել էր մեզ հետ, քաղցկեղից մահացել էր նրա դուստրերից մեկը։ Մենք ապշած էինք: Մեր սիրտը լցված էր, երբ սգում էինք նրա և նրա ընտանիքի կորուստը։ Մեր սրտերը նաև լի էին երախտագիտությամբ նրա քրիստոսանման ուշադրության համար մեր հանդեպ, մինչ նա ցավում էր իր տառապյալ դստեր համար։

Խորհելով այդ փորձառության մասին՝ մենք ինքներս մեզ հարց տվեցինք. «Ինչպե՞ս կարող էր նա այդքան բարի, սիրառատ և նույնիսկ ուրախ լինել այդպիսի դժվարին պահին»։ Պատասխանը սա է՝ որովհետև նա գիտի։ Նա գիտի, որ Քրիստոսը հաղթանակ է տարել։ Նա գիտի, որ կրկին իր դստեր հետ կլինի և հավերժ կապրի նրա հետ: Ուրախությունն ու հավերժական հեռանկարը գալիս են այն բանի շնորհիվ, որ մենք կապված ենք Փրկչի հետ՝ ուխտեր կապելով և պահելով, ինչպես նաև քրիստոսանման աշակերտության միջոցով։

Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Փրկիչն առաջարկում է խաղաղություն, որն «ամեն մտքից վեր է» [Փիլիպպեցիներին 4․7]։ Նա նաև առաջարկում է ուրախության ուժգնություն, խորություն ու մեծություն, որը չի հնազանդվում մարդկային տրամաբանությանն ու հասկացողությանը: Օրինակ՝ թվում է, թե անհնար է ուրախ լինել, երբ ձեր երեխան տառապում է անբուժելի հիվանդությամբ, երբ դուք կորցնում եք ձեր աշխատանքը կամ երբ ձեր կինը կամ ամուսինը դավաճանում է ձեզ: Սակայն սա հենց այն ուրախությունն է, որ Փրկիչն առաջարկում է»:

Ուխտեր կապելով և պահելով` մենք, բնականաբար, կշրջվենք դեպի մյուս մարդիկ և կցանկանանք օգնել նրանց զգալ նույն ուրախությունն ու սերը, որը մենք ենք զգում մեր ուխտյալ հարաբերություններում: Մենք կարող ենք մաս կազմել այսօր երկրի վրա գոյություն ունեցող ամենամեծ գործում՝ Իսրայելի հավաքմանը։ Մենք կարող ենք օգնել` բերելով Աստծո զավակներին դեպի Քրիստոսը։ Ինչպես ուսուցանել է Հակոբ մարգարեն․ «Եվ օրհնված եք դուք. քանզի դուք ջանասեր եղաք՝ ինձ հետ այգում աշխատելիս, և պահեցիք իմ պատվիրանները, և ինձ համար նորից բերեցիք բնական պտուղը, այնպես որ իմ այգին այլևս ապականված չէ, և վատը դեն է գցված, ահա, դուք պետք է ինձ հետ իմ այգու պտղի համար ուրախություն ունենաք»:

Երբ մենք պարտավորվում ենք գործել որպես ուխտյալ աշակերտներ, ինչպիսին էլ որ լինի մեր ունակությունը, Հոր և Որդու հետ մեր հարաբերությունները զարգանում են, մեր ուրախությունը մեծանում է, և մեր հավերժական հեռանկարը ընդլայնվում: Այդ ժամանակ մենք օժտվում ենք զորությամբ և կարող ենք ուրախություն զգալ այն չափով, որը հասանելի է Աստծո ճշմարիտ ուխտյալ աշակերտներին։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։