2025
Երկրպագություն
Մայիս 2025


14:14

Երկրպագություն

Ի՞նչ է նշանակում երկրպագել Աստծուն՝ ձեզ և ինձ համար։

«Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ,

և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու»:

Մոգերը, ինչպես նրանց երբեմն անվանում են, իմաստուն էին Մեսիային գտնելու և երկրպագելու հարցում: Նրանց համար, երկրպագել նշանակում էր խոնարհվել մանուկ Հիսուսի առաջ և ոսկու ու թանկարժեք, անուշահոտ համեմունքներով ընծաներ մատուցել Նրան։

Ի՞նչ է նշանակում երկրպագել Աստծուն՝ ձեզ և ինձ համար։

Երբ մտածում ենք երկրպագության մասին, սովորաբար մեր մտքերն ուղղվում են դեպի այն ձևերը, որոնցով մենք կրոնական նվիրվածություն ենք ցուցաբերում` ինչպես անհատապես, այնպես էլ եկեղեցու երկրպագության ծառայություններում: Երբ ես խորհում էի մեր Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն՝ մեր Փրկչին երկրպագելու հարցի շուրջ, չորս գաղափարներ եկան միտքս. առաջին՝ մեր երկրպագությունը կազմող գործողությունները. երկրորդ՝ մեր երկրպագությանը բնորոշ վերաբերմունքն ու զգացմունքները, երրորդ՝ մեր երկրպագության բացառիկությունը, և չորրորդ՝ մեր երկրպագած Սուրբ Էակներին ընդօրինակելու անհրաժեշտությունը:

Առաջին՝ մեր երկրպագությունը կազմող գործողությունները

Երկրպագության ամենատարածված և կարևոր ձևերից մեկը նվիրագործված տարածքում հավաքվելն է՝ հոգևոր գործողություններ կատարելու համար: Տերն ասել է, «Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը»։ Սա, իհարկե, աղոթատներ կառուցելու մեր հիմնական շարժառիթն է։ Բայց, անհրաժեշտության դեպքում, չնվիրագործված տարածքը ևս բավ է, եթե կարողանանք oժտել այն որոշակի սրբությամբ:

Հաղորդության ժողով։

Ամենից կարևորն այն է, թե ինչ ենք անում, երբ հավաքվում ենք Տիրոջ օրը։ Անշուշտ, մենք կրում ենք լավագույն հագուստը՝ ըստ մեր հնարավորությունների, ոչ թե շռայլ, այլ համեստ կերպով, որպեսզի ցույց տանք մեր հարգանքն ու ակնածանքը Աստվածության հանդեպ: Մեր վարքը նույնպես ակնածալից և հարգալից է։ Մենք երկրպագում ենք՝ միասին աղոթելով, օրհներգեր երգելով (ոչ միայն լսելով, այլև երգելով օրհներգերը), սովորեցնելով և սովորելով միմյանցից: Հիսուսն ասում է․ «Հիշիր, որ այս՝ Տիրոջ օրը, դու պետք է Բարձրյալին մատուցես քո պատարագները [նկատի ունենալով «Աստծո և մերձավորի ծառայության մեջ քո ժամանակի, տաղանդների կամ միջոցների զոհաբերությունները»] ու քո հաղորդությունները՝ խոստովանելով մեղքերդ քո եղբայրների և Տիրոջ առաջ»: Մենք հավաքվում ենք ոչ թե զվարճացնելու կամ զվարճանալու, ինչպես, օրինակ, նվագախմբի միջոցով, այլ հիշելու Նրան և «ավելի կատարյալ ձևով [հրահանգվելու]» Նրա ավետարանում:

Վերջին գերագույն համաժողովում երեց Պատրիկ Քիրոնը մեզ հիշեցրեց, որ «Հանգստության օրը մենք չենք հավաքվում հաղորդության ժողովին պարզապես ներկա գտնվելու և ցուցակում դա նշելու համար: Մենք հավաքվում ենք երկրպագելու։ Այդ երկուսի միջև նշանակալի տարբերություն կա: Հաճախել նշանակում է ներկա գտնվել։ Սակայն երկրպագելը միտումնավոր փառաբանելն ու պաշտելն է մեր Աստծուն մի եղանակով, որը փոխակերպում է մեզ»:

Մեր Հանգստության օրերն առ Տերն ու Իր նպատակները նվիրաբերելն ինքնին երկրպագության գործողություն է: Մի քանի տարի առաջ, այդժամ երեց Ռասսել Մ. Նելսոնը դիտարկել է․ «Ինչպե՞ս ենք մենք սրբացնում Հանգստության օրը։ Իմ ավելի երիտասարդ տարիքում ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատությունները, ովքեր ցուցակ են կազմել այն բաների համար, որոնք պետք է անել, և այն բաների համար, որոնք չպետք է անել Հանգստության օրը։ Ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև [տես Ելք 31.13, Եզեկիել 20.12, 20]: Դա իմանալով` ես այլևս կարիք չունեի այդ ցուցակի։ Երբ պետք է որոշում կայացնեի, թե արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»»։

Տիրոջ օրվա երկրպագությունը նշանավորվում է հատկապես Հիսուս Քրիստոսի քավող մեծ զոհաբերության վրա կենտրոնանալով։ Մենք պատշաճ և հատուկ կերպով տոնում ենք Նրա հարությունը Զատկին, ինչպես նաև ամեն շաբաթ, երբ ընդունում ենք Նրա Քավության և Նրա Հարության հաղորդության խորհրդանիշները: Ապաշխարողի համար հաղորդությունը ճաշակելը Հանգստության օրվա պաշտամունքի կարևորագույն կետն է:

Որպես «Քրիստոսի մարմին» միասին երկրպագելը յուրահատուկ զորություն և օգուտներ ունի, երբ մենք ուսուցանում ենք, ծառայում և աջակցում միմյանց: Հետաքրքիր է, որ վերջերս մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ նրանք, ովքեր իրենց հոգևոր կյանքը համարում են բացարձակապես անձնական, ավելի քիչ հավանական է, որ առաջնահերթություն տան հոգևոր աճին, կամ ասեն, թե իրենց հավատքը շատ կարևոր է, կամ կանոնավոր կերպով նվիրված ժամանակ անցկացնեն Աստծո հետ: Մենք՝ որպես սրբերի համայնք, զորացնում ենք միմյանց երկրպագության և հավատքի մեջ:

Այնուամենայնիվ, մենք չենք կարող մոռանալ այն ամենօրյա երկրպագությունը, որը կատարում ենք անհատապես և տանը։ Փրկիչը հիշեցնում է մեզ, «Այնուամենայնիվ, քո խոստումներն արդարությամբ պիտի տրվեն՝ բոլոր օրերում և բոլոր ժամանակներում»։ Մի քույր խելամտորեն դիտարկել է․ «Ես չեմ կարող մտածել Աստծուն երկրպագելու ավելի խոր ձևի մասին, քան Նրա փոքրիկներին մեր կյանքում ընդունելն ու նրանց մասին հոգ տանելը, և նրանց համար Նրա ծրագիրն ուսուցանելը»։

Ալման ու Ամուղեկն ուսուցանեցին զորամացիներին, որոնց արգելվել էր մտնել իրենց ժողովարանները, Աստծուն երկրպագել ոչ միայն շաբաթը մեկ անգամ, այլ միշտ, և «որտեղ էլ որ լինե[ն]»։ Նրանք խոսեցին աղոթքի մասին՝ որպես երկրպագություն.

«Դուք պիտի դուրս թափեք ձեր հոգիները ձեր սենյակներում և ձեր գաղտնի տեղերում և ձեր անապատում:

Այո, և երբ դուք չեք կանչում առ Տերը, թող ձեր սրտերը լցված լինեն՝ ուղղված նրան, շարունակ աղոթքով»։

Նրանք խոսեցին նաև սուրբ գրություններն ուսումնասիրելու մասին, Քրիստոսի մասին վկայելու, գթառատ գործեր և ծառայություն կատարելու մասին՝ ստանալով Սուրբ Հոգին և ապրելով ամենօրյա գոհությամբ։ Դիտարկեք այդ միտքը․ «ապրել ամենօրյա գոհությամբ»։ Սա համապատասխանում է իմ երկրորդ գաղափարին․

Երկրպագությանը բնորոշ վերաբերմունքն ու զգացմունքները

Աստծո հանդեպ երախտագիտություն զգալն ու հայտնելն իրականում այն է, ինչը ներարկում է երկրպագությունը ուրախ նորոգության զգացումով, ի հակադրություն՝ այն որպես ևս մեկ պարտականություն տեսնելու:

Ճշմարիտ երկրպագությունը նշանակում է սիրել Աստծուն, երախտագիտություն զգալ Նրա հանդեպ և մեր կամքը՝ ամենաթանկ ընծան, որը կարող ենք մատուցել, հանձնել Նրան: Երբ Հիսուսին հարցրին, թե որն է օրենքում մեծ պատվիրանը, Նա պատասխանեց․ «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով»։ Նա այն անվանեց նաև առաջին պատվիրան:

Սա Հորը երկրպագելու Հիսուսի ուրույն ձևն էր։ Նրա կյանքը և Նրա քավող զոհաբերությունը նվիրաբերված էին Հոր փառքին։ Դառնությամբ ենք հիշում Հիսուսի վշտահար խնդրանքը աներևակայելի տառապանքի և վշտի մեջ․ «Հայր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի», ապա Նրա հնազանդությունը՝ «բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»:

Քրիստոսը Գեթսեմանիում։

Երկրպագությունը այս կատարյալ օրինակին հետևելու ձգտումն է։ Այս ջանքերի միջոցով մենք մի գիշերում կատարելության չենք հասնի, բայց եթե ամեն օր մենք «որպես զոհ ․․․ [Նրան մատուցենք] կոտրված [ապաշխարող] սիրտ և փշրված [հնազանդ] հոգի», Նա կրկին կմկրտի մեզ Իր Հոգով և կլցնի մեզ Իր շնորհով։

Երրորդ՝ մեր երկրպագության բացառիկությունը

Վարդապետություն և Ուխտերի առաջին բաժնում Տերը հայտնի է դարձրել աշխարհի այս ամբաստանությունը.

«Քանզի նրանք շեղվել են իմ արարողություններից, և դրժել են իմ հավիտենական ուխտը,

«Նրանք Տիրոջը չեն փնտրում՝ նրա արդարությունը հաստատելու, այլ ամեն մարդ քայլում է իր իսկ ճանապարհով, և իր իսկ աստծո պատկերի հետևից, որի պատկերն աշխարհի նմանությամբ է»։

Մեզ համար լավ է հիշել երեք հրեա երիտասարդների՝ Անանիայի, Միսայելի և Ազարիայի օրինակը, որոնք գերի էին տարվել Բաբելոն Լեքիի և նրա ընտանիքի՝ Երուսաղեմից դուրս գալուց շատ չանցած: Բաբելոնյան ղեկավարը նրանց վերանվանեց Սեդրաք, Միսաք և Աբեդնագով։ Ավելի ուշ, երբ այս երեքը հրաժարվեցին արձանի երկրպագել, որը դրվել էր Նաբուգոդոնոսորի կողմից, Նաբուգոդոնոսորը պատվիրեց, որ նրանք գցվեն կրակով բորբոքված հնոցի մեջ՝ ասելով, որ « և ո՞ր աստվածն է, որ ձեզ պիտի ազատի իմ ձեռքից»։

Դուք կհիշեք նրանց համարձակ պատասխանը.

«Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, քո ձեռքից ևս, ով թագավոր, նա կազատի մեզ։

Իսկ եթե ոչ, ապա իմացի՛ր, … որ քո աստվածներին մենք չենք պաշտելու և քո կանգնեցրած արձանին չենք երկրպագելու»։

Սեդրաք, Միսաք և Աբեդնագով փրկվեցին կրակով բորբոքված հնոցից։

Հնոցն այնքան տաք էր, որ սպանում էր նրանց, ովքեր գցվում էին դրա մեջ, բայց Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը անվնաս մնացին։ Նաբուգոդոնոսորն ասաց. «Օրհնյալ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ … ազատեց իր ծառաներին, որոնք, նրան ապավինելով, … իրենց մարմինները տվեցին, որպեսզի չպաշտեն ու չերկրպագեն ոչ մի աստծու, բացի իրենց Աստծուց»։ Նրանք ազատության համար վստահեցին Եհովային, «իսկ եթե ոչ», այսինքն՝ անգամ եթե Աստված Իր իմաստությամբ չկանխի իրենց մահը, միևնույն է իրենք հավատարիմ կմնային Նրան։

Այն, ինչը գերադասում է Հորը և Որդուն երկրպագելուն, դառնում է կուռք: Նրանք, ովքեր մերժում են Աստծուն՝ որպես ճշմարտության աղբյուրի կամ հրաժարվում են Նրա առջև որևէ պատասխանատվությունից, արդյունքում փոխարինում են իրենց՝ որպես իրենց աստված: Նա, ով որևէ կուսակցության կամ գործին հավատարմությունը դնում է աստվածային առաջնորդությունից առաջ, կեղծ աստծո է պաշտում։ Նույնիսկ նրանք, ովքեր հավակնում են երկրպագել Աստծուն, բայց չեն պահում Նրա պատվիրանները, քայլում են իրենց իսկ ճանապարհով. «Նրանք դեպի ինձ են հակված իրենց շուրթերով, մինչդեռ նրանց սրտերը հեռու են ինձանից»։ Մեր երկրպագության նպատակը բացառապես «միակ ճշմարիտ [Աստվածն է] և [Հիսուս Քրիստոսը], որին [Նա] ուղարկել [է]»։

Վերջապես՝ Հորը և Որդուն ընդօրինակելու անհրաժեշտությունը

Ի վերջո, այն, թե մենք ինչպես ենք ապրում, կարող է լինել երկրպագության լավագույն, ամենաանկեղծ ձևը: Ցույց տալ մեր նվիրվածությունը նշանակում է՝ ընդօրինակել Հորը և Որդուն՝ մեր մեջ զարգացնելով նրանց հատկանիշներն ու բնավորությունը: Եթե, ինչպես ասվում է, նմանակումը փաղաքշանքի ամենաանկեղծ ձևն է, ապա Աստվածության վերաբերյալ կարող ենք ասել, որ ընդօրինակումը երկրպագության ամենաանկեղծ ձևն է: Սա ենթադրում է մեր կողմից ակտիվ, կայուն ջանք՝ սրբություն փնտրելու համար: Բայց ավելի քրիստոսանման դառնալը նաև մեր երկրպագության բնական արդյունքն է: Երեց Քիրոնի՝ ավելի վաղ մեջբերված արտահայտությունը երկրպագության մասին՝ «մի եղանակով, որը փոխակերպում է մեզ», նշանակալից է: Ճշմարիտ երկրպագությունը փոխակերպող է։

Սա է ուխտի արահետի գեղեցկությունը՝ Աստծուն երկրպագելու, սիրելու և հավատարիմ լինելու արահետը։ Մենք մտնում ենք այդ արահետը մկրտությամբ՝ խոստանալով վերցնել մեզ վրա Քրիստոսի անունը և պահել Նրա պատվիրանները: Ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը՝ Փրկչի շնորհի սուրհանդակը, որը փրկագնում և մաքրում է մեզ մեղքից, երբ ապաշխարում ենք։ Մենք նույնիսկ կարող ենք ասել, որ ապաշխարելով մենք երկրպագում ենք Նրան:

Ապա հետևում են քահանայության լրացուցիչ արարողություններն ու ուխտերը, որ կատարվում են Տիրոջ տանը, որոնք ավելի են սրբացնում մեզ։ Տաճարի ծեսերն ու արարողությունները երկրպագության բարձր ձև են հանդիսանում:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նշել է, որ «յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին, ով մասնակցում է քահանայության արարողություններին և Աստծո հետ ուխտեր է կապում ու պահում, ուղիղ հասանելիություն ունի Աստծո զորությանը»։ Սա ոչ միայն զորություն է, որը մենք օգտագործում ենք ծառայելու և օրհնելու համար: Այն նաև աստվածային զորությունն է, որը գործում է մեր մեջ՝ մեզ զտելու և մաքրելու համար: Ուխտի արահետով քայլելիս է մեզանում «բացահայտվում աստվածայնության [սրբացնող] զորությունը»։

Թող մենք հնադարյան նեփիացիների և լամանացիների նման «ընկնե[նք] ցած՝ Հիսուսի ոտքերի մոտ և … երկրպագե[նք] նրան»: Թող որ մենք, ինչպես պատվիրել է Հիսուսը, «ընկնե[նք] և երկրպագե[նք] Հորը [Որդու] անունով»: Թող որ մենք ստանանք Սուրբ Հոգին և մեր սրտերը հանձնենք Աստծուն, Նրանից բացի այլ աստվածներ չունենանք, և որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ընդօրինակենք Նրա բնավորությունը մեր կյանքում: Ես վկայում եմ, որ այդպիսով մենք կզգանք երկրպագության ուրախությունը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: