2025
Վստահություն Աստծո ներկայության մեջ
Մայիս 2025


11:59

Վստահություն Աստծո ներկայության մեջ

Երբ մենք ջանասիրաբար ձգտենք, որ մեր կյանքը լցվի գթությամբ և առաքինությամբ, Աստծուն մոտենալու մեր վստահությունը կավելանա:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ այսօր՝ այս կարևոր գերագույն համաժողովում ձեզ հետ խոսելու հնարավորության համար: Աչքերս շարունակում են ծերանալ։ Շնորհակալ եմ ձեր ըմբռնման համար, երբ ես փոխանցում եմ իմ ուղերձը:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մեծ թափով առաջ է ընթանում: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ առաջընթաց շատ ոլորտներում:

Ինձ հատկապես ոգեշնչում է մեր երիտասարդությունը։ Նրանցից շատերը ծառայում են մարդկանց։ Նրանք փնտրում են իրենց նախնիներին և արարողություններ են կատարում տաճարում: Մեր երիտասարդ տղամարդիկ և կանայք ռեկորդային թվով դիմումներ են ներկայացնում միսիոներական ծառայության համար: Աճող սերունդը կանգնում է որպես Հիսուս Քրիստոսի հաստատակամ հետևորդներ:

Նախագահ Նելսոնը ծոռնուհու հետ

Վերջերս ես ծանոթացա մի նոր ծոռնուհու հետ։ Երբ մտածում եմ, թե նա ինչ դժվարություններ կունենա իր կյանքում, ես շատ եմ ցանկանում օգնել նրան հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի հանդեպ: Տիրոջ ավետարանով ապրելը շատ կարևոր է ծոռնուհուս ապագա երջանկության համար:

Նա, ինչպես մեզանից յուրաքանչյուրը, կբախվի դժվարությունների։ Մենք բոլորս կունենանք հիվանդություններ և կորուստներ, կզգանք հիասթափություն և գայթակղություն: Այս դժվարությունները կթուլացնեն մեր ինքնավստահությունը: Սակայն, Հիսուս Քրիստոսի աշակերտներին հասանելի է այլ տեսակի վստահություն:

Երբ Աստծո հետ ուխտեր ենք կապում և պահում, մենք կարող ենք ունենալ վստահություն, որը ծնվում է Հոգուց: Տերն ասաց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ մեր վստահությունը «կամրանա Աստծո ներկայության մեջ»։ Պատկերացրեք Աստծո ներկայության մեջ վստահություն ունենալու սփոփանքը։

Երբ ես խոսում եմ Աստծո առաջ վստահություն ունենալու մասին, նկատի ունեմ հենց հիմա Աստծուն մոտենալու վստահությունը: Ես խոսում եմ այնպիսի աղոթքի մասին, որն ասվում է վստահությամբ առ այն, որ Երկնային Հայրը լսում է մեզ, որ Նա մեզանից լավ է հասկանում է մեր կարիքները։ Ես խոսում եմ վստահության մասին առ այն, որ Նա սիրում է մեզ ավելի շատ, քան մենք կարող ենք ընկալել, որ Նա ուղարկում է հրեշտակների, որ լինեն մեզ հետ և մեր սիրելի մարդկանց հետ: Ես նկատի ունեմ վստահություն ունենալը, որ Նա ցանկանում է օգնել մեզանից յուրաքանչյուրին՝ հասնելու մեր լավագույն ներուժին:

Այժմ, ինչպե՞ս ձեռք բերենք նման վստահություն։ Տերն այս հարցին պատասխանում է հետևյալ խոսքերով. «Թող քո որովայնը գթությամբ լցված լինի բոլոր մարդկանց հանդեպ, … և թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ»։

Ահա բանալին: Տիրոջ իսկ խոսքերով, գթությունն ու առաքինությունը ճանապարհ են բացում Աստծո առաջ վստահություն ունենալու համար: Եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք անել դա: Մեր վստահությունն իսկապես կարող է ամրանալ Աստծո ներկայության մեջ՝ հենց հիմա:

Դիտարկենք և՛ գթությունը, և՛ առաքինությունը:

Նախ՝ դիտարկենք գթության կարևորությունը։ Երկու տարի առաջ ես կոչ արեցի մեզ՝ որպես Հիսուս Քրիստոսի ուխտի հետևորդներ, լինել խաղաղարարներ: Կրկնում եմ՝ ինչ այն ժամանակ ասացի. «Զայրույթը երբեք չի համոզում։ Թշնամությունը ոչ մեկին չի շենացնում։ Հակառակությունը երբեք չի հանգեցնում ոգեշնչված լուծումների»:

Բոլոր մարդկանց հանդեպ իսկական գթություն ունենալը խաղաղարարներին բնորոշ հատկանիշ է: Հրամայական է, որ մենք գթություն դրսևորենք մեր հանրային և մասնավոր խոսույթում: Ես շնորհակալ եմ նրանց, ովքեր ի սրտե ընդունեցին և հետևեցին իմ նախորդ խորհրդին: Բայց մենք տակավին կարող ենք ավելի շատ առաջադիմել։

Հանրային երկխոսության մեջ և սոցիալական ցանցերում առկա թշնամանքը տագնապալի չափերի է հասնում: Ատելության խոսքը մահացու զենք է, որը կարող է լուրջ վնասներ հասցնել: Հակառակությունը խանգարում է, որ Սուրբ Հոգին լինի մեր մշտական ընկերը:

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, պետք է առաջնորդենք ճանապարհը՝ որպես խաղաղարարներ: Երբ գթությունը դառնա մեր էության մի մասը, մենք կկորցնենք ուրիշներին նվաստացնելու ձգտումը: Մենք կդադարենք դատել ուրիշներին։ Մենք գթություն կունենանք հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հանդեպ։ Բոլոր մարդկանց հանդեպ գթություն ունենալը էական է մեր առաջընթացի համար: Գթությունը աստվածապաշտ բնավորության հիմքն է:

Եկեք աղոթենք մեր Երկնային Հորը, որ մեր սրտերը լցվեն ավելի մեծ գթությամբ, հատկապես նրանց հանդեպ, ում դժվար է սիրել, քանզի գթությունը պարգև է մեր Երկնային Հորից Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին։ Փրկիչը Խաղաղության Իշխանն է: Մենք պետք է լինենք Նրա գործիքները խաղաղության հաստատման համար:

Այժմ խոսենք առաքինության մասին։ Տերն ասում է մեզ, որ մեր մտքերն անդադար զարդարենք առաքինությամբ: Պատկերացրեք, թե ինչ խթան կստանաք ցանկացած դրական մտքի համար, երբ այն զորացնեք առաքինությամբ: Առաքինությունը ամեն ինչ դարձնում է ավելի լավ և ավելի ուրախ: Մյուս կողմից՝ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, երբ առաքինություն ավելացնեք անմաքուր մտքին, դաժան մտքին կամ վհատեցնող մտքին։ Առաքինությունը հեռու կվանի այդ մտքերը։ Առաքինությունը ձեզ կազատի անհանգստություն պատճառող և ծանր մտքերից։

Եղբայրներ և քույրեր, քանի որ աշխարհը դառնում է ավելի ամբարիշտ, մենք պետք է ավելի մաքուր դառնանք: Մեր մտքերը, խոսքերն ու գործողությունները մշտապես պետք է լինեն առաքինի և լցված Քրիստոսի մաքուր սիրով՝ բոլոր մարդկանց հանդեպ: Մեր առջև եղած մեծ հնարավորությունն այն է, որ դառնանք այնպիսի մարդիկ, ինչպիսին Աստված է ցանկանում, որ լինենք:

Տիրոջ տանը կանոնավոր երկրպագությունը մեծացնում է ինչպես գթության, այնպես էլ առաքինության մեր կարողությունը: Ուստի, տաճարում անցկացրած ժամանակը մեծացնում է մեր վստահությունը Տիրոջ առջև: Տաճարում անցկացրած հավելյալ ժամանակը կօգնի մեզ նախապատրաստվել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Մենք չգիտենք Նրա գալու օրը կամ ժամը։ Բայց ես հիրավի գիտեմ, որ Տերը հուշում է ինձ հորդորել մեզ նախապատրաստվել այդ «մեծ և ահեղ օրվան»:

Երբ մենք ջանասիրաբար ձգտենք, որ մեր կյանքը լցվի գթությամբ և առաքինությամբ, Աստծուն մոտենալու մեր վստահությունը կավելանա: Ես հրավիրում եմ ձեզ նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ Տիրոջ առջև ձեր վստահությամբ աճելու համար: Հետո, երբ աճող վստահությամբ գնանք մեր Երկնային Հոր մոտ, մենք կլցվենք ավելի շատ ուրախությամբ, և մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կավելանա: Մենք կսկսենք զգալ հոգևոր ուժ, որը գերազանցում է մեր ամենամեծ հույսերը:

Մենք երախտապարտ ենք Տիրոջը՝ վերջին տարիներին տաճարաշինության արագացման համար: Նրա ղեկավարությամբ այսօր մենք հայտարարում ենք այս 15 վայրերից յուրաքանչյուրում տաճար կառուցելու ծրագրի մասին.

  • Ռեյնոսա (Մեքսիկա)

  • Չորիյոս (Պերու)

  • Ռիվերա (Ուրուգվայ)

  • Կամպո Գրանդե (Բրազիլիա)

  • Պորտո (Պորտուգալիա)

  • Ույո (Նիգերիա)

  • Սան Հոսե դել Մոնտե (Ֆիլիպիններ)

  • Նումեա (Նոր Կալեդոնիա)

  • Լիվերպուլ (Ավստրալիա)

  • Քալդուել (Այդահո)

  • Ֆլեգստաֆ (Արիզոնա)

  • Ռապիդ Սիթի (Հարավային Դակոտա)

  • Գրինվիլ (Հարավային Կարոլինա)

  • Նորֆոլկ (Վիրջինիա)

  • Սփենիշ Ֆորկ (Յուտա)

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը՝ Իսրայելի Քավիչը, ղեկավարում է այս՝ Իր Եկեղեցին: Նա պատրաստվում է վերստին գալ։ Թող որ մենք նույնպես պատրաստվենք ընդունելու Նրան: Այս ամենի համար ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Այն փոքրիկ քարը, որը Դանիել մարգարեն տեսել է վերջին օրերի իր երազում, «կգլորվի մինչև որ լցնի ողջ երկիրը» (տես Դանիել 2․31-45, Վարդապետություն և Ուխտեր 65․2):

  2. Վարդապետություն և Ուխտեր 121․45։

  3. «Ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 84.88):

  4. Վարդապետություն և Ուխտեր 121․45, շեշտադրումն ավելացված է, տես նաև հատված 46։

  5. Ռասսել Մ. Նելսոն, «Պահանջվում են խաղաղարարներ», Լիահոնա, մայիս 2023, 98:

  6. Ուրիշների հետ պայքարելու ընտրությունը նշանակում է ապրել առանց Սուրբ Հոգու առաջնորդության:

  7. Մենք պետք է գթություն ունենանք «բոլոր մարդկանց և հավատքի ընտանիքի հանդեպ» (Վարդապետություն և Ուխտեր 121․45

  8. Սա նշանակում է աղոթել «սրտի ողջ կորովով» (Մորոնի 7․48

  9. Տես Մորոնի 7.48։

  10. Տես Եսայի 9․6։

  11. Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Եթե [մենք] ցանկանում եք գնալ դեպի Աստված, [մենք] պետք է նմանվեք Աստծուն կամ ձեռք բերեք այն սկզբունքները, որոնց տիրապետում է Աստված» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 72)։ Նմանապես, Պողոս առաքյալը խրատ տվեց, որ մենք պետք է «նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիներին 4.16):

  12. Տես Մատթեոս 24․36-37:

  13. Մաղաքիա 4․5, տես նաև Սոփոնիա 1․14-18։

  14. Տերն ասել է մեզ՝ «հիշեք, հավատք, առաքինություն, գիտություն, ժուժկալություն, համբերություն, եղբայրասիրություն, աստվածայնություն, գթություն, խոնարհություն [և] ջանասիրություն» (Վարդապետություն և Ուխտեր 4․6)։ Երբ մենք դա անենք, մեր վստահությունը կավելանա, և հետո, Նրա խոսքերով, երբ մենք խնդրենք՝ կստանանք: Եվ երբ մենք թակենք, այն կբացվի մեզ համար: (Տես Վարդապետություն և Ուխտեր 4․7

  15. Մենք կարող ենք զգալ այն, ինչ արեց Բենիամին թագավորի ժողովուրդը. «Նրանք լցվեցին ուրախությամբ, ստացած լինելով իրենց մեղքերին թողություն, և ունենալով խղճմտանքի խաղաղություն այն արտասովոր հավատքի շնորհիվ, որ նրանք ունեին Հիսուս Քրիստոսում» (Մոսիա 4․3):