Ինչպես մի փոքր երեխա
Ես վկայում եմ, որ նորածինները, երեխաները և երիտասարդները Աստծո արքայության պատկերներն են, որոնք ծաղկում են երկրի վրա՝ իրենց ողջ ուժով և գեղեցկությամբ:
Հիսուսը սկսեց Իր մահկանացու կյանքի վերջին տարին՝ ուժեղացնելով Իր առաքյալների ուսուցումը: Եթե Նրա ուղերձը և Նրա Եկեղեցին պետք է վերապրեին Նրանից հետո, ավելին պետք է հասցվեր 12 շատ սովորական մարդկանց սրտերին, որոնք Նրան ճանաչում էին ընդամենը 2 տարի:
Մի օր Հիսուսը ականատես եղավ տասներկուսից մի քանիսի վեճին և ավելի ուշ հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: Ակնհայտորեն ամաչելով նման վեճից՝ նրանք «լռում էին», ասվում է սուրբ գրության մեջ։ Բայց բոլոր ուսուցիչներից այս մեծագույնը ընկալեց նրանց սրտի մտքերը և զգաց անձնական հպարտության առաջին դրսևորումը։ Ուստի Նա «իր մոտ կանչեց մի երեխայի,․․․
Եվ ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։
Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա է ավելի մեծը երկնքի արքայության մեջ»:
Հարկ է նշել, որ նույնիսկ Քրիստոսի ծնունդից առաջ Բենիամին թագավորի հրաժեշտի քարոզը նույնպես ներառում էր երեխայի խոնարհության մասին այս խորիմաստ մեկնաբանությունը։ Ասվում է․ «Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է, … և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա … դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, … սիրով լի, … ճիշտ ինչպես երեխան է [պատասխանում] իր հորը»։
Թեպետ ակնհայտ է, որ կան որոշ մանկական հակումներ, որոնք մենք միշտ չէ, որ խրախուսում ենք: Քսանհինգ տարի առաջ այն ժամանակ երեք տարեկան իմ թոռը կծեց իր հինգամյա քրոջ թևը: Իմ փեսան այդ երեկո, հոգ տանելով երեխաների մասին, խելահեղորեն իր դստերն ուսուցանեց խաղաղության մասին այդ պահին մտքին եկած բոլոր դասերը՝ ենթադրելով, որ փոքր եղբայրը գուցե անգամ չգիտեր, թե ինչ ցավ էր պատճառել քրոջը։ Այդ հայրական ջանքերը աշխատեցին մոտ մեկուկես րոպե, մինչև որ մանկական ննջասենյակից մի այնպիսի ճիչ լսվեց, որ պատուհանները դղրդացին, և թոռնուհիս բացականչեց. «Հիմա նա արդեն գիտի»:
Այսպիսով, մենք ի՞նչ պետք է նկատենք մեր երեխաների մեջ: Ի՞նչն էր, որ Քրիստոսին ստիպեց արտասվել Մորմոնի Գրքի ամենահուզիչ տեսարանում: Ի՞նչ էր սովորեցնում Հիսուսը, երբ իջեցրեց երկնային կրակը և պահապան հրեշտակներին՝ օղակելու այդ երեխաներին, և պատվիրեց մեծերին՝ «նայելու [իրենց] փոքրիկներին»։
Մենք չգիտենք, թե ինչն էր մղել այդ ամենին, բայց ես պետք է մտածեմ, որ դա ինչ-որ կապ ուներ նրանց մաքրության և անմեղության, նրանց բնածին խոնարհության և այն բանի հետ, թե դա ինչ կարող է բերել մեր կյանք, եթե պահենք այն:
Ինչո՞ւ են մեր հուսահատ օրերը մեկի կողմից պիտակավորված որպես «ունայնություն ունայնությանց»: Ինչպե՞ս է պատահում, որ «մարդկանց զավակների սին երևակայություններն ու հպարտությունն է» բառերն են բնութագրում մեծ և ընդարձակ շենքը, որն այնքան հոգեպես մեռած է Լեքիի տեսիլքում: Իսկ զորամացիների այն խո՞ւմբը, որն այդքան եսասիրաբար աղոթում էր։ Նրանց մասին Ալման ասել է․ «Ով Աստված, նրանք աղաղակում են առ քեզ, և սակայն, նրանց սրտերը կլանված են իրենց հպարտությամբ»։
Ի հակադրություն դրա՝ կա՞ ավելի քաղցր, ավելի մաքուր կամ ավելի խոնարհ բան, քան աղոթող երեխան է: Կարծես դրախտը սենյակում է։ Աստված և Քրիստոսը շատ իրական են, սակայն մյուսների համար փորձառությունը կարող է ավելի մակերեսային լինել:
Ինչպես Երեց Ռիչարդ Լ. Էվանսը մեջբերել է մոտ 60 տարի առաջ. «Մեզնից շատերը ձևացնում են, որ քրիստոնյա են, սակայն մենք … Նրան լուրջ չենք վերաբերվում: … Մենք հարգում ենք Նրան, բայց չենք հետևում Նրան: … Մենք մեջբերում ենք Նրա խոսքերը, բայց չենք ապրում դրանցով»։ «Մենք հիանում ենք Նրանով, բայց չենք երկրպագում Նրան»։
Որքան տարբեր կարող էր լինել կյանքը, եթե աշխարհը բարձր գնահատեր Հիսուսին` ժամանակ առ ժամանակ սրբապիղծ հայհոյանքների շարանից:
Բայց երեխաները իսկապես սիրում են Նրան, և այդ սերը կարող է փոխանցվել նրանց այլ հարաբերությունների մեջ՝ կյանքի խաղահրապարակում: Որպես կանոն, նույնիսկ ամենափոքր տարիքի երեխաները հեշտությամբ սիրում են, պատրաստակամորեն ներում են, նրանց ծիծաղը կարող է հալեցնել ամենասառը, ամենակարծր ու դառնացած սիրտը:
Եվ այս ցուցակը վերջ չունի: Մաքրությո՞ւն։ Վստահությո՞ւն։ Քաջությո՞ւն։ Շիտակությո՞ւն և պատի՞վ։
Եկեք միասին դիտարկենք իմ երիտասարդ ու շատ սիրելի ընկերոջ ցուցաբերած խոնարհությունը Աստծո առաջ:
2025 թվականի հունվարի 5-ին, 91 օր այն իրադարձությունից առաջ, երբ Իսթոն Դարին Ջոլլիին շնորհվեց Ահարոնյան քահանայություն, և նա ձեռնադրվեց սարկավագ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:
Իսթոնը փափագում էր փոխանցել Տերունական ընթրիքի հաղորդությունը քանի դեռ կարողանում էր հիշել: Բայց այս սուրբ հնարավորությունն ուղեկցվում էր ստամոքսի գալարացավի վախով, որ ինքը կձախողվի, կընկնի, որ իրեն կծաղրեն կամ դժվարին կացության մեջ կդնի իրեն ու իր ընտանիքին:
Տեսեք, Իսթոնը հազվագյուտ և կործանարար հիվանդություն ունի՝ Ուլրիխի բնածին մկանային դիստրոֆիա: Հիվանդությունն աստիճանաբար լցրեց նրա երիտասարդ կյանքը ահռելի մարտահրավերներով՝ փշրելով ապագայի հանդեպ նրա հույսերն ու երազանքները: Նա շուտով մշտապես կհայտնվի անվասայլակում։ Նրա ընտանիքը չէր խոսում այն մասին, թե ինչ է սպասվում նրան դրանից հետո։
Իր ձեռնադրումից հետո կիրակի օրը Իսթոնն առաջին անգամ բաժանելու էր հաղորդությունը: Եվ նրա անձնական դրդապատճառն այն էր, որ նա կարող էր իրեն և այս սուրբ խորհրդանշանները ներկայացնել իր հորը՝ ծխի եպիսկոպոսին: Սպասելով այդ հանձնարարությանը՝ նա արտասվում էր և աղերսում՝ երաշխիք ստանալու համար, որ ոչ ոք չփորձի օգնել իրեն։ Շատ պատճառներով նրան անհրաժեշտ էր դա անել առանձնացված, ինքնուրույն՝ առանց օգնության:
Երբ քահանան կտրեց և օրհնեց հացը, խորհրդանիշ, որը ներկայացնում է Քրիստոսի չարչարված մարմինը, Իսթոնը բարձրացավ իր հյուծված մարմնով, որպեսզի վերցնի իր սկուտեղը: Սակայն, հավաքատան հատակից մինչև բարձրադիր բեմը երեք մեծ աստիճան կար: Այսպիսով, իր սկուտեղը ստանալուց հետո նա ձգվեց այնքան, որքան կարող էր, և դրեց իր սկուտեղը մակերեսին՝ բազրիքի վերևում: Հետո, նստելով ավելի բարձր աստիճաններից մեկի վրա, երկու ձեռքով աջ ոտքը բարձրացրեց առաջին աստիճանի վրա։ Ապա ձախ ոտքը բարձրացրեց նույն աստիճանի վրա և այդպես շարունակ, մինչև որ նա դժվարությամբ հայտնվեց իր անձնական եռաստիճան Էվերեստի գագաթին:
Այնուհետև նա մանևրեց դեպի կառուցվածքային դիրք, որով կարող էր բարձրանալ կանգնած դիրքի: Նա վերադարձավ դեպի սկուտեղը։ Եվս մի քանի քայլ, և նա կանգնեց եպիսկոպոսի՝ իր հոր առաջ, որի աչքերից արցունքներ էին հոսում։ Նա հազիվ էր զսպում իրեն, որ չգրկեր այս կատարյալ համարձակ և հավատարիմ որդուն։ Իսկ Իսթոնը, թեթևացած, լայն ժպիտ տալով դեմքին, կարող էր ասել․ «Ես [իմ հորը] երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն [ինձ տվեց], որ անեմ»։
Հավատք, հավատարմություն, մաքրություն, վստահություն, պատիվ և, ի վերջո, սեր այն հոր հանդեպ, որին այդքան ցանկանում էր գոհացնել: Այս և մի տասնյակ այլ հատկություններ մեզ ստիպում են նաև ասել. «Ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա է ավելի մեծը երկնքի արքայության մեջ»։
Քույրեր և եղբայրներ, իմ իմացած ամենագեղեցիկ պատկերների ցանկի սկզբում նորածինները, երեխաներն ու երիտասարդներն են՝ նույնքան պարտաճանաչ և անգին, որքան նրանք, որոնց մենք այսօր անդրադարձանք: Ես վկայում եմ, որ դրանք Երկրի վրա Աստծո արքայության պատկերներն են՝ իր ողջ ուժով և գեղեցկությամբ:
Վկայության նույն ոգով ես վկայում եմ, որ պատանի Ջոզեֆ Սմիթը տեսավ այն, ինչ ասաց, որ տեսել է, և խոսեց նրանց հետ, ում հետ ասաց, որ խոսել է: Ես վկայում եմ, որ խոնարհ և մաքուր Ռասսել Մ. Նելսոնը Աստծո կարգված և օժտված մարգարեն և տեսանողն է: Ընթերցանության ողջ կյանքի ընթացքում ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը իմ երբևէ կարդացած ամենագնահատելի գիրքն է և իմ փոքրիկ կացարանի հիմնաքարը՝ բազմաթիվ առանձնատների արքայությունում: Ես վկայում եմ, որ քահանայությունն ու աղոթքը վերականգնում են իմ կյանքը՝ Քրիստոսի քահանայությունը և ձեր աղոթքները: Ես գիտեմ, որ այս ամենը ճշմարիտ է, և այդ մասին վկայում եմ Աստծո բոլոր որդիներից ամենահավատարիմի և խոնարհի՝ Ալֆայի և Օմեգայի, Մեծ Ես եմ-ի, խաչվածի, հավատարիմ Վկայի՝Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: