2025
Մեր աչքի առաջ
Մայիս 2025


14:1

Մեր աչքի առաջ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աճում է անդամների և ընտանիքների թվով, միսիաների և միսիոներների թվով, հավաքատների և տաճարների թվով։

Եղբայրներ և քույրեր, շատ երախտապարտ եմ ձեզ հետ լինելու համար։ Մենք սիրում ենք ձեզ, շնորհակալ ենք ձեզ համար և օրհնված ենք զգում՝ ձեր աղոթքների շնորհիվ։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեր վերջին համաժողովի ժամանակ ասաց. «Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում մեր աչքի առաջ։ Ես աղոթում եմ, որ մենք բաց չթողնենք այս պահի վեհությունը: Տերն իսկապես արագացնում է Իր աշխատանքը»:

Արագացնում է Իր աշխատանքը։ «Արագացնում է» բառը կարևոր է։ Այն նշանակում է արագ շարժվել, արագացնել և նույնիսկ՝ հրատապություն։ Եկեղեցու աճը և Քրիստոսի ծրագիրը արագանում են։ Եվ մենք բոլորս դրա մասն ենք։

1834 թ․ ապրիլին Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը հավաքեց բոլոր նրանց, ովքեր ունեին քահանայություն, մոտ 4․3 քառակուսի մետր տարածքով փոքրիկ մի դպրոցում։ Տասնյակ այդպիսի դպրոցներ կտեղավորվեին այս համաժողովի կենտրոնում՝ թողնելով հավելյալ ազատ տեղ։ Ջոզեֆ Սմիթն ասել է. «Միայն մի բուռ քահանայություն եք տեսնում այստեղ, բայց այս Եկեղեցին կլցնի Հյուսիսային և Հարավային Ամերիկան, այն կլցնի ողջ աշխարհը»։

Այդ մարգարեությունն իրականանում է «մեր աչքի առաջ»։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին աճում է անդամների և ընտանիքների թվով, միսիաների և միսիոներների թվով, հավաքատների և տաճարների թվով, ինչպես նաև աշխարհով մեկ մեր սեմինարիաներում, ինստիտուտներում և համալսարաններում ընդգրկվող ուսանողների թվով:

Մենք երախտապարտ ենք, որ երկրի վրա ենք այն ժամանակ, երբ Եկեղեցին աճում է թվով և ազդեցությամբ, բայց առավել կարևորն այն է, որ այն աճում է նրա անդամների սրտերում և կյանքում։ Մենք հայտնի ենք որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ: Մենք կիսվում ենք մեր վկայություններով Նրա, Նրա Եկեղեցու, Նրա ուղիների և Նրա ուխտի արահետի մասին: Մենք Նրա ժողովուրդն ենք, իսկ Նա՝ մեր Փրկիչը։

Ես հիանում եմ այն բանով, որը նախագահ Նելսոնն անվանում է «այս պահի վեհություն», և խորին երախտագիտություն եմ հայտնում Տիրոջը Նրա աշխատանքի համար: Ես խրախուսում եմ մեզ հաստատուն մնալ՝ որպես Նրա աշակերտներ, հին և ժամանակակից մարգարեությունների կատարման ականատեսներ։

Կան հերքողներ, ովքեր բղավում են՝ «Ահա, այստեղ է ․․․ ահա, այնտեղ է», ճիշտ այնպես, ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթի ժամանակներում։ Այնուամենայնիվ, նրանք այս վեհ աշխատանքի վրա ազդեցություն չեն ունենա։ Հիշեք Ջոզեֆ Սմիթի խոսքերը․ «Ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել աշխատանքի առաջընթացը … սակայն Աստծո ճշմարտությունը առաջ կգնա համարձակորեն, ազնվորեն և անկախ, մինչև այն ներթափանցի ամեն մայրցամաք, ամեն կլիմայական շրջան, տարածվի բոլոր երկրներով և հնչի ամեն ականջի մեջ, մինչև որ Աստծո նպատակներն իրականացվեն և Մեծ Եհովան ասի, որ աշխատանքը կատարված է»:

Այս տարի իմ հանձնարարությունները կատարելիս ես առաջին ականատեսներից եմ եղել, թե ինչպես է Տերն «արագացնում Իր աշխատանքը»։ Եկեղեցին տաճարներ է կառուցում աննախադեպ արագությամբ՝ ավելի շատ անդամների հնարավորություն տալով երկրպագել Տիրոջ տանը: Երկրորդ՝ միսիոներական աշխատանքը ռեկորդային թվով մարդկանց է հավաքում բարի հովվի՝ Հիսուս Քրիստոսի հոտում։ Եվ երրորդ, Եկեղեցու կրթությունը հասանելի է բազում միջոցներով և ընդգրկում է ավելի շատ մարդկանց, ովքեր «փնտր[ում են] այս Հիսուսին»։

Ներկայումս Եկեղեցին ունի 367 տաճար՝ նախագծման, շինարարության կամ շահագործման տարբեր փուլերում։ Եվ ո՞րն է նպատակը։ Պատասխանը հռչակվում է յուրաքանչյուր տաճարի վրա. «Սրբություն Տիրոջը»։ Տաճարը հնարավորություն է տալիս ստանալու ամենաբարձր օրհնությունները, որ մեր Երկնային Հայրն ունի յուրաքանչյուրիս համար: Եղբայրներ և քույրեր, մենք արագացնում ենք մեր «սրբությունը», երբ ապրում ենք տաճարին արժանի, երկրպագում ենք Տիրոջ տանը, ուխտեր ենք կապում Աստծո հետ ինչպես մեզ համար, այնպես էլ՝ վարագույրի մյուս կողմում գտնվող մեր նախնիների։

Նախագահ Նելսոնն ասել է․ «Հակառակորդի հարձակումներն աճում են մեծ ուժգնությամբ, հաճախականությամբ և բազմազանությամբ։ Տաճարում պարբերաբար լինելու կարիքը երբեք այսքան մեծ չի եղել։ Աղաչում եմ, որ աղոթքով քննեք, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը»։ Տիրոջ տանը մենք կարող ենք զգալ Նրա սրբազան ներկայությունը և չտեսնված խաղաղությունը։

Երեց և Քույր Ռասբենդները Մենդոզա Արգենտինա տաճարում։

Անցյալ տարի պատիվ ունեցա նախագահելու Մենդոսայի (Արգենտինա) տաճարի նվիրագործումը։ Իմ ուղերձում ես անդրադարձա երեց Մելվին Ջ. Բալլարդի 1926 թ․ մարգարեությանը, որ Տիրոջ գործը որոշ ժամանակ դանդաղորեն կաճի Հարավային Ամերիկայում, «այնպես, ինչպես կաղնին դանդաղ աճում է կաղնու ընկույզից։ Այն չի բարձրանա մեկ օրում», բայց հազարավոր մարդիկ կմիանան Եկեղեցուն, և Հարավային Ամերիկայի ազգերը կդառնան «զորություն Եկեղեցում»։ Ես տեսա, թե ինչպես է այդ մարգարեությունը կատարվում «իմ աչքի առաջ»։

Մենդոսան, որը մի ժամանակ փոքր կաղնու ընկույզ էր, դարձել է հզոր կաղնի։ Այդ աճը տեղի է ունենում մայրցամաքներում և ծովի կղզիներում։

Մենք տեսնում ենք, որ Տերը արագացնում է Իր աշխատանքը միսիաներում: 2024 թվականին 80000 միսիոներներ են ծառայել 450 միսիաներում։ Դրանցից երեսունվեցը նոր միսիաներ են: Անցյալ տարի միսիոներական աշխատանքի շնորհիվ ավելի քան 308,000 նոր անդամներ միացան Եկեղեցուն։ Առավել կարևոր, քան թվերը, հավաքման ոգին հոգիներ է բերում Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին:

Ես մտածում եմ առաքյալներ Բրիգամ Յանգի և Հեբեր Քիմբալի մասին, ովքեր 1839 թվականին՝ որպես միսիոներներ, մեկնեցին Բրիտանական կղզիներ։ Նրանք հիվանդ էին, և թողեցին իրենց տառապող ու աղքատ ընտանիքներին։ Այնուամենայնիվ, նրանք բարձրացան սայլը, և երբ դեռ իրենց հարազատների տեսադաշտում էին, Հեբերն ասաց. «Արի կանգնենք և նրանց ուրախացնենք»։ Երկուսն էլ դժվարությամբ ոտքի կանգնեցին և բացականչեցին. «Ուռա՜, ուռա՜ Իսրայելին»։

Հանդիպում միսիոներների հետ Լիմայում (Պերու)։

Ես տեսա այդ նույն խանդավառությունը Տիրոջ գործի հանդեպ Լիմայում (Պերու), երբ հանդիպեցի միսիոներների ուսուցման կենտրոնում գտնվող և միսիաներում ծառայող միսիոներների հետ Լիմայում։ Դա հոյակապ էր: Ես տեսա, թե ինչպես է աշխատանքն «արագանում» իմ աչքի առաջ։ Այժմ, միայն Լիմա քաղաքում կա յոթ միսիա:

Մեր հանդիպման ավարտին միսիոներները հատուկ անակնկալ մատուցեցին ինձ։ Նրանք վեր կացան և բացականչեցին․ «Ուռա՜ Իսրայելին»։ Ես երբեք չեմ մոռանա այդ պահը․ երանի բոլորդ այնտեղ լինեիք։ «Իմ աչքի առաջ» այն միսիոներներն էին, ովքեր մի կողմ էին դրել այս «աշխարհի բաները», որպեսզի ծառայեն Տիրոջը և օգնեն արագացնել Նրա գալուստը:

Մենք տեսնում ենք, որ Տերն արագացնում է ամբողջ աշխարհում կրթվելու հնարավորությունները մեր անդամների և նույնիսկ նրանց համար, ովքեր մեր հավատքից չեն: Մեզ՝ որպես Եկեղեցի, յուրահատուկ դարձնող բաներից մեկը կրթության շեշտադրումն է։ Տերը պատվիրեց Վերականգնման վաղ օրերին փնտրել «ուսում, նույնիսկ ուսումնասիրելով և նաև հավատքով»։ Դա տեղի է ունենում այսօր և արժանի է «Ուռա՜» բացականչության։

Ներկայումս ամբողջ աշխարհում ավելի քան 800,000 ուսանողներ են ընդգրկված սեմինարիայում և ինստիտուտում, ինչը Եկեղեցու պատմության մեջ ամենաբարձր թիվն է: Մեր երիտասարդները հավաքվում են տարբեր ձևերով՝ կան վաղ առավոտյան, ցերեկային և երեկոյան դասեր, ինչպես նաև առցանց և տնային ուսուցում։ Նրանք հզոր, արդար և միմյանցից ուժ ստացող գումարտակ են, երբ սովորում, հետևում ու վկայում են Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես Աստծո Որդի:

Սեմինարիայի և ինստիտուտի ուսանողների հետ խոսելիս

Անցյալ աշնանը ես ելույթ ունեցա Յուտայի համալսարանի սեմինարիայի և ինստիտուտի ուսանողների ու նրանց ծնողների համար: Նրանց ներկայությունը շատ բան էր ասում Հիսուս Քրիստոսին ճանաչելու և հետևելու ցանկության մասին։ Իմ ուղերձն այդ ուսանողներին հստակ էր. «Տիրոջը պատշաճ ժամանակ տրամադրեք»: Ես խորհուրդ տվեցի նրանց հավասարակշռություն ավելացնել իրենց ուսումնասիրությանը ճշմարիտ, բարձրագույն կրթությամբ՝ «կենդանի Աստծու Որդու» ուսումնասիրության միջոցով։

Ես այսօր նույնն եմ խորհուրդ տալիս բոլորիդ. Ինչ էլ որ լինի ձեր «անելիքների» ցուցակում, ոչ թե մի փոքր, այլ հավասար ժամանակ տրամադրեք Տիրոջը՝ սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության, Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ընտանեկան ուսումնասիրության, աղոթքի, Եկեղեցու կոչումների, սպասավորության, հաղորդություն ճաշակելու, տաճարում երկրպագելու և Աստծո բաների մասին խորհելու համար: Մեր Տերը և Փրկիչը ասել է․ «Ինձանից սովորեք, ․․․ և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք»։ Հավատացեք Նրա այս խոսքերին։ Եվ Նրան հավասար ժամանակ տրամադրեք։

Նախագահ Նելսոնն ասել է. «Ես խնդրում եմ ձեզ, թույլ տվեք, որ Աստված տնօրինի ձեր կյանքում: Ձեր ժամանակի արդար բաժինը հատկացրեք Նրան։ Երբ անեք դա, կնկատեք, թե ինչ է տեղի ունենում ձեր դրական հոգևոր լիցքի հետ»։

Մենք տեսնում ենք, որ այդ լիցքը կուտակվում է սեմինարիաներում, ինստիտուտներում և Եկեղեցու համալսարաններում։ Այս միջավայրերում Տերը առաջնահերթություն է: Նրան այդպիսի առաջնահերթություն պետք է տրվի յուրաքանչյուրիս կյանքում։

Մեկ այլ ոլորտ, որը ցույց է տալիս Եկեղեցում կրթության աճող ազդեցությունը, համաշխարհային BYU-Pathway-ն է։ Ամբողջ աշխարհում ուսանողների թիվը 75,000-ից ավել է և շարունակում է արագորեն աճել։ Նրանց մեծ մասը անդամներ են, իսկ ավելի քան մեկ երրորդը Աֆրիկայում են: Pathway-ի նպատակը կրթությունը հասանելի դարձնելն է։ Դասընթացներն ավարտելը նշանակում է կարողանալ աշխատանք ձեռք բերել, իսկ դա նշանակում է ավելի լավ կյանք ընտանիքների համար և Տիրոջը ծառայելու ավելի շատ հնարավորություններ։

Հանդիպում ցցի ղեկավարների հետ Ուգանդայում։

Երբ ես հանդիպում էի ցցի ղեկավարների հետ Ուգանդայում, իմացա, որ ցցի ողջ նախագահությունը սովորում է BYU-Pathway-ում։ Որքան լավ մենք պատրաստված լինենք աշխարհիկ և հոգևոր առումներով, այնքան ավելի լավ կարող ենք խափանել հակառակորդի խորամանկ հարձակումները: Հիշեք Պետրոսի խոսքերը․ «սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ում կուլ տա»։

Ես հասկանում եմ, որ չնայած ավետարանի բարի ավետիսին, կան մարդիկ, ովքեր դժվարության մեջ են, ունեն հավատքի հետ կապված մարտահրավերներ, կասկածներ և հարցեր, որոնք թվում է, թե պատասխաններ չունեն: Եղբայրներ և քույրեր, Հիսուս Քրիստոսն է պատասխանը։ Սկսեք՝ Նրա վրա կենտրոնանալով։ Փնտրեք Նրա ազդեցությունը ձեր կյանքում: Լսեք Նրան: «Ձեր սրտերը թող չխռովվեն»,- Նա ասաց իր աշակերտներին Գեթսեմանի պարտեզ գնալուց առաջ, վերջին ժամերին՝ նախքան Երուսաղեմի փողոցներով Իր խաչը տանելը, Գողգոթայից առաջ, ուր Նա ավարտեց Իր քավիչ զոհաբերությունը, որը միայն Նա՝ Աստծո միածին Որդին, կարող էր անել:

Իմացեք, որ Նա հասկանում է ձեզ: Նա Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, սխալները, թշվառությունը և շատ դժվար օրերը, որպեսզի մենք կարողանանք կրկին ապրել մեր Երկնային Հոր հետ հավերժության մեջ: Նա ասել է. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կարող է «[ձ]եզ վեր բարձրացն[ել]» և ամոքել ձեր վիրավոր հոգին: Վստահեք Նրան, և դուք կարագացնեք ձեր վերադարձը դեպի «Նրա սիրո բազուկները»:

Ես նորից եմ շեշտում մեր ապրող մարգարեի խոսքերը. «Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում մեր աչքի առաջ։ Ես աղոթում եմ, որ մենք բաց չթողնենք այս պահի վեհությունը: Տերն արագացնում է Իր աշխատանքը»: Որպես մեր օրերի աշակերտներ՝ եկեք բացականչենք «Ուռա՜ Իսրայելին», երբ պատրաստվում ենք մեր Տիրոջ և Փրկչի վերադարձին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: