2025
Ընդունեք Նրա պարգևը
Մայիս 2025


14:5

Ընդունեք Նրա պարգևը

Դուք Աստծո սիրելի դուստրն եք, դուք Աստծո թանկագին որդին եք, և Նա ձեզ պարգևել է Իր կատարյալ, սուրբ Որդուն:

Նվերների մատուցում

Նվեր տալը սոցիալական սովորույթ է, որն ընդգրկում է բոլոր մշակույթները, քաղաքակրթությունները և հազարամյակները։ Բոլոր ժամանակներում մարդիկ նվերներ են մատուցել՝ ամրապնդելու հարաբերությունները, արտահայտելու սեր և երախտագիտություն, ինչպես նաև կարևոր իրադարձությունների ժամանակ, ինչպիսիք են հարսանիքները, ծննդյան օրերը և տոները։ Եվ մարդիկ միակը չեն Աստծո արարածներից, որ նվերներ են տալիս միմյանց։ Ի թիվս շատ այլ օրինակների, որոնք կարող ենք նշել, պինգվինները հայտնի են իրենց ապագա զուգընկերներին փայլուն խճաքարեր տալով, բոնոբոները (շիմպանզեի տեսակը) մրգեր են տալիս միմյանց՝ իրենց ընկերության կապերն ընդլայնելու համար։

Խճաքարեր տվող պինգվինները
Մրգերով կիսվող բոնոբոները

Ի՞նչ նվերներ եք տվել դուք։ Հիշեք մի ժամանակ, երբ գտել կամ պատրաստել եք կատարյալ նվեր մեկի համար, ում սիրում եք։ Դուք պարզապես գիտեիք, որ այդ նվերը հենց այն էր, ինչ ձեր մտերիմը կցանկանար և կգնահատեր։ Ո՞րն էր այդ նվերը։ Գուցե դա ձեր մայրիկի համա՞ր էր, ընկերո՞ջ, զավակի՞, ուսուցչի՞ կամ պապիկի՞։ Ի՞նչ զգացիք, երբ գտաք նվերը։ Ինչպե՞ս զգացիք, երբ պատկերացրեցիք ձեր սիրելի մարդուն նվերը բացելիս։ Նմանապես, ե՞րբ է մեկը ձեզ նվեր տվել, և ինչպիսի՞ փորձառություն էր դա։

Հայրիկիս նվերն ինձ

Երբ ես յոթ տարեկան էի և ապրում էի ընտանիքիս հետ Արաբիայում, Չիթի-չիթի բանգ-բանգ անունով մանկական մի ֆիլմ էր թողարկվել։ Ֆիլմը կախարդական մեքենայի մասին է, որը կարող է ինքն իրեն վարել, լողալ ջրի վրայով և նույնիսկ թռչել։ Ես գիտեի, որ Անգլիայում, որտեղ մենք ապրում էինք, վաճառում էին այդպիսի խաղալիք-մեքենա, որը Չիթի-չիթի բանգ-բանգի նման էր, և օ՜, որքա՜ն էի ես ցանկանում ունենալ այն։ Եթե քաշեիր լծակը, խաղալիք-մեքենայի թևերը բացվում էին։ Հայրս աշխատանքային այցով մեկնում էր Անգլիա և հարցրեց ինձ, թե ինչ կցանկանայի, որ բերեր ինձ համար վերադարձին, և ես ասացի նրան, որ շատ կուզեի ունենալ Չիթի-չիթի բանգ-բանգ մեքենայից։

Նա վերադարձավ իր գործուղումից, բայց մեքենան չկար։ Ես շատ տխրեցի և մտածեցի, որ նա, հավանաբար, մոռացել է։ Սակայն 10 օր հետո իմ ծննդյան օրն էր, և մի փոքրիկ, գեղեցիկ փաթեթավորված ծանրոց էր սպասում ինձ։ Մեծ սպասումով և չհամարձակվելով շատ մեծ հույսեր ունենալ, ես բացեցի նվերը և տեսա իմ մեքենան։ Ես այնքան երջանիկ էի, որ լաց եղա։ Երբ քաշեցի լծակը, թևերն իսկապես բացվեցին ճիշտ ինչպես ֆիլմում։ Որքա՜ն շնորհակալ էի հայրիկիս այս ամենաթանկ նվերի համար։ Ես տարիներով խաղացի այդ մեքենայով և շատ երկար պահեցի այն ինձ մոտ։ Կարծում եմ հայրիկս սիրով նվիրեց ինձ այդ մեքենան, նույնքան սիրով ես ընդունեցի այն։

Նվիրել, ստանալ ու բացել և ընդունել

Նվերներ տալը բաղկացած է երեք մասից․

  1. Նվեր տալը, որի ժամանակ նվիրողն ընտրում, ստեղծում կամ պատրաստում է նվերը և մատուցում մտերիմին։ Սա պահանջում է մտածվածություն նվիրողի կողմից՝ տալու նշանակալից մի բան։

  2. Նվեր ստանալը և բացելը, երբ ընդունողը ստանում է նվերը նվիրողից, հաճախ զարմանքի, երախտագիտության և ուրախության արտահայտումով, և բացում այն՝ երբեմն արձակելով ժապավենը և բացելով փաթեթավորումը՝ բացահայտելու, թե ինչ նվեր է։

  3. Այնուհետև, գուցե ամենակարևոր մասը, նվերն ընդունելն է։ Սրտանց տրված նվերն ընդունելը շատ ավելին է, քան այն ստանալն ու բացելը։ Դա անգամ շատ ավելին է, քան նվերի արժեքն իմանալը և նվիրողին շնորհակալություն հայտնելը։ Նվերն իսկապես ընդունելու համար մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ արժեքավոր է այն մեզ համար, ապա լիարժեք օգտագործում ենք` երախտագիտությամբ հիշելով նվիրողին։

Նվեր ընդունելը պասիվ գործողություն չէ, այլ մտածված և նշանակալից արարք է, որը շատ ավելին է, քան պարզապես փաթեթ բացելը։ Ընդունել նշանակում է գնահատել և կապվել նվերի և նվիրողի սրտի հետ այնպես, որ կապը նվիրողի և ստացողի միջև ամրապնդվի։ Այդ խաղալիք-մեքենայի մասին մտածելը, բազմաթիվ թանկ հիշողություններ է արթնացնում, քանի որ ես ևս մեկ անգամ զգում եմ իմ հայրիկի խոր սերն ու հոգատարությունն իմ հանդեպ, որը ներկայացված էր այդ նվերով և անհամար այլ առատաձեռն արարքներով։

Մեր Երկնային Հոր պարգևները

Մեր Երկնային Հայրը լույսի և ճշմարտության անթիվ պարգևներ ունի պատրաստած՝ հեղելու մեզանից յուրաքանչյուրի՝ Նրա թանկագին զավակների վրա։ Դրանք հոսում են մեր Առատաձեռն Տվողի գթառատ սրտից, ինչպես ջրի աղբյուրն անապատում։ «Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից»։ Հոր հետ մեր ուխտի կապի մեջ Նա միշտ Տվողն է, իսկ մենք՝ խոնարհ ընդունողը։

Հոր բոլոր պարգևներից մեծագույնը, որի միջոցով հոսում են մյուսները

Բայց մենք ոչինչ չէինք կարող ստանալ առանց Հոր բոլոր պարգևներից մեծագույնի՝ Իր սիրելի Գառ, Իր Որդի Հիսուս Քրիստոսի։ Մեր Հոր բոլոր պարգևները հոսում և գործող են դառնում Գեթսեմանիում և խաչի վրա՝ Փրկչի պատրաստակամ զոհաբերության և Նրա հաղթական հարության շնորհիվ։ Հիսուս Քրիստոսը՝ մեր ողորմած Քավիչը, գերագույն պարգևն է մեր լույսի Հորից։ «Իր Որդու պարգևով Աստված պատրաստել է [մեզ համար] ավելի գերազանց ուղի»:

Հավերժական ճշմարտության համապարփակ պարգև

Կցանկանայի խոսել հավերժական ճշմարտության համապարփակ պարգևի մասին, որը խթանում է մեր ունակությունը՝ ստանալու այն ամենը, ինչ մեր Հայրը ցանկանում է շնորհել մեզ․ դա գիտելիքի կենսական պարգև է, որը լիարժեք ստանալով և ընդունելով հոգու խորքում՝ իմաստավորվում են կյանքի ուրախություններն ու դժվարությունները և մեր անպատասխան հարցերը. դա այն է, որ մենք իսկապես Աստծո զավակներն ենք։ Այդ ճշմարտությունն ապշեցուցիչ է։ Ուղղակի շշմեցուցիչ։ Եվ դա փոխաբերական չէ։

Պատկերացրեք, թե դուք լսում եք այս մասին առաջին անգամ: Դուք իսկապես Նրա սիրելի դուստրն եք։ Դուք իսկապես Նրա թանկագին որդին եք։ Այն ճանապարհը, որի վրա գտնվում եք, Նրա երջանկության ծրագիրն է։ Իր ամենագետ սիրով Նա հստակ գիտի, թե ով էիք դուք նախքան երկիր ուղարկվելը, և թե ինչ փորձառություններ եք ունեցել մինչ օրս ձեր մահկանացու կյանքում, և Նա ողորմածաբար ծրագրել է ձեր ամեն վաղվա օրը։ Օ՜, որքա՜ն է Նա փափագում, որ մի օր դուք վերադառնաք Իր մոտ, որպեսզի ստանաք Նրա բոլոր գեղեցիկ պարգևների գերագույն նպատակը՝ հավերժական կյանքը Նրա հետ։

Հարցն այն չէ, թե արդյոք այս ճշմարտության պարգևն իրական է, այլ արդյոք մենք կբացահայտենք և կընդունենք այն։ Պարգևն արդեն իսկ շնորհվել է մեզ Հոր կողմից։ Այս պարգևի վերջնական նպատակի գինն արդեն վճարվել է Փրկչի կողմից։ Բայց եթե ձեզ տարիներ շարունակ սովորեցրել են այդ մասին, ասել են այդ մասին և դուք երգել եք այդ ճշմարտության մասին, գուցե դրա զարմանալի հրաշքը վաղուց խամրել է, և դուք այլևս չեք զգում դրա զորությունն ու խաղաղությունը։

Եթե հասկացողության այս անգին պարգևը և դրանից բխող ամբողջ բարությունը, խաղաղությունն ու հույսը մնում են չստացված, չբացված և չընդունված, ի՜նչ սարսափելի կորուստ է դա մեզ համար։ Ինչպիսի՜ տխրություն է Տվողի համար։ «Քանզի ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, իսկ նա չի ընդունում այդ պարգևը։ Ահա, նա չի ուրախանում այն ամենով, ինչ տրված է իրեն, ոչ էլ ուրախանում է այդ պարգևը տվողով»:

Ես հրավիրում եմ ձեզ առաջին անգամ կամ ավելի մեծ չափով, քան երբևէ, ընդունել այդ հրաշալի գիտակցումը, որ դուք իսկապես Աստծո սիրելի զավակն եք։ Դուք պետք է արձակեք ժապավենը, պատռեք փաթեթավորումը, բացեք տուփը և երախտագետ խոնարհությամբ ակտիվորեն ընդունեք իրական և պարզ հասկացողությունն այս հիմնարար ճշմարտության մասին։ Սուրբ Հոգին կարող է վկայել ձեր սրտին, որ դուք, իրոք, Բարձրյալի զավակն եք։

Երբ դուք ընդունում եք այս վեհաշուք իրականությունը ձեր հոգում և զգում եք դրա մխիթարությունն ու բերկրանքը, ձեր ամբողջ պատկերացումը փոխվում է։ Դուք կարող եք զգալ Նրա սերը, լսել Նրա ձայնը և ճանաչել Նրա ձեռքը, անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում, կամ տեղի չի ունենում ձեր կյանքում։ Դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ և ուրիշներին տեսնելու ձեր մոտեցումը: Ձեր ուխտի կապը ձեր Փրկչի հետ դառնում է ավելի ուժեղ, և այս քաղցր պարգևի ոսպնյակի միջով կյանքը ստանում է նոր փայլ, գեղեցկություն և հույս։

Խնդրում եմ, որ աղոթեք հասկանալու համար, թե արդյո՞ք դուք իսկապես ընդունում եք այս փոխակերպիչ գիտելիքը խորը ձեր սրտում։ Խնդրում եմ, ընդունե՛ք այս պարգևը։ Ընդունե՛ք այն ավելի խորը, ավելի ազատ, ավելի առատ, քան երբևէ, և այդպես վարվելով՝ ստացեք դրա հետ եկող մյուս բոլոր պարգևները։

Ընդունել հավերժական ճշմարտության այս պարգևը

Դուք գուցե մտածեք․ «Ի՞նչ պետք է ես անեմ, որպեսզի ընդունեմ այս պարգևն Աստծուց»։ Իրականում, ոչի՛նչ։ Դա պարգև է Տվողից: Դա պարզապես փաստ է։ Միայն հասկացեք և ընդունեք դա։ Դուք Նրա զավակն եք։ Նա ձեզ սիրում է։ Մի՛ բարդացրեք։ Մի՛ խոչընդոտեք այս պարգևը ստանալուն՝ մտքերով, որ դուք ինչ-որ կերպ արժանի չեք։ Իրականում մեզանից ոչ ոք արժանի չէ․ Հոր բոլոր պարգևները հասանելի են միայն Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով, բայց գիտեք որքա՜ն է Նրա գթառատ սիրտը փափագում, որ Իր բոլոր զավակները ստանան դրանք։ Այնուհետև, երբ ձեր նոր կամ նորացված հասկացողությունը հասնում է ձեր գիտակցությանը, ուրախացեք՝ շնորհակալ եղեք Տվողին այս նվերի համար։

Քսանն անց հասակում, իմ հավատքը գտնելուց հետո, ես աստիճանաբար եկա այն գիտակցմանը, որ իսկապես Աստծո որդի եմ։ Որքան ավելի լավ ես ընկալեցի այս պարգևը, այնքան ավելի լիարժեք գիտեմ, թե ով եմ ես և ինչ ամբողջական սիրով եմ սիրված։ Որոշ բաներ, որոնք օգնել են ինձ աճել հասկացողությամբ՝ սուրբգրային խոսքերն են, իմ հայրապետական օրհնությունը, տաճարի երկրպագությունը, ուրիշներին ծառայելը, երախտագիտություն հայտնելը և սուրբ աղոթքն իմ Հոր հետ: Ես զարմանում եմ, թե ինչպես ավելի վաղ ունեցած իմ կյանքի տխուր պահերը, ցավն ու վիշտը կվերափոխվեին, կհանդարտվեին և դրա մեծ մասը կհաղթահարվեր, եթե ես իմանայի այս գեղեցիկ ճշմարտությունը։

Եկեք Քրիստոսի մոտ և ընդունեք

Մորոնին հորդորում է մեզ «չուրանա[լ] Աստծո պարգևները», և «գա[լ] Քրիստոսի մոտ, և կառչած մնա[լ] ամեն բարի պարգևից»: Դուք կարող եք գալ դեպի Քրիստոսը` վստահելով Նրա սիրառատ բարությանը և ընդունել Նրա բոլոր պարգևները՝ ուրախության, խաղաղության, հույսի, լույսի, ճշմարտության, հայտնության, գիտելիքի և իմաստության՝ ձեր գլուխը բարձր պահելով, ձեր պարզած բազուկներով և ձեր բաց ձեռքերով՝ պատրաստ ընդունելու։ Եվ դուք կարող եք ստանալ այս պարգևները, քանի որ դուք ապահով հիմնված եք այն գիտելիք վրա, որ դուք Աստծո սիրելի դուստրն եք, Աստծո թանկագին որդին եք, և Նա պարգևել է ձեզ Իր կատարյալ Որդուն՝ փրկագնելու, արդարացնելու և սրբագործելու ձեզ։

Դուք Աստծո զավակն եք: Սա զուտ գեղեցիկ երգ չէ, որը մենք երգում ենք։ Բարի եղեք ստանալ, բացել և ընդունել գիտելիքի և հասկացողության այս պարգևը Նրանից։ Կգնահատե՞ք արդյոք դա որպես թանկարժեք գանձ։ Կրկին անգամ ընդունեք այս պարգևը, կամ պատշաճ ընդունեք այն առաջին անգամ և թույլ տվեք, որ այն փոխի ձեր կյանքն ամեն ինչում։ Սա է ավելի գերազանց ուղին, որն Աստված պատրաստել է ձեզ համար Իր Որդու պարգևի միջոցով։ Դուք իրականում կաք, որպեսզի ունենաք ուրախություն։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: