2025
Ամեն բաների իրականացման ժամանակները
Մայիս 2025


15:21

Ամեն բաների իրականացման ժամանակները

(Գործք Առաքելոց 3.21)

Ամենակարևոր և փառահեղ «բարի լուրը» այն ուղերձն է, որ Տեր Հիսուս Քրիստոսը վերականգնել է Իր ավետարանը և Եկեղեցին վերջին օրերում:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կազմակերպվել է 195 տարի առաջ այս օրը՝ 1830 թվականի ապրիլի 6-ին:

Այս կարևոր և ուրախ առիթով հավաքվել էր հավատացյալների և նրանց ընկերների փոքր մի համայնք: Հոգու առատ հեղումն օրհնեց բոլոր ներկաներին, երբ սպասավորվեց հաղորդության արարողությունը, շնորհվեց Սուրբ Հոգու պարգևը, կատարվեցին քահանայության կարգումներ և քարոզվեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները:

Վերականգնելով Իր եկեղեցին՝ Տերը հայտնությամբ նշանակեց 24-ամյա Ջոզեֆ Սմիթին որպես դրա երկրային ղեկավար՝ «տեսանող, թարգմանիչ, մարգարե, Հիսուս Քրիստոսի առաքյալ, եկեղեցու երեց՝ Հայր Աստծո կամքով և քո Տեր՝ Հիսուս Քրիստոսի շնորհով»։

Ես ջանասիրաբար աղոթում եմ Սուրբ Հոգու օգնության համար, երբ մենք դիտարկում ենք աշխարհի պատմության մեջ այս բացառիկ իրադարձության կարևորությունն ու շարունակական ազդեցությունը:

Առաջին տեսիլքը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պաշտոնական կազմակերպումը մի շարք հրաշք փորձառությունների գագաթնակետն էր: Այդ փորձառություններից առաջինը տեղի էր ունեցել 10 տարի առաջ Նյու Յորքի հյուսիսում:

1820 թվականի գարնանը Ջոզեֆ Սմիթ անունով մի պատանի գնաց իր տան մոտ գտնվող անտառ՝ աղոթելու: Նա հարցեր ուներ իր հոգու փրկության վերաբերյալ և ցանկանում էր իմանալ, թե «բոլոր [եկեղեցիներից] որն էր ճշմարիտը, որպեսզի իմանա[ր], թե որին միանա[ր]»։ Ջոզեֆը վստահ էր, որ Աստված կպատասխանի իր աղոթքին և կուղղորդի իրեն:

Նկատենք, որ Ջոզեֆը չէր աղոթում զուտ իմանալու համար, թե որն է ճիշտ: Այլ նա աղոթում էր՝ իմանալու համար, թե որն է ճիշտ, որպեսզի ինքն անի այն, ինչը ճիշտ է։ Ջոզեֆը հավատքով հարցրեց և մտադիր էր գործել համաձայն իր ստացած պատասխանների:

«Ի պատասխան նրա աղոթքի, Հայր Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆին և հանդիսավոր բացեցին «ամեն բաների իրականացման ժամանակները» (Գործք Առաքելոց 3․21), ինչպես կանխագուշակվել էր Աստվածաշնչում: Այդ տեսիլքում նա իմացավ, որ առաջին առաքյալների մահից հետո Քրիստոսի Նոր Կտակարանի եկեղեցին այլևս երկրի վրա չէր»: Ջոզեֆ Սմիթը կարևոր դեր պիտի ունենար Փրկչի հնագույն Եկեղեցու վարդապետությունը, իշխանությունը և ուխտերն ու արարողությունները ևս մեկ անգամ վերականգնելու գործում:

Առաջին տեսիլքը

Ջոզեֆը հաստատել է․ «Ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»։

Այս տեսիլքի և դրան հաջորդած երկնային փորձառությունների շնորհիվ Ջոզեֆ Սմիթը հասկացավ, որ Աստված և Հիսուս Քրիստոսը ճանաչում են իրեն անհատապես, հոգ են տանում իր հավերժական փրկության մասին և առաքելություն ունեն իր համար, որն ինքը պետք է կատարի: Նա նաև կարևոր դասեր սովորեց Աստվածագլխի հատկանիշների, բնույթի և կատարելության մասին, և որ Հայրն ու Որդին առանձին ու տարբեր Էակներ են: Հիսուս Քրիստոսը բառացիորեն Աստծո Որդին է հոգով և մարմնում:

Ջոզեֆ Սմիթը հայտարարեց, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մարմնավոր էակներ են: Նա ասել է․ «Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը. Որդին՝ նույնպես. բայց Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է»։

Ես վկայում եմ, որ Հոր և Որդու այցելությունը Ջոզեֆ Սմիթին մեկնարկային իրադարձությունն էր՝ «աշխարհի սկզբից ի վեր բոլոր սուրբ մարգարեների բերանով խոսված․․․ բոլոր բաների վերականգն[ման]»:

Մորմոնի Գիրքը

Հրաշք փորձառությունների շարքում երկրորդը, որը հանգեցրեց Փրկչի վերականգնված Եկեղեցու պաշտոնական կազմակերպմանը, Մորմոնի Գրքի ի հայտ գալն էր և դրա թարգմանությունը։

Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

«Ջոզեֆ Սմիթին տրվեց Աստծո պարգևն ու զորությունը թարգմանելու հնագույն հիշատակարանը՝ Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Այս սուրբ գրքի էջերը պարունակում են արևմտյան կիսագնդի ժողովրդի մեջ Հիսուս Քրիստոսի անձնական ծառայության պատմությունը Նրա հարությունից անմիջապես հետո։ [Մորմոնի Գիրքը] ուսուցանում է կյանքի նպատակը և բացատրում է Քրիստոսի վարդապետությունը, որն այդ նպատակի համար կարևոր նշանակություն ունի: Մորմոնի Գիրքը, լինելով Աստվածաշնչի ուղեկից սուրբ գրություն, վկայում է, որ բոլոր մարդիկ սիրող Երկնային Հոր որդիներն ու դուստրերն են, որ Նա աստվածային ծրագիր ունի մեր կյանքի համար, և որ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսն այսօր խոսում է այնպես, ինչպես հին օրերում»:

Որպես Փրկչի վերականգնված եկեղեցու անդամներ՝ «մենք հավատում ենք, որ Աստվածաշունչն Աստծո խոսքն է, որքան որ այն ճիշտ է թարգմանված. մենք հավատում ենք նաև, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է»: Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի ևս մեկ վկայություն է, այն հաստատում է Աստվածաշնչի ճշմարտացիությունը և վերականգնում պարզ և արժեքավոր ճշմարտություններ, որոնք կորել են Աստվածաշնչից:

Վերականգնվեց քահանայությունը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ուսուցանում է, որ Փրկչի ստեղծած սկզբնական Եկեղեցին իր աստվածային իշխանությամբ, վարդապետությամբ, ուխտերով ու արարողություններով, կորել էր երկրի վրայից: Վերջին օրերում բոլոր բաների վերականգնման մարգարեացումների համաձայն, հնագույն մարգարեներն ու առաքյալները անձամբ քահանայության իշխանություն շնորհեցին Ջոզեֆ Սմիթին և հանձնեցին նրան քահանայության բանալիները: Սա երրորդն էր հրաշք փորձառությունների շարքում, որը հանգեցրեց Փրկչի վերականգնված Եկեղեցու պաշտոնական կազմակերպմանը:

Քահանայության իշխանությունը թույլ է տալիս Աստծո ծառաներին «ներկայացնել [Նրան] և գործել Նրա անունով»: «Քահանայության բանալիները քահանայության գործածումը ղեկավարելու իշխանությունն է՝ Աստծո զավակների բարօրության համար»։

Քահանայության վերականգնումը

Հոր և Որդու ղեկավարությամբ հարություն առած Հովհաննես Մկրտիչը 1829 թվականին վերականգնեց ընկղմումով մկրտության իշխանությունը` մեղքերի թողության համար։ Նույն տարի առաջին տասներկու առաքյալներից երեքը՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, վերականգնեցին առաքյալների կոչումները և լրացուցիչ քահանայության իշխանութունը ու բանալիները։

Եկեղեցու պաշտոնական կազմակերպումից վեց տարի անց, Կիրթլենդի տաճարում Մովսեսը, Եղիասը և Եղիան Ջոզեֆին հանձնեցին լրացուցիչ իշխանություն, որն անհրաժեշտ էր Աստծո աշխատանքը վերջին օրերին իրականացնելու համար:

Մովսեսը հանձնեց Իսրայելի հավաքման բանալիները:

Եղիասը հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսությունը, ներառյալ Աբրահամի ուխտի վերականգնումը:

Եղիան հանձնեց կնքման զորության բանալիները՝ տալով իշխանություն, որը թույլ է տալիս, որ երկրի վրա կատարվող արարողությունները կապված լինեն հավերժության համար, ինչպես օրինակ՝ ընտանիքների միացումը հավերժական կապերով, որոնք գերազանցում են մահը:

Կազմավորվեց Հիսուս Քրիստոսի եկեղեցին

Երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր Մորմոնի Գիրքը, նա հայտնություններ ստացավ, որոնք ցույց էին տալիս, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կվերահաստատվի: Բայց Տերը պատվիրեց Ջոզեֆին չկազմակերպել Իր Եկեղեցին անմիջապես: Այլ «մարգարեության և հայտնության ոգով» Տերը հայտնեց Ջոզեֆին «ճշգրիտ օրը … [երբ նրանք] այստեղ՝ երկրի վրա, ևս մեկ անգամ պետք է սկսեին կազմակերպել Նրա Եկեղեցին»:

Եկեղեցին կազմակերպվել է ճիշտ հերթականությամբ՝ քահանայության վերականգնումից և Մորմոնի Գրքի հրատարակումից հետո: Մորմոնի Գրքի առաջին օրինակները հասանելի դարձան 1830 թվականի մարտի 26-ին, իսկ Եկեղեցին պաշտոնապես կազմակերպվեց ապրիլի 6-ին:

Փրկիչ Հիսուս Քրիստոսը

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Քրիստոսի Նոր Կտակարանի եկեղեցին է, որը վերականգնվել է: Այս Եկեղեցին խարսխված է իր գլխավոր անկյունաքարի՝ Հիսուս Քրիստոսի կատարյալ կյանքի և Նրա անսահման Քավությանն ու իրական Հարության վրա: Հիսուս Քրիստոսը ևս մեկ անգամ կանչել է առաքյալներ և նրանց տվել քահանայության իշխանություն: Նա հրավիրում է բոլորիս գալ դեպի Իրեն և Իր Եկեղեցին, ստանալ Սուրբ Հոգին, փրկության արարողությունները և ձեռք բերել հարատև ուրախություն»:

Ժամանակների լրության տնտեսությունը

Հոր և Որդու հայտնվելը Ջոզեֆ Սմիթին, Մորմոնի Գրքի ի հայտ գալն ու թարգմանությունը, քահանայության իշխանության և բանալիների վերականգնումն անհրաժեշտ նախադրյալներ էին 195 տարի առաջ, այս օրը, Տիրոջ վերականգնված Եկեղեցու կազմակերպման համար:

Հին Կտակարանում Դանիել մարգարեն մի երազ է մեկնաբանել քարի մասին, որը պոկվել էր՝ առանց ձեռքի դիպչելու և լցրել ամբողջ երկիրը: Եկեղեցու կազմակերպումից մեկ տարի անց Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին, որ Աստծո արքայության բանալիները կրկին «հանձնվել են մարդուն երկրի վրա» և «[Հիսուս Քրիստոսի] ավետարանը կգլորվի մինչև աշխարհի ծայրերը, ինչպես քարը, որը կտրվել է սարից առանց ձեռքի»:

Ես վկայում եմ՝ Տերը կատարում է Իր խոստումը։ Փրկչի վերականգնված Եկեղեցին հիմնվում է ամբողջ աշխարհում և գործիք է հանդիսանում Աստծո համար՝ «որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա»։

Տիրոջ վերջին օրերի աշխատանքը «մի գործ է, որը հետաքրքրել է Աստծո ժողովրդին ցանկացած դարաշրջանում, դա մի թեմա է, որին մարգարեները, քահանաները և թագավորները վերաբերվել են ակնածանքով, նրանք ուրախ ակնկալիքով սպասել են այն օրվան, որում այժմ մենք ենք ապրում և ոգևորված երկնային և ուրախալի ակնկալիքներով, նրանք երգել, գրել և մարգարեացել են մեր այս օրվա համար»։

Ավետարանի այս մեծագույն և վերջին տնտեսություններում պետք է որ «լրիվ ու ամբողջական ու կատարյալ մի միացում լինի, և տնտեսությունների ու բանալիների ու զորությունների ու փառքերի փոխկապակցում տեղի ունենա, և հայտնի դարձվի Ադամի օրերից մինչև ներկա ժամանակը: Եվ ոչ միայն սա, այլ նաև այն բաները, որոնք երբեք հայտնի չեն դարձվել աշխարհի հիմնադրումից ի վեր, … պիտի հայտնի դարձվեն … ժամանակների լրության այս տնտեսության ժամանակ»:

Մարգարե Ջոզեֆն այնուհետև բացատրել է. «Բոլոր արարողություններն ու պարտականությունները, որոնք երբևէ պահանջվել են Քահանայության կողմից, Ամենազորի առաջնորդությամբ և պատվիրաններով տնտեսություններից որևէ մեկում, պիտի բոլորն ունենան վերջին տնտեսությունում, … իրականացնելով վերականգնումը, որի մասին խոսվել է բոլոր Սուրբ Մարգարեների բերանով»:

Խոստումներ և վկայություն

Ես փորձել եմ ամփոփել ամենակարևոր և փառահեղ «բարի լուրի» հիմնական տարրերը, որոնք աշխարհի ցանկացած կետում ցանկացած մարդ կարող է ստանալ՝ այն ուղերձը, որ Տեր Հիսուս Քրիստոսը վերականգնել է Իր ավետարանը և Եկեղեցին այս վերջին օրերում:

Ես հրավիրում եմ բոլորին իմանալ այս մասին և հաստատել այս ուղերձը: Ես խոստանում եմ, որ մարդիկ, «ովքեր աղոթքով կուսումնասիրեն Վերականգնման ուղերձը և հավատքով քայլ կանեն, կօրհնվեն [Սուրբ Հոգու զորությամբ] և անձնական վկայություն կստանան այդ ուղերձի աստվածային ծագման ու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոստացված Երկրորդ Գալուստի համար աշխարհը նախապատրաստելու նպատակի մասին»: Երբ դուք ջերմեռանդ աղոթեք Աստծուց պատասխան ստանալու և ըստ ստացած պատասխանի գործելու ակնկալիքով, ինչպես արեց երիտասարդ Ջոզեֆ Սմիթը, ձեր ունակությունը՝ ճանաչելու և արձագանքելու այդ աստվածային վկայությանը, կմեծանա:

Ես վկայում եմ, որ Աստված` Հավիտենական Հայրը, մեր Հայրն է: Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը Հոր սիրելի Որդին է և Նրա Միածինը՝ մարմնում: Նա մեր Փրկիչն ու Քավիչն է:

Եվ ես ուրախությամբ վկայում եմ, որ Հայրն ու Որդին հայտնվեցին պատանի Ջոզեֆ Սմիթին, այդպիսով սկսելով Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը վերջին օրերին: Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին և այն պարունակում է Աստծո խոսքը: Փրկչին ներկայացնելու և Նրա անունով կրկին գործելու քահանայության իշխանությունը գտնվում է երկրի վրա: Եվ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Քրիստոսի Նոր Կտակարանի եկեղեցին է, որը վերականգնվել է: Ես բերում եմ իմ հաստատուն վկայությունը, որ բոլոր այս բաները ճշմարիտ են, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: