2025
Փրկչին հանդիպելու անձնական պատրաստություն
Մայիս 2025


14:10

Փրկչին հանդիպելու անձնական պատրաստություն

Հետևեք Փրկչի ուսմունքներին։ Նրա ուսմունքները խորհրդավոր չեն և ոչ էլ բարդ։ Երբ մենք հետևում ենք դրանց, չպիտի վախենանք կամ անհանգստանանք։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, անցյալ հոկտեմբերին նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանեց. «Հիմա է ժամանակը, որ ես և դուք պատրաստվենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին»: Երբ նախագահ Նելսոնը խոսում է Երկրորդ Գալուստի մասին, դա միշտ ուրախ լավատեսությամբ է արտահայտվում: Այնուամենայնիվ, Երեխաների միությունում մի աղջիկ վերջերս ինձ ասաց, որ անհանգստանում է, երբ մարդիկ խոսում են Երկրորդ Գալուստի մասին: Նա ասաց. «Ես վախենում եմ, որովհետև վատ բաներ են լինելու՝ նախքան Հիսուսի գալը»։

Հնարավոր է, որ միայն երեխաները չեն այդպես զգում։ Նրա, ձեզ և ինձ համար լավագույն խորհուրդը Փրկչի ուսմունքներին հետևելն է: Նրա ուսմունքները խորհրդավոր չեն և ոչ էլ բարդ։ Երբ մենք հետևում ենք դրանց, չպիտի վախենանք կամ անհանգստանանք։

Իր մահկանացու ծառայության ավարտին Հիսուս Քրիստոսին հարցրին, թե Նա երբ է կրկին գալու: Պատասխանելով՝ Նա ուսուցանեց Մատթեոս 25 գլխում տրված երեք առակներն այն մասին, թե ինչպես պատրաստվել հանդիպելու Իրեն՝ լինի դա Երկրորդ Գալուստի ժամանակ, թե այս աշխարհից հեռանալուց հետո: Այս ուսմունքները շատ կարևոր են, քանի որ Նրան հանդիպելու անձնական պատրաստությունը կարևոր է կյանքի նպատակի համար:

Փրկիչը նախ պատմեց տասը կույսերի առակը։ Այս առակում տասը կույսեր գնացին հարսանեկան խնջույքի: Կույսերից հինգը խոհեմաբար ձեթ վերցրին իրենց լամպերը լցնելու համար, իսկ մյուս հինգը հիմարաբար չարեցին դա։ Երբ փեսայի մոտալուտ գալուստը հայտարարվեց, հիմար կույսերը գնացին ձեթ գնելու։ Երբ վերադարձան, արդեն ուշ էր. խնջույքի սրահի դուռը փակ էր։

Հիսուսը առանձնացրեց առակի երեք տարրերը, որպեսզի օգնի մեզ հասկանալ այն։ Նա բացատրել է.

«Եվ այն օրը, երբ ես կգամ իմ փառքով, կկատարվի առակը, որը ես խոսեցի տասը կույսերի վերաբերյալ:

Քանզի նրանք, ովքեր իմաստուն են և ընդունել են ճշմարտությունը, և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել,– ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք պիտի մնան այդ օրը»:

Ուստի, նրանք վախենալու կամ անհանգստանալու կարիք չունեին, քանի որ գոյատևելու և բարգավաճելու էին։ Նրանք կհաղթեին:

Եթե մենք իմաստուն ենք, ապա ընդունում ենք ճշմարտությունը՝ ընդունելով Հիսուս Քրիստոսի ավետարանը քահանայության արարողությունների և ուխտերի միջոցով: Հաջորդը` մենք ձգտում ենք արժանի լինել, որպեսզի Սուրբ Հոգին միշտ մեզ հետ լինի: Այս կարողությունը պետք է աստիճանաբար ձեռք բերել անհատապես: Նվիրվածությունից բխող հետևողական, անձնական գործերը հրավիրում են Սուրբ Հոգուն՝ առաջնորդելու մեզ:

Երրորդ տարրը, որն ընդգծեց Հիսուսը, խաբեությունից խուսափելն է։ Փրկիչը նախազգուշացրել է․

«Զգույշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի,

որովհետև շատերն իմ անունով կգան ու կասեն. «Ես եմ Քրիստոսը», և շատերին կմոլորեցնեն»։

Փրկիչը գիտեր, որ հավակնորդները կփորձեն մոլորեցնել հենց ընտրյալներին, և որ շատ աշակերտներ կխաբվեն: Մենք չպետք է հավատանք նրանց, ովքեր կեղծորեն պնդում են, որ ունեն աստվածային արտոնություն, ոչ էլ փնտրենք իմաստություն կամ առաջնորդություն՝ անվստահելի կամ խաբուսիկ աղբյուրներից:

Մորմոնի Գիրքն ուսուցանում է մեզ, թե ինչպես տարբերել խաբեբաներին աշակերտներից: Աշակերտները միշտ հրավիրում են հավատալ Աստծուն, ծառայել Նրան և բարիք գործել: Մենք չենք խաբվի, եթե խորհուրդ փնտրենք և ստանանք այն Փրկչի հավատարիմ աշակերտները հանդիսացող վստահելի անհատներից:

Մենք կարող ենք նաև խուսափել խաբեությունից՝ կանոնավոր կերպով երկրպագելով տաճարում: Սա օգնում է մեզ պահպանել հավերժական հեռանկար և պաշտպանում է մեզ ուխտի ճանապարհից շեղող ազդեցություններից:

Տաս կույսերի առակի խորհուրդն այն է, որ մենք իմաստուն ենք, երբ ընդունում ենք ավետարանը, ձգտում ենք Սուրբ Հոգուն ունենալ մեզ հետ և խուսափում ենք խաբեությունից: Հինգ իմաստուն կույսերը չէին կարող օգնել նրանց, ովքեր ձեթ չունեին. ոչ ոք չի կարող ընդունել ավետարանը, ունենալ Սուրբ Հոգուն՝ որպես առաջնորդ, և խուսափել խաբեությունից մեր փոխարեն: Մենք ինքներս պետք է անենք դա։

Այնուհետև, Փրկիչը պատմեց երեք ծառաների առակը: Այս առակում մի մարդ երեք ծառաների տվեց տարբեր գումարներ՝ քանքարներ։ Մի ծառային հինգ քանքար տվեց, մյուսին՝ երկու, երրորդին՝ մեկ։ Ժամանակի ընթացքում առաջին երկու ծառաները կրկնապատկեցին ստացածը։ Բայց երրորդ ծառան պարզապես թաքցրեց իր մեկ քանքարը: Երկու ծառաներին, որոնք կրկնապատկել էին իրենց տաղանդները, մարդն ասաց․ «Լավ, բարի ու հավատարիմ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտիր քո տիրոջ ուրախության մեջ»։

Այնուհետև մարդը նախատեց ծառային, որը թաքցրել էր իր քանքարը, «չար և ծույլ» լինելու համար։ Այս ծառայի քանքարը վերցվեց նրանից, և նա վտարվեց։ Սակայն, եթե այս ծառան կրկնապատկեր իր քանքարը, նա կստանար նույն գովասանքն ու հատուցումը, ինչ մյուս ծառաները:

Այս առակի ուղերձներից մեկն այն է, որ Աստված ակնկալում է, որ մենք զարգացնենք մեզ տրված կարողությունները, սակայն, Նա չի ցանկանում, որ մենք համեմատենք դրանք ուրիշների կարողությունների հետ: Դիտարկեք 18-րդ դարի Հասիդական հուդայականության գիտնական Զուսյա Անիպոլիցու այս գաղափարը։ Զուսյան ճանաչված ուսուցիչ էր, որը սկսեց վախենալ, երբ մահը մոտեցավ։ Նրա աշակերտները հարցրին. «Ուսուցիչ, ինչո՞ւ ես դողում։ Դու լավ կյանք ես ապրել, անկասկած, Աստված քեզ մեծապես կպարգևատրի»։

Զուսյան ասաց. «Եթե Աստված ինձ հարցնի. «Զուսյա, ինչո՞ւ դու մեկ այլ Մովսես չէիր», ես կասեմ. «Որովհետև դու ինձ չտվեցիր հոգու մեծությունը, որ տվել էիր Մովսեսին»։ Եվ եթե ես կանգնեմ [Աստծո առջև և Նա] ասի. «Զուսյա, ինչո՞ւ դու մեկ այլ Սողոմոն չէիր», ես կասեմ. «Որովհետև դու ինձ չտվեցիր Սողոմոնի իմաստությունը»։ Բայց ինչ պատասխան կտամ, եթե ես կանգնեմ իմ Արարչի առջև, և Նա ասի․ «Զուսյա, ինչո՞ւ դու Զուսյան չէիր։ Ինչո՞ւ դու այն մարդը չէիր, որը ես քեզ հնարավորություն տվեցի լինել»։ Ահա, թե ինչու եմ ես դողում»։

Իսկապես, Աստված կհիասթափվի, եթե մենք չապավինենք Փրկչի արժանիքներին, ողորմությանն ու շնորհին՝ զարգացնելու Աստծո կողմից տրված մեր կարողությունները: Իր սիրառատ օգնությամբ Նա ակնկալում է, որ մենք դառնանք մեր անձի լավագույն տարբերակը: Նրա համար նշանակություն չունի այն փաստը, որ մենք սկսում ենք մեր կյանքը տարբեր ունակություններով: Մեզ համար ևս պետք է նշանակություն չունենա։

Ի վերջո, Փրկիչը պատմեց վերջին դատաստանի առակը: Երբ Նա վերադառնա Իր փառքով, «բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն, ու նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարները այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում»։

Նրանք, ովքեր Նրա աջ կողմում էին, ժառանգորդներ դարձան Նրա արքայության մեջ, իսկ ձախ կողմում գտնվողները ժառանգություն չստացան: Տարբերակիչ հատկանիշն այն էր, թե արդյոք նրանք ուտելիք տվեցին Նրան, երբ Նա քաղցած էր, խմելու բան տվեցին, երբ ծարավ էր, մոտ ընդունեցին, երբ օտար էր, հագցրին, երբ մերկ էր, և այցելեցին, երբ հիվանդ էր կամ բանտարկված:

Եվ աջ կողմում, և ձախ կողմում գտնվողները շփոթված էին։ Նրանք հարցրին, թե երբ են տվել Նրան ուտելիք, խմելու բան ու հագուստ կամ օգնել Նրան, երբ Նա խոցելի վիճակում էր։ Փրկիչը պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք»:

Առակի ուղերձը պարզ է. երբ մենք ծառայում ենք ուրիշներին, ծառայում ենք Աստծուն, երբ դա չենք անում, հիասթափեցնում ենք Նրան: Նա ակնկալում է, որ մենք օգտագործենք մեր շնորհները, տաղանդները և կարողությունները՝ օրհնելու Երկնային Հոր զավակների կյանքը: Ուրիշներին ծառայելու աստվածային մղումը պատկերված է 19-րդ դարի ֆին բանաստեղծ Յոհան Լյուդվիգ Ռունեբերգի բանաստեղծության մեջ։ Ես և քույրերս ու եղբայրներս մեր մանկության ընթացքում բազմիցս լսել ենք «Ագարակատեր Պաավոն» բանաստեղծությունը: Բանաստեղծության մեջ Պաավոն աղքատ ագարակատեր էր, որն իր կնոջ և երեխաների հետ ապրում էր կենտրոնական Ֆինլանդիայի՝ լճերով առատ տարածաշրջանում։ Մի քանի տարի անընդմեջ նրա բերքի մեծ մասը փչանում էր գարնան ձնհալից, ամռան կարկտահարությունից և վաղ աշնան ցրտահարությունից: Ամեն անգամ, երբ վատ բերքը բերվում էր տուն, ագարակատիրոջ կինը ողբում էր. «Պաավո, Պաավո, դժբախտ ծերուկ, Աստված մեզ թողել է»։ Պաավոն անտրտունջ պատասխանում էր. «Կեղևը խառնիր տարեկանի ալյուրի հետ հաց թխելու համար, որպեսզի երեխաները սոված չմնան: Ես ավելի շատ կաշխատեմ, որպեսզի ցամաքեցնեմ ճահճային դաշտերը: Աստված մեզ փորձում է, բայց Նա կապահովի մեր սնունդը»:

Ամեն անգամ, երբ բերքը փչանում էր, Պաավոն կնոջը հորդորում էր կրկնապատկել կեղևի քանակը ալյուրի մեջ՝ սովի չմատնվելու համար: Նա նաև ավելի տքնաջան աշխատում էր՝ առվափոսեր փորելով՝ հողը չորացնելու և գարնան հալոցքի և վաղ աշնան սառնամանիքի ազդեցությունն իր արտերի վրա նվազեցնելու համար:

Շատ տարիների դժվարություններից հետո, Պաավոն վերջապես առատ բերք ստացավ: Նրա կինը ցնծում էր. «Պաավո, Պաավո, սա ուրախ տարի է: Ժամանակն է դեն նետել կեղևը և թխել միայն տարեկանի ալյուրով հաց»։ Բայց Պաավոն հանդիսավոր կերպով բռնեց կնոջ ձեռքը և ասաց. «Ալյուրի կեսը կեղևով խառնիր, քանի որ մեր հարևանի արտերը ցրտահարվել են»։ Պաավոն զոհաբերեց իր և իր ընտանիքի առատ ալյուրը՝ օգնելու իր հուսահատված և ընչազուրկ հարևանին:

Վերջին դատաստանի մասին Փրկչի առակի իմաստն այն է, որ մենք պետք է օգտագործենք մեզ տրված պարգևները՝ ժամանակը, տաղանդները և օրհնությունները՝ ծառայելու Երկնային Հոր զավակներին, հատկապես առավել թույլերին և կարիքավորներին:

Իմ հրավերը Երեխաների միության անհանգիստ երեխային, որի մասին պատմեցի, և ձեզանից յուրաքանչյուրին, հետևյալն է` հետևել Հիսուս Քրիստոսին և վստահել Սուրբ Հոգուն, ինչպես որ կվստահեիք սիրելի ընկերոջը: Ապավինեք նրանց, ովքեր սիրում են ձեզ և սիրում են Փրկչին: Փնտրեք Աստծո առաջնորդությունը՝ զարգացնելու ձեր յուրահատուկ ունակությունները, նաև օգնեք ուրիշներին, նույնիսկ, երբ հեշտ չէ: Դուք պատրաստ կլինեք հանդիպել Փրկչին և կարող եք նախագահ Նելսոնի նման ուրախությամբ լավատես լինել։ Այդպես դուք կօգնեք աշխարհին պատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, դուք կօրհնվեք բավականաչափ հույսով՝ մտնելու Տիրոջ հանգիստը, այժմ և ապագայում:

Ինչպես մենք երգում ենք մեր նոր օրհներգերից մեկում.

Ցնծացեք: Եվ պատրաստվեք այդ օրվան։

Ոչ ոք չգիտի այն օրը և ժամը, երբ Նա նորից կգա,

բայց Նա կվերադառնա, ինչպես սուրբ գրություններն են ասում՝ ուրախ օր է լինելու,

Երբ մեր սիրելի Փրկիչը նորից գա:

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», Լիահոնա, նոյ․ 2024, 121։

  2. Մենք չպետք է անհանգստանանք, քանի որ Հիսուս Քրիստոսը կփոխի մեզ այնպես, որ մենք պատրաստ լինենք հանդիպելու Նրան: Երբ հետևողականորեն պատվում ենք մեր ուխտերը և պահում պատվիրանները, մենք աստիճանաբար՝ Նրա շնորհով ու օրհնություններով ավելի ու ավելի ենք նմանվում Փրկչին: Այսպիսով, մենք պատրաստ կլինենք Նրա Երկրորդ Գալուստին: Ինչպես նշված է Ա Հովհաննես 3․2-3

    «Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է։

    Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր»։

  3. Տիրոջ Երկրորդ Գալուստը տեղի կունենա հազարամյա դարաշրջանի սկզբում, երբ Նա վերադառնա փառքով, և բոլորը կընդունեն, որ Նա եղել է և կա խոստացված Մեսիան (տես Եսայի 45.23, Զաքարիա 12.10, Վարդապետություն և Ուխտեր 88.104):

  4. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ողջույնի խոսք», Լիահոնա, մայիս 2020, 6։

  5. Տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 25․1 ( Մատթեոս 25․1, ծանոթագրություն ա), Մատթեոս 25․1–4, 6–13։

  6. Վարդապետություն և Ուխտեր 45․56-57:

  7. Տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Լիահոնա, նոյեմբեր 2012, 109:

  8. Տես 2 Նեփի 32․5։

  9. Մատթեոս 24․4-5։

  10. Տես Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1․5–6, 8–9, 21–22, 25–26։

  11. Տես Մորոնի 7․13, 15–17։ Մորմոնի Գրքի ուսմունքները միավորվում և պարզաբանում են Աստվածաշնչյան ուսմունքները «կեղծ վարդապետությունները շփոթեցնելու համար» (2 Նեփի 3.12): Թերևս սա նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուսմունքի հիմնավորման մի մասն է, որ «Մորմոնի Գիրքն Աստծո գործիքն է աշխարհը Երկրորդ Գալուստին նախապատրաստելու համար» (տես «Մորմոնի Գիրքը, Իսրայելի հավաքումը և Երկրորդ Գալուստը», Լիահոնա, հուլիս 2014, 27):

  12. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Լիահոնա, նոյ. 2023, 119։ Նախագահ Նելսոնը նաև ուսուցանել է. «Մի՛ աղտոտեք [ձեր վկայությունը] անհավատ տղամարդկանց և կանանց կեղծ փիլիսոփայությամբ» («Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյեմբեր 2022, 97)։ «Ձեր հարցերը հղեք Տիրոջը և այլ արժանահավատ աղբյուրների: … Դադարեք ավելացնել ձեր կասկածները՝ դրանք կրկնելով այլ կասկածողների հետ», («Քրիստոսը հարություն է առել, Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի» Լիահոնա, մայիս 2021, 103): Ինչպես Մորմոնի Գրքի մարգարե Ալմա Ավագն է խորհուրդ տվել․ «Մի վստահեք ոչ մեկին՝ ձեր ուսուցիչը լինելու, ոչ էլ ձեր սպասավորը, եթե նա Աստծո մարդ չէ՝ նրա ուղիներում քայլող ու նրա պատվիրանները պահող» (Մոսիա 23․14): Այս տնտեսության մեջ Փրկիչն ուսուցանել է մեզ ապավինել միայն նրանց, «ում հոգին փշրված է, … ում լեզուն հեզ է և շենացնող, … [ովքեր] դողում են իմ զորության ներքո, … և … գովասանքի և իմաստության պտուղներ են բերում, համաձայն հայտնությունների ու ճշմարտությունների, որոնք ես տվել եմ ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 52.14-19):

  13. Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», 121։

  14. Երբ փոխարինող արարողությունները կատարվում են հանգուցյալ նախնիների փոխարեն, այդ նախնիներն իրենք են որոշում՝ ընդունո՞ւմ են ավետարանը և հավատարիմ են մնում, թե՞ ոչ: Անգամ այդ պայմաններում ոչ ոք ուրիշի փոխարեն որոշումներ չի կայացնում։

  15. Տես Մատթեոս 25.14–30:

  16. Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Քանքար»: Քանքարը հունական և հռոմեական ժամանակներում կշռի և դրամական արժեքի հնագույն միավոր էր: Ըստ հաշվարկների՝ մեկ քանքարն արժեր մոտ 6000 դինար, և քանի որ դինարը մոտավորապես մեկ օրվա աշխատավարձ էր, մեկ տաղանդը հավասար կլիներ միջին աշխատողի մոտ 20 տարվա աշխատավարձին։

  17. Մատթեոս 25․21, տես նաև հատված 23։

  18. Տես Մատթեոս 25․24-26։

  19. Բացատրելով առակը հավերժության տեսանկյունից՝ երբ յուրաքանչյուր ծառա մտնում է իր տիրոջ ուրախությունը և դառնում է այն ամենի ժառանգորդը, ինչ տերն ունի, ակնհայտ, աննշան տարբերությունները, որոնք յուրաքանչյուր ծառա սկզբում ուներ, դառնում են անկարևոր:

  20. Բացի այդ, Տերը այս առակում հիշատակված քանքարները նմանեցվում է կյանքի և ավետարանի տարբեր ոլորտների, այդ թվում՝ գիտելիքի և վկայության (տես Եթեր 12.35, Վարդապետություն և Ուխտեր 60.2, 13), ինչպես նաև ունեցվածքը և պատասխանատվությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 82.18):

  21. Տես Հարոլդ Ս. Քուշների Overcoming Life’s Disappointments գրքում (2006), 26։

  22. Ինչպես նշված է Քարոզիր Իմ Ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույցում (2023), 48, «Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է դառնալ ճիշտ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ»:

  23. Տես Մատթեոս 25․31–46։

  24. Մատթեոս 25․32-33։

  25. Տես Մատթեոս 25․37-39, 44:

  26. Մատթեոս 25․40, տես նաև հատված 45։

  27. Տես Մոսիա 2.17։ Մենք մասնակցում ենք Փրկչի առաքելությանը, երբ կիսվում ենք Նրա ավետարանով, օգնում բուժել կոտրված սիրտ ունեցողներին (տես Եսայի 61.1–3 և Ղուկաս 4.16–21), սատարում թույլերին, բարձրացնում ընկած ձեռքերը և ամրացնում տկար ծնկները (տես Վարդապետություն և Ուխտեր 81.5

  28. Կեչի ծառի կեղևի ներքին շերտը պարունակում է որոշ ածխաջրեր և մանրաթելեր: Այն կարող է օգտագործվել որպես վերջին միջոց։

  29. See Johan Ludvig Runeberg, “Högt Bland Saarijärvis Moar,” Idyll och epigram Dikter (1830), nummer 25; Suomen kansalliskirjallisuus (Helsinki, 1941), 9:50–52; sv.wikisource.org/wiki/Högt_bland_Saarijärvis_moar. Շվեդերենից թարգմանությունն իմն է։

  30. Ահա, թե Աստված ինչ է պատվիրել հին Իսրայելին. «Քանի որ երկրի վրա աղքատ մարդ չի պակասի, դրա համար էլ պատվիրում եմ քեզ ու ասում. «Ձեռքդ բաց քո երկրում գտնվող աղքատ և կարիքավոր եղբորդ»» (Բ Օրենք 15․11):

  31. Տես Դալլին Հ. Օուքս, «Preparation for the Second Coming», Լիահոնա, մայիս 2004՝ հրաշալի ելույթ Երկրորդ Գալուստի և դրան նախապատրաստվելու եղանակների մասին:

  32. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», 95-98: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Այս հավաքի կարևոր բաղկացուցիչը այնպիսի մի ժողովրդի պատրաստումն է, որն ունակ է, պատրաստ և արժանի՝ ընդունելու Տիրոջը, երբ Նա նորից գա. մի ժողովուրդ, որն արդեն Հիսուս Քրիստոսին գերադասել է այս ընկած աշխարհից. մի ժողովուրդ, որն ուրախանում է Հիսուս Քրիստոսի ավելի բարձր, ավելի սուրբ օրենքներով ապրելու իր ազատ կամքով» («Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», 98):

  33. Տես Մորոնի 7․3։ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ուսուցանել է. «Այն հանգիստը, որի մասին խոսվեց, ֆիզիկական հանգիստը չէ: … [Դա] հոգևոր հանգստությունն ու խաղաղությունն է, որ բխում է ճշմարտության աներեր համոզմունքից: … Այսպիսով, մենք կարող ենք մտնել Տիրոջ հանգիստն այսօր՝ ըմբռնելով ավետարանի ճշմարտությունները: … [Նրանք, ովքեր մտել են այս հանգստի մեջ, այն մարդիկ են,] որոնց միտքը բավարարվել է, և որոնք հետևում են իրենց բարձր կոչման նպատակակետին՝ իրենց սրտերում անպարտելի վճռականությամբ՝ ճշմարտության մեջ հաստատուն լինելու համար, և ովքեր խոնարհությամբ ու արդարությամբ քայլում են այն ճանապարհով, որը տրված է Հիսուս Քրիստոսի հետևորդների համար: Սակայն կան շատ մարդիկ, որոնք, չհասնելով վճռական համոզվածության, քշվում են վարդապետության ամեն մի քամուց՝ այդպիսով կորցնելով իրենց անդորրը՝ դառնալով աննպատակ, անհանգիստ։ Նրանք են, ովքեր վհատված են Եկեղեցում և ազգի մեջ տեղի ունեցող դեպքերի ու մարդկանց ստեղծած խառնաշփոթի պատճառով: … Նրանք կասկածների, խռովությունների, անորոշության զգացում են ունենում։ Նրանց մտքերը հանգիստ չունեն, և նրանք ոգևորվում են ամենաաննշան փոփոխությունից, ինչպես մեկը ծովում, որը կորցրել է իր կողմնորոշումը» (Gospel Doctrine, 5th ed. [1939])։

  34. “When the Savior Comes Again,” Hymns—For Home and Church, Gospel Library.