2025
Մոտեցեք ինձ
Մայիս 2025


17:5

Մոտեցեք ինձ

Հիսուս Քրիստոսը սիրում է յուրաքանչյուրիս: Նա մեզ հնարավորություն է տալիս ավելի մոտենալ Իրեն:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ինձ համար ուրախություն է ձեզ հետ լինել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս գերագույն համաժողովում: Սա Նրա Եկեղեցին է: Նրա անունով մենք հավաքվել ենք շենքերում և տներում՝ ամբողջ աշխարհում:

Մենք վերցնում ենք Նրա անունը մեզ վրա, երբ ուխտի միջոցով մտնում ենք Նրա արքայությունը: Նա հարություն առած և փառավորված Աստծո Որդին է: Մենք մահկանացուներ ենք և ենթակա ենք մահվան ու մեղքի։ Այնուամենայնիվ, մեր հանդեպ ունեցած Իր սիրո շնորհիվ Փրկիչը հրավիրում է մեզ՝ մոտենալ Իրեն։

Գերեզմանից բարձրացող Փրկիչը

Ահա մեզ ուղղված Նրա հրավերը․ «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի»:

Երբեմն մենք մոտ ենք զգում Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Սակայն, երբեմն մեր մահկանացու կյանքի փորձությունների ընթացքում մենք կարող ենք նաև մի փոքր հեռու մեզ զգալ Նրանից և ցանկանալ հավաստիանալ, որ Նա գիտի, թե ինչ կա մեր սրտերում և սիրում է մեզ՝ որպես անհատների:

Փրկչի հրավերը ներառում է այդ վստահությունը զգալու ճանապարհը: Մոտեցեք Նրան՝ միշտ հիշելով Նրան: Փնտրեք Նրան ջանասիրաբար սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով: Երկնային Հորն ուղղված անկեղծ աղոթքով խնդրեք Իր Սիրելի Որդուն ավելի մոտ զգալու հնարավորության համար։

Դա պատկերացնելու համար մի պարզ եղանակ կա։ Դա այն է, ինչ դուք կանեիք, եթե որոշ ժամանակ բաժանվեիք սիրելի ընկերներից: Դուք կգտնեիք նրա հետ հաղորդակցվելու միջոց, կգնահատեիք նրանից ստացած ցանկացած հաղորդագրություն և կանեիք ամեն ինչ, որպեսզի օգնեք նրան:

Որքան շատ դա տեղի ունենար, այնքան երկար տևեր, այնքան ավելի խորապես կուժեղանար սիրո կապը, և դուք կզգայիք, թե ինչպես եք ավելի մոտեցել: Եթե շատ ժամանակ անցնի առանց նվիրական հաղորդակցության և միմյանց օգնելու հնարավորության, կապը կթուլանա։

Հիսուս Քրիստոսը սիրում է յուրաքանչյուրիս: Նա մեզ տալիս է Իրեն ավելի մոտենալու այդ հնարավորությունը։ Ինչպես սիրող ընկերոջ դեպքում, դուք դա կանեք մոտավորապես նույն կերպ՝ հաղորդակցվելով աղոթքի միջոցով Երկնային Հոր հետ Հիսուս Քրիստոսի անունով, լսելով Սուրբ Հոգու նվիրական առաջնորդությունը և հետո, հանուն Փրկչի, ուրախությամբ ծառայելով ուրիշներին: Շուտով դուք կզգաք Նրան ավելի մոտենալու այդ օրհնությունը:

Իմ պատանեկության տարիներին ես Փրկչին ավելի մոտենալու և Նրա՝ դեպի ինձ մոտենալու ուրախությունն էի զգում` պատվիրաններին հնազանդվելու պարզ գործողությունների միջոցով: Երբ ես փոքր էի, հաղորդությունը սպասավորվում էր երեկոյան ժողովի ժամանակ։ Ես մինչև հիմա հիշում եմ մի հատուկ երեկո՝ ավելի քան 75 տարի առաջ, երբ դրսում մութ ու ցուրտ էր։ Հիշում եմ սիրո և ջերմության զգացումը, երբ հասկացա, որ պահել էի պատվիրանը՝ հավաքվել Սրբերի հետ հաղորդությունը ճաշակելու համար՝ ուխտ կապելով մեր Երկնային Հոր հետ՝ միշտ հիշելու Նրա Որդուն և պահելու Նրա պատվիրանները:

Այդ երեկո ժողովի վերջում երգեցինք «Abide with Me; ’Tis Eventide» օրհներգը հիշարժան խոսքերով՝ «Ով Փրկիչ, այս երեկո մնա ինձ հետ»:

Այս խոսքերը լսելիս Հոգու ներկայությունը շատ ուժեղ էի զգում, նույնիսկ երբ փոքր էի։ Այդ երեկո ես զգացի Փրկչի սերն ու մտերմությունը Սուրբ Հոգու մխիթարության միջոցով:

Տարիներ անց ես ցանկանում էի վերակենդանացնել Փրկչի սիրո և Տիրոջ հետ մտերմության նույն զգացմունքները, որ ունեցել էի իմ պատանեկության այդ հաղորդության ժողովի ժամանակ: Ուստի, ես պահեցի մեկ այլ պարզ պատվիրան, որը գտա սուրբ գրություններն ուսումնասիրելիս։

Ղուկասի ավետարանում կարդացի, որ Նրա խաչելությունից և թաղումից հետո՝ երրորդ օրը, հավատարիմ ծառաները եկել էին օծելու Փրկչի մարմինը՝ Նրա հանդեպ սիրուց մղված: Երբ նրանք ժամանեցին, պարզեցին, որ գերեզմանի քարը հեռու էր գլորված և տեսան, որ Նրա մարմինն այնտեղ չէր:

Հրեշտակը Քրիստոսի գերեզմանի մոտ

Երկու հրեշտակներ կանգնեցին նրանց կողքին և հարցրին, թե ինչու են վախենում՝․

«Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում։

Այստեղ չէ, այլ հարություն է առել։ Հիշեք՝ նա ձեզ հետ ինչպես խոսեց, երբ Գալիլեայում էր։

Որ ասում էր, թէ պէտք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի` և խաչուի և երրորդ օրը յարութիւն առնէ»:

Քրիստոսը և աշակերտները Էմմաուսի ճանապարհին

Այդ երեկո՝ մթնշաղին, երբ երկու աշակերտները Երուսաղեմից քայլում էին դեպի Էմմաուս, հարություն առած Տերը հայտնվեց նրանց ու քայլեց նրանց հետ։

Ղուկասի գիրքը թույլ է տալիս մեզ պատկերացնել այդ տեսարանը․

«Եվ երբ նրանք խոսում ու վիճում էին, ինքը՝ Հիսուսը, մոտեցավ ու նրանց հետ գնում էր։

Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի նրան չճանաչեին։

Եվ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որ քայլելիս միմյանց հետ վիճում եք ու տրտմած եք»։

Եվ նրանցից մեկը՝ Կղեոպաս անունով, պատասխանեց ու նրան ասաց. «Դու մենա՞կ ես Երուսաղեմում ապրում և չգիտե՞ս այս օրերին այնտեղ պատահածների մասին»։

Նրանք պատմեցին Նրան իրենց տխրության մասին, որ Հիսուսը մահացել էր, մինչդեռ նրանք վստահ էին, որ Նա կլիներ Փրկիչն Իսրայելի։

Պետք է որ հարություն առած Տիրոջ ձայնը լցված լիներ սիրով, երբ նա խոսում էր այս երկու սգացող ու վշտով լի աշակերտների հետ։

Մինչ ես կարդում էի, այս խոսքերը ջերմացրին սիրտս ճիշտ այնպես, ինչպես զգացել էի երեխա ժամանակ․

«Երբ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, Հիսուսը ձևացրեց, թե ավելի հեռու տեղ է գնում։

Եվ նրանք ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ հետ մնա, որովհետև երեկոյան դեմ է, օրն էլ վերջանում է»։ Եվ նա գյուղ մտավ, որ նրանց հետ մնա»։

Քրիստոսը՝ նստած աշակերտների հետ

Փրկիչն այդ գիշեր ընդունեց Իր աշակերտների տունը մտնելու հրավերը։ Նա սեղան նստեց նրանց հետ: Հացը վերցնելով՝ Նա օրհնեց, կտրեց ու նրանց տվեց։ Նրանց աչքերը բացվեցին, ու նրանք ճանաչեցին Նրան։ Ապա, նա աներևութացավ նրանցից։

Ղուկասը մեզ համար արձանագրեց այդ օրհնված աշակերտների զգացմունքները․ «Եվ միմյանց ասացին. Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր և Սուրբ Գիրքն էր մեզ բացատրում»։

Այնուհետև երկու աշակերտները շտապեցին վերադառնալ Երուսաղեմ՝ տասնմեկ առաքյալներին պատմելու, թե ինչ էր տեղի ունեցել։ Մինչ նրանք պատմում էին եղելությունը, Փրկիչը կրկին հայտնվեց:

Հիսուսն ինքը կանգնեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Այնուհետև, Նա հիշեցրեց Իր առաքելության մասին մարգարեությունները, որ պետք է քավի Իր Հոր բոլոր զավակների մեղքերը և ջարդի մահվան կապանքները։

«Եվ նրանց ասաց. «Գրված է. այսպես պետք է Քրիստոսը չարչարվեր ու երրորդ օրը մեռելներից հարություն առներ,

և նրա անունով, Երուսաղեմից սկսած, բոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր։

Դուք էլ վկաներն եք այս բաների»։

Ալման ուսուցում է Մորմոնի ջրերում

Ինչպես Նրա սիրելի աշակերտները, այնպես էլ Երկնային Հոր յուրաքանչյուր զավակ, որ ընտրել է մտնել մկրտության դռնով, ուխտ է կապում՝ լինելու Փրկչի վկան և հոգ տանելու կարիքի մեջ գտնվողների մասին մեր մահկանացու կյանքի ընթացքում: Այս պարտավորությունը մեզ համար հստակ դարձրեց Մորմոնի Գրքի մեծ մարգարե Ալման դարեր առաջ Մորմոնի ջրերում․

«Քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն,

Այո, և հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, … նույնիսկ մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից … որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ»։

Երբ հավատարիմ մնաք այդ խոստումներին, դուք կտեսնեք, որ Տերը պահում է Իր խոստումը՝ լինել մեկ ձեզ հետ ձեր ծառայության մեջ՝ դարձնելով ձեր բեռը թեթև։ Դուք կճանաչեք Փրկչին և ժամանակի ընթացքում կդառնաք Նրա նման և «[կ]կատարելագործվեք նրանում»: Օգնելով ուրիշներին հանուն Փրկչի՝ դուք կտեսնեք, որ մոտենում եք Նրան։

Ձեզանից շատերը սիրելիներ ունեն, ովքեր հեռացել են հավերժական կյանքի ճանապարհից։ Դուք մտածում եք, թե ինչ կարող եք անել՝ նրանց հետ բերելու համար։ Դուք կարող եք ապավինել Տիրոջը, որպեսզի ավելի մոտենաք նրանց, երբ հավատքով ծառայեք Նրան:

Դուք հավանաբար հիշում եք Տիրոջ խոստումը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին, երբ նրանք հեռու էին իրենց ընտանիքներից՝ Նրա հանձնարարությունները կատարելիս․ «Ճշմարիտ, այսպես է Տերն ասում ձեզ, իմ բարեկամնե՛ր Սիդնի և Ջոզեֆ. Ձեր ընտանիքները բարվոք են. նրանք իմ ձեռքում են, և ես կվարվեմ նրանց հետ, ինչպես ինձ բարի է երևում. քանզի ինձանում է ողջ զորությունը»:

Երբ դուք կապում եք կարիքավորների վերքերը, Տիրոջ զորությունը կաջակցի ձեզ։ Նրա ձեռքերը մեկնված են ձեր ձեռքերի հետ՝ միասին սատարելու և օրհնելու մեր Երկնային Հոր զավակներին։

Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ուխտի ծառա կստանա Նրա առաջնորդությունը Հոգու միջոցով, քանի որ օրհնում և ծառայում է ուրիշներին Նրա անունից: Ապա նա կզգա Նրա սերը և կգտնի ուրախություն՝ ավելի մոտենալով Նրան:

Ես Տիրոջ Հարության վկան եմ՝ նույնքան վստահ, կարծես այնտեղ էի, երկու աշակերտների հետ՝ Էմմաուսի ճանապարհին գտնվող տանը: Ես գիտեմ, որ Նա ապրում է:

Սա Նրա ճշմարիտ Եկեղեցին է՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Դատաստանի օրը մենք դեմ առ դեմ կանգնելու ենք Փրկչի առջև։ Դա մեծ ցնծության ժամանակ կլինի այս կյանքում նրանց համար, ովքեր մոտեցել են Նրան՝ Նրա ծառայության մեջ, և կարող են անհամբերությամբ ակնկալել՝ լսելու Նրա խոսքերը. «Լավ, բարի ու հավատարիմ ծառա»:

Ես վկայում եմ որպես հարություն առած Փրկչի և մեր Քավիչի վկա, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։