Մասնակցեք՝ պատրաստվելու Քրիստոսի վերադարձին
Կոչումները և այլ եղանակները, որոնցով մենք սկսում ենք Աստծո գործը, յուրահատուկ կերպով պատրաստում են մեզ հանդիպելու Փրկչին:
Մի քանի ամիս առաջ ես կանգնած էի մի շենքի սրահում, և այդ պահին անցնում էր երեց Նիլ Լ․ Անդերսենը։ Ես նոր էի կանչվել որպես բարձրագույն իշխանություն։ Հավանաբար, զգալով իմ անհամապատասխանության զգացումը, նա ժպտալով ասաց. «Կարծես թե այստեղ մի մարդ կա, որը գաղափար չունի, թե իր անելիքը որն է»։
Եվ ես մտածեցի. «Նա իսկական մարգարե է և տեսանող»:
Այնուհետև երեց Անդերսենը շշնջաց. «Մի անհանգստացիր, Շամվեյ։ Հինգ կամ վեց տարի անց ամեն ինչ շտկվում է»։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են մեզ խնդրում անել այնպիսի բաներ Աստծո արքայությունում, որոնք մեր կարողություններից վեր են թվում։ Երբևէ հարց առաջացե՞լ է, թե կյանքի բազմաթիվ պահանջների հետ մեկտեղ, մենք ինչո՞ւ ունենք Եկեղեցու կոչումների կարիքը։ Ես մտածել եմ այդ մասին։
Եվ ստացել եմ պատասխանը գերագույն համաժողովում, երբ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Հիմա է ժամանակը, որ ես և դուք պատրաստվենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին»: Երբ նախագահ Նելսոնն ասաց դա, Հոգին սովորեցրեց ինձ, որ երբ մասնակցում ենք Աստծո գործին, մենք պատրաստում ենք մեզ և ուրիշներին Քրիստոսի վերադարձին: Տիրոջ խոստումը համոզիչ է, որ կոչումները, սպասավորությունը, տաճարային երկրպագությունը, հուշումներին հետևելը և Աստծո ծառայության մեջ մտնելու մյուս ուղիները յուրահատուկ կերպով պատրաստում են մեզ հանդիպելու Փրկչին։
Աստծուն հաճելի է, երբ մենք ներգրավվում ենք Նրա աշխատանքում
«Այս վեհ պահին», երբ Աստծո արքայությունը ընդլայնվում է, և Երկիրը լցվում է տաճարներով, աճում է Աստծո աշխատանքում ներգրավվել ցանկացող հոգիների կարիքը։ Անձնուրաց ծառայությունը քրիստոսանման աշակերտության բուն էությունն է: Սակայն ծառայությունը ոչ միշտ է հարմարավետ։ Այդ է պատճառը, որ ես հիանում եմ ձեզանով՝ ուխտեր պահող հրաշալի աշակերտներ, այդ թվում մեր սիրելի միսիոներները, որ մի կողմ եք դրել ձեր ցանկություններն ու մարտահրավերները և ծառայում եք Աստծուն՝ Նրա զավակներին ծառայելու միջոցով։ Աստված օրհնում և «պատվում [է ձեզ, որ ] արդարությամբ ․․․ ծառայում [եք Իրեն]»։ Նա խոստանում է․ «Մեծ պիտի լինի [ձեր] վարձքը և հավերժական պիտի լինի [ձեր] փառքը»: Երբ մենք ասում ենք «այո»՝ ծառայելուն, մենք ասում ենք «այո»՝ Հիսուս Քրիստոսին: Եվ երբ մենք ասում ենք «այո»՝ Քրիստոսին, մենք ասում ենք «այո»՝ հնարավոր ամենաառատ կյանքին:
Ես սովորել եմ այդ դասը համալսարանում՝ քիմիական ճարտարագիտություն ուսանելիս և աշխատելիս։ Ինձ խնդրեցին լինել ամուրիների ծխի միջոցառումների կազմակերպիչ։ Այդ կոչումը մղձավանջ էր։ Այնուամենայնիվ, ես ընդունեցի կոչումը, և սկզբում շատ դժվար էր։ Բայց հետո, մի միջոցառման ժամանակ մի աղջիկ հիացավ, թե ես ինչպես եմ մատուցում պաղպաղակը։ Նա երեք անգամ մոտեցավ ինձ՝ հուսալով գրավել իմ ուշադրությունը։ Մենք սիրահարվեցինք, և ընդամենը երկու շաբաթ անց նա ինձ առաջարկություն արեց։ Դե, գուցե դա այնքան էլ արագ չեղավ, և ես չէի առաջարկություն անողը, բայց ճշմարտությունն այն է, որ ես սարսռում եմ այն մտքից, որ չէի հանդիպի Հայդիին, եթե «ոչ» ասեի այդ կոչմանը։
Մեր մասնակցությունը պատրաստություն է Քրիստոսի վերադարձին
Մենք ներգրավվում ենք Աստծո աշխատանքում ոչ թե այն պատճառով, որ Աստված մեր կարիքն ունի, այլ որովհետև մենք ունենք Աստծո և Նրա զորեղ օրհնությունների կարիքը: Նա խոստանում է․ «Քանզի, ահա, բոլոր նրանց, ովքեր տքնում են իմ այգում, ես կօրհնեմ մի մեծ օրհնությամբ»: Թույլ տվեք կիսվել երեք սկզբունքներով, որոնք ուսուցանում են, թե ինչպես է մեր մասնակցությունն օրհնում և օգնում մեզ պատրաստվել հանդիպելու Փրկչին:
Նախ՝ երբ մենք մասնակցում ենք Աստծո գործին, աստիճանաբար առաջ ենք ընթանում դեպի «ստեղծման [մեր] չափը»։
Մենք սովորում ենք այս օրինաչափությունը Արարման պատմությունում։ Աշխատանքի ամեն օրից հետո Աստված դիտարկում էր առաջընթացը՝ ասելով. «Բարի է»։ Նա չէր ասում, որ աշխատանքն ավարտված է կամ կատարյալ։ Բայց նա ասում էր, որ ամեն օր առաջընթաց էր նկատվում, և Աստծո աչքում դա բարի է։
Կոչումները չեն որոշում կամ հաստատում անձի արժեքը կամ արժանավորությունը: Ավելի շուտ, երբ մենք աշխատում ենք Աստծո հետ ցանկացած ձևով, որ Նա խնդրում է, մենք աճում ենք մեր սեփական ուժերի և միջոցների չափով։
Աստված ուրախանում է մեր առաջընթացով, և մենք նույնպես պետք է ուրախանանք, նույնիսկ երբ դեռ գործ ունենք անելու։ Երբեմն, գուցե ուժ կամ միջոցներ չունենանք ծառայելու կոչման մեջ։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք ներգրավվել աշխատանքում և պաշտպանել մեր վկայությունները իմաստալից ձևերով, ինչպիսիք են աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը: Մեր սիրող Երկնային Հայրը չի դատապարտում մեզ, երբ մենք ցանկանում ենք, բայց ի վիճակի չենք ծառայել:
Երկրորդ՝ ծառայելով մեր տներն ու եկեղեցիները վերածվում են սուրբ վայրերի, որտեղ մենք կարող ենք ապրել ուխտերով։
Օրինակ՝ Քրիստոսին միշտ հիշելու մեր ուխտը կատարվում է անհատապես, բայց այս ուխտով մենք ապրում ենք այն ժամանակ, երբ ծառայում ենք ուրիշներին։ Կոչումներն ընձեռում են մեզ հնարավորություն՝ «կրելու … մեկս մյուսի բեռը, կատարելով Քրիստոսի օրենքը»: Երբ մենք ծառայում ենք այն պատճառով, որ սիրում ենք Աստծուն և ցանկանում ենք ապրել մեր ուխտերով, ծառայությունը, որը մի ժամանակ չոր ու ցամաք մի պարտականություն էր, դառնում է ուրախ և փոխակերպող։
Արարողությունները չեն փրկում մեզ, քանի որ դրանք լրացնում են երկնային ստուգաթերթը: Ավելի շուտ, երբ մենք ապրում ենք այդ արարողությունների հետ կապված ուխտերով, դառնում ենք այնպիսի անձնավորություն, որը ցանկանում է լինել Աստծո ներկայության մեջ։ Այս ըմբռնումը հաղթահարում է ծառայելու անվճռականությունը կամ չծառայելու նախապատվությունները: Քրիստոսին հանդիպելու մեր նախապատրաստությունը արագանում է, երբ մենք դադարում ենք հարցնել, թե ինչ թույլ կտա Աստված և սկսում ենք հարցնել, թե ինչ կնախընտրի Աստված։
Երրորդ՝ Աստծո գործին մասնակցելը օգնում է մեզ ստանալ Աստծո շնորհի պարգևը և զգալ Նրա մեծ սերը։
Մենք ֆինանսական փոխհատուցում չենք ստանում ծառայության դիմաց։ Փոխարենը՝ սուրբ գիրքը սովորեցնում է, որ մեր «աշխատանքի դիմաց [մենք] պետք է ստանանք Աստծո շնորհը, որ զորանանք Հոգով, ունենանք Աստծո գիտությունը, [և] … սովորեցնենք Աստծո զորությամբ և իշխանությամբ»: Դա շատ լավ առաջարկ է։
Քանի որ կա Աստծո շնորհը, մեր կարողություններն ու անկարողությունները դեր չեն խաղում կոչումը ընդլայնելու կամ ընդունելու հարցում։ Աստված չի ակնկալում կատարյալ գործելակերպ կամ բացառիկ տաղանդ՝ Իր աշխատանքին մասնակցելու համար: Եթե այդպես լիներ, Եսթեր թագուհին չէր փրկի իր ազգը, Պետրոսը չէր ղեկավարի վաղ շրջանի Եկեղեցին, իսկ Ջոզեֆ Սմիթը չէր լինի Վերականգնման Մարգարեն։
Երբ մենք գործում ենք հավատքով՝ մեր կարողություններից վեր ինչ-որ բան անելու համար, մեր թուլությունը բացահայտվում է։ Սա ամենևին հարմարավետ չէ, բայց մեզ անհրաժեշտ է «իմանալ, որ [Աստծո] շնորհով է, … որ մենք զորություն ունենք անելու այս բաները»։
Մենք բազմիցս կսխալվենք, երբ ներգրավված լինենք Աստծո աշխատանքում։ Բայց երբ ջանք ենք գործադրում, Հիսուս Քրիստոսը բռնում է մեր ձեռքը։ Նա աստիճանաբար բարձրացնում է, որպեսզի ազատվենք մեր ձախողումներից ու վախերից և այն զգացումից, որ մեր ջանքերը բավարար չեն։ Երբ մենք նվիրաբերում ենք մեր փոքրիկ, բայց լավագույն ջանքերը, Աստված մեծացնում է դրանք։ Երբ մենք զոհաբերում ենք Հիսուս Քրիստոսի համար, Նա սրբացնում է մեզ։ Սա է Աստծո շնորհի փոխակերպող զորությունը։ Ծառայելիս մենք աճում ենք Աստծո շնորհով, մինչև որ պատրաստ լինենք «բարձրացվ[ել] Հոր կողմից՝ կանգնելու [Հիսուս Քրիստոսի] առջև»։
Օգնեք ուրիշներին ստանալ կոչումների պարգևը և ուրախանալ
Ես չգիտեմ բոլոր հարցերը, որոնք Փրկիչը կտա ինձ, երբ կանգնեմ Նրա առաջ, բայց գուցե հարցերից մեկը լինի. «Ո՞ւմ ես բերել քեզ հետ»։ Կոչումները սուրբ պարգևներ են սիրող Երկնային Հորից, որոնք օգնում են ուրիշներին մեզ հետ բերել Հիսուս Քրիստոսի մոտ։ Ես հրավիրում եմ բոլորիս, որ ավելի նպատակաուղղված փնտրենք կոչումներ չունեցող անդամներին։ Խրախուսեք և օգնեք նրանց ընդգրկվել Աստծո աշխատանքում, օգնելով պատրաստվել Քրիստոսի վերադարձին։
Ջոնը ակտիվ չէր եկեղեցում, երբ նրա եպիսկոպոսը այցելեց նրան և ասաց, որ Տերը նրա համար աշխատանք ունի։ Նա խնդրեց Ջոնին թողնել ծխելը։ Թեև Ջոնը բազմիցս փորձել էր թողնել դա, այս անգամ նա զգաց, որ անտեսանելի մի ուժ օգնում է իրեն։
Երեք շաբաթ անց, ցցի նախագահն այցելեց Ջոնին։ Նա կանչեց նրան ծառայելու եպիսկոպոսությունում։ Ջոնը ցնցված էր: Նա ասաց ցցի նախագահին, որ ինքը նոր էր թողել ծխելը։ Եվ եթե նա պետք է հրաժարվեր կիրակի օրը պրոֆեսիոնալ ֆուտբոլի խաղերին մասնակցելու ավանդույթից, ապա դա չափից ավել էր։ Ցցի նախագահի ոգեշնչված պատասխանն այսպիսին էր. «Ջոն, դա իմ խնդրանքը չէ, այլ՝ Տիրոջ»։
Ի պատասխան՝ Ջոնն ասաց․ «Դե, եթե այդպես է՝ կծառայեմ»։
Ջոնն ասաց ինձ, որ ծառայելու համար արված այդ զոհաբերությունները հոգևոր բեկումնային պահեր էին իր և իր ընտանիքի համար։
Զարմանում եմ, որ երբեմն մենք ունենում ենք անտեսված պահեր, երբ թերանում ենք կոչումներ տալ այն մարդկանց, ովքեր մեր մահկանացու տեսանկյունից անհամապատասխան կամ անարժան են թվում։ Գուցե մենք ավելի շատ մտահոգվում ենք կատարողական հմտությունով, քան առաջընթացի վարդապետությամբ՝ անտեսելով այն փաստը, որ Փրկիչը մեծացնում է անհամապատասխան և անփորձ մարդկանց կարողությունները՝ նրանց ծառայելու հնարավորություններ տալով։
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանում է սուրբգրային այս պնդման կարևորության մասին՝ «թող յուրաքանչյուր [կին և] տղամարդ սովորի [իր] պարտականությունը և գործի անցնի»։ Արդյո՞ք մենք անում ենք դա։ Երբ ղեկավարներն ու ծնողները թույլ են տալիս ուրիշներին սովորել և ինքնուրույն գործել, նրանք բարգավաճում են։ Թեև ավելի հեշտ ճանապարհը կարող է լինել հավատարիմ անդամներին երկրորդ կոչում տալը, ավելի լավ միջոցն է անհավանականներին հրավիրել ծառայելու և թույլ տալ նրանց սովորել և աճել:
Եթե Քրիստոսը ֆիզիկապես այստեղ լիներ, Նա կայցելեր հիվանդներին, կուսուցաներ Կիրակնօրյա դպրոցի դասարանում, կխոսեր վշտաբեկ երիտասարդ կնոջ հետ և կօրհներ երեխաներին։ Նա կարող է անել Իր գործը։ Բայց Նա ապրում է այս սկզբունքով, որպեսզի թույլ տա մեզ սովորել, ուստի Նա մեզ ուղարկում է Իր փոխարեն։
Աստծո գործին մասնակցելու շնորհիվ գալիս է «Տիրոջը [Հիսուս Քրիստոսին] ներկայացնելու և Նրա ավետարանն ուսուցանելու իրավունքը, արտոնությունը և պատասխանատվությունը»։ Երբ մենք ծառայում ենք և մեծարում ոչ թե մեզ, այլ Քրիստոսին, մեր ծառայությունը ուրախության է վերածվում։ Երբ մարդիկ հեռանում են մեր դասարանից, ժողովից, սպասավորության այցից կամ միջոցառումից՝ ավելի շատ հիշելով Քրիստոսին, քան մեզ, աշխատանքը եռանդ է հաղորդում։
Անկեղծորեն ձգտելով ներկայացնել Փրկչին՝ մենք ավելի ենք նմանվում Նրան: Սա լավագույն նախապատրաստությունն է այն սուրբ պահին, երբ մեզանից յուրաքանչյուրը ծնկի կգա և կխոստովանի, որ Հիսուսը Քրիստոսն է, և ես վկայում եմ, որ Նա է, և որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Նրա «ձայն[ն է, որը] գնում է աշխարհի ծայրերը», որը կօգնի մեզ «պատրաստվել այն բանի համար, որը պետք է գա»։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։