2025
Փոխհատուցող օրհնություններ
Մայիս 2025


11:19

Փոխհատուցող օրհնություններ

Թեև կյանքի շատ հանգամանքներ կարող են մեր վերահսկողությունից դուրս լինել, մեզանից ոչ ոք Տիրոջ անսահման օրհնությունների սահմաններից դուրս չէ:

Ծառայելով Նախագահող Եպիսկոպոսությունում՝ ես արտոնություն եմ ունեցել հանդիպելու Վերջին Օրերի Սրբերին ողջ աշխարհի տարբեր վայրերում և մշակույթներում: Ես շարունակ ոգեշնչվել եմ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր մշտական հավատքով ու նվիրվածությամբ: Ես նաև հուզվել եմ ձեզանից շատերի առջև ծառացած տարբեր և, հաճախ, դժվարին հանգամանքներից. այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են՝ հիվանդությունը, հաշմանդամությունը, սահմանափակ ռեսուրսները, ամուսնության կամ կրթության ավելի քիչ հնարավորությունները, ուրիշների կողմից չարաշահումը և այլ սահմանափակումներ ու ճնշումներ: Երբեմն այս փորձությունները կարծես թե խանգարում են ձեր առաջընթացին և մարտահրավեր են նետում ավետարանով լիարժեք ապրելու ձեր իսկական ջանքերին՝ ավելի դժվարացնելով ծառայությունը, երկրպագությունը և սուրբ պարտականությունների կատարումը:

Իմ սիրելի ընկերներ, եթե կյանքում երբևէ հայտնվեք սահմանափակ կամ անբարենպաստ հանգամանքներում, ցանկանում եմ, որ դուք իմանաք սա. Տերը սիրում է ձեզ անձամբ: Նա գիտի ձեր հանգամանքները, և Նրա օրհնությունների դուռը լայնորեն բաց է մնում ձեր առջև՝ անկախ ձեր մարտահրավերներից:

Ես սովորել եմ այս ճշմարտությունը անձնական փորձով, որը, թեև աննշան թվացող, բայց մնայուն տպավորություն է թողել ինձ վրա: 22 տարեկանում, երբ ծառայում էի Ֆրանսիայի ռազմաօդային ուժերում Փարիզում, ես ոգևորվեցի, երբ իմացա, որ երեց Նիլ Ա. Մաքսվելը՝ Տիրոջ առաքյալը, ելույթ է ունենալու համաժողովի ժամանակ՝ Ելիսեյան դաշտերում: Սակայն, միջոցառումից անմիջապես առաջ ես հրաման ստացա ավագ սպային մեքենայով հասցնել օդանավակայան հենց այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենար համաժողովը:

Ես հիասթափված էի: Բայց որոշելով մասնակցել՝ ես իջեցրի սպային և շտապեցի համաժողովի վայրը: Ավտոկայանատեղի գտնելուց հետո ես վազեցի Ելիսեյան դաշտերով՝ մինչև հանդիպման վայրը և շնչակտուր տեղ հասա, երբ հանդիպման ավարտին ընդամենը հինգ րոպե էր մնացել: Հենց որ ներս մտա, լսեցի երեց Մաքսվելի խոսքերը. «Այժմ ես ձեզ առաքելական օրհնություն կտամ»: Այդ պահին ես ունեցա մի գեղեցիկ, անմոռանալի հոգևոր փորձառություն: Ինձ հաղթեց Հոգին, և օրհնության խոսքերը կարծես թափանցեցին իմ հոգու յուրաքանչյուր մանրաթելի մեջ, ասես դրանք նախատեսված էին հենց ինձ համար:

Այն, ինչ ես զգացի այդ օրը, Իր զավակների համար նախատեսված Աստծո ծրագրի մխիթարող առաքելության փոքր, բայց հզոր դրսևորումն էր։ Երբ մեր վերահսկողությունից դուրս հանգամանքները խանգարում են մեզ կատարել մեր սրտի արդար ցանկությունները, Տերը կփոխհատուցի այնպես, որ թույլ կտա մեզ ստանալ Իր խոստացած օրհնությունները:

Այս հուսադրող ճշմարտությունը հիմնված է երեք հիմնական սկզբունքների վրա, որոնք գտնվում են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում.

  1. Աստված կատարելապես սիրում է մեզանից յուրաքանչյուրին: «Նա հրավիրում է [բոլորիս]՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից»։ Նրա փրկագնման ծրագիրը երաշխավորում է, որ բոլորին, առանց բացառության, արդար հնարավորություն կտրվի՝ մի օր ստանալու փրկության և վեհացման օրհնությունները:

  2. Քանի որ Աստված և արդար է, և ողորմած, և Նրա ծրագիրը կատարյալ է, Նա մեզ պատասխանատվության չի ենթարկի այն բաների համար, որոնք մեր վերահսկողությունից դուրս են: Երեց Նիլ Ա. Մաքսվելը բացատրել է, որ «Աստված … ողորմածորեն հաշվի է առնում ոչ միայն մեր ցանկություններն ու մեր կատարումը, այլև դժվարության աստիճանները, որոնք մեր տարբեր հանգամանքները պարտադրում են մեզ»:

  3. Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով մենք կարող ենք ուժ գտնել՝ տոկալու և ի վերջո հաղթահարելու կյանքի բոլոր մարտահրավերները։ Ինչպես Ալման է ուսուցանել, Փրկիչն իր վրա վերցրեց ոչ միայն ապաշխարողների մեղքերը, այլև իր ժողովրդի «ցավերն ու չարչարանքները» և «նրանց թուլությունները»: Ուստի, մեզ մեր սխալներից փրկելուց բացի, Տիրոջ ողորմությունն ու շնորհը մեզ աջակցում են մեր մահկանացու փորձառության կողմից պարտադրված անարդարությունների, թերությունների և սահմանափակումների միջոցով:

Այս փոխհատուցող օրհնությունները ստանալը գալիս է որոշակի պայմաններով: Տերը խնդրում է, որ անենք «ինչ մենք կարող ենք անել» և «[մատուցենք մեր] ողջ հոգիները նրան որպես ընծա»: Սա պահանջում է խոր ցանկություն, անկեղծ ու հավատարիմ սիրտ և մեր առավելագույն ջանասիրությունը՝ Նրա պատվիրանները պահելու և մեր կամքը Նրա կամքին համապատասխանեցնելու համար:

Երբ մեր ջանասեր ջանքերը չեն համապատասխանում մեր ձգտումներին՝ մեր վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով, Տերը դեռ ընդունում է մեր սրտի ցանկությունները՝ որպես արժանի նվիրաբերություն: Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Մենք կօրհնվենք մեր սրտերի արդար ցանկությունների համար, թեև արտաքին որոշ հանգամանքներ մեզ համար անհնարին են դարձրել այդ ցանկությունների իրագործումը»:

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը անհանգստանում էր իր եղբոր՝ Ալվինի համար, որը մահացել էր առանց ավետարանի հիմնական արարողությունները ստանալու, նա ստացավ այս մխիթարական հայտնությունը. «Բոլոր նրանք, ովքեր այսուհետև կմահանան, չունենալով [ավետարանի] գիտելիքը, ովքեր այն կընդունեին իրենց ողջ սրտով, կլինեն [Աստծո] արքայության ժառանգները»։ Ապա Տերը հավելել է․ «Քանզի ես՝ Տերս, կդատեմ բոլոր մարդկանց՝ համաձայն նրանց գործերի, համաձայն նրանց սրտերի ցանկությունների»։

Տիրոջ համար կարևորը ոչ միայն այն է՝ արդյոք մենք կարող ենք, այլ այն՝ արդյոք մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի հետևենք Նրան՝ որպես մեր Փրկչի:

Մի անգամ ընկերը մխիթարեց մի երիտասարդ միսիոների, որը վշտացած էր իր վաղաժամկետ ազատման համար՝ առողջական պատճառներով, չնայած նրա անկեղծ աղոթքներին և ծառայելու անկեղծ ցանկությանը: Այդ ընկերը կիսվեց սուրբ գրությունով, որտեղ Տերը հայտարարել է, որ երբ Իր զավակները «իրենց ողջ կարողությամբ կատարում են այդ գործը» և «չեն թուլացնում իրենց ջանասիրությունը»՝ պահելու Իր պատվիրանները, իսկ «նրանց թշնամիները [որոնք կարող են ներառել մեր կյանքի անբարենպաստ հանգամանքները] խանգարում են նրանց կատարել այդ գործը, ահա, ինձ անհրաժեշտ կլինի այլևս չպահանջել այդ գործն այդ մարդկանց որդիների ձեռքից, այլ ընդունել նրանց ընծաները»:

Իմ ընկերը վկայեց այդ երիտասարդին, որ Աստված գիտեր, որ նա տվել էր իր առավելագույն ջանքերը՝ ծառայելու կանչին պատասխանելիս: Նա վստահեցրեց նրան, որ Տերն ընդունել է իր ընծան, և որ բոլոր հավատարիմ միսիոներներին խոստացված օրհնությունները չեն մերժվի:

Տիրոջ տարբեր օրհնությունները հաճախ գալիս են ուրիշների բարության և ծառայության միջոցով, որոնք օգնում են մեզ իրականացնել այն, ինչ մենք չենք կարող ինքնուրույն անել: Ես հիշում եմ, երբ հեռու էինք Ֆրանսիայում ապրող մեր դուստրերից մեկից, մենք անօգնական էինք զգում, որ չէինք կարող օգնել նրան դժվար ծննդաբերությունից հետո: Այդ նույն շաբաթ Յուտայի մեր ծուխը օգնություն խնդրեց մի մոր համար, որը նոր էր երկվորյակներ ունեցել: Կինս՝ Վալերին, պատրաստակամությամբ կերակուր բերեց նրա համար՝ սրտում աղոթելով և՛ այս նորաթուխ մայրիկի, և՛ մեր կարիքավոր դստեր համար: Շուտով մենք իմացանք, որ Ֆրանսիայի մեր դստեր ծխի քույրերը լուծել էին նրա ընտանիքին սնունդով ապահովելու հարցը: Աստված պատասխանել էր մեր աղոթքներին՝ ուղարկելով Իր հրեշտակներին՝ մխիթարելու, երբ մենք չէինք կարող անել այդ:

Երբ բախվում ենք սահմանափակումների և մարտահրավերների, թող մենք ճանաչենք մեր սեփական օրհնությունները՝ մեր պարգևները, միջոցներն ու ժամանակը, և օգտագործենք դրանք՝ կարիքավորներին ծառայելու համար: Դրանով մենք ոչ միայն կօրհնենք ուրիշներին, այլև բժշկում և փոխհատուցում կհրավիրենք մեր սեփական կյանք:

Ամենահզոր ուղիներից մեկը, որով մենք կարող ենք նպաստել Աստծո տարբեր օրհնություններին, փոխանորդ աշխատանքն է, որը մենք կատարում ենք Տիրոջ տանը՝ մեր նախնիների համար: Երբ մենք արարողություններ ենք կատարում նրանց անունից, ակտիվորեն մասնակցում ենք Տիրոջ փրկության մեծ աշխատանքին՝ օգտագործելով մեր պարգևներն ու կարողությունները՝ օրհնություններ մատուցելու նրանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել դրանք ստանալու իրենց մահկանացու կյանքի ընթացքում:

Սիրառատ ծառայությունը, որը մենք առաջարկում ենք սուրբ տաճարներում, հիշեցնում է մեզ, որ Փրկչի շնորհը տարածվում է գալիք կյանքում: Այնտեղ մեզ կարող են տրվել նոր հնարավորություններ՝ իրականացնելու այն, ինչ չկարողացանք անել այս մահկանացու կյանքում: Խոսելով քույրերի հետ, որոնք դեռ չէին գտել հավերժական ուղեկից, նախագահ Լորենզո Սնոուն սիրով ասել է. «Չկա որևէ Վերջին Օրերի Սուրբ, որը հավատարիմ կյանք ապրելուց հետո մահանալով կկորցնի որևէ բան, քանզի նրան չի հաջողվել անել որոշ բաներ, երբ հնարավորություններ չեն տրվել: Նրանք կունենան բոլոր օրհնությունները, վեհացումն ու փառքը, որ կունենա ցանկացած տղամարդ կամ կին, որը կունենա այս հնարավորությունը»:

Հույսի և մխիթարության այս ուղերձը բոլորիս՝ Աստծո զավակներիս համար է: Մեզանից ոչ ոք չի կարող խուսափել մահկանացու կյանքի մարտահրավերներից և սահմանափակումներից: Ի վերջո, մենք բոլորս ծնվել ենք մեզ փրկելու ներհատուկ անկարողությամբ: Տակավին, մենք ունենք սիրառատ Փրկիչ, և «մենք գիտենք, որ [Նրա] շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»։

Ես վկայում եմ, որ թեև կյանքի շատ հանգամանքներ կարող են մեր վերահսկողությունից դուրս լինել, մեզանից ոչ ոք Տիրոջ անսահման օրհնությունների սահմաններից դուրս չէ: Իր քավող զոհաբերության միջոցով Փրկիչը կփոխհատուցի յուրաքանչյուր անկարողության և անարդարության համար, եթե մենք մեր ողջ հոգիները մատուցենք Նրան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: