Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին
Մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներ ենք և ձգտում ենք՝ թե ստանալ, թե կիսվել Նրա լույսով։
Նախաբան
Արտերկրում երկարատև հանձնարարության ավարտից հետո ես և կինս՝ Լիսան, մտանք օդանավակայանի տերմինալ՝ պատրաստվելով ևս մեկ գիշերային թռիչքի` տուն վերադառնալու համար։ Երբ կանգնած էինք երկար հերթում, մի-մի քայլ առաջանալով, մենք զգում էինք մեզ հետ ճամփորդողների աճող անհանգստությունը, որոնք մտահոգված էին իրենց թռիչքի, վիզայի և անձնագրային հսկողության ու անվտանգության ստուգման կետերը հաջողությամբ անցնելու մասին։
Վերջապես մենք հասանք մի խցիկի, որտեղ նստած մաքսատան աշխատակիցը կարծես մտահոգված չէր սենյակում տիրող սթրեսի և անհանգստության բարձր մակարդակով։ Համարյա ինքնաբերաբար՝ առանց մեզ նայելու, նա վերցրեց իմ փաստաթղթերը, ստուգեց նկարը, թերթեց էջերը և կնիք դրեց անձնագրիս մեջ։
Այնուհետև նա վերցրեց Լիսայի փաստաթղթերը։ Առանց էմոցիաների, գլուխը կախ և իր աշխատանքի վրա կենտրոնացած՝ նա մեթոդաբար թերթեց և ուսումնասիրեց էջերը՝ փորձառու աչքով կենտրոնանալով իր առջև դրված փաստաթղթերի մանրամասների վրա։ Մենք մի տեսակ զարմացանք, երբ նա հանկարծ կանգ առավ, բարձրացրեց գլուխը և խոհուն ու մեղմ հայացքով նայեց Լիսային։ Քնքուշ ժպիտով՝ նա նրբորեն կնիք դրեց Լիսայի անձնագրի մեջ և վերադարձրեց փաստաթղթերը։ Կինս ժպտաց նրան ի պատասխան, վերցրեց փաստաթղթերը և հրաժեշտի ջերմ խոսքեր ասաց։
«Ի՞նչ պատահեց հենց նոր»։ Հարցրի ես թերահավատորեն։
Եվ Լիսան ցույց տվեց ինձ այն, ինչ տեսել էր աշխատակիցը՝ մի փոքրիկ քարտ, որի վրա պատկերված էր Փրկիչը։ Այն պատահաբար ընկել էր Լիսայի դրամապանակից անձնագրի մեջ։ Դա էր գտել մաքսատան աշխատակիցը։ Դա էր փոխել նրա ողջ պահվածքը։
Շնորհ և ճշմարտություն, Սայմոն Դյու, altusfineart.com, © 2025, թույլտվությամբ
Փրկչի այս փոքր նկարը միացրեց երկու կատարելապես անծանոթ մարդկանց սրտերը։ Եվ օտարին փոխակերպեց հարազատի՝ արտահայտելով Հիսուս Քրիստոսի լույսի գեղեցկությունը, հրաշքը և իրականությունը։ Օրվա մնացած ժամերի ընթացքում և այդ օրվանից ի վեր ես զարմանքով խորհել եմ այդ քաղցր ու պարզ ակնթարթի շուրջ և ցնծացել եմ Աստծո զավակների վրա Քրիստոսի լույսի փառահեղ ազդեցությամբ։
Մենք խոսում ենք Քրիստոսի մասին
Մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներ ենք և ձգտում ենք՝ թե ստանալ, թե կիսվել Նրա լույսով։ Եկեղեցու անվան մեջ ակնարկված է մեր աստվածաբանությունը, որ եկեղեցու «անկյունաքարը Քրիստոսն է»։ Հնագույն և ապրող մարգարեների միջոցով մեր Երկնային Հայրը պատվիրել է մեզ «Լս[ել] Նրան» և «գա[լ] Քրիստոսի մոտ»։ «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին [և] մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին»։
Մենք քարոզում ենք, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ Իր երկրային ծառայության ժամանակ Հիսուսն ուսուցանել է Իր ավետարանը և հիմնադրել Իր Եկեղեցին։
Մենք վկայում ենք, որ Իր կյանքի վերջում Հիսուսը քավեց մեր մեղքերը, երբ տառապեց Գեթսեմանիի պարտեզում խաչվեց խաչի վրա, ապա հարություն առավ։
Մենք հրճվում ենք, որ Փրկչի քավիչ զոհաբերության շնորհիվ կարող ենք ներվել և մաքրվել մեր մեղքերից, երբ ապաշխարենք: Սա մեզ խաղաղություն և հույս է պարգևում և հնարավորություն տալիս վերադառնալ Աստծո ներկայություն և ստանալ ուրախության լիությունը:
Մենք մարգարեանում ենք, որ Հիսուսի հարության շնորհիվ մահը վերջը չէ, այլ կարևոր քայլ է դեպի առաջ։ «Մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդու հոգին և մարմինը կվերամիավորվեն և կապրեն հավերժ»:
Եկեք Քրիստոսի մոտ
Մեր օրերի ապրող մարգարեները, որոնք հայտնություն են ստանում Աստծուց՝ մեզ սովորեցնելու և ուղղորդելու համար, շարունակաբար հրավիրում են մեզ գալ Քրիստոսի մոտ։ Նրանք օգնում են մեզ լիովին կենտրոնացնել մեր սրտերը, աչքերն ու ականջները Նրա վրա։ Կարելի է մեջբերել Առաջին Նախագահության կողմից հայտարարված բազմաթիվ փոփոխությունների և բարելավումների օրինակներ, որոնց նպատակն է կենտրոնացնել մեզ Հիսուս Քրիստոսի վրա։ Դրանցից մի քանիսը ներառում են.
-
«Մորմոնների եկեղեցի» անունն այլևս չօգտագործելու որոշումը՝ փոխարինելով այն ճիշտ անվանումով, որն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։
-
Հավաքատներում ցուցադրելու համար՝ նոր, Քրիստոսի թեմաներով ոգեշնչված նկարների հասանելիությունը։
-
Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության քվորումի կարգախոսների և երգերի կենտրոնացումը Հիսուս Քրիստոսի վրա, ինչպիսիք են՝ «Աշակերտը Քրիստոսի» և «Նայեք Քրիստոսին»։
-
Ավելի մեծ շեշտադրումը Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության՝ որպես պատմության ամենափառահեղ իրադարձությունների վրա։
-
Սուրբ Զատիկի տոնակատարությունը որպես տոնաշրջան, այլ ոչ միայն մեկ օր՝ շեշտը դնելով Հիսուս Քրիստոսի վրա։
-
Հիսուս Քրիստոսի Եկեղեցու տեսողական բնութագրիչի ներմուծումը և դրա խորհրդանշական բնույթը։
Եկեք ավելին ուսումնասիրենք սրանցից մի քանիսի ազդեցության մասին։ Առաջինը՝ Եկեղեցու խորհրդանիշը։
Եկեղեցու խորհրդանիշը
2020 թվականին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացրեց Եկեղեցու նոր տեսողական բնութագրիչը։ Այս խորհրդանիշն արտահայտում է այն ճշմարտությունը, որ Քրիստոսն Իր եկեղեցու կենտրոնում է և պետք է լինի մեր կյանքի կենտրոնում։ Այժմ մենք տեսնում ենք այս ծանոթ խորհրդանիշը տաճարային երաշխավորագրերի վրա, Եկեղեցու կայքերում, ամսագրերում, Ավետարանի գրադարան հավելվածի պատկերակի վրա և անգամ զինված ուժերում ծառայող Եկեղեցու անդամների զինվորական անվանապիտակների վրա։ Խորհրդանիշը ներառում է Եկեղեցու անվանումն անկյունաքարի մեջ, որը հիշեցում է այն, որ Հիսուս Քրիստոսն իսկապես անկյունաքարն է։ Այստեղ ներկայացված է կամբոջերենով և օգտագործվում է 145 լեզուներով:
Խորհրդանիշի կենտրոնում Բերտել Տորվալդսենի՝ սիրված Քրիստուս մարմարե արձանի պատկերն է, որը մեծապես կապված է Եկեղեցու հետ, և որը կարելի է գտնել այցելուների կենտրոններում և տաճարների տարածքում՝ ամբողջ աշխարհում։ Եկեղեցու խորհրդանիշի վրա Նրա աչքի ընկնող դիրքը ենթադրում է, որ Քրիստոսը պետք է լինի մեր բոլոր գործերի կենտրոնը։ Նմանապես, Փրկչի առաջ պարզած ձեռքերը խորհրդանշում են Նրա խոստումը՝ ընդունել բոլորին, ովքեր կգան Իր մոտ։ Այս խորհրդանիշը Փրկիչ Հիսուս Քրիստոսի սիրո տեսողական պատկերումն է և կենդանի Քրիստոսի մշտական հիշեցումը։
Հետաքրքրությունից ելնելով՝ ես հարցրել եմ շատ հարազատների և ընկերների Եկեղեցու խորհրդանիշի մի կարևոր տարրի մասին։ Զարմանալիորեն շատերը չգիտեն դրա սրբազան առանձնահատկության մասին։ Հիսուս Քրիստոսը կանգնած է կամարի տակ։ Դա խորհրդանշում է հարություն առած Փրկչին՝ գերեզմանից դուրս գալիս։ Մենք իսկապես փառաբանում ենք հարություն առած, կենդանի Քրիստոսին՝ անգամ Եկեղեցու խորհրդանիշն օգտագործելիս։
Ավելի վեհ և ավելի սուրբ Զատիկ
Այժմ եկեք խորհենք Զատիկի կարևորության մասին։ Զատիկին վերաբերող վերջին ուղերձներում Առաջին Նախագահությունը հրավիրել է, որ մենք «փառաբանենք կենդանի Փրկչի հարությունը՝ ուսումնասիրելով Նրա ուսմունքները և օգնելով հաստատել Զատիկի ավանդույթները մեր հասարակության մեջ, հատկապես մեր ընտանիքներում»: Կարճ ասած՝ մեզ խրախուսել են Զատիկը դարձնել ավելի վեհ և ավելի սուրբ տոնակատարություն։
Ես սիրում եմ Զատիկի վերաբերյալ շարունակական հայտնությունները և բավարարված եմ Զատիկը ավելի վեհ և ավելի սուրբ իրադարձություն դարձնելու ձեր բազմաթիվ ջանքերով։ Զատիկի կիրակի օրը մեկ ժամ տևողությամբ հաղորդության ժողով անցկացնելուց բացի, արժանի միջոցառումների այլ օրինակներ են՝ ծխի և ցցի հոգևոր ժամերը և միջոցառումները Ծաղկազարդի կիրակի օրը, ինչպես նաև Ավագ շաբաթվա ընթացքում: Այս տոնակատարությունները ներառում են միջոցառումներ երեխաների և երիտասարդների համար, հաճախ նաև՝ միջկրոնական երգչախմբեր։ Ոմանք բաց դռների օր են անցկացրել անդամների և ընկերների համար «Կենդանի Քրիստոսը» թեմայով և մասնակցել բազմադավան համայնքի Զատիկի միջոցառումներին։
Նման միջոցառումներն արտացոլում են Երուսաղեմ քաղաքի բազմությունները, որոնց ձայները համախմբված գովաբանում էին Փրկչին՝ Իր հաղթական մուտքի ժամանակ։ Նույնքան տպավորիչ են նաև Առաջին Նախագահության հրավերին հետևելու ձեր արձագանքները՝ ընտանիքներով երկրպագել տանը՝ ոգեկոչելու այս կարևորագույն տոնը։
Կարծում եմ, որ Զատիկի ընտանեկան երկրպագությունը նշանակալիորեն աճել է։ Երկու տարի առաջ ես խոսեցի մեր ընտանիքի վճռականության մասին՝ բարելավելու Զատիկը պատվելու եղանակը։ Պետք է խոստովանեմ, որ դա դեռ ընթացքի մեջ է։ Մենք միշտ վայելել ենք Զատիկի կիրակնօրյա հատուկ ընթրիքը, Զատիկի զամբյուղները և ձվերի որսը, և շարունակում ենք դա անել։ Սակայն, մեր տոնակատարությանը միտումնավոր հոգևոր հարթակ ավելացնելը, որը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի և Նրա քավության վրա, քաղցր հավասարակշռություն է բերել այս ամենասուրբ իրադարձությունների տոնակատարությանը։
Այս տարի մենք երրորդ անգամ կփորձենք ավելի քրիստոսակենտրոն դարձնել Զատիկը։ Ինչպես Սուրբ Ծնունդի ժամանակ, մեր ընտանիքը կկատարի Զատիկի բեմականացում՝ պարզ հանդերձներով, կներառենք նաև սուրբ գրությունների ընթերցանություն Նոր Կտակարանից և Մորմոնի Գրքից, երաժշտություն, Զատիկի նկարներ, արմավենու ճյուղեր և մի քիչ էլ քաոս, եթե անկեղծ լինեմ։ Երեխաներն ու թոռները, ովքեր կարդում և արտասանում են Ծաղկազարդի կիրակի օրվա գովերգերը «Օվսաննա … Օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անունով, Օվսաննա բարձունքներում» և «Սա է Հիսուսը… Գալիլեայի» խոսքերն այնքան տեղին կթվան, որքան «երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» խոսքերը Գեթսեմանիում։
Այժմ մենք ունենք տարբեր զարդարանքներ։ Այն, ինչ ժամանակին գրեթե բացառապես ճագարներ և Զատիկի ձվեր էին, այժմ հավասարակշռված են Քրիստուս արձանով և նկարներով, որտեղ պատկերված են դատարկ գերեզմանը, հարություն առած Փրկիչը գերեզմանից դուրս՝ Պարտեզում հայտնվելիս և Փրկիչը՝ նեփիացիներին հայտնվելիս։ Մենք նաև ձգտում ենք Զատիկը դարձնել տոնաշրջան՝ մեկ օրվա տոնակատարության փոխարեն։ Մենք փորձում ենք ավելին իմանալ Ծաղկազարդի և Ավագ ուրբաթի մասին, ավելի շատ խորհել դրանց շուրջ և տոնել այդ սրբազան իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Ավագ շաբաթվա ընթացքում։
Սուրբ Զատիկը հնարավորություն է տալիս պատվել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը և Նրա բառացի և բերկրալի Հարությունը։ Ծանր սրտով՝ մենք պատկերացնում ենք Փրկչի տառապանքը պարտեզում և Գողգոթայի վրա, բայց մեր սրտերն ուրախանում են, երբ պատկերացնում ենք դատարկ գերեզմանը և երկնային հրամանագիրը՝ «Նա հարություն է առել»։
Բառացի հարություն
Առաջին նախագահության վերջերս տված հորդորը՝ «անհամբերությամբ սպասել Զատիկին և Հիսուս Քրիստոսի Հարությանը, որը մարդկությանն ուղղված ամենափառահեղ ուղերձն է», ընդգծում է այս տոնաշրջանի մեծությունը։ Թեև տարբեր քրիստոնյա աստվածաբանների շրջանում աճում է հարությունը փոխաբերական և խորհրդանշական տեսանկյունից դիտարկելու միտումը, մենք հաստատում ենք մեր վարդապետությունը․ «Քրիստոսի հարությունը նշանակում է, որ բոլոր մարդիկ, ովքեր երբևիցե ապրել են, հարություն կառնեն, և հարությունը բառացի է»։ «Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան»։ Հիսուս Քրիստոսը քանդել է մահվան կապանքները յուրաքանչյուր ապրող հոգու համար։
Մենք իսկապես մնում ենք զարմացած Հիսուսի մեծ շնորհից։ Մենք ընդունում ենք Նրա խոսքերը, որ «ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար»:
Ք․ Ս․ Լուիսն ասել է, որ «[Առաքյալների] համար քրիստոնեություն քարոզելն առաջին հերթին նշանակում էր Հարություն քարոզել։ … Գործք Առաքելոց գրքի յուրաքանչյուր քրիստոնեական քարոզ Հարության մասին է։ Հարության և դրա հետևանքների մեջ էր «ավետարանը», ավետիքը, որը Քրիստոսը բերել էր։
Ես հռչակում եմ, որ «կա հարություն, … գերեզմանը հաղթանակ չունի, և մահվան խայթը կուլ է գնացել Քրիստոսում»:
Եզրափակում և վկայություն
Եզրափակելով՝ ես վկայում եմ, որ բոլոր նրանք, ովքեր կընդունեն մեր ապրող մարգարեի և իր խորհրդականների հրավերները՝ ավելի նպատակաուղղված հիշելու Զատիկի սուրբ տոները, ավելի շատ կամրացնեն իրենց կապը Հիսուս Քրիստոսի հետ։
Մի քանի օր առաջ ես լսեցի մի տատիկի մասին, որը Զատիկի պատմությունն էր պատմել իր չորս տարեկան թոռնիկին՝ օգտագործելով գերեզմանի, այն փակող քարի, Հիսուսի, Մարիամի, աշակերտների և հրեշտակի պարզ արձանիկներ։ Փոքրիկ տղան ուշադրությամբ նայել և լսել էր, թե ինչպես էր տատիկը պատմում թաղման, գերեզմանի փակման, բացման ու Հարության պատմությունը։ Ավելի ուշ այդ տղան զգուշորեն կրկնեց պատմությունը զարմանալի մանրամասներով՝ ինքնուրույն շարժելով արձանիկները։ Այդ քաղցր պահից հետո նրան հարցրին՝ արդյոք նա գիտի, թե ինչու ենք նշում Զատիկը։ Տղան վեր նայեց և մանկական պարզ տրամաբանությամբ պատասխանեց՝ «Որովհետև Նա ապրում է»։
Ես ավելացնում եմ իմ վկայությունը նրա, ձեր, հրեշտակների և մարգարեների վկայություններին, որ Նա հարություն է առել և Նա ապրում է, որի մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։