Աստծո սերը
Ես ուրախությամբ վկայում եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը Աստծո սերն է։ Նրա սերը մեր հանդեպ կատարյալ է, անձնական և հավերժական:
Մի ամառ հեռավոր վայրում ճամփորդելիս մեր ընտանիքը մի գիշեր անցկացրեց դրսում՝ անամպ երկնքի տակ։ Մեր վերևում հստակ երևում էր հոյակապ Ծիր Կաթինը, որը լցված էր անհամար աստղերով և ժամանակ առ ժամանակ՝ ընկնող աստղերով։ Մինչ հիանում էինք Աստծո ստեղծագործության վեհությամբ, մենք ակնածանքով զգացինք մեր կապը Նրա հետ։ Մեր փոքր երեխաները, որոնք մեծացել էին Հոնկոնգում, նախկինում երբեք նման բան չէին տեսել։ Նրանք միամտաբար հարցրին, թե արդյոք մենք ապրում ենք նույն երկնքի տակ Հոնկոնգում։ Ես փորձեցի բացատրել նրանց, որ դա նույն երկինքն է, բայց օդի և լույսի աղտոտվածությունը, որտեղ մենք ապրում էինք, թույլ չէր տալիս մեզ տեսնել այդ աստղերը, չնայած որ դրանք կային։
Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ․ «Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է»։ Մինչ ապակողմնորոշող շեղումները և աշխարհիկ գայթակղությունները փակում են մեր հոգևոր տեսլականը, երբ մենք հավատք ենք գործադրում Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք հավաստիանում ենք, որ Նրանք իրական են և մտահոգվում են մեզ համար:
Մորմոնի Գրքում Լեքի մարգարեն տեսավ «մի ծառ, որի պտուղը բաղձալի էր՝ մարդուն երջանիկ դարձնելու համար» և «ամենաքաղցրն էր բոլորից»: Երբ նա ճաշակեց պտուղը, նրա հոգին լցվեց մեծ ուրախությամբ, և նա փափագեց, որ իր ընտանիքը նույնպես ճաշակեր այն։ Մենք սովորում ենք, որ այս ծառը խորհրդանշում է «Աստծո սերը», և Լեքիի նման, մենք նույնպես կարող ենք վկայություն ստանալ Աստծո մասին և լցվել ուրախությամբ, երբ հրավիրում ենք Նրան մեր կյանք:
Հիսուս Քրիստոսը մարմնավորում է Երկնային Հոր սերը մեր հանդեպ: Իր քավիչ զոհաբերության միջոցով Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերը և խոշտանգվեց մեր անօրինությունների համար։ Նա անձնապես կրեց մեր ցավերը և Իր վրա վերցրեց մեր վշտերը՝ տանելով չարչարանքներ: Նա ուղարկում է Սուրբ Հոգին մեզ մխիթարելու համար, և Հոգու պտուղները ներառում են ուրախություն, խաղաղություն և հավատք, որոնք լցնում են մեզ հույսով և սիրով։
Թեև Աստծո սերը հասանելի է բոլորին, շատերն անկեղծորեն փնտրում են այն, իսկ մյուսները ցանկանում են զգալ Աստծո սերը, բայց չեն հավատում, որ արժանի են դրան։ Ոմանք էլ հուսահատորեն փորձում են շարունակ զգալ այն։ Սուրբ գրությունները և Տիրոջ մարգարեն ուսուցանում են մեզ, որ մենք կարող ենք մշտապես զգալ Աստծո սերը, երբ Հիսուս Քրիստոսի շնորհով մենք հաճախակի ապաշխարում ենք, անկեղծորեն ներում ենք, ձգտում ենք պահել Նրա պատվիրանները և անշահախնդրորեն ծառայում ենք ուրիշներին: Մենք զգում ենք Աստծո սերը, երբ անում ենք այնպիսի բաներ, որոնք մեզ ավելի են մոտեցնում Նրան, օրինակ՝ ամեն օր հաղորդակցվում ենք Նրա հետ աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով, դադարում ենք լինել հպարտ, կռվարար և ըմբոստ, որը մեզ հեռացնում է Նրանից։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է մեզ «Փրկչի օգնությամբ հեռացնել հին աղբը մեր կյանքից» և «մի կողմ թողնել դառնությունը»։ Նա քաջալերել է մեզ ամրապնդել մեր հոգևոր հիմքերը՝ մեր կյանքը կենտրոնացնելով Փրկչի վրա և Նրա տաճարի արարողությունների և ուխտերի վրա»։ Նա խոստացել է, որ «երբ պահում ենք մեր տաճարային ուխտերը, Տիրոջ զորացնող զորությունն ավելի հասանելի է դառնում մեզ։ … Մենք առատորեն զգում ենք Հիսուս Քրիստոսի և մեր Երկնային Հոր մաքուր սերը»։
Ես ունեմ մի ընկեր, որը օրհնված էր գեղեցիկ ընտանիքով և խոստումնալից կարիերայով։ Դա փոխվեց, երբ հիվանդության պատճառով նա կորցրեց աշխատելու իր ունակությունը, որին հաջորդեց ամուսնալուծությունը։ Դրանից հետո դժվար է եղել, բայց նրա սերը իր երեխաների և Աստծո հետ կնքած ուխտերի հանդեպ հենարան է եղել նրա համար։ Մի օր նա իմացավ, որ իր նախկին կինը կրկին ամուսնացել է և խնդրել է չեղյալ համարել իրենց տաճարային ամուսնության կնքումը։ Նա անհանգստացած էր և շփոթված։ Նա փորձեց խաղաղություն և հասկացողություն գտնել Տիրոջ տանը։ Նրա այցելության հաջորդ օրը ես նրանից ստացա հետևյալ հաղորդագրությունը․
«Ես երեկ երեկոյան հրաշալի փորձառություն ունեցա տաճարում։ Կարծում եմ, ակնհայտ էր, որ ես դեռ բավականին վրդովված էի։ .… Ես գիտեի, որ պետք է փոխվեմ, և ամբողջ շաբաթ աղոթում էի դա անելու համար։ .… Անցած երեկոյան տաճարում իսկապես զգացի, որ Հոգին հեռացնում էր վրդովմունքն իմ սրտից։ .… Դրանից ազատվելը մեծ թեթևացում էր։ .… Ինձ վրա ծանրացած սարսափելի ֆիզիկական բեռը վերցվել է»։
Չնայած ընկերս դեռ ունի իր մարտահրավերները, նա գնահատում է այդ փորձառությունը Տիրոջ տանը, որտեղ Աստծո սիրո ազատագրող ուժն օգնել է նրան ավելի մոտ զգալ Աստծուն, ավելի լավատես լինել կյանքի հանդեպ և ավելի քիչ անհանգստանալ իր ապագայի համար։
Երբ մենք զգում ենք Աստծո սերը, կարող ենք կրել մեր բեռը հեշտությամբ և ուրախությամբ ու համբերատարությամբ ենթարկվել Նրա կամքին։ Մենք վստահ ենք, որ Աստված կհիշի Իր ուխտերը մեզ հետ, կայցելի մեզ մեր չարչարանքների մեջ և կազատի մեզ գերությունից: Մենք նաև կցանկանանք կիսվել մեր զգացած ուրախությամբ մեր ընտանիքի և սիրելիների հետ: Լեքիի ընտանիքի նման, յուրաքանչյուր մարդ ունի ազատ կամք՝ ընտրելու ճաշակել պտղից, թե ոչ, բայց մեր հնարավորությունն է սիրել, կիսվել և հրավիրել այնպես, որ նրանք, ում սիրում ենք, կարողանան զգալ Աստծո սերը։
Որպեսզի օգնենք ուրիշներին զգալ Աստծո սերը, մենք պետք է մեր մեջ զարգացնենք այնպիսի քրիստոսանման հատկանիշներ, ինչպիսիք են խոնարհությունը, գթությունը, կարեկցանքն ու համբերությունը, և օգնենք ուրիշներին դառնալ դեպի Փրկիչը՝ հետևելով Աստծուն սիրելու և մերձավորներին սիրելու երկու մեծ պատվիրաններին:
Մեր որդիներից մեկը պատանեկության տարիներին դժվարություններ ուներ մյուսների կողմից ընդունված լինելու և ինքնագնահատականի հետ։ Ես ու կինս աղոթում էինք, որ իմանանք, թե ինչպես օգնել նրան, և մենք պատրաստ էինք անել այն, ինչ Տերը կցանկանար, որ անենք։ Մի օր ես հուշում ստացա՝ հարցնել իմ երեցների քվորումի նախագահին, թե արդյոք նա գիտի կարիքի մեջ գտնվող որևէ մեկին, ում ես կարող էի այցելել որդուս հետ։ Մի փոքր մտածելուց հետո, նա խնդրեց մեզ այցելել առողջական լուրջ խնդիրներ ունեցող մի կնոջ և ճյուղի նախագահի թույլտվությամբ ամեն շաբաթ հաղորդություն տալ նրան։ Ես ուրախ էի, բայց նաև մտահոգված էի, թե ինչպես որդիս կարձագանքի ամեն շաբաթ այս պարտավորությունը կատարելուն։
Մեր առաջին այցի ժամանակ մենք խոր կարեկցանք զգացինք այս սիրելի կնոջ հանդեպ, քանի որ նա մշտական ցավեր ուներ։ Նա շատ երախտապարտ էր հաղորդության համար, և մենք հաճույքով այցելեցինք նրան և նրա ամուսնուն։ Մի քանի այցելություններից հետո՝ մի կիրակի բացակայում էի և չկարողացա ուղեկցել որդուս, բայց հիշեցրի մեր հանձնարարության մասին։ Երբ տուն վերադարձա, անհամբերությամբ սպասում էի, որ իմանամ, թե ինչպես անցավ այցը։ Որդիս պատասխանեց, որ չի կարծում, որ իր դասընկերներն այսպիսի լավ բաներ անելու հնարավորություն են ստանում։ Նա մանրամասնեց՝ ասելով, որ իր հետ տարել է եղբորը՝ օգնելու, և հաղորդության սպասավորումը լավ է անցել, բայց այս սիրելի քույրը տխուր է եղել շաբաթվա ընթացքում, քանի որ ընկերներին հրավիրել է իր տուն՝ ֆիլմեր դիտելու, բայց նրա տեսանվագարկիչը չէր աշխատում։ Որդիս ասաց, որ փնտրել է համացանցում, գտել խնդիրը և անմիջապես շտկել այն։ Նա իրեն օգտակար էր զգում ու երջանիկ, որ իրեն վստահվել էր անել մի բան, որը կուրախացներ այդ քրոջը։ Նա զգացել էր Աստծո սերը իր հանդեպ:
Եթե կյանքը դժվար է, չնայած ձեր լավագույն ջանքերին, եթե զգում եք, որ ձեր աղոթքները չեն լսվում, կամ եթե չեք զգում Աստծո սերը, խնդրում ենք՝ իմացեք, որ ձեր բոլոր ջանքերը կարևոր են, և որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն, լսում ու սիրում են ձեզ:
Մի անգամ, երբ Փրկչի աշակերտները նավակում էին, և այն «ալիքներից տարուբերվում էր», Նա քայլեց դեպի նրանց ջրի վրայով և վստահեցրեց նրանց՝ ասելով. «Քաջալերվեք, ես եմ, մի վախեցեք»։ Երբ Պետրոսն ուզում էր քայլել դեպի Փրկիչը ջրի վրայով, Հիսուսը կանչեց նրան՝ ասելով. «Ե՛կ»։ Եվ երբ Պետրոսը շեղեց իր ուշադրությունը և սկսեց սուզվել, Փրկիչն իսկույն մեկնեց Իր ձեռքը, որ բռնի նրան, և առաջնորդեց նրան ապահով տեղ՝ ասելով. «Թերահավատ, ինչո՞ւ երկմտեցիր»։
Երբ քամիները մեզ hակառակ են փչում, պատրա՞ստ ենք ուրախ ու համարձակ լինել: Ինչպե՞ս կարող ենք հիշել, որ Փրկիչը չի լքում մեզ և մեզ մոտ է, միգուցե, այնպիսի միջոցներով, որոնք մենք դեռ չենք տեսնում։ Պատրա՞ստ ենք հավատքով դիմել Նրան, հատկապես, երբ մեր ճանապարհը անհնար է թվում: Եվ ինչպե՞ս է Նա մեզ ապահով տեղ տանում, երբ մենք ծայրահեղ դժվար իրավիճակի մեջ ենք: Ինչպե՞ս կարող ենք հավատարմորեն նայել Նրան բոլոր մտորումներում՝ առանց կասկածի և վախի։
Եթե ցանկանում եք ավելի առատորեն զգալ Աստծո սերը ձեր կյանքում, թույլ տվեք հրավիրել ձեզ հաշվի առնել հետևյալը․
-
Առաջին՝ հաճախ կանգ առեք, որպեսզի հիշեք, որ դուք Աստծո զավակ եք, և մտածեք այն բաների մասին, որոնց համար երախտապարտ եք:
-
Երկրորդ՝ ամեն օր աղոթեք՝ խնդրելով Երկնային Հորը օգնել ձեզ իմանալ, թե ձեզ շրջապատող մարդկանցից ով Նրա սերը զգալու կարիք ունի։
-
Երրորդ՝ անկեղծորեն հարցրեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք այդ անհատին զգալ Աստծո սերը։
-
Եվ չորրորդ՝ անհապաղ գործեք համաձայն ձեր ստացած ոգեշնչման։
Եթե մենք հետևողականորեն աղոթենք և խնդրենք ուրիշների համար, Աստված մեզ ցույց կտա այն մարդկանց, ում կարող ենք օգնել։ Եվ եթե մենք գործենք անհապաղ, մենք կարող ենք դառնալ այն միջոցը, որով Նա պատասխանում է նրանց աղոթքներին: Այդպես անելով՝ ժամանակի ընթացքում կստանանք մեր աղոթքների պատասխանները և կզգանք Աստծո սերը մեր կյանքում։
Մի քանի ամիս առաջ, երբ ճամփորդում էինք Վիետնամում, ես ու կինս ինքնաթիռով թռչում էինք ուժեղ փոթորիկի ժամանակ։ Փոթորիկն ուժեղ էր, և մեր պատուհանից երևում էին մութ ամպեր, հորդառատ անձրև ու կայծակներ։ Երկար ու անկայուն վերելքից հետո մեր ինքնաթիռը վերջապես բարձրացավ փոթորկի ամպերից վեր, և բացվեց այս փառահեղ տեսարանը։ Մենք ևս մեկ անգամ հիշեցինք մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և զգացինք Նրանց մեծ սերը մեր հանդեպ:
Սիրելի ընկերներ, որպես մեկը, ով զգացել է Աստծո սերը, ես ուրախությամբ վկայում եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը Աստծո սերն է: Նրա սերը մեր հանդեպ կատարյալ է, անձնական և հավերժական: Երբ մենք հավատարմորեն հետևում ենք Նրան, թող լցվենք Նրա սիրով և լինենք փարոս, որն առաջնորդում է ուրիշներին դեպի Նրա սերը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: