Զգուշացեք երկրորդ գայթակղությունից
Մի թաքնվեք նրանցից, ովքեր կսիրեն և կաջակցեն ձեզ, հակառակը՝ շտապեք նրանց մոտ։
Մի քանի տարի առաջ, երբ ես դարձա 12 տարեկան, ինձ հրավիրեցին մասնակցելու Ահարոնյան քահանայության քվորումի իմ առաջին ճամբարին՝ գիշերակացով։ Դա երկար սպասված հրավեր էր, քանի որ հայրս քվորումի ղեկավար էր և հաճախ էր ճամբար գնում ծխի տղաների հետ, մինչ ես մնում էի տանը։
Երբ օրը եկավ, ես ոգևորված էի։ Եվ պետք է խոստովանեմ, որ շատ էի ուզում հետ չմնալ մեծ տղաներից։ Ես մտադիր էի ապացուցել, որ կարող եմ։ Այդ ջանքերի առումով շատ ժամանակ չանցած՝ ես փորձվեցի, թե արդյոք կմերվեմ խմբի հետ, մասնակցելով մի նախաձեռնության։
Իմ հանձնարարությունն էր՝ վերցնել հորս մեքենայի բանալիները, որպեսզի կատակ անեինք ղեկավարների հետ։ Ես հստակ չեմ հիշում, թե ինչ ասացի հորս համոզելու համար, բայց շուտով վազեցի տղաների մոտ՝ բանալիները ձեռքիս, հպարտանալով իմ ձեռքբերումով։
Այժմ հաջորդ հանձնարարության հերթն էր։ Ես պետք է բացեի մեքենայի դուռը և մի փայտ ամրացնեի վարորդի նստատեղի և մեքենայի ազդանշանի միջև։ Եվ պետք է կողպեի դուռը, որպեսզի այդ երեկոյան ժամին ազդանշանն աշխատեր, բայց հնարավոր չլիներ ղեկավարներին մուտք գործել և հեռացնել ինքնաշեն սարքը։
Այստեղ պատմությունը ցավալիորեն ամոթալի է դառնում ինձ համար։ Երբ փայտն ամրացրի և դուռը կողպեցի, վազեցի որքան կարող էի արագ, որպեսզի թաքնվեմ մոտակա թփերի հետևում։ Երբ կռացա գետնի վրա, ուժեղ ցավ զգացի։ Մթության մեջ և իմ շտապողականության պատճառով ես նստել էի փշոտ կակտուսի վրա։
Հնչող ազդանշանի բարձր ձայնը խլացրեց ցավից արձակած իմ ճիչերը, և ես այլ ելք չունեի, բացի մեքենայի մոտ վերադառնալուց, «մեղքերս» խոստովանելուց և ամոթով բժշկական օգնություն խնդրելուց։
Այդ գիշերվա մնացած մասը ես փորի վրա պառկած անցկացրի վրանում, մինչ հայրս աքցանով հեռացնում էր կակտուսի փշերը իմ … դե լավ, թույլ տվեք միայն ասել, որ դրանից հետո մի քանի օր հանգիստ չէի նստում։
Ես հաճախ եմ վերհիշում այդ պատմությունը։ Այժմ ինձ մոտ ծիծաղ է առաջացնում երիտասարդ տարիներին գործած այդ հիմարությունը, թեև ես սովորեցի որոշ հիմնարար սկզբունքներ։
Բնական մարդիկ շատ անգամ նույն վարքագիծն են դրսևորում՝ հարմարվելու և մյուսներից հետ չմնալու ցանկությունը, կարևորը բաց թողնելու վախը և հետևանքներից խուսափելու համար թաքնվելու հրատապ անհրաժեշտությունը։ Այսօր ես կկենտրոնանամ վարքագծի այս վերջին տեսակի վրա՝ թաքնվելու այն բանից հետո, երբ մենք անում ենք մի բան, ինչ չպետք է անեինք։
Թեև ես իմ մանկական կատակը չեմ հավասարեցնում ծանր մեղքի հետ, բայց մենք կարող ենք որոշ զուգահեռներ անցկացնել, որոնք օգտակար կլինեն, երբ փորձվում ենք մեր մահկանացու կյանքում։
Եդեմի պարտեզում Ադամն ու Եվան ապրում էին երանելի միջավայրում, որտեղ կար առատ սնունդ, այգու անզուգական գեղեցկությունը, ընդ որում այգին ոչ միայն գեղեցիկ էր, այլև այնտեղ չկար ոչ մոլախոտ, ոչ փուշ։
Այնուամենայնիվ, մենք նաև գիտենք, որ պարտեզի կյանքը սահմանափակում էր նրանց անհրաժեշտ առաջընթացը։ Պարտեզը վերջնական նպատակակետը չէր, այլ փորձություն, առաջին փորձությունը, որը կապացուցեր, կպատրաստեր, և թույլ կտար նրանց առաջադիմել դեպի իրենց վերջնական նպատակակետը՝ վերադարձը Հոր և Որդու ներկայություն։
Դուք կհիշեք, որ այդ պարտեզում հակադրություն կար։ Լյուցիֆերին թույլատրված էր փորձել Ադամին ու Եվային։ Սկզբում նա գայթակղեց Ադամին՝ ճաշակել բարու և չարի գիտելիքի ծառի պտուղը։ Հիշելով պատվիրանը, որ չպետք է ճաշակի այդ պտղից, Ադամը դիմադրեց։ Այնուհետև եկավ օրհնյալ Եվան, որը որոշեց ճաշակել պտղից և համոզեց Ադամին նույնն անել։
Հետագայում Ադամն ու Եվան հայտարարեցին, որ այս որոշումն անհրաժեշտ էր Երկնային Հոր ծրագիրն իրականացնելու համար։ Բայց պտուղը ճաշակելով նրանք խախտել էին օրենքը, որը ստացել էին անմիջապես Հորից։ Արդյունքում ունեցած բարու և չարի հասկացողությունը նրանց երևի վշտացրել էր, երբ նրանք լսեցին Հոր ձայնը, որը հայտարարեց, որ վերադառնում է պարտեզ։ Նրանք իմացան, որ մերկ են, քանի որ իրոք հագնված չէին և ապրում էին անմեղ մի վիճակում։ Թերևս այդ պահին անհագուստ լինելուց էլ ավելի ցավալի էր այն փաստը, որ նրանք այժմ բացահայտված էին իրենց օրինազանցության մեջ։ Նրանք անպաշտպան էին և խոցելի։ Նրանք մերկ էին՝ այդ բառի բոլոր առումներով։
Մշտապես սկզբունքային՝ Լյուցիֆերը, իմանալով նրանց բացահայտված ու թուլացած վիճակը, կրկին գայթակղեց նրանց՝ այս անգամ թաքնվելու Աստծուց։
Այս գայթակղությունը, որը ես կկոչեմ «երկրորդ գայթակղություն», այնպիսին է, որ կարող է ծանրագույն հետևանք առաջացնել, եթե մենք ենթարկվենք: Անշուշտ, լավագույն տարբերակը խուսափելն է Աստծո օրենքը խախտելուն ուղղված առաջին գայթակղություններից, բայց մենք գիտենք, որ բոլոր մարդիկ տեղի են տալիս զանազան առաջին գայթակղություններին այստեղ՝ երկրի վրա։ Մինչ աճում ենք հասունությամբ և հասկացողությամբ, մենք հույս ունենք, որ առաջին գայթակղություններից խուսափելու մեր ուժը անընդհատ կբարելավվի, քանի որ ձգտում ենք ավելի շատ նմանվել մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին։
Ոմանք գուցե փորձեն թաքնվել Աստծուց, քանի որ չեն ուզում բացահայտվել և ամոթի ու մեղավորության զգացում ունեն։ Սակայն բազմաթիվ սուրբ գրություններ սովորեցնում են մեզ, որ անհնար է թաքնվել Աստծուց։ Ես կկիսվեմ դրանցից մի քանիսով․
Տերը ուսուցանում է Երեմիային հետևյալ հարցերի միջոցով․ «Մի մարդ կարո՞ղ է ծածուկ տեղեր թաքնվել, որ ես նրան չտեսնեմ,- ասում է Տերը․- չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ»։
Հոբին էլ ուսուցանվեց․
«Որովհետև նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են, և սրա բոլոր քայլերը տեսնում է։
Ոչ խավար կա, ոչ էլ թանձր ստվեր, որ այնտեղ անօրենները թաքնվեն»։
Սաղմոսերգու Դավիթը բանաստեղծորեն բացականչում է․
«Տեր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։
Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։ …
Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ով Տեր, դու բոլորը գիտես։ …
Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։
Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես»։
Նորադարձներ
Նրանց համար, ովքեր վերջերս են միացել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, երկրորդ գայթակղությունը կարող է հատկապես դժվար լինել: Մկրտվելով, դուք ուխտ եք կապել ձեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, ինչը շատերի դեպքում ենթադրում է նաև ապրելակերպի անհրաժեշտ փոփոխություն: Ապրելակերպը հեշտ չէ փոխել։ Հաճախ պահանջվում է փոխել սովորությունները, նույնիսկ շրջապատը, որպեսզի առաջադիմեք դեպի ձեր սիրող Երկնային Հայրը։
Հակառակորդը գիտի, որ դուք կարող եք խոցելի լինել իր աննկատ հարձակումների համար։ Նա այնպես կանի, որ ձեր անցած կյանքը, որից դուք շատ առումներով դժգոհ էիք, այժմ անիրատեսորեն գրավիչ թվա։ Չարախոսը, ինչպես նա կոչվում է Հայտնության գրքում, կգայթակղի ձեզ այսպիսի մտքերով․ «Դու բավականաչափ ուժեղ չես քո կյանքը փոխելու համար, դու չես կարող դա անել, դու չես մերվի այս մարդկանց հետ, նրանք քեզ երբեք չեն ընդունի, դու չափազանց թույլ ես»։
Եթե այս մտքերը հնչեն այնպես, որ ճշմարիտ թվան ձեզ՝ մարդկանց, որ նոր են ոտք դրել ուխտի ճանապարհին, մենք աղաչում ենք ձեզ ուշադրություն չդարձնել չարախոսի ձայնին։ Մենք սիրում ենք ձեզ, դուք կարող եք դա անել, մենք ընդունում ենք ձեզ և Փրկչի հետ դուք ուժ կունենաք ամեն ինչ անելու։ Այն ժամանակ, երբ դուք ամենաշատը մեր սիրո և աջակցության կարիքն ունեք, չխաբվեք՝ մտածելով, որ մենք չենք ընդունի ձեզ, եթե մի քայլ հետ գնաք դեպի ձեր նախկին ապրելակերպը։ Հիսուս Քրիստոսի քավության անզուգական զորության շնորհիվ դուք կարող եք բժշկվել։ Բայց եթե դուք թաքնվեք Նրանից և հեռանաք ձեր հավատքի համայնքից, դուք հեռանում եք հենց այն աղբյուրից, որը կարող է և կտա ձեզ հաղթահարելու ուժ։
Վերջերս դարձի եկած իմ սիրելի ընկերը պատմեց, թե որքան դժվար է պահպանել հավատքը մեկուսացման մեջ։ Մեծ ուժ կա աջակցող համայնքի մասը կազմելու և մնալու մեջ, բոլորն են սայթաքում, բայց առաջադիմում են՝ օրհնվելով Փրկիչ Հիսուս Քրիստոսի սիրով։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «աշխարհին հաղթելը մեկ-երկու օրում տեղի ունեցող իրադարձություն չէ։ Դա տեղի է ունենում ողջ կյանքի ընթացքում, երբ մենք բազմիցս կիրառում ենք Քրիստոսի վարդապետությունը: Մենք հավատք ենք զարգացնում Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ ամեն օր ապաշխարում ենք և պահում մեզ զորությամբ օժտող ուխտերը: Մենք մնում ենք ուխտի ճանապարհին և օրհնվում ենք հոգևոր ուժով, անձնական հայտնությամբ, աճող հավատքով և հրեշտակների սպասավորությամբ:
Վնասվածք ստանալիս ձեր վիճակը կվատանա, գուցե կյանքին սպառնացող դառնա, եթե չդիմեք պատշաճ բուժօգնության։ Դա ճշմարիտ է նաև հոգևոր վերքերի դեպքում: Միայն չբուժված հոգևոր վերքերը կարող են սպառնալ ձեր հավերժական փրկությանը: Մի թաքնվեք նրանցից, ովքեր կսիրեն և կաջակցեն ձեզ, հակառակը՝ շտապեք նրանց մոտ։ Լավ եպիսկոպոսները, ճյուղերի նախագահները և ղեկավարները կօգնեն ձեզ օգտվել Հիսուս Քրիստոսի քավության բուժիչ զորությունից:
Նրանց, ովքեր թաքնված են, աղաչում ենք վերադառնալ։ Ձեզ անհրաժեշտ է այն, ինչ առաջարկում են Հիսուս Քրիստոսի ավետարանն ու Քավությունը, իսկ մեզ անհրաժեշտ է այն, ինչ դուք եք առաջարկում: Աստված գիտի ձեր մեղքերը, դուք չեք կարող թաքնվել Նրանից: Հաշտեցման քայլ կատարեք Նրա առաջ։
Որպես Նրա սրբեր՝ յուրաքանչյուրս պետք է զարգացնի Եկեղեցու պատկանելության մշակույթը, որն է՝ սիրել, ընդունել և քաջալերել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են առաջադիմել Նրա ճանապարհին։
Զգուշացեք այս երկրորդ գայթակղությունից։ Հետևեք թե հին, թե ժամանակակից մարգարեների խորհրդին և իմացեք, որ չեք կարող թաքնվել սիրող Հորից։
Փոխարենը՝ օգտվեք Հիսուս Քրիստոսի Քավության հրաշափառ բուժիչ զորությունից: Սա է մեր գոյության նպատակը՝ ձեռք բերել թույլ և մահկանացու մարմին, որը «ենթակա [է] ամեն ձևի թուլությունների» և որը, ցավոք, կենթարկվի շատ առաջին գայթակղությունների, առաջադիմելու նույնիսկ այն ժամանակ, երբ տեղի ենք տալիս այդ գայթակղություններին և այդպես վարվելուց հետո դիմում ենք աստվածային օգնությանը, որպեսզի ավելի նմանվենք մեր Փրկչին և մեր Երկնային Հորը: Սա Նրա ճանապարհն է։ Սա միակ ճանապարհն է: Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: