Աստծո մարգարեները
Մարգարեի ձայնը լսելը և դրան հնազանդվելը կարևոր է, որպեսզի կառչենք այն ամենից, ինչը բարի է, մինչև մեր Փրկչի Երկրորդ Գալուստը։
Սիրելի երիտասարդնե՛ր, ինչ հրաշալի համաժողովի նիստի ենք մասնակցում։ Մենք արդեն լսել ենք Հիսուս Քրիստոսի ապրող առաքյալներից երեքի ելույթները։ Ի՜նչ հրաշալի օրհնություն։ Եվ մենք կլսենք ևս մեկ առաքյալի՝ նախագահ Հենրի Բ. Այրինգի ելույթը։ Հոգևոր խնջույքը շարունակվում է։
Երբ ես անցյալ տարի ելույթ ունեցա, մենք սովորեցինք, թե ինչպես դիմակայել այս աշխարհին՝ Դավիթի և Գողիաթի փորձառության օրինակով։ Հիշո՞ւմ եք հինգ քարերը։ Այսօր ես կպատմեմ Հին Կտակարանից մի պատմություն, որը կարդացել եմ ձեր տարիքում, և այն իմ մեջ գլխավոր հերոսին նմանվելու ցանկություն առաջացրեց։ Աստվածաշնչում նշված չէ նրա անունը, ուստի մենք նրան կանվանենք Սունամցի կին, քանի որ նա այդ քաղաքից է։
Մի օր Եղիսե մարգարեն անցնում էր Սունամով, և ինչպես գրված է, «այնտեղ մի հարուստ կին կար. նա [հրավիրեց] նրան իր տանը հաց ուտել։ Եվ քանի անգամ որ Եղիսեն անցնում էր այնտեղով, գնում էր այնտեղ հաց ուտելու»: Կարծում եմ՝ Եղիսե մարգարեն շատ ուրախացավ կնոջ տանը ճաշելու հրավերով։ Եղիսեի մի քանի այցից հետո կինը մի օր ամուսնուն ասաց. «Գիտեմ, որ Աստծու այդ մարդը սուրբ է»։
Կինն ասում է. «Հիմա գիտեմ»։ Կարծես նա Եղիսեին հրավիրեց իր տուն՝ չիմանալով, որ նա մարգարեն էր. նա իր վկայությունը ստացավ Սուրբ Հոգու միջոցով՝ ուշադիր լսելով, թե Եղիսեն ինչ էր ուսուցանում։ (Հիշեք՝ այդ ժամանակ լուսանկարներ չկային։ Ուստի, դժվար էր ճանաչել մարգարեին միայն դեմքով։)
Բայց պատմությունը դրանով չի ավարտվում: Կինը մի օր ամուսնուն ասաց. «Եկ մի փոքր վերնասենյակ շինենք ․․․ և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։
Այս հավատարիմ կինը պատրաստ էր իր տանը մի սենյակ կառուցել, որպեսզի մարգարեն քաղաքով անցնելիս տեղ ունենար մնալու։
Այսօր մենք կարող ենք զորեղ դաս քաղել այս փորձառությունից։
Տերը վկայեց Սունամցի կնոջը, որ Եղիսեն Աստծո մարգարեն էր, և նա իր տանը տեղ տվեց նրան։
Մենք նույնպես կարող ենք այսօր անձնական վկայություն ստանալ Աստծո մարգարեի մասին և ընդունել մեր սրտում ու մտքում՝ մեր տանը, այն ուղերձը, որը մեր Երկնային Հայրն ունի մեզ համար այս վերջին օրերում։
Սիրելի երիտասարդնե՛ր, ես ձեզ հրավիրում եմ, որ ինքներդ ձեզ հարցնեք. «Արդյո՞ք ես անձնական վկայություն ունեմ Աստծո ապրող մարգարեի մասին»։
Սկսենք սկզբից։
Ո՞վ է մարգարեն: Մարգարեն այն մարդն է, որին Աստված կանչել է՝ Իր անունից խոսելու համար: Այսօր երկրի վրա կան մարգարեներ, ինչպես որ կային հին ժամանակներում։
Մարգարեները տեսանողներ և հայտնողներ են։ Դա նշանակում է, որ նրանք կարող են տեսնել այն, ինչ ուրիշները չեն կարող, և կարող են մարգարեանալ ապագա իրադարձությունների մասին։ Նրանք կարող են նաև մեզ զգուշացնել աղետների մասին։ Մարգարեները Տիրոջից պատվիրաններ և հայտնություններ են ստանում։ 9-րդ հավատո հանգանակը այս վերջին օրերում շարունակվող հայտնության մասին է։ Գրված է․ «Մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ»:
Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ասել է. «Այսօր Տերը շարունակում է հայտնել Իր պատվիրաններն ու կամքը Իր մարգարեներին, քանի որ Նա ցանկանում է առաջնորդել մեզ դեպի երջանկություն այս կյանքում և դեպի սելեստիալ փառք՝ հաջորդ կյանքում»:
Մարգարեներն Աստծուց ոգեշնչված ուսուցիչներ ու պատգամաբերներ են, որոնք հռչակում են ավետարանը երկրի վրա ապրող բոլոր մարդկանց համար։
Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամ մարգարե, տեսանող և հայտնող է։ Ծառայելով Տիրոջ ղեկավարության ներքո գործող խորհրդում՝ նրանք իշխանություն ունեն հայտարարելու և մեկնաբանելու վարդապետությունը և հաստատելու Նրա Եկեղեցու քաղաքականությունը։ Նրանք աղոթում և մանրամասնորեն քննարկում են, քանի որ այս քվորումների որոշումները պետք է միաձայն լինեն։ Այս ձևով Տերը մեզ վստահեցնում է, որ Իր կամքը կկատարվի։
Մարգարեները վկայում են Քրիստոսի մասին՝ Նրա գոյության, ծառայության և աստվածային բնույթի մասին։
Եկեք կարդանք Մորմոնի Գրքի մարգարեների մի քանի վկայություններ։
Աբինադին հայտարարել է․
«Աստված ինքը պիտի գա ներքև՝ մարդկանց զավակների մեջ և պիտի փրկագնի իր ժողովրդին:
Եվ քանի որ նա բնակվում է մարմնում, նա կկոչվի Աստծո Որդի»։
Սամուել Լամանացին նույնպես վկայեց, որ «Հիսուս Քրիստոս է Աստծո Որդին, երկնքի և երկրի Հայրը, բոլոր բաների Արարիչը ի սկզբանե»:
Եվ մարգարե Մորոնին ասաց. «Ես տեսել եմ Հիսուսին, և որ նա խոսել է ինձ հետ՝ երես առ երես»։
Երբ Քրիստոսն այցելեց նեփիացիներին, առաջին քայլերից մեկը, որ Նա կատարեց, Տասներկու Առաքյալներին կանչելն էր։ Եվ Նա ասաց ժողովրդին. «Երանելի եք դուք, եթե ուշք դարձնեք այս տասներկուսի խոսքերին, որոնց ես ընտրել եմ»:
Այժմ թույլ տվեք դիմել ծնողներին կամ երեխաներին խնամող ընտանիքի այլ անդամներին։ Տերն Ինքը Ադամին ու Եվային սովորեցրեց փրկության ծրագրի ճշմարտությունները։ Ապա, Նա ասաց նրանց․ «Ես ձեզ պատվիրում եմ այս բաներն ազատ սովորեցնել ձեր զավակներին»։
Ի՞նչ է նշանակում ազատ սովորեցնել։ Դա ավետարանի ճշմարտությունները սովորելն է, դրանց մասին անձնական վկայություն ունենալը և այդ գիտելիքով մեր երեխաների հետ կիսվելը։ Դա և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական ուսուցման հնարավորությունները խթանելու համար է։ Դա այդ գիտելիքի և վկայության համաձայն ապրելն է։
Մորմոնի Գրքում 2060 պատանի զինվորները նկարագրված են որպես «ճշմարտության և լրջմտության տղաներ, քանզի նրանց սովորեցրել էին պահել Աստծո պատվիրանները և քայլել ուղիղ՝ նրա առաջ»: Այս պատանիները հավատարմորեն հնազանդվեցին Հելամանին, որն այդ ժամանակ նրանց բանակի առաջնորդն էր և մարգարեն, և հասկացան որ իրենց մայրերը լցրել էին իրենց սրտերը ճշմարտությամբ և հավատքով։
Ծնողնե՛ր, ձայներով լի և երբեմն խավար այս աշխարհում, Աստված Ինքն է մեզ պատվիրել՝ մեր երեխաներին մեծացնել լույսի և ճշմարտության մեջ։ Նա մեզ վստահեց մեր երեխաներին ավետարանի փրկարար ճշմարտություններն ուսուցանելու պատասխանատվությունը։ Եթե մենք ձախողվենք այդ հարցում, աշխարհը դա չի անի։
Սիրելի՛ երիտասարդ ընկերներ, ես հրավեր ունեմ ձեզ համար. առաջիկա օրերին ես հրավիրում եմ ձեզ ծնկի իջնել, բացել ձեր սրտերը և հավատքով աղոթել Երկնային Հորը՝ խնդրելով Նրան հաստատել ձեզ, որ Իր ընտրյալ մարգարեն և առաքյալները Նրա ձայնն են այսօր երկրի վրա։
Սունամցի կինը մեզ սովորեցրեց, որ մենք կարող ենք այդ վկայությունը ստանալ Սուրբ Հոգու միջոցով։ Ես խոստանում եմ ձեզ, որ երբ մենք իմանանք, որ նրանք Աստծո օծյալներն են, մեր կյանքն ավելի հեշտ կլինի՝ չնայած շարունակական դժվարություններին, եթե մենք հնազանդվենք նրանց ձայնին վստահությամբ, հավատքով և հույսով։ Մարգարեի ձայնը լսելը և դրան հնազանդվելը կարևոր է, որպեսզի կառչենք այն ամենից, ինչը բարի է, մինչև մեր Փրկչի Երկրորդ Գալուստը։
Աշխարհում չարությունն աճում է, բայց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին և Նրա արքայությունն ավելի ուժեղ են, քան երբևէ։ Սիոնը հագնում է իր շքեղ հանդերձները, և Քրիստոսի գահը չի փլուզվի։ Տերն ակնկալում է, որ մենք ամուր լինենք մեր վկայություններում, մեծ հավատք ունենանք և ամեն օր ապաշխարենք։ Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը հույս ունի, որ մեզանից յուրաքանչյուրը կշարունակի անել Իր գործը։
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Եղբայրնե՛ր, արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը»։ Սակայն, քանի որ այս ուղերձը հիմնականում ձեզ՝ երիտասարդներիդ համար է, ես կցանկանայի օգտագործել երիտասարդներ բառը եղբայրներ բառի փոխարեն։ Պատրա՞ստ եք:
«[Երիտասարդնե՛ր], արդյոք մենք չպիտի՞ շարունակենք այս մեծ գործը: Գնացե՛ք առաջ և ոչ թե ետ: Քաջությո՛ւն, [երիտասարդնե՛ր]. և առա՛ջ, առա՛ջ դեպի հաղթանակ: Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան»։
Ես շնորհակալ եմ ապրող մարգարեների առաջնորդության և նվիրված ջանքերի համար։ Ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ նրանք կանչված են Աստծո կողմից՝ այսօր երկրի վրա շարունակելու, հաստատելու և առաջնորդելու Նրա արքայությունը։ Եվ դա միշտ կլինի այդպես։ Իր ծառաներին միշտ Տերն է ընտրելու։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: