Գերագույն համաժողով
Հիսուս Քրիստոսը և ձեր նոր սկիզբը
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


14:20

Հիսուս Քրիստոսը և ձեր նոր սկիզբը

Մենք բոլորս կարող ենք նոր սկիզբ ունենալ Հիսուս Քրիստոսի միջոցով և Նրա շնորհիվ։ Նույնիսկ՝ դուք։

Սուրբգրային համեստ արտահայտություն. Հիսուսը շրջում էր՝ բարիք գործելով

Հիսուսը «շրջում էր՝ բարիք գործելով»։ Այդ պարզ լուրը մենք կարդում ենք Գործք Առաքելոց գրքում։ Ինչպիսի՜ համեստ արտահայտություն։ Հիսուսը, անկասկած, շրջում էր՝ բարիք գործելով։ Նա բարության էությունն ու աղբյուրն է։ Նա Իր մահկանացու ողջ կյանքը նվիրեց բարիք գործելուն։ Նա «ողորմած [է] և գթած, համբերատար, առատ» անսահման և հավիտենական ողորմությամբ։

Նրա բարությունը կամ ողորմածությունը նկարագրելու կամ ամփոփելու ցանկացած փորձ թերի կլինի։ Իսկապես, ինչպես Հովհաննես առաքյալը փորձեց արտահայտել, եթե մենք փորձեինք գրի առնել Փրկչի բարության յուրաքանչյուր դրսևորումը, «աշխարհն էլ բավական չէր լինի այդ գրքերը պարփակելու»։

Հիսուս Քրիստոսը մեզանից յուրաքանչյուրին նոր սկիզբ է առաջարկում

Սուրբ գրությունում անմահացված կոնկրետ օրինակներ, թե ինչպես է Հիսուսը «բարիք գործում», խորը հիացմունք և զարմանք են առաջացնում, հատկապես, երբ մենք իսկապես մտածում ենք, թե ինչպիսին կլիներ ներկա գտնվել և Նրա հրաշքներին ականատես լինել, Նրա ուսմունքները լսել և Նրա բժշկումը զգալ։ Նա զրուցեց հասարակության կողմից մերժվածների հետ, դիպավ հիվանդներին ու անմաքուրներին, մխիթարություն բերեց հոգնածներին, ուսուցանեց ազատագրող ճշմարտությունը և մեղավորներին ապաշխարության կանչեց։ Յուրաքանչյուր բորոտի, կույրի և շնացող կնոջ, կաղի, խուլի և համրի, յուրաքանչյուր սգացող մոր, հուսահատ հոր և սգացող այրու, դատապարտվածի, ամոթահարի և տառապողի, մարմնով մեռածի և հոգով մեռածի համար Նա նոր սկիզբ առաջարկեց։ Այո, ևս մեկ ապշեցուցիչ համեստ արտահայտություն։

Նրա ասած և արած ամեն ինչ նոր սկիզբ ապահովեց նրանցից յուրաքանչյուրի համար, ում Նա բժշկեց, օրհնեց, ուսուցանեց և մեղքից ազատեց։ Նա չհեռացավ նրանցից, և Նա անկասկած չի հեռանա ձեզանից։ Պատկերացրեք այս պահին, որ լսում եք Նրանից կյանք պարգևող այս խոսքերից որևէ մեկը.

«Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»:

«Աղջի՛կ, ասո՛ւմ եմ քեզ, վե՛ր կաց»։

«Մաքրվի՛ր»։

«Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր»։

«Դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։

Այս անհատներին ուղղված Փրկչի խոսքերը հակիրճ էին, բայց այդ խոսքերով Նա պատկերեց ներման, բժշկման, վերականգնման, խաղաղության և հավերժական կյանքի անծայրածիր նոր հորիզոններ։ Եվ փառահեղ լուրն այն է, որ Նա նույն նոր սկիզբն է առաջարկում ձեզ և ինձ։ Մենք բոլորս կարող ենք նոր սկիզբ ունենալ Հիսուս Քրիստոսի միջոցով և Նրա շնորհիվ։ Նույնիսկ՝ դուք։ Նոր սկիզբները Հոր՝ Իր զավակների համար նախատեսված ծրագրի կենտրոնում են։ Սա նոր սկիզբների եկեղեցին է։ Սա կյանքը նորովի սկսելու եկեղեցին է։

Սա նոր սկիզբների եկեղեցին է

Ջրով և Հոգով մկրտությամբ մենք «վերստին ծնվ[ում ենք]» և կարող ենք «նոր կյանքով [ընթանալ]»։ Որքա՞ն հույս է այդ նոր սկիզբը բերում նրան, ով քարշ է եկել մեղքի բեռով կամ տառապել է դժվար կյանքից ու խախտված հարաբերություններից։ Հիսուսը մեղքի թողության կամ կյանքը նորովի սկսելու կարիք չուներ, սակայն Նա մկրտվեց՝ հստակ ցույց տալով այն ճանապարհը դեպի նոր սկիզբ, որը Նա պատրաստեց յուրաքանչյուրիս համար։

Եվ մեր նոր սկիզբը միայն մեկ անգամ չի լինում։ Մենք հակված ենք մտածել, որ մեր մկրտությունը մեր նոր սկզբի միակ հնարավորությունն է։ Դա այդպես չէ։ Մենք միայն մեկ հնարավորություն չունենք։ Այս նոր սկիզբները կարող են տեղի ունենալ ամեն օր։ Եվ անկասկած ամեն շաբաթ, երբ մենք ուտում ենք մի փոքրիկ կտոր հաց և խմում մի փոքրիկ բաժակ ջուր՝ ի հիշատակ մեր կատարյալ Փրկչի պարգևի, որը Իր կյանքը տվեց, որպեսզի մենք ունենանք սկսելու նոր հնարավորություն՝ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է մեզ։ Հիսուսը մեզ տալիս է սկսելու այնքան հնարավորություն, որքան մեզ անհրաժեշտ է։

Քրիստոսի մեջ նոր կյանքի նվիրվածության և ուրախության շնորհիվ մենք կարող ենք դառնալ «նոր ստեղծված», որտեղ հին բաները անցնում են, և ամեն ինչ դառնում է նոր։ Ի՞նչ թեթևացում է այդ նոր արշալույսը բերում այն հոգուն, որը շարունակում է փորձել ընտրել հավատը մեր Փրկչի բժշկելու և վերականգնելու զորության հանդեպ, չնայած ընկած աշխարհում ապրելու ջախջախիչ անհաջողություններին։ Փրկիչը երբեք չհրաժարվեց Հոր կամքը կատարելու և Իր աստվածային քավող առաքելությունն ավարտելու Իր պարտավորությունից, նույնիսկ այն ցավի մեջ, որը Նրան ստիպում էր դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ հոգով և աղոթել, որ դառը բաժակը հեռացվի Իրենից։ Կրկին, Նա մեզ ցույց էր տալիս, թե ինչպիսին է Աստծո հետ հավատարիմ համբերատարությունը։

Մեր կապած յուրաքանչյուր ուխտի և այն պահելու համար գործադրած յուրաքանչյուր ջանքի շնորհիվ մենք կարող ենք ստանալ «նոր սրտի» և «նոր հոգու» ավելի լիարժեք չափաբաժին։ Քայլ առ քայլ, որքան ավելի շատ Նրա բարությունը հրավիրենք մեր սրտեր և դուրս մղենք մեր գլուխներից ինքնաոչնչացնող ձայները, այնքան ավելի մենք կդառնանք Նրա ժողովուրդը, քանի որ իսկապես Նրան ընդունում ենք որպես մեր Աստված։ Հիսուսը այնքան ջերմեռանդորեն է ուզում լինել մեր Թագավորը, մեր Հովիվը և մեր Խաղաղության Իշխանը, և մենք կարող ենք ընտրել՝ Նրան այդպիսին դարձնելու մեր սրտերում և մտքերում։

Նոր սկիզբ՝ ապաշխարության նկատմամբ մեր վերաբերմունքի մեջ

Ապաշխարությունը բացում է դուռը մեր նոր սկիզբների, կյանքը նորովի սկսելու և երկրորդ հնարավորությունների համար։ Մեր սիրելի նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի ուսմունքները պարզաբանել են ապաշխարության աստվածային պարգևի վերաբերյալ սխալ պատկերացումները, և կարծում եմ, որ մենք վերջապես սկսում ենք ըմբռնել այն։

Հուզիչ է լսել, թե ինչպես են մեր երիտասարդները նկարագրում, թե ինչ է նշանակում իրենց համար ապաշխարությունը։ Վերջերս լսեցի մի ժպտերես երիտասարդ կնոջ՝ ասելիս․ «Երբ մտածում եմ ապաշխարության՝ ամենօրյա ապաշխարության մասին, անհավանական ուրախություն և հույս եմ զգում։ Ես զգում եմ իմ Երկնային Հոր և իմ Փրկչի սերն ու երջանկությունը։ Ես չեմ վախենում աղոթքով մոտենալ Երկնային Հորը և խնդրել Նրա օգնությունը՝ անկախ իմ դժվարություններից։ Գիտեմ, որ նրանք չեն փորձում բռնել ինձ ինչ-որ սխալ բան անելիս։ Նրանց բազուկները լայն բաց են։ Սա է ապաշխարությունն ինձ համար»,- ասաց նա։ Այս երիտասարդ կինը հասկանում է, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ նա կարող է նոր սկիզբներ ունենալ։

Նոր սկիզբ բոլորի համար, ամեն անգամ

Ձեզ նոր սկի՞զբ է անհրաժեշտ։ Կարո՞ղ եք կյանքը նորովի սկսել, նույնիսկ դուք։ Մտածեք այն մարդկանց մասին, որոնց Փրկիչը սպասավորեց՝ այն մարդկանց մասին, որոնց Նա սովորեցրեց, բժշկեց, հարություն տվեց, ներեց և վերականգնեց։ Արդյո՞ք Նա նրանց ընտրում էր ըստ որոշակի տնտեսական խավի կամ ծագումի։ Արդյո՞ք Նա տարբերություն էր դնում արդարների և մեղավորների միջև։ Արդյո՞ք Նա մարդկանց առանձնացնում էր, որովհետև նրանք ավելի արժանի էին կամ ավելի սիրված։ Ոչ:

Ոմանք մեծ հավատքով եկան Նրա մոտ՝ հավատալով Նրա բժշկելու զորությանը, ինչպես արյունահոսություն ունեցող կինը, հռոմեացի հարյուրապետը, որի ծառան մահամերձ էր, բորոտը, Հայրոսը և կույր Բարտիմեոսը։ Նրանցից յուրաքանչյուրը փորձարկման ենթարկեց իր հավատը՝ հուսալով, որ Նազարեթից եկած ռաբբիի բարությունն ու զորությունը կփոխեն իրենց կյանքն ու հեռանկարները։ Եվ Նա փոխեց: Նա թույլ տվեց, որ Իր բժշկումը հոսի։

Բայց Հիսուսը նաև օրհնեց նրանց, ովքեր տատանվող հավատք ունեին, ինչպես հիվանդ երեխայի հայրը, որը, գուցե ինչպես դուք, աղաղակեց, «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը»։ Եվ Նա նույնիսկ առատորեն կարեկցեց նրանց, ովքեր ընդհանրապես չէին փնտրել Իրեն, ինչպես օրինակ՝ շնության մեջ բռնված կինը, Նային քաղաքի այրին, Բեթհեզդայի ավազանի մոտ գտնվող հաշմանդամը, և ի ծնե կույր մարդը։ Զգացե՞լ եք, թե ինչպես է Նա բարիք գործում ձեր կյանքում, նույնիսկ երբ դուք չեք փնտրու, կամ հետևում Նրան։

Այս սուրբգրային կերպարներից յուրաքանչյուրին և բոլոր նրանց, ովքեր կլսեին ու կարձագանքեին, Նա նոր սկիզբ տվեց՝ լիներ դա մեղքից ներված նոր կյանք, թե հիվանդությունից բժշկված նոր կյանք, թե մահից հարություն առած նոր կյանք։

Ի՞նչ է սա նշանակում ձեզ և ինձ համար։ Նրա բարությունը, ողորմությունը և սիրառատ բարեգթությունը սահմաններ չունեն։ Նոր սկիզբները Հոր ծրագրի կենտրոնում են։ Կյանքը նորովի սկսելու հնարավորությունը Որդու առաքելությունն է։ Նոր արշալույսները, նոր էջերը և նոր հնարավորությունները ավետարանի բարի լուրի պարզ միջուկն են։

Ուստի, արդյո՞ք դուք չափազանց երկար եք բացակայել ձեր ուխտերից՝ նոր սկիզբ ունենալու համար։ Ոչ: Արդյո՞ք այս կամ այն բանը չափից ավելի շատ եք արել, որպեսզի ձեզ ևս մեկ հնարավորություն տրվի։ Ոչ: Արդյո՞ք դուք չափից շատ եք հեռացել Քրիստոսից, որ Նա օգնի ձեզ նոր պատմություն գրել այսուհետ։ Ոչ: Հակառակորդը միակն է, ով օգուտ է քաղում այն մտքից, որ դուք խորտակվել եք։ Դուք՝ ոչ։

Եվ նոր սկիզբները միայն մեր մեղքերի ու սխալների համար չեն։ Փրկչի բարության և շնորհի միջոցով մենք կարող ենք մաքուր մեկնարկներ ունենալ, որոնք կնպաստեն հին մտածելակերպի, վատ սովորությունների, դժգոհ տրամադրության, բացասական վերաբերմունքի, անզորության զգացումների, ուրիշներին մեղադրելու և անձնական պատասխանատվությունից խուսափելու հակումների փոփոխությանը։ Դուք իրոք կարող եք փոխել ձեր մեջ այն բաները, որոնք տարիներ շարունակ ձեզ մաշել են։ Դուք կարող եք սկսել կրկին՝ նոր սկիզբների Վարպետի զորության միջոցով։ Նա երբեք չի հոգնում նոր սկիզբներ մեզ տալուց։

Նրանք, ովքեր անընդհատ պայքարում են նույն մեղքի կամ նույն անհաջողության դեմ, թող շարունակեն առաջ գնալ։ Նա ձեր առջև արգելապատնեշ չի դրել։ Նա սահմանափակում չի դրել ձեր երկրորդ հնարավորությունների վրա։ Շարունակեք առաջ մղվել: Շարունակեք ձգտել։ Օգնություն փնտրեք ձեզ շրջապատող մարդկանցից։ Եվ վստահեք նոր սկզբին, որը ձեզ է սպասում ամեն անգամ, երբ վերադառնում եք ձեր Հոր մոտ` անկեղծ սրտով: Թողեք միտումնավոր մեղք գործելը, պատահական կրկնությունները և հպարտ ապստամբությունը ձեր հետևում, որտեղ դրանց տեղն է։ Դուք պարտավոր չեք լինել նա, ով եղել եք նախկինում։ Սկսեք կյանքը նորովի՝ ձեր երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հարյուրերորդ հնարավորությունը, որը ձեզ է առաջարկվել Հիսուս Քրիստոսի քավող արյան միջոցով։

Ես աննկարագրելի երախտագիտություն եմ զգում նոր սկիզբների համար, որոնք տրվել են ինձ և դեռևս կտրվեն։

Եզրափակում

Մեր Փրկիչը վերջին համեստ մի արտահայտությունն արեց, առանց որի այսօր հույսի կամ ուրախության պատճառ չէր լինի։ Գեթսեմանիի տառապանքներից հետո և տանջալից խաչելության ավարտին Նա պարզապես ասաց. «Կատարված է»։ Մեսիական մարգարեությունը կատարվել էր, և մարդկության մեղքերի ու տառապանքի ամբողջ պարտքը վճարվել էր։ Նա հայտարարեց «կատարված»՝ Իր անսահման և հավերժական զոհաբերության մասին։ Սակայն Նրա քավությունը ամբողջական չէր լինի, մինչև որ Նա Ինքը երրորդ օրը չսկսեր նոր կյանք՝ նոր սկիզբ որպես փառավորված, հարություն առած էակ՝ Հոր զորությամբ։

Քանի որ Նա միշտ անում էր այն բաները, որոնք հաճելի էին Իր Հորը, և քանի որ Նա «ենթարկվեց Հոր կամքին բոլոր բաներում», դուք և ես կարող ենք նոր սկիզբներ ունենալ։ Խնդրում եմ, ընդունեք ձեր նոր սկիզբը, նույնիսկ այսօր, հենց հիմա։ Հիսուս Քրիստոսը մեր հավատի զորագլուխն ու այն կատարողն է՝ մեզ հետ անթիվ նոր էջեր գրողը։ Նա է Սկիզբն ու Վերջը՝ մեր ամոթի ու տառապանքի վերջը, և նոր կյանքի սկիզբը Նրանում՝ թույլ տալով մեզ ստանալ Նրա շնորհը, թողնել անցյալը հետևում և սկսել նորից՝ նոր արշալույսով, որքան անգամ որ մեզ անհրաժեշտ լինի։ Իսկապես Նրա «բարիքը և ողորմությունը կգան [մեր] հետևից [մեր] կյանքի բոլոր օրերին»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Գործք Առաքելոց 10․38, տես նաև «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ավետարանի գրադարան։

  2. Տես Մորոնի 7.12-13:

  3. Տես Ելք 34․5-7:

  4. Հովհաննես 21․25։

  5. Մարկոս 2.5:

  6. Մարկոս 5․41:

  7. Մատթեոս 8․3:

  8. Հովհաննես 8.11:

  9. Ղուկաս 8.48։

  10. Տես Շայնե Մ. Բոուեն, «Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք», Լիահոնա, նոյ. 2012, 15-17:

  11. Հովհաննես 3.3, Մոսիա 27.25:

  12. Հռոմեացիներին 6․4։

  13. Մորոնի 6․8:

  14. Բ Կորնթացիներին 5.17։

  15. Տես Վարդապետություն և Ուխտեր 19.16-19:

  16. Տես Եզեկիել 36․26-28։

  17. «Քրիստոսի հանդեպ մեր հավատքը և Նրա հանդեպ մեր սերը մղում է մեզ ապաշխարության կամ փոխելու մեր մտքերը, հավատալիքները և վարքագիծը, որոնք ներդաշնակության մեջ չեն Աստծո կամքի հետ: Ապաշխարությունը ներառում է Աստծո, մեր և աշխարհի մասին նոր պատկերացում կազմելը» (Քարոզիր Իմ Ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 62)։

    «Ապաշխարության վարդապետությունը շատ ավելի լայն է, քան բառարանի սահմանումը: Երբ Հիսուսն ասաց «ապաշխարեք», Նրա աշակերտները արձանագրեցին այդ պատվիրանը հունարեն լեզվով metanoeo բառով: Այս հզոր բառը մեծ նշանակություն ունի: Այս բառի մեջ meta նախածանցը նշանակում է «փոխել»: Վերջածանցը վերաբերում է հունարեն լեզվի չորս կարևոր արտահայտություններին. nous նշանակում է «միտք», gnosis՝ «գիտելիք», pneuma՝ «հոգի» և pnoe՝ «շունչ»» (Ռասսել Մ. Նելսոն, «Ապաշխարություն և դարձ», Լիահոնա, մայիս 2007, 103):

    «Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն բանալին է երջանկության և խաղաղ մտքի։ Զուգորդվելով հավատքի հետ՝ ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունից։

    … Զգացեք ամենօրյա ապաշխարության ամրապնդող զորությունը՝ ամեն օր գործելով և լինելով մի փոքր ավելի լավը։

    Երբ ընտրում ենք ապաշխարությունը, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկչին վերափոխելու և դարձնելու մեզ մեր անձի լավագույն տարբերակը: Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ուրախություն ստանալ՝ փրկագնման ուրախությունը Նրանում։ Երբ փորձում ենք ապաշխարել, մենք որոշում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին» (Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019, 67)։

    «Բացահայտեք ամենօրյա ապաշխարության ուրախությունը:

    Որքանո՞վ է կարևոր ապաշխարությունը: Ալման ուսուցանեց, որ մենք «չքարոզենք ոչինչ, բացի ապաշխարությունից և հավատքից առ Տերը» [Մոսիա 18․20]։ Ապաշխարություն է պահանջվում յուրաքանչյուր հաշվետու մարդուց, որը հավերժական փառք է ցանկանում։ Բացառություններ չկան։ …

    Քայլելով ուխտի ճանապարհով և ամեն օր ապաշխարելով՝ մենք ստանում ենք դրական հոգևոր լիցք» (Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 98-99)։

  18. Տես Մարկոս 5.25-34:

  19. Տես Մատթեոս 8․5-13։

  20. Տես Մատթեոս 8․1-4։

  21. Տես Մարկոս 5․22-43:

  22. Տես Մարկոս 10.46–52:

  23. Տես Մարկոս 9․17-27:

  24. Տես Հովհաննես 8․3-11։

  25. Տես Ղուկաս 7․12-15։

  26. Տես Հովհաննես 5․1-9։

  27. Տես Հովհաննես 9․1-7։

  28. Հովհաննես 19.30։

  29. Տես Ալմա 34․14-16։

    «Երբ Փրկիչն ասաց՝ «Կատարված է», նա նկատի ուներ իր մահկանացու փորձառությունը, քանի որ իր խաչելությունը միայն մի հանգրվան էր իր անընդհատ աճող զորության մեջ» (Spencer W. Kimball, in Conference Report, Apr. 1946, 49)։

    «Փրկիչը չավարտեց իր գործը, երբ մահացավ խաչի վրա, երբ աղաղակեց. «Կատարված է»։ Նա, այդ խոսքերն օգտագործելով, նկատի չուներ իր մեծ առաքելությունը երկրի վրա, այլ պարզապես այն տառապանքները, որոնք կրել էր» (Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. [1939], 449–50)։

  30. Տես Հովհաննես 8․29։

  31. 3 Նեփի 11.11։

  32. Սաղմոս 23․6: