Գերագույն համաժողով
Տերը սրտին է նայում
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:41

Տերը սրտին է նայում

Այս պատմությունը մեզ ուսուցանում է, որ Աստծուն անհրաժեշտ է միայն, որ յուրաքանչյուրս ամբողջ սրտով դառնանք դեպի Նա, որպեսզի Նա կարողանա իրականացնել Իր նպատակները և օգնել մեզ դառնալ այն, ինչ Նա ցանկանում է, որ լինենք։

Երբ Սամուել մարգարեին կարգադրվեց Հեսսեի որդիներից ընտրել Իսրայելի նոր թագավորին, նայելով Հեսսեի ավագ որդուն՝ Եղիաբին, Սամուել մարգարեն ոգևորությամբ բացականչեց. «Ահա Տիրոջ օծյալը իր առջև է»։ Բայց Եղիաբը Տիրոջ ընտրյալ ծառան չէր։ Փրկիչը զգուշացրեց Սամուելին. ««Մի՛ նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։

Թեև Դավիթը ֆիզիկապես իր եղբայրներից ամենաուժեղը կամ ամենահմուտը չէր, նրա սիրտը ուժեղ էր Աստծո աչքում։ Նա սիրում էր Աստծուն ամբողջ սրտով և համակ ցանկություն ուներ հնազանդվելու Նրան։ Նա անսասան հավատ ուներ Աստծո սիրո, զորության և խոստացված օրհնությունների հանդեպ, ինչպես նա հետագայում ցույց տվեց, երբ անվախ կռվեց և Տիրոջ օգնությամբ հաղթեց Գողիաթին։

Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ Աստծուն անհրաժեշտ է միայն, որ յուրաքանչյուրս ամբողջ սրտով դառնանք դեպի Նա, որպեսզի Նա կարողանա իրականացնել Իր նպատակները և օգնել մեզ դառնալ այն, ինչ Նա ցանկանում է, որ լինենք։ Նա պատվիրեց օրենսգետին․ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով»։ Մարգարե Ջոզեֆ Սմիթին Նա ասաց․ «Ահա, Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»։ Հարություն առած Փրկիչը հրահանգեց նեփիացիներին. «Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի»:

Ինչո՞ւ է դա այդպես։ Փրկիչն ուսուցանել է, որ եթե մեր սրտերը լիովին դառնան դեպի Նա, Նրա քավիչ զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք օրհնվել այն ուժով և հոգևոր պարգևներով, որոնք անհրաժեշտ են մեր մահկանացու դժվարությունները հաղթահարելու, գայթակղությանը դիմակայելու, ուղղություն և հասկացողություն ստանալու, ինչպես նաև մեր կյանքում ուրախություն ու խաղաղություն զգալու համար։ «Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է»։ Փրկիչն ասել է, որ կարող է մեր «թույլ կողմերը [դարձնել] ուժեղ» և օրհնել մեզ այն ամենով, ինչ մեզ անհրաժեշտ է այս մահկանացու կյանքում հաջողության հասնելու և հավերժական կյանք ստանալու համար։ Նա ասել է․ «Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն»։

Ես կարծում եմ, որ սա է պատճառը, գոնե մասամբ, որ Հիսուս Քրիստոսը այդքան հաճախ էր ուղղում դպիրներին ու փարիսեցիներին Իր մահկանացու ծառայության ընթացքում։ Նրանք, թեև ջանասիրաբար պահում էին Նրա օրենքը, դա անում էին սխալ պատճառներով։ Նա հանդիմանեց նրանց՝ ասելով. «Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրանց սիրտն ինձանից շատ է հեռացել»։

Սա լուրջ հիշեցում է Նրա բոլոր աշակերտներին, որ կարևոր չէ միայն այն, ինչ անում ենք՝ մեր խոսքերն ու գործողությունները, այլև այն, թե ինչու ենք անում այն, ինչ Հիսուս Քրիստոսը խնդրել է մեզ անել՝ մեր ցանկություններն ու շարժառիթները։ Նա ասել է․ «Քանզի ես՝ Տերս, կդատեմ բոլոր մարդկանց՝ համաձայն նրանց գործերի, համաձայն նրանց սրտերի ցանկությունների»: Մեր Երկնային Հայրը Իր զավակներից ակնկալում է ավելին, քան հնազանդության և ծառայության զուտ մեխանիկական գործողություններ։ Նա ուզում է, որ մենք այդ բաներն անենք անկեղծ միտումով, որովհետև սիրում ենք Նրան ամբողջ սրտով։ Նա ուզում է, որ մենք ցանկանանք դառնալ Իր նման։

Այսպիսով, եթե մեր սրտերի հոգևոր առողջությունը Փրկչի գլխավոր մտահոգությունն է՝ ինչը Նա ուզում է տեսնել ճշմարիտ աշակերտի մեջ, ինչպե՞ս կարող ենք քննել մեր սրտերը և իմանալ՝ արդյոք դա ճիշտ է Աստծո աչքում։

Վերջերս, երբ ես ու կինս վերադարձանք Պորտուգալիայի մեր միսիայից, մի շարք բժշկական ստուգումներ անցանք՝ մեր առողջական վիճակը գնահատելու համար։ Այդ ստուգումներից մի քանիսը, օրինակ, արյան անալիզները, էխոկարդիոգրամման և սթրես-թեստերը, կենտրոնացած էին սրտի առողջության վրա։ Ես կարծում եմ, որ Փրկիչը մեզ նաև տվել է մի շարք հոգևոր ստուգումներ, որոնց օգնությամբ կարող ենք որոշել մեր սրտի հոգևոր վիճակը։ Թույլ տվեք թվարկեմ դրանցից մի քանիսը։

Գնահատեք ձեր սիրտը հոգևոր թեստերի միջոցով

Նախ՝ մեր ուշադրության կենտրոնացումը, առաջնահերթությունները և շարժառիթները

«Քանզի որտեղ ձեր գանձերն են, այնտեղ կլինի և ձեր սիրտը»: Գանձը մեզ համար թանկ բան է, մի բան, որին մենք ջանք և ուշադրություն ենք նվիրում։ Այն վայրերը, որտեղ ընտրում ենք անցկացնել մեր ժամանակը և կենտրոնացնել մեր ուշադրությունը, ինչպես նաև ինչն է մեզ մղում անել այն, ինչ անում ենք, շատ բան է ասում մեր սրտի մասին։ Փրկիչը զգուշացրել է, որ չնայած շատերն են կանչված Նրա կողմից, քչերն են ընտրված, «որովհետև նրանց սրտերն այնքան շատ են դրված այս աշխարհի բաների վրա և տենչում են մարդկանց գովասանքները»։ Արդյո՞ք ես Փրկչին առաջնահերթություն եմ համարում իմ կյանքում։ Արդյո՞ք իմ աչքն ուղղված է Նրա փառքին ամեն բանում, ինչ ես անում եմ։

Երկրորդ՝ Աստծո պատվիրաններին հնազանդվելու մեր պատրաստակամությունը

Սուրբ գրքերում Տերը և Նրա մարգարեները հպարտությունն ու անհնազանդությունը հավասարեցրել են կարծրացած սիրտ ունենալու հետ։ Նեփին հորդորել է իր եղբայրներին․ «Ինչպե՞ս է, որ դուք չեք պահում Տիրոջ պատվիրանները։ Ինչպե՞ս է, որ դուք պիտի կորչեք ձեր սրտերի կարծրության պատճառով»: Միսսուրիի սրբերին Տերը նախազգուշացրել է․ «Բայց ով ոչինչ չի անում, մինչև նրան չեն պատվիրում, և ընդունում է պատվիրանը կասկածամիտ սրտով, և պահում է այն ծուլությամբ, նա նզովված է»: Թեև Փրկիչը կատարելություն չի ակնկալում Իր պատվիրանները պահելիս, Նա խնդրում է, որ մենք ցանկանանք և ձգտենք պահել դրանք մեր ողջ սրտով։

Երրորդ՝ մեր ջանասիրությունը սուրբ գրություններն ուսումնասիրելու և հայտնություն փնտրելու հարցում

Տերը հորդորեց Օլիվեր Քաուդերիին «գանձ[ել] այս խոսքերը [իր] սրտում»։ Մեզ հրավիրում են ջանասիրաբար ուսումնասիրել սուրբ գրությունները և Սուրբ Հոգու զորությամբ ձգտել մեր սրտում ձեռք բերել հասկացողություն և ավետարանի ճշմարտացիության մասին վկայություն։

Աբինադի մարգարեն հանդիմանեց չար Նոյ թագավորի քահանաներին դա չանելու համար՝ ասելով. «Դուք ձեր սրտերը չեք նվիրել հասկանալուն. հետևաբար, դուք իմաստուն չեք եղել»։ Արդյո՞ք ես անկեղծ ջանքեր եմ գործադրում ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելու և աղոթքի միջոցով դրանք սրտանց հասկանալու ուղղությամբ։

Չորրորդ՝ մեր մտքերն ու խոսքերը

Փրկիչն ուսուցանել է, որ «սրտից դուրս են գալիս չար մտքեր» և, որ «բերանը սրտի լիությունից է խոսում»։ Մեր մտքերի և խոսքերի որակը մեր սրտերի մաքրության պարզ ցուցիչ է։ Արդյո՞ք ես չափից շատ բացասական մտքեր եմ սերմանում ուրիշների գործողությունների կամ շարժառիթների, կամ նույնիսկ իմ մասին։ Արդյո՞ք ես չափազանց արագ եմ դատում ու դատապարտում ուրիշներին։ Արդյո՞ք ես փնտրում եմ արդարացումներ իմ սխալների համար։ Եվ ինչպիսի՞ն են իմ խոսքերը։ Արդյո՞ք դրանք ոգեշնչում և բարձրացնում են իմ շրջապատի մարդկանց։ Թե՞ դրանք հաճախ վեճեր և դժգոհություն են առաջացնում։

Իմ բժշկական ստուգումներից հետո բժիշկս ասաց, որ ընդհանուր առմամբ սիրտս առողջ է, բայց կային որոշ խնդիրներ, որոնք պետք է անհապաղ լուծվեին, քանի դեռ ավելի լուրջ խնդրի չէին վերածվել։ Այնուհետև նա կենսակերպի որոշ փոփոխություններ նշանակեց։ Նմանապես, երբ դուք կատարում եք ձեր սրտի այս հոգևոր գնահատումը և նկատում եք որոշ բացասական ախտանիշներ, որոնք սկսում են ի հայտ գալ, խնդրում եմ, խուճապի մի՛ մատնվեք։ Փրկիչը գերազանց հոգևոր դեղորայք և բուժում է տվել՝ ձեզ օգնելու համար։ Նա նույնիսկ խոստացել է ձեզ նոր սիրտ տալ։ Ահա մի քանի գործողություններ, որոնք կարող են բարելավել ձեր սրտի հոգևոր ուժը.

Բարելավեք ձեր սրտի հոգևոր առողջությունը

Նախ՝ ամրապնդեք ձեր հարաբերությունները Քրիստոսի հետ

Երբ ամեն օր ժամանակ ենք հատկացնում՝ Քրիստոսին ավելի մոտենալու համար, մեր սիրտը փոխվում է։ Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը, զուգորդված անկեղծ աղոթքի և կանոնավոր ծոմապահության հետ, կմեծացնի ձեր սերը Փրկչի հանդեպ և կամրապնդի ձեր հավատքը, ինչպես նաև ապաշխարելու և ձեր սիրտը խոնարհաբար Աստծուն ենթարկելու ցանկությունը։ Դիտարկենք Նեփիի այս օրինակը. «Ուստի, ես կանչեցի առ Տերը. և ահա, նա այցելեց ինձ և այնպես փափկացրեց իմ սիրտը, որ ես հավատացի բոլոր այն խոսքերին, որոնք ասվել էին հորս կողմից»։

Շարունակելով սնուցել հավատքի սերմը մեր արդար ցանկություններով և գործողություններով, մենք կզգանք մեր սրտի այն սրբագործումը, որը զգացին նեփիացիները. «Նրանք հաճախ ծոմ էին պահում ու աղոթում և դառնում էին ավելի ու ավելի ուժեղ իրենց խոնարհության մեջ, և ավելի ու ավելի կայուն՝ Քրիստոսի հավատքում, որը նրանց հոգիները լցնում էր ուրախությամբ ու սփոփանքով, այո, նույնիսկ մինչև իսկ մաքրում ու սրբագործում էր նրանց սրտերը, սրբագործում, որը գալիս էր իրենց սրտերն Աստծուն ենթարկելուց»։

Երկրորդ՝ համապատասխանեցրեք ձեր կամքը Նրա կամքին

Փրկիչն ուսուցանել է. «Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները»։ Նա մեզ հրավիրում է ցույց տալ մեր սերը՝ Իր հետ ուխտեր կապելով և պահելով։ Երբ մենք ամեն օր ձգտում ենք պահել Նրա պատվիրանները, անկեղծորեն ապաշխարել մեր մեղքերից, վերցնել Նրա անունը մեզ վրա և համապատասխանեցնել մեր կամքը Նրա կամքին, մենք կարող ենք օրհնվել Սուրբ Հոգու մշտական ընկերակցությամբ։

Նեփին վկայել է․ «Ես գիտեմ, որ եթե դուք հետևեք Որդուն սրտի ողջ նվիրվածությամբ, չգործելով ոչ կեղծավորություն, ոչ էլ խաբեություն Աստծո առաջ, այլ իսկական վճռականությամբ, ապաշխարելով ձեր մեղքերից, վկայելով Հորը, որ դուք կամենում եք վերցնել ձեզ վրա Քրիստոսի անունը մկրտությամբ, … ահա, այն ժամանակ, դուք կստանաք Սուրբ Հոգին»: Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ և կօգնի ձեզ իմանալ Տիրոջ կամքը և կատարել լավ ընտրություններ։

Վերջապես` ծառայեք Աստծուն և մարդկանց ձեր ողջ սրտով

Փրկիչը բոլորին հրավիրում է «ողջ սրտով … ծառայե[լ] նրան»։ Երբ մենք ընտրում ենք կատարել Տիրոջ պատվիրած յուրաքանչյուր կետը, ինչպես օրինակ՝ պահել պատվիրանները, ճաշակել հաղորդությունից, երկրպագել տաճարում և ծառայել մարդկանց ամբողջ սրտով և անկեղծ միտումով, ծառայության և երկրպագության յուրաքանչյուր արարք դառնում է հզոր հոգևոր փորձառություն, որն ամրացնում է մեր հավատքն ու վկայությունը և լցնում մեր սիրտն ուրախությամբ ու սիրով՝ Աստծո և մեր մերձավորի հանդեպ։

Մարգարե Ալմայի հարցը մինչ օրս արդիական է. «Ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգևորապես։ Ընդունե՞լ եք դուք նրա պատկերը ձեր դեմքին: Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես հրավիրում եմ ձեզ այսօր ձեր ամբողջ սիրտը նվիրել Փրկչին։ Թող երկրպագության և ծառայության յուրաքանչյուր գործողություն լինի անկեղծ և մտածված։ Մի կողմ դրեք աշխարհիկ շեղող բաները և ձգտեք ամեն օր իմաստալից ժամանակ տրամադրել Տիրոջը։ Ապաշխարե՛ք և վերադարձե՛ք Նրա մոտ ձեր ամբողջ սրտով, և Նա կների ձեզ և կօղակի ձեզ Իր սիրո բազուկների մեջ։ Մի՛ փնտրեք այս աշխարհի բաները, այլ ընտրեք ձեր աչքը ուղղել միայն Նրա փառքին և ավելի լավ բաների ձգտել: Նա գիտի ձեր մտքերն ու ձեր սրտի ցանկությունները, և երբ դուք գաք Նրա մոտ, Նա կօրհնի ձեզ ուժով, վստահությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ այս կյանքում և տեղով՝ Իր սելեստիալ արքայությունում՝ ողջ հավերժության համար։

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է։ Նա մեր Քավիչն է: Եվ Նա սիրում է ձեզ ու ինձ ամբողջ սրտով։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: