Գերագույն համաժողով
Հիսուս Քրիստոսի ընտանիքակենտրոն Ավետարանը
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


17:23

Հիսուս Քրիստոսի ընտանիքակենտրոն Ավետարանը

Մեր վարդապետությունը և հավերժական ընտանիքներ ունենալու հավատը ամրացնում և մտերմացնում է մեզ։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, շնորհակալ եմ՝ ինձ համար ասված ձեր աղոթքների համար: Ես զգացել եմ դրանք։

I.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետությունը կենտրոնանում է ընտանիքի վրա։ Ընտանիքի մասին մեր ուսմունքի ամենակարևոր մասը տաճարն է։ Այնտեղ ստացված արարողությունները մեզ հնարավորություն են տալիս որպես հավերժական ընտանիքներ վերադառնալ մեր Երկնային Հոր ներկայությունը։

2025 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց 200 նոր տաճարների կառուցման մասին: Նա սիրում էր հայտարարել նոր տաճարներ յուրաքանչյուր գերագույն համաժողովի ավարտին, և մենք բոլորս ուրախանում էինք նրա հետ։ Ինչևէ, քանի որ տաճարների մեծ թիվն այժմ գտնվում է նախագծման և կառուցման ամենավաղ փուլերում, տեղին է, որ մենք դանդաղեցնենք նոր տաճարների մասին հայտարարությունները։ Հետևաբար, Տասներկու Առաքյալների Քվորումի հաստատմամբ, մենք այս համաժողովում չենք հայտարարի որևէ նոր տաճարի մասին։ Այժմ մենք կշարունակենք տաճարի արարողությունները տրամադրել Եկեղեցու անդամներին ամբողջ աշխարհում, ներառյալ՝ հայտարարել նոր տաճարների երբ և որտեղ կառուցման մասին։

Իմ ելույթի այն մասը, որը հենց նոր կարդացի, գրվել է մեր սիրելի նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մահից հետո։ Այն, ինչ հիմա կհետևի, գրվել և հաստատվել է շաբաթներ առաջ, բայց այն շարունակում է ներկայացնել իմ ուսմունքները՝ ոգեշնչված Տիրոջ կողմից։

II.

Ընտանիքի մասին հռչակագրում, որը լույս է տեսել 30 տարի առաջ, ասվում է, որ «ընտանիքը հաստատված է Աստծո կողմից» և «ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար»։ Այնտեղ նաև ասվում է, որ «դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը»։ Եվ «մենք հայտարարում ենք նաև Աստծո այն պատվիրանը, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին»։ Այն ժամանակ դեռ երեց Ռասսել Մ. Նելսոնը Բրիգամ Յանգի համալսարանի լսարանին ուսուցանեց, որ «Աստծո ծրագրի կարևորագույն մասը ընտանիքն է։ … Իրականում, ծրագրի նպատակներից մեկը ընտանիքի վեհացումն է»:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հայտնի է նաև որպես ընտանիքակենտրոն եկեղեցի։ Դա այդպես է։ Աստծո հետ մեր հարաբերությունները և մեր մահկանացու կյանքի նպատակը բացատրվում են ընտանիքի տեսանկյունից։ Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր Երկնային Հոր ծրագիրն է Իր հոգևոր զավակների օգտի համար։ Մենք կարող ենք վստահ ասել, որ ավետարանի ծրագիրն առաջին անգամ մեզ ուսուցանվել է հավերժական ընտանիքի խորհրդում, այն իրականացվում է մեր մահկանացու ընտանիքների միջոցով, և դրա նպատակն է Աստծո զավակների վեհացումը հավերժական ընտանիքներով։

III.

Չնայած այդ վարդապետական համատեքստին, կա հակադրություն։ Միացյալ Նահանգներում ամուսնության և ծնելիության հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Այս վերջին հարյուր տարիների ընթացքում ամուսնացած զույգերից կազմված ընտանիքների թիվը, ինչպես նաև՝ ծնելիության մակարդակը, նվազել են։ Մեր Եկեղեցու անդամների ամուսնությունների և ծնելիության ցուցանիշները շատ ավելի դրական են, բայց դրանք նույնպես զգալի նվազել են։ Էապես կարևոր է, որ Վերջին Օրերի Սրբերը չկորցնեն ամուսնության նպատակի և երեխաների արժեքի վերաբերյալ իրենց ըմբռնումը։ Դա այն ապագան է, որին մենք ձգտում ենք։ «Վեհացումը ընտանեկան գործ է»,- մեզ ուսուցանել է նախագահ Նելսոնը։ «Միայն Հիսուս Քրիստոսի ավետարանի փրկարար արարողությունների միջոցով կարող են ընտանիքները վեհացվել»։

Ամուսնությունների թվի և ծնելիության մակարդակի ազգային անկումը հասկանալի է պատմական պատճառներով, բայց Վերջին Օրերի Սրբերի արժեքներն ու ապրելակերպը պետք է բարելավվեն, այլ ոչ թե հետևեն այդ միտումներին։

80 տարի առաջ՝ իմ մանկության տարիներին, ես ապրում էի տատիկիս ու պապիկիս ֆերմայում՝ մի միջավայրում, որտեղ օրվա ընթացքում գրեթե ամեն ինչ տեղի էր ունենում ընտանիքի ղեկավարության ներքո։ Չկար հեռուստատեսություն կամ այլ էլեկտրոնային սարքեր, որոնք կարող էին շեղել ընտանեկան միջոցառումներից։ Հակառակ դրա, այսօրվա հասարակության շատ քիչ անդամներն են մասնակցում ընտանիքակենտրոն միջոցառումների։ Քաղաքային կյանքը, ժամանակակից տրանսպորտը, կազմակերպված զվարճանքները և արագ կապի միջոցները նպաստել են, որ երիտասարդներն իրենց տները կացարաններ համարեն, որտեղ քնում և երբեմն ճաշում են, բայց իրենց գործունեության մեջ ծնողական ուղղորդման մեծ պակաս կա։

Ծնողական ազդեցությունը նաև նվազել է այն պատճառով, որ Եկեղեցու ներկայիս անդամների մեծ մասը վաստակում է իր ապրուստի միջոցները։ Անցյալում ընտանիքներին միավորող հզոր միջոցներից մեկը միասին աշխատելն էր՝ ընդհանուր նպատակի վրա, օրինակ՝ պայքարելով վայրի բնության հետ կամ ապրուստի համար։ Ընտանիքը տնտեսական արտադրող էր՝ կազմակերպված և ղեկավարվող։ Այսօր ընտանիքների մեծ մասը տնտեսական սպառող են, ինչը չի պահանջում ընտանեկան վերին աստիճանի կազմակերպվածություն և համագործակցություն։

IV.

Ծնողական ազդեցության նվազման պարագայում, Վերջին Օրերի Սրբերը միևնույն է Աստծո կողմից տրված պարտականություն ունեն՝ ուսուցանելու իրենց երեխաներին պատրաստվել հավերժական ընտանիք կազմելուն (տես Վարդապետություն և Ուխտեր 68․25)։ Շատերս պետք է սա անենք, երբ մեր ոչ բոլոր ընտանիքներն են ավանդական։ Ամուսնալուծությունը, մահը և բաժանումը իրականություն են։ Ես դա տեսել եմ այն ընտանիքում, որտեղ մեծացել եմ։

Օուքսերի ընտանիքը

Հայրս մահացավ, երբ ես յոթ տարեկան էի, և այրի մայրս մեծացրեց ինձ, քրոջս և կրտսեր եղբորս։ Ամենադժվար իրավիճակներում նա չէր հանձնվում։ Նա միայնակ էր և սրտաբեկ, բայց, Տիրոջ օգնությամբ, վերականգնված Եկեղեցու վարդապետության մասին նրա հզոր ուսմունքը առաջնորդում էր մեզ։ Նա ջանասիրաբար աղոթում էր երկնային աջակցության համար իր երեխաներին մեծացնելու հարցում, և նա օրհնվեց։ Մենք մեծացել ենք երջանիկ ընտանիքում, որտեղ մեր մահացած հայրը միշտ հիշվում էր։ Մայրս մեզ սովորեցրել էր, որ մենք հայր ունենք, ինքը՝ ամուսին, և մենք ընտանիքով միշտ միասին կլինենք՝ իրենց տաճարային ամուսնության շնորհիվ։ Մեր հայրը ժամանակավորապես բացակայում էր, քանի որ Տերը նրան կանչել էր այլ աշխատանքի։

Գիտեմ, որ շատ ընտանիքներ կան, որոնք այդքան էլ երջանիկ չեն, բայց յուրաքանչյուր միայնակ մայր կարող է սովորեցնել Երկնային Հոր սիրո և տաճարային ամուսնության տևական օրհնությունների մասին։ Դուք նույնպես կարող եք դա անել։ Երկնային Հոր ծրագիրը ապահովում է այս հնարավորությունը բոլորի համար։ Մենք բոլորս երախտապարտ ենք տաճարային ամուսնության և որպես հավերժական ընտանիք կնքվելու օրհնությունների համար։ Մորս պես, մենք սիրում ենք մեջբերել Լեքիի խոստումը իր որդուն՝ Հակոբին այն մասին, որ Աստված «կնվիրագործի քո չարչարանքները քո օգտի համար» (2 Նեփի 2․2)։ Դա վերաբերում է Վերջին Օրերի Սրբերի յուրաքանչյուր ընտանիքին՝ լիարժեք, թե ներկայումս՝ ոչ լիարժեք։ Մենք ընտանիքի եկեղեցի ենք։

Մեր վարդապետությունը և հավերժական ընտանիքներ ունենալու հավատը ամրացնում և մտերմացնում է մեզ։ Ես երբեք չեմ մոռանա մայրական պապիկ Հարիսի խոստումը, երբ մենք՝ երեխաներս, ապրում էինք նրա՝ Փեյսոնի (Յուտա) մոտակայքում գտնվող ֆերմայում։ Նա ինձ հայտնեց այն ողբերգական լուրը, որ հայրս մահացել է հեռավոր Դենվերում (Կոլորադո)։ Ես վազեցի ննջասենյակ, ծնկի իջա մահճակալի կողքին և հորդ արցունքով լաց եղա։ Պապիկս հետևեց ինձ, ծնկի իջավ կողքիս և ասաց. «Ես կլինեմ քո հայրը»։ Այդ քնքուշ խոստումը հզոր օրինակ է նրա, ինչ կարող են անել տատիկներն ու պապիկները՝ լրացնելու բացերը, երբ ընտանիքները կորցնում կամ զրկվում են որևէ անդամից։

Ծնողները՝ միայնակ, թե ամուսնացած, և մյուս հարազատները, օրինակ՝ տատիկները և պապիկները, որոնք լրացնում են այդ դերը երեխաների համար, գլխավոր ուսուցիչներն են։ Նրանց ամենաարդյունավետ ուսուցումը օրինակ ծառայելն է։ Ընտանեկան միավորը կատարյալ վայր է ցուցադրելու և սովորելու համար հավերժական արժեքները, ինչպիսիք են՝ ամուսնության ու երեխաների կարևորությունը, կյանքի նպատակը և ուրախության իրական աղբյուրը։ Այն նաև լավագույն վայրն է կյանքի այլ կարևոր դասեր սովորելու համար, ինչպիսիք են՝ բարությունը, ներողամտությունը, ինքնատիրապետումը, ինչպես նաև կրթության և ազնիվ աշխատանքի արժեքը։

Իհարկե, Եկեղեցու շատ անդամներ ունեն սիրելի ընտանիքի անդամներ, ովքեր չեն ընդունում ավետարանի արժեքներն ու սպասումները։ Այդպիսի անդամները մեր սիրո և համբերության կարիքն ունեն։ Միմյանց հետ հարաբերություններում մենք պետք է հիշենք, որ մեր որոնած կատարելությունը չի սահմանափակվում մահկանացու կյանքի սթրեսային հանգամանքներով։ Վարդապետություն և Ուխտեր 138․57–59 հատվածների կարևոր ուսմունքը մեզ վստահեցնում է, որ ապաշխարությունն ու հոգևոր աճը կարող են շարունակվել մահկանացու կյանքից հետո՝ հոգևոր աշխարհում։ Ավելի կարևոր է, որ երբ ընտանիքները միավորվում են միմյանց զորացնելու համար, բոլորս հիշենք, որ մահկանացու կյանքում յուրաքանչյուրիս մեղքերն ու անխուսափելի թերությունները կարող են ներվել ապաշխարության միջոցով՝ Հիսուս Քրիստոսի փառահեղ և փրկող Քավության շնորհիվ։

V.

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեր մեծ օրինակն է։ Մենք կօրհնվենք, եթե մեր կյանքը կառուցենք Նրա ուսմունքների և անձնազոհության օրինակով։ Քրիստոսին հետևելը և միմյանց ծառայելուն նվիրվելը լավագույն միջոցն է եսասիրության և անհատապաշտության դեմ, որոնք այժմ կարծես շատ տարածված են։

Ծնողները նաև պարտականություն ունեն ավետարանի սկզբունքներից բացի տալու իրենց երեխաներին գործնական գիտելիքներ։ Ընտանիքները միավորվում են, երբ միասին իմաստալից բաներ են անում։ Ընտանիքով այգեգործությամբ զբաղվելը նպաստում է ընտանեկան լավ փոխհարաբերություններին։ Ուրախ ժամանցներն ամրապնդում են ընտանեկան կապերը։ Արշավները, սպորտային և հանգստի այլ միջոցառումները շատ արժեքավոր են ընտանիքները միավորելու գործում։ Ընտանիքները պետք է կազմակերպեն ընտանեկան հավաքույթներ՝ նախնիներին հիշելու և որպես արդյունք՝ տաճար գնալու համար։

Ծնողները պետք է երեխաներին ուսուցանեն կյանքի հիմնական հմտություններ, այդ թվում՝ բակում և տանը աշխատել։ Լեզուներ սովորելը օգտակար նախապատրաստություն է միսիոներական ծառայության և ժամանակակից կյանքի համար։ Այս առարկաների ուսուցիչները կարող են լինել ծնողները, տատիկ-պապիկները կամ բարեկամները։ Ընտանիքները ծաղկում են, երբ միասին սովորում են և խորհրդակցում՝ անդամներին հուզող բոլոր հարցերի շուրջ։

Ոմանք գուցե ասեն. «Բայց մենք դրա համար ժամանակ չունենք»։ Արժեքավոր բաներով զբաղվելու ժամանակը գտնելու ձգտումներում շատ ծնողներ կպարզեն, որ կարող են միացնել իրենց ընտանիքը, եթե բոլորն անջատեն իրենց տեխնոլոգիաները։ Եվ ծնողնե՛ր, հիշե՛ք, որ այն, ինչ երեխաներն իսկապես ուզում են ընթրիքի ժամին՝ դա ձեզ հետ շփվելն է։

Ընտանիքները մեծ օրհնություններ են ստանում, եթե միասին աղոթում են՝ երեկոյան և առավոտյան ծնկի իջնելով՝ շնորհակալություն հայտնելու օրհնությունների համար և աղոթելու ընդհանուր մտահոգությունների համար։ Ընտանիքները նաև օրհնվում են, երբ միասին երկրպագում են Եկեղեցում և հոգևոր հավաքներին։ Ընտանեկան կապերը նաև ամրապնդվում են ընտանեկան պատմություններով, ընտանեկան ավանդույթներ ստեղծելով և սուրբ փորձառություններով կիսվելով։ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը հիշեցրել է մեզ, որ «մեր կյանքի և մեր նախնիների կյանքի ոգեշնչող պատմությունները … հզոր ուսուցման գործիքներ են»։ Դրանք հաճախ մեզ և մեր սերունդների համար ոգեշնչման լավագույն աղբյուրն են։

Ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի մասին, ով մեր Հավերժական Հոր՝ Աստծո Միածին Որդին է։ Նա մեզ հրավիրում է հետևել ուխտի ուղուն, որը տանում է դեպի երկնային ընտանիքի վերամիավորում։ Քահանայության կնքող զորությունները, ղեկավարվելով բանալիներով, որոնք վերականգնվեցին Կիրթլենդի տաճարում, միավորում են ընտանիքներն առհավետ (տես Վարդապետություն և Ուխտեր 110.13-16)։ Դրանք ներկայումս գործադրվում են ամբողջ աշխարհը լցնող Տիրոջ տաճարներում։ Սա իրականություն է։ Ես աղոթում եմ, որ մասնակցենք այդ գործին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։