Խոնարհ հոգիները խորանի մոտ ծնկում են
Երբ մենք կապում և պատվում ենք մեր ուխտերը, մենք կապվում ենք Փրկչի հետ՝ ավելի մեծ հասանելիություն ստանալով Նրա ողորմությանը, պաշտպանությանը, սրբագործմանը, բուժմանը և հանգստությանը։
Շնորհակալություն, երգչախումբ, այդ նոր օրհներգի միջոցով հնչեցրած ձեր վկայության համար։
«Հաց կյանքի, կենդանի ջուր» հաղորդության նոր օրհներգը լցնում է իմ հոգին։ Օրհներգի մի տողում ասվում է. «Տեր, ծնկում եմ խորանիդ մոտ, սիրտն իմ կոտրված տամ Քեզ»։
Այդ խոսքերի իմ հասկացողությունը խորացավ, երբ մեր ընտանիքը 2015 թվականին մեկնեց Նյուբերի Պարկից (Կալիֆորնիա), որպեսզի ծառայեր Յուտա Օգդեն միսիայում։ Ես հրավեր ստացա այցելելու Լեյթոնի (Յուտա) մոտ գտնվող Հիլ ռազմաօդային բազան։ Ես երբեք չէի եղել ռազմական բազայում, ոչ էլ հանդիպել էի ռազմական քահանայի կամ տղամարդկանց ու կանանց, ովքեր աշխատում են իրենց երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար։
Քահանա Հարփը, ինչպես հազարավոր այլ կամավոր և պրոֆեսիոնալ քահանաներ, որոնք ծառայում են մեր բանտերում, հիվանդանոցներում և ռազմական հաստատություններում ամբողջ աշխարհում, ոգեշնչեց և ոգևորեց ինձ։ Մեր վերջին կանգառը բազայում սրբավայրն էր։ Ես հարցրի քահանային, թե արդյոք նա ծառայություններ է մատուցում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խորհրդածել, աղոթել, մտորել և երկրպագել։ Նա մոտեցավ մատուռի առջևի պատին և վարագույրների ետևից մի խաչ հանեց։ Նա ասաց, որ խաչն օգտագործում է բողոքական և կաթոլիկ արարողությունների համար։ Ես հարցրի, թե ինչ է նա օգտագործում մեր հրեա եղբայրների և քույրերի համար, և նա գնաց առջևի պատի մյուս կողմը և հանեց Դավթի աստղը։
Ապա ես հարցրի. «Ի՞նչ եք անում Վերջին Օրերի Սրբերի ծառայությունների համար»։ Նա մի կողմ հրեց այդ խորհրդանիշները և մատնացույց արեց սրբավայրի կենտրոնում գտնվող մեծ փայտե զոհասեղանը։ Նա ասաց, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները պատրաստում և օրհնում են հացն ու ջուրը զոհասեղանի վրա։ Ես հարցրի, թե արդյոք այդ մեծ, թվացյալ ամրացված խորանը հեռացվում է այդտեղից մեր հրեա, մուսուլման, կաթոլիկ կամ բողոքական եղբայրների և քույրերի արարողությունից առաջ։ Նա ասաց, որ զոհասեղանը մնում է իր տեղում, քանի որ այդ հավատքներից մի քանիսը նույնպես ինչ-որ կերպ օգտագործում են այն։
Աբրահամը զոհասեղան կառուցեց, կապեց Իսահակին և պատրաստ էր զոհաբերել իր միակ որդուն, բայց նրան հրամայվեց կանգ առնել, և նա հայտարարեց, ինչպես Տերն էր հայտարարել. «Ահա՛ ես»։ Քանի՞ անգամ է Մեծ Ես Եմ-ը կամ Նրա մարգարեներից մեկը կամավոր ասել. «Ահա ես»։
Լեռան քարոզի ժամանակ Փրկիչը հրավիրեց մեզ հաշտվել մեր եղբայրների և քույրերի հետ, նախքան սեղանին մոտենալը։ Պողոսը սովորեցրել է, որ մենք «սրբվեցինք» զոհասեղանի մոտ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։
Լեքի մարգարեն «թողեց իր տունը … և իր թանկարժեք իրերը։ … [Ապա] նա կառուցեց մի զոհասեղան … և ընծա մատուցեց … , և գոհություն հայտնեց Տիրոջը»։
Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը մեզ սովորեցնում են երկրպագել Աստծո Որդուն զոհասեղանների մոտ։ Ինչո՞ւ:
Մեր առաջին ծնողները՝ Ադամն ու Եվան, կառուցեցին և երկրպագեցին զոհասեղանների մոտ։ Երբ նրանք վտարվեցին Եդեմի պարտեզից և երկրպագեցին «շատ օրեր», մի հրեշտակ հայտնվեց նրանց և տվեց մի սրտառուչ հարց, որը կարող էր տրվել մեզանից յուրաքանչյուրին. «Ինչո՞ւ ես դու զոհ մատուցում Տիրոջը»։
Ադամը պատասխանեց․ «Ես չգիտեմ»։
Հրեշտակի պատասխանը Ադամի համեստ խոստովանությանը ապշեցուցիչ է. «Դա Հոր Միածնի զոհաբերության նմանությունն է։ … Ուստի դու պետք է ամեն ինչ անես Որդու անունով, և դու պետք է ապաշխարես և կանչես առ Աստված առհավետ՝ Որդու անունով»:
Հաղորդության սեղանը և տաճարների զոհասեղանները խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը և Նրա անսահման Քավությունը։
Երբ մենք կապում և պատվում ենք մեր ուխտերը, ստանալով հաղորդության արարողությունը եկեղեցում և օժտումն ու կնքումը տաճարում, մենք կապվում ենք Փրկչի հետ՝ մեզ ավելի հասանելի են դառնում Նրա ողորմությունը, պաշտպանությունը, սրբագործումը, բուժումը և հանգստությունը։
Ողորմություն և պաշտպանություն ուխտերի միջոցով
Երբ 15 տարեկան էի, հարցրի հայրիկիս՝ կարո՞ղ եմ հունվարին, ընդամենը մեկ կիրակի չմասնակցել հաղորդության ժողովին, քանի որ այդ օրը ամերիկյան ֆուտբոլի հատուկ խաղ կար։ Նա ասաց, որ ես բավականաչափ մեծ եմ այդ ընտրությունն ինքս կատարելու համար, և խնդրեց, որ հաշվի առնեմ մի խորհուրդ։ Նա ասաց. «Եթե ընտրես մեկ անգամ չմասնակցել հաղորդությանը, հետո շատ հեշտությամբ կկրկնես այդ ընտրությունը»։
Եթե Փրկիչը մեզ Աստծո հետ կապողն է, ապա հակառակորդը բաժանողն է։ Նա՝ սատանան, գայթակղում է մեզ հեռանալ մեր պաշտամունքի սրբագործված վայրերից և Հիսուս Քրիստոսի պաշտպանությունից։ Երբ մենք երկրպագում ենք Փրկչին, ստանում ենք «զորություն՝ դեմ գնալու բնական աշխարհիկ հոսքին»։ Երբ հաղորդության ընթացքում մենք ժամանակ ենք անցկացնում Նրա հետ, մենք խոստում ունենք «ազատվել սատանայից»։ Այնուհետև, երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր … ամրապնդող զորությամբ»: Որքա՜ն եմ գնահատում Փրկչի հետ հաղորդակցվելու փորձառությունը՝ սուրբ զոհասեղանների մոտ կապած ուխտերի միջոցով։
Փրկչի հավերժական Քավության վերաբերյալ տող առ տող, ցուցում առ ցուցում հասկացողություն ձեռք բերելը մեզ հոգևորապես պատվաստում է հակառակորդի խորամանկությունների դեմ։ Երիտասարդ երեց Յագին Մեքսիկայում, Զուստեր [քույր] Յագին Բելգիայում և աշխարհի այլ միսիոներներ շատ ավելի հավանական է, որ տեսնեն, թե ինչպես են իրենց ընկերները ստանում մկրտության օրհնությունները և Սուրբ Հոգու պարգևը, եթե նրանց ընկերները մասնակցեն հաղորդության ժողովին շփման առաջին շաբաթվա ընթացքում։
Տոնգայում կամ Սամոայում բնակվող չափահաս երիտասարդը շատ ավելի հավանական է, որ կնքվի Տիրոջ տանը, եթե նա պատրաստվել և ստացել է իր օժտումը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Օժտման ժամանակ անդամներին հրավիրում են ողջ կյանքում հնազանդվել և պահել հինգ օրենք, որոնք նրանց կյանքը լցնում են զորությամբ և պաշտպանությամբ։ Երբ մենք ուխտեր ենք կապում Տիրոջ հետ, ձևավորվում է փոխադարձ հարաբերություն։ Մենք ցուցաբերում ենք մեր նվիրվածությունն ու սերը Նրա հանդեպ։ Մեր ուժն ու զորությունը աճում են տրված և պահված յուրաքանչյուր խոստումի հետ։
Մտորում և սրբագործում
Երբ մենք խոնարհաբար և խորհրդանշորեն ծնկի ենք իջնում Տիրոջ զոհասեղանների առջև, դա հնարավորություն է մտորելու, «զսպված [լինելու]՝ ինչ վերաբերում է [մեր] սրտերի հպարտությանը, … խոնարհեցնել[ու մեզ] Աստծո առաջ»։ Երիտասարդ տարիքում ընկերներիս հետ զբոսանքի գնալուց առաջ մայրս հաճախ ասում էր. «Հիշիր, թե ով ես, և տուն վերադառնալիս՝ արի իմ սենյակ»։ Որոշ գիշերներ ես չէի մտնում մայրիկիս սենյակ, քանի որ շատ ուշ էի տուն վերադառնում։ Շատ եմ ափսոսում, որ բաց էի թողնում մայրիկի հետ այդ կարևոր հանդիպումները։
Այսօր ես անհամբեր սպասում եմ Երկնային Հոր հետ հանդիպելու հնարավորություններին։ Իմ ամենօրյա անձնական երկրպագության ժամանակ ես ծնկի եմ իջնում և աղոթում մահճակալիս կողքին կամ ընտանիքիս հետ, և պատկերացնում եմ ինձ՝ ծնկի իջած զոհասեղանի մոտ, խորհրդածելով և վերանայելով իմ կյանքը։ Ես մտածում եմ հաղորդության մասին, նույնիսկ հացի կտորների մասին, որոնք մեզ համար են կտրվել, որոնցից յուրաքանչյուրը մեր Փրկչի տանջահար մարմնի խորհրդանիշն է։ Երեց Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է, որ «հացի յուրաքանչյուր կտորը նույնքան յուրահատուկ է, որքան այն մարդիկ, ովքեր ճաշակում են այն»: Երբ ծնկի իջած աղոթում եմ, մտածում եմ, թե ինչպես կարող եմ Աստծուն ենթարկել իմ կամքը։
Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ «հաղորդության արարողությունը սուրբ և կրկնվող հրավեր է` անկեղծորեն ապաշխարելու և լինելու հոգեպես նորոգված։ Հաղորդությունը ճաշակելու գործողության ընթացքն ինքնին մեղքերը չի ներում։ Բայց, երբ մենք պատրաստվում ենք բարեխղճորեն և մասնակցում այս սուրբ արարողությանը կոտրված սրտով և փշրված հոգով, ապա խոստումն է, որ մենք կարող ենք միշտ Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալ։ Եվ Սուրբ Հոգու սրբագործող զորությամբ՝ որպես մեր մշտական ուղեկցի, մենք կարող ենք միշտ պահպանել մեր մեղքերի թողությունը»:
Երբ ես և Էմին մտաբերում ենք մեր կյանքի փորձառությունները, մենք հրճվում ենք Հիսուս Քրիստոսի կատարյալ սիրո և զոհաբերության պարգևով։ Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են դժոխքի կապանքները արձակվել։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել մեղադրական հայացքները, անհանգստությունը, ընկճախտը, քաղցկեղը, շաքարախտը, առցանց ծաղրը, ինքնության կորուստը, կորցրած հղիությունները, և երեխայի, եղբոր կամ հոր կորուստը։ Քանի որ Հիսուսը ըմպեց թմրության դառը բաժակը՝ զայրույթի բաժակը՝ ինձ համար, իմ ընտանիքի համար, մեզ բոլորիս համար։
Գեթսեմանի, ըստ Ադամ Աբրամի, տրամադրվել է altusfineart.com © 2025-ի կողմից
«Դառը բաժակը», որ Նա ըմպեց Գեթսեմանիի պարտեզում, և Նրա «ուժգնացած» տառապանքը Գողգոթայի խաչի վրա թույլ են տալիս, որ մենքՏիրոջ զոհասեղանների վրա դնենք դժվարությունները, վիրավորանքները, բռնությունը, զայրույթը, ցնցումները և միշտ «սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։
Քույր Պատրիշա Հոլանդն ասել է. «Իմ խորին աղոթքն այսօր ձեզ և ինձ համար այն է, որ մենք ամբողջությամբ հանձնվենք, մեր կյանքը դնենք Աստծո խոստումների և խաղաղության զոհասեղանին՝ անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում և անկախ նրանից, թե ինչ ենք արել»։
Բուժման և հանգստի վայր
Երբ մենք մոտենում ենք զոհասեղանին, մենք պարգև չենք վաստակում, այլ սովորում ենք Պարգևը Տվողի մասին։ Այդ ուսուցման և ուխտ կապելու միջոցով է գալիս բուժումը։ Նեփին ասել է․ «Նա լցրել է ինձ իր սիրով՝ այն աստիճան, որ մարմինս այրվում է»: Եվ մեր սիրող Փրկիչը հրավիրել է․ «Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»։
Երբ մեր երկու ավագ դուստրերը՝ Մաքենզին և Էմման, փոքր էին, նրանց սիրելի պատմություններից մեկը Նարնիայի քրոնիկոն․ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը գիրքն էր։ Մենք բոլորս սիրահարվել էինք առյուծ Ասլանին։ Գիրքը կարդալու մեր ամենահիշարժան երեկոներից մեկը այն էր, երբ մեծ առյուծը իր կյանքը զոհաբերեց Էդմունդի համար։ Հիշարժան էր, քանի որ ծնողներն ու դուստրերը արցունքներ թափեցին, երբ Կախարդը խլեց Քարե սեղանի վրա գտնվող առյուծի կյանքը։ Հիշարժան էր, քանի որ հույսը չմարեց՝ չնայած ողբերգությանը, մինչև որ տեղի ունեցավ տպավորիչ իրադարձությունը։ Փոքրիկ ննջասենյակում ուրախության ճիչեր լսվեցին, երբ Ասլանը հարություն առավ և ասաց. «Եթե կախարդը իմանար զոհաբերության իսկական իմաստը … նա կիմանար, որ երբ անմեղ զոհն ինքնակամ գալիս է մահվան ՝ դավաճանի փոխարեն, Քարե սեղանը կոտրվում է, և անգամ մահն է նահանջում»։
Հիսուս Քրիստոսը բուժում է բոլոր վերքերը։ Հիսուս Քրիստոսը հնարավոր է դարձնում, որ նորից ապրենք։
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի իր ելույթում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է այցելուների մի խմբի, որը մասնակցում էր տաճարի բաց դռների օրվան։ Այնտեղ մի փոքր տղա կար։ Նախագահ Նելսոնն ուսուցանել է.
«Երբ շրջագայող խումբը մտնում է օժտման սենյակ, տղան մատնացույց է անում զոհասեղանը, որտեղ մարդիկ ծնկի են իջնում Աստծո հետ ուխտեր կապելու համար և ասում է. «Օ՜, հրաշալի է: Այստեղ մարդիկ հանգստանում են իրենց տաճարային ճամփորդության ժամանակ»:
… Նա հավանաբար տեղյակ չէր, որ ուղիղ կապ կա տաճարում Աստծո հետ ուխտ կապելու և Փրկչի ապշեցուցիչ խոստման միջև․
«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, ․․․ և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք։
Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը` թեթև» [Մատթեոս 11.28-30, շեշտադրումն ավելացված է]»:
«Մարդու Որդին իր գլուխը դնելու տեղ չունի», սակայն Նա Իր աշակերտներին, ձեզ և ինձ, հրավիրեց հաղորդության սեղանի մոտ՝ այնտեղ Իր հետ հանգստանալու։ Երբ «Խոնարհ հոգիները խորանի մոտ ծնկում են», անսահման խաղաղություն է տիրում։ Մեր Փրկչի ձեռքերը մեկնված են, Նրա սեղանը՝ բաց։ Եկեք, երկրպագեք Աստծո Որդուն Նրա սուրբ զոհասեղանների մոտ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: