Գերագույն համաժողով
Եվ այժմ տեսնում եմ
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


17:24

Եվ այժմ տեսնում եմ

Մորմոնի Գրքի ազդեցությունն իմ կյանքում ոչ պակաս հրաշալի է, քան կույր մարդու աչքերին թուք ու հող քսելը։

Անկեղծ սիրով մենք բոլորս միանում ենք նախագահ Օուքսի հարգանքի տուրքին նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մահվան կապակցությամբ։ Եվ նույն սիրով և խորը սգով մենք բոլորս հիշում ենք Միչիգանում վերջերս տեղի ունեցած և գրեթե ամեն օր ամբողջ աշխարհում տեղի ունեցող ողբերգությունները։ Մենք հիշում ենք այս բաները Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ սիրով և վստահությամբ։

Հովհաննեսի իններորդ գլխում գրված է, թե ինչ եղավ, երբ Հիսուսը և Նրա աշակերտներն անցնում էին ի ծնե կույր մի մուրացիկի կողքով։ Դա աշակերտներին դրդեց Հիսուսին մի քանի բարդ կրոնական հարց տալ այս մարդու արատի ծագման և փոխանցման վերաբերյալ։ Վարդապետը պատասխանեց՝ անելով շատ պարզ և զարմանալի մի բան։ Նա թքեց հողի վրա և այդ խառնուրդից մի փոքր կավ շինեց։ Ապա, նա քսեց դա այդ մարդու աչքերին և հրահանգեց նրան լվացվել Սիլովամի ավազանում։ Կույր մարդը հնազանդորեն արեց այդ ամենը, և «երբ վերադարձավ, տեսնում էր», ինչպես գրված է սուրբ գրության մեջ։ Որքան կարևոր են ապացույցները՝ ի տարբերություն ճշմարտությանը հակառակ գործող ցանկությունների, փաստարկների կամ նույնիսկ չարամտության։

Եվ, վախենալով, որ այս հրաշքը կավելանար այն սպառնալիքին, որը Հիսուսն իրենից ներկայացնում էր իրենց ենթադրյալ իշխանության համար, Փրկչի թշնամիները հակառակեցին նոր տեսողություն ստացած մարդուն և զայրացած ասացին. «Մենք գիտենք, որ [Հիսուսը] մեղավոր է»։ Այդ մարդը մի պահ լսեց, ապա ասաց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ. մի բան գիտեմ, որ կույր էի և այժմ տեսնում եմ»։

Հիսուսը մեկնաբանեց այս երկխոսության առաջին իմաստը՝ ասելով Իր աշակերտներին, որ այդ ամենը տեղի է ունեցել, «որպեսզի Աստծու գործերը հայտնի դառնան»։ Հիշո՞ւմ եք, որ այս պատմության մեջ երկու անգամ հիշատակվում է, որ Փրկիչը կույր մարդու աչքերին «քսեց» բուժող միջոցը, որը պետք է ավարտվեր լվացումով։ «Աստծու գործերը հայտնի դառնա[լու]» այս նկարագրությունը գուցե ենթադրում է արարողության կատարում։

Մեկ այլ ճշմարտություն, որն այստեղ ակնհայտ է՝ երկնքի և երկրի և դրանցում եղած ամեն բանի Արարիչը այս հրաշքն անելու համար օգտագործում է հետևյալ գործիքները՝ թուք և մի բուռ հող։ Այս շատ անհավանական բաղադրիչները հաստատում են, որ Աստված կարող է մեզ օրհնել ցանկացած եղանակով, որը Նա կընտրի։ Ինչպես Նեեմանը չկամեցավ լվացվել Հորդանան գետում, կամ Իսրայելի զավակները, որոնք հրաժարվեցին նայել ձողի վրա դրված օձին, մեզ համար էլ շատ հեշտ է մերժել մեր փրկության աղբյուրը, քանի որ դրան մատնացույց անող բաղադրիչներն ու գործիքները ամոթալիորեն պարզ են թվում։

Բայց մենք հիշում ենք Մորմոնի Գրքից, որ որոշ բաներ և՛ պարզ, և՛ թանկարժեք են, և որ Հիսուսի ծնունդից առաջ մարգարեացվել էր, որ «նա ոչ տեսք ուներ, ոչ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք»։ Շատ հաճախ Աստված Իր վեհաշուք ուղերձն ուղարկել է նոր կանչված և հուզվող Սփոփող Միության նախագահի, Նյու Յորքի ֆերմայում ապրող անկիրթ տղայի, նոր միսիոների կամ մսուրի մեջ պառկած նորածնի միջոցով։

Եվ ի՞նչ տարբերություն, թե ինչպես կստանանք մեր աղոթքների պատասխանները՝ պարզ, թե բարդ եղանակով։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք համառ լինել, փորձելով ապրել Քրիստոսի ավետարանով, անկախ նրանից, թե որքան թուք ու հող է պահանջվում։ Մեզ համար միշտ չէ, որ պարզ կլինի, թե ինչ է արվում կամ ինչու, և ժամանակ առ ժամանակ մենք բոլորս մի փոքր կզգանք այն տարեց քրոջ նման, որն ասաց. «Տեր, տուր մի օրհնություն, որը քողարկված չէ»։

Դիտարկենք մեկ այլ ճշմարտության ապացույցը՝ սուրբ քահանայության վերաբերյալ։ Քրիստոսի կողմից Եկեղեցու կազմակերպման մասին Ղուկասի գրառումների առաջին տողում գրված է. «Եվ իր տասներկու աշակերտներին կանչեց, նրանց զորություն և իշխանություն տվեց»՝ պարգևներ, որոնք չեն շնորհվել տպավորիչ լիազորագրերով և ոչ էլ որոշվել են ավանդույթով կամ անդրանիկի իրավունքով։ Դրանք չեն շնորհվում աստվածաբանության ֆակուլտետի կամ աստվածաբանական սեմինարիայի կողմից։ Դրանք շնորհվում են միայն ձեռնադրմամբ, այն անձի կողմից, ում վրա լիազորված ձեռքեր են դրվել անխափան հաջորդականությամբ՝ մինչև բոլոր աստվածային իշխանության աղբյուրը՝ Տեր Հիսուս Քրիստոսը։

Եվ մի եկեղեցում, որը հասկանում է ողորմության պարգևը, մի՞թե այդ եկեղեցու ճշմարտացիության ևս մեկ հրաշալի ապացույց չէ տեսնել, թե ինչպես են այս օրհնություններն ու ուխտերը տրվում մեր մահացած ազգականներին՝ մեր ընտանիքների այն անդամներին, ովքեր մահացել են մեզանից առաջ։ Արդյո՞ք նրանք պետք է պատժվեն, քանի որ ավետարանը հասանելի չէր նրանց, կամ որովհետև ծնվել էին այնպիսի ժամանակներում կամ վայրում, որտեղ աստվածային արարողությունները և ուխտերը նրանց համար հասանելի չէին։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի Տիրոջ սուրբ, նվիրագործված տներ, որտեղ ողորմած, փրկարար աշխատանք է կատարվում ամեն օր ու գիշեր այս մահացածների համար, ինչպես նաև ապրողները արարողություններ կատարելու և երկրպագելու հնարավորություն ունեն։ Որքանով ես գիտեմ Աստծո ճշմարտության, Նրա համընդհանուր սիրո այս հատուկ ապացույցը ապրողների և մեռածների նկատմամբ աշխարհում որևէ այլ տեղ չի երևում՝ բացառությամբ մեկ եկեղեցու, որը ցույց է տալիս ճշմարտությունն այս կոնկրետ առումով. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու։

Իմ առաջին փորձառությունը, աչքերս բացող հանդիպումը ճշմարտության իրական ապացույցների հետ չեղավ կավի օծմամբ կամ Սիլովամի ավազանում։ Ոչ, ճշմարտության գործիքը, որը Տիրոջից բերեց իմ բուժումը, գրքի էջերի տեսքով էր, այո՛, դա Մորմոնի Գիրքն էր. ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին։ Այս գրքի վերաբերյալ պնդումները քննադատության են ենթարկվել և մերժվել որոշ անհավատների կողմից, որոնց զայրույթը հաճախ նման էր այն մարդկանց զայրույթին, ովքեր ասացին բուժված մարդուն, որ այն, ինչ նա գիտեր, որ տեղի էր ունեցել, անհնար էր։

Իմ դեմքին ասել են այսպիսի բաներ՝ որ այս գրքի ստեղծման միջոցները անիրագործելի են, անհավանական, ամոթալի, նույնիսկ անսուրբ։ Դա կոպիտ լեզու է ցանկացած մարդու կողմից, ով ենթադրում է, որ գիտի, թե ինչպես է ստեղծվել գիրքը, քանի որ այդ միջոցների մասին տրված միակ նկարագրությունն այն է, որ այն թարգմանվել է «Աստծո պարգևով և զորությամբ» Այդքա՛նը։ Այսքանը։ Ամեն դեպքում, Մորմոնի Գրքի ազդեցությունն իմ կյանքում ոչ պակաս հրաշալի է, քան կույր մարդու աչքերին թուք ու հող քսելը։ Այն հոգուս անվտանգության ձողն է, հայտնության գերբնական և թափանցող լույսը, ճանապարհի լուսավորությունը, որով ես պետք է քայլեմ, երբ գալիս է խավարի մեգը։ Այն միշտ եկել է և հաստատ կգա։

Եվ հաշվի առնելով այն տեսլականը, որն այն ինձ տվել է իմ Փրկչի համընդհանուր սիրո և փրկագնող շնորհի մասին, ես բերում եմ իմ վկայությունը, արդար հիմունքներով, քանի որ նոր օրհնված տղամարդու ծնողներն ասացին, որ իրենց որդուն պետք է լսել, որովհետև նա «չափահաս» էր։ Դե, ես՝ նույնպես։ Ծնողների ակնարկով՝ տղան բավականաչափ մեծ էր, որ լուրջ ընդունեին նրան։ Դե, ես՝ նույնպես։ Երկու ամսից իմ 85-րդ տարեդարձն է։ Ես եղել եմ մահվան շեմին և հետ եմ եկել։ Ես շփվել եմ թագավորների ու մարգարեների, նախագահների ու առաքյալների հետ։ Ամենակարևորը՝ Ժամանակ առ ժամանակ ես ոգեշնչվել եմ Աստծո Սուրբ Հոգուց։ Վստահ եմ, որ իմ վկայությունն այստեղ գոնե պիտի որոշակի ուշադրության արժանանա։

Այժմ, եղբայրներ և քույրեր, ես խորապես համոզված եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Նոր Կտակարանի Եկեղեցու իրական վերականգնումն է, և ավելին՝ որովհետև ես չէի կարող ժխտել այդ վերականգնման ապացույցը։ Այդ առաջին փորձառություններից ի վեր, կարծում եմ, որ ունեցել եմ հազար, նույնիսկ տասը հազար այլ ապացույցներ, որ այն, ինչ ես ասացի այսօր՝ ճշմարիտ է։ Ուստի, ես այժմ ուրախ եմ միանալ իմ ընկերոջը, որը միացել էր Երուսաղեմի փողոցներում խմբված մարդկանց, և իմ թույլ ձայնով երգում եմ.

Զարմանալի շնորհ․ որքան քաղցր է հնչում,

Այն փրկեց ինձ նման թշվառին:

Մոլորված էի, սակայն գտել եմ ինձ կրկին,

Չէի տեսնում, այժմ տեսնում եմ տակավին:

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Հովհաննես 9․1-7։

  2. Տես Հովհաննես 19.13-25։

  3. Հովհաննես 9․3։

  4. Տես Հովհաննես 9․611։

  5. Հովհաննես 9․3։

  6. Տես Դ Թագավորների 5․1-15։

  7. Տես Թվեր 21.4–9, 1 Նեփի 17.41, Ալմա 33.18-22:

  8. Եսայի 53․2։

  9. Ղուկաս 9․1։

  10. Օմնի 1․20, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 20.35։

  11. Հովհաննես 9․23։

  12. Amazing Grace,” Hymns—For Home and Church, Gospel Library.