Գերագույն համաժողով
Ոչ ոք մենակ չի նստում
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


14:3

Ոչ ոք մենակ չի նստում

Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը ներառում է բոլորին տեղ տալը Նրա վերականգնված Եկեղեցում։

I.

50 տարի ես ուսումնասիրել եմ մշակույթ, այդ թվում՝ ավետարանական մշակույթը։ Ես սկսեցի բախտորոշիչ թխվածքաբլիթներից։

Սան Ֆրանցիսկոյի չինական թաղամասում Գոնգերի ընտանեկան ընթրիքներն ավարտվում էին բախտորոշիչ թխվածքաբլիթով և այսպիսի իմաստուն ասացվածքով․ «Հազար մղոն ճամփորդությունը սկսվում է առաջին քայլից»։

բախտորոշիչ գրվածքը բախտորոշիչ թխվածքաբլիթում

Երիտասարդ տարիքում ես պատրաստում էի բախտորոշիչ թխվածքաբլիթներ։ Սպիտակ բամբակյա ձեռնոցներ հագած՝ փաթեթավորում էի ջեռոցից նոր տաք հանած կլոր թխվածքաբլիթները։

բախտորոշիչ թխվածքաբլիթների պատրաստում
Բախտորոշիչ թխվածքաբլիթի ձևավորում

Ի զարմանս ինձ, ես իմացա, որ բախտորոշիչ թխվածքաբլիթները սկզբում չինական մշակույթի մաս չեն կազմել։ Չինական, ամերիկյան և եվրոպական բախտորոշիչ թխվածքաբլիթների սովորույթները տարբերակելու համար ես դրանք փնտրեցի մի քանի մայրցամաքներում, ինչպես փնտրում են մի քանի կետեր եռանկյունացման մեթոդով՝ անտառում հրդեհի վայրը որոշելու համար։ Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի և Նյու Յորքի չինական ռեստորաններում մատուցում են բախտորոշիչ թխվածքաբլիթներ, բայց ոչ Պեկինի, Լոնդոնի կամ Սիդնեյի ռեստորաններում։ Միայն ամերիկացիներն են նշում Բախտորոշիչ թխվածքաբլիթի ազգային օրը։ Միայն Չինաստանում են գովազդներն առաջարկում «Իսկական ամերիկյան բախտորոշիչ թխվածքաբլիթներ»։

Բախտորոշիչ թխվածքաբլիթները զվարճալի, պարզ օրինակ են։ Սակայն տարբեր մշակութային միջավայրերի սովորույթները համեմատելու նույն սկզբունքը կարող է օգնել մեզ տարբերակել ավետարանական մշակույթը։ Եվ հիմա Տերը նոր հնարավորություններ է բացում ավետարանական մշակույթն ուսումնասիրելու համար, քանի որ Մորմոնի Գրքի այլաբանության և Նոր Կտակարանի առակների մարգարեություններն իրականանում են։

II.

Ամենուրեք մարդիկ տեղափոխվում են։ ՄԱԿ-ը հայտնում է 281 միլիոն միջազգային գաղթականների մասին։ Թիվը 128 միլիոնով աճել է 1990 թվականի համեմատ, և երեք անգամ գերազանցել 1970 թվականի արդյունքները։ Ամենուրեք աննախադեպ ավելի մեծ թվով նորադարձներ են միանում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն։ Ամեն կիրակի 195 երկրներից և տարածքներից անդամներ և ընկերներ հավաքվում են Եկեղեցու 31,916 հավաքատներում։ Եկեղեցում խոսում են 125 լեզուներով։

Հանդիպում սրբերի հետ Ալբանիայում
Հանդիպում սրբերի հետ Հյուսիսային Մակեդոնիայում
Հանդիպում սրբերի հետ Կոսովոյում
Հանդիպում սրբերի հետ Շվեյցարիայում
Հանդիպում սրբերի հետ Գերմանիայում
Հանդիպում սրբերի հետ Գերմանիայում

Վերջերս Ալբանիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Կոսովոյում, Շվեյցարիայում և Գերմանիայում ես ականատես եղա, թե ինչպես են նոր անդամներն իրականացնում Մորմոնի Գրքի ձիթենու այլաբանությունը։ Հակոբի 5 գլխում այգու Տերը և Նրա ծառաներն ամրացնում են ձիթենու արմատներն ու ճյուղերը՝ հավաքելով և պատվաստելով ճյուղեր տարբեր տեղերից։ Այսօր Աստծո զավակները հավաքվում են որպես մեկ՝ Հիսուս Քրիստոսում։ Տերն առաջարկում է ուշագրավ բնական միջոց՝ ընդլայնելու Իր վերականգնված ավետարանի լրիվությամբ ապրելու մեր փորձառությունները։

Մեզ երկնքի արքայության համար պատրաստելով՝ Հիսուսը պատմում է մեծ ընթրիքի և հարսանեկան խնջույքի առակները։ Այս առակներում հրավիրված հյուրերը պատճառաբանություններ են գտնում չգալու համար։ Տերը հրամայում է Իր ծառաներին․ «շուտ գնա[լ] քաղաքի հրապարակներն ու փողոցները» և «ճանապարհներն ու արահետները» և «աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին այստեղ բեր[ել]»։ Հոգևոր առումով, դա մեզանից յուրաքանչյուրին է վերաբերում։

Սուրբ գրությունները հայտարարում են.

«Բոլոր ազգերը պիտի հրավիրվեն» մասնակցելու «Տիրոջ տան մի ընթրիք[ին]»։

«Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը,… որ նրա արքայությունն առաջ գնա երկրի վրա, որ նրա բնակիչները ստանան այն և պատրաստ լինեն գալիք օրերի համար»։

Այսօր Տիրոջ ընթրիքին հրավիրվածները գալիս են բոլոր տեղերից և մշակույթներից։ Տարեց թե երիտասարդ, հարուստ թե աղքատ, տեղացի թե օտարերկրացի․ մենք մեր Եկեղեցու ժողովները դարձնում ենք մեր համայնքի նման։

Որպես գլխավոր առաքյալ, Պետրոսը տեսավ երկինքը բացված «ու մեծ սփռոցի պես մի բան՝ չորս ծայրից վերևից կախված … դրա մեջ կային … երկնքի թռչունները»։ Պետրոսն ուսուցանեց․ «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ։ … Բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է [Տիրոջից] ու արդարություն գործում, ընդունելի է նրան»։

Բարի սամարացին

Բարի սամարացու առակում Հիսուսը մեզ հրավիրում է գալ միմյանց մոտ և Իր մոտ, Իր իջևանատուն՝ Իր Եկեղեցի։ Նա հրավիրում է մեզ լավ հարևաններ լինել։ Բարի սամարացին խոստանում է վերադառնալ և փոխհատուցել Նրա իջևանատան մարդկանց հոգատարության համար։ Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը ներառում է բոլորին տեղ տալը Նրա վերականգնված Եկեղեցում։

«Իջևանատանը տեղ» տալը նշանակում է, որ «ոչ ոք մենակ չի նստում»։ Եթե գաք եկեղեցի և մեկին մենակ տեսնեք, խնդրում եմ բարևեք և նստեք նրա կողքին։ Գուցե դուք չունեք այս սովորույթը։ Այդ անձը կարող է տարբերվել ձեզանից իր խոսելաձևով կամ արտաքին տեսքով։ Եվ, իհարկե, ինչպես կասեր բախտորոշիչ թխվածքաբլիթը. «Ավետարանում ընկերակցության և սիրո ճամփորդությունը սկսվում է առաջին բարևից և մենակ չնստելուց»։

«Ոչ ոք մենակ չի նստում» նշանակում է նաև, որ ոչ ոք մենակ չի նստում հուզական կամ հոգևոր առումով։ Ես գնացի մի սրտաբեկ հոր հետ նրա որդուն այցելելու։ Տարիներ առաջ որդին ոգևորված էր սարկավագ դառնալու առիթով։ Այդ առիթով՝ նրա ընտանիքը նրա համար առաջին անգամ նոր կոշիկներ էր գնելու։

Բայց եկեղեցում սարկավագները ծիծաղեցին նրա վրա։ Նրա կոշիկները նոր էին, բայց ոչ նորաձև։ Ամաչելով և վիրավորված՝ երիտասարդ սարկավագն ասաց, որ այլևս երբեք եկեղեցի չի գնա։ Իմ սիրտը դեռ ցավում է նրա և նրա ընտանիքի համար։

Երիքով տանող փոշոտ ճանապարհին մեզանից յուրաքանչյուրի վրա ծիծաղել են, ամաչեցրել ու վիրավորել, գուցե՝ ծաղրել կամ չարաշահել։ Եվ, տարբեր աստիճանի մտադրությամբ, մեզանից յուրաքանչյուրը նաև անտեսել է, չի նկատել կամ լսել, գուցե դիտավորյալ վիրավորել է ուրիշներին։ Հենց այն պատճառով, որ մենք վիրավորվել ենք և վիրավորել ենք ուրիշներին, Հիսուս Քրիստոսը մեզ բոլորիս բերում է Իր իջևանատուն։ Նրա Եկեղեցում և Նրա արարողությունների ու ուխտերի միջոցով մենք մոտենում ենք միմյանց և Հիսուս Քրիստոսին։ Մենք սիրում ենք և սիրված ենք, ծառայում ենք և մեզ են ծառայում, ներում ենք և ներվում ենք։ Խնդրում եմ հիշեք՝ «աշխարհում չկա այնպիսի վիշտ, որ Հիսուսը չկարողանա բուժել». աշխարհի բեռները թեթևանում են՝ մեր Փրկչի ուրախությունն իրական է։

1 Նեփի 19 գլխում գրված է. «Նույնիսկ, հենց Իսրայելի Աստծուն են [նրանք] ոտնակոխ անում․ ․․․ նրանք ոչինչ են համարում նրան։ ․․․ Ուստի, նրանք կխարազանեն նրան, և նա կտանի դա. և նրանք կզարկեն նրան, և նա կտանի դա: Այո, նրանք կթքեն նրա վրա, և նա դա կտանի»։

Իմ ընկեր դասախոս Թերրի Ուորներն ասում է, որ դատելը, խարազանելը, զարկելը և թքելը միայն Քրիստոսի մահկանացու կյանքի ընթացքում պարբերաբար տեղի ունեցող բաներ չէին։ Մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ, հատկապես՝ քաղցածների, ծարավների, միայնակների, ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք վերաբերվում Նրան։

Նրա վերականգնված Եկեղեցում մենք բոլորս ավելի լավն ենք, երբ ոչ ոք մենակ չի նստում։ Մենք չպետք է պարզապես հարմարվենք կամ հանդուրժենք։ Եկեք անկեղծորեն ողջունենք, ընդունենք, սպասավորենք, սիրենք։ Թող յուրաքանչյուր ընկեր, քույր, եղբայր չլինի օտար կամ անծանոթ, այլ՝ ինչպես մի երեխա իր տանը։

Կինը, որը մենակ է եկեղեցում

Այսօր շատերն իրենց միայնակ և մեկուսացած են զգում։ Սոց․ ցանցերը և արհեստական բանականությունը մեզ կարոտ են դարձնում մարդկային մտերմության և շփման։ Մենք ցանկանում ենք լսել միմյանց ձայները։ Մենք ուզում ենք իսկական պատկանելություն և բարություն։

Եկեղեցում ընկերների հետ նստած

Կան բազմաթիվ պատճառներ, որոնք մեզ ստիպում են զգալ, որ մեզ չեն ընդունում Եկեղեցում, այսինքն՝ փոխաբերական իմաստով, մենք մենակ ենք նստում։ Մենք կարող ենք անհանգստանալ մեր արտասանության, հագուստի, ընտանեկան իրավիճակի մասին։ Հնարավոր է՝ մենք մեզ բավական լավը չենք համարում, մեր հագուստից ծխախոտի հոտ է գալիս, ձգտում ենք բարոյապես մաքուր լինել, բաժանվել ենք ինչ-որ մեկից ու վիրավորանքի և ամոթի զգացողություն ունենք, մտահոգված ենք Եկեղեցու այս կամ այն քաղաքականության պատճառով։ Մենք կարող ենք լինել ամուրի, ամուսնալուծված կամ այրի։ Մեր երեխաներն աղմկոտ են կամ երեխաներ չունենք։ Մենք միսիա չենք ծառայել կամ չենք ավարտել լրիվ ծառայությունը։ Եվ շատ այլ բաներ կարող ենք ավելացնել։

Մոսիա 18․21-ը մեզ հրավիրում է միավորել մեր սրտերը սիրով։ Ես հրավիրում եմ բոլորիս ավելի քիչ անհանգստանալ, դատել, պահանջկոտ լինել ուրիշների նկատմամբ, և անհրաժեշտության դեպքում, ավելի քիչ քննադատել ինքներս մեզ։ Մենք Սիոնը մեկ օրում չենք կառուցում։ Բայց յուրաքանչյուր «բարև», յուրաքանչյուր սիրալիր վերաբերմունք մոտեցնում է Սիոնը։ Եկեք ավելի շատ վստահենք Տիրոջը և ուրախությամբ ընտրենք հնազանդվել Նրա բոլոր պատվիրաններին։

III.

Վարդապետորեն, Սրբերի՝ հավատքի և ընկերակցության ընտանիքում ոչ ոք մենակ չի նստում Հիսուս Քրիստոսի ուխտի պատկանելության շնորհիվ։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Մեզ է թողված տեսնելու, մասնակցելու և օգնելու առաջ տանելու Վերջին օրերի փառքը, «ժամանակների լրության տնտեսության համար ․․․ », երբ Աստծո Սրբերը կհավաքվեն ի մի ամեն ազգից և ցեղից և ժողովրդից»:

Աստված «չի անում որևէ բան, բացի դա լինի ի օգուտ աշխարհի … որպեսզի կարողանա ձգել բոլոր մարդկանց իր մոտ: …

Նա հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից, … և բոլորը նույնն են Աստծո համար»։

Դեպի Հիսուս Քրիստոս դարձի գալը պահանջում է, որ մենք հանենք բնական մարդուն և աշխարհիկ մշակույթը։ Ինչպես սովորեցնում է նախագահ Դալլին Հ. Օուքսը, մենք պետք է հրաժարվենք ցանկացած ավանդույթից և մշակութային սովորույթից, որը հակասում է Աստծո պատվիրաններին, և դառնանք վերջին օրերի սրբեր։ Նա բացատրել է․ «Գոյություն ունի եզակի ավետարանական մշակույթ՝ արժեքների և ակնկալիքների և սովորությունների մի համակարգ, որն ընդհանուր է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր անդամների համար»։ Ավետարանական մշակույթը ներառում է մաքրաբարո ապրել, ամեն շաբաթ եկեղեցի հաճախել, ալկոհոլից, ծխախոտից, թեյից և սուրճից հրաժարվել։ Այն ներառում է ազնվություն և շիտակություն՝ հասկանալով, որ մենք Եկեղեցու տարբեր կոչումներ ենք ստանում, այլ ոչ թե պաշտոնի բարձրացում կամ իջեցում։

Ես սովորում եմ հավատարիմ անդամներից և ընկերներից՝ ցանկացած երկրից և մշակույթից։ Բազմաթիվ լեզուներով և մշակութային տեսանկյուններով ուսումնասիրված սուրբ գրությունները խորացնում են ավետարանի ըմբռնումը։ Քրիստոսանման հատկանիշների տարբեր դրսևորումները խորացնում են իմ սերն ու հասկացողությունը Փրկչի հանդեպ։ Բոլորն օրհնվում են, երբ մենք սահմանում ենք մեր մշակութային ինքնությունը, ինչպես ուսուցանել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ որպես Աստծո զավակ, ուխտի զավակ, Հիսուս Քրիստոսի աշակերտ։

Հիսուս Քրիստոսի խաղաղությունը նախատեսված է մեզ համար անհատապես։ Վերջերս մի երիտասարդ տղա լրջորեն հարցրեց. «Երեց Գոնգ, ես դեռ կարո՞ղ եմ դրախտ գնալ»։ Նրան հետաքրքրում էր, թե արդյոք երբևէ կարող է ներում ստանալ։ Ես հարցրի նրա անունը, ուշադիր լսեցի, հրավիրեցի նրան խոսելու իր եպիսկոպոսի հետ, ամուր գրկեցի նրան։ Նա հեռացավ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հույսով լցված։

Այս երիտասարդ տղայի մասին ես պատմեցի մեկ այլ խմբի։ Հետագայում ես ստացա մի անստորագիր նամակ, որը սկսվում էր այսպես. «Երեց Գոնգ, ես և կինս մեծացրել ենք ինը երեխա… և ծառայել ենք երկու միսիա»։ Բայց «ես միշտ զգացել եմ, որ ինձ թույլ չեն տա մտնել սելեստիալ արքայություն… որովհետև երիտասարդ տարիքում գործած իմ մեղքերը շատ վատն էին»։

Նա գրում էր. «Երեց Գոնգ, երբ դուք պատմեցիք երիտասարդ տղայի մասին, որը ներման հույս էր ձեռք բերել, ես լցվեցի ուրախությամբ՝ սկսելով հասկանալ, որ գուցե ես [կարող եմ ներվել]»: Նա ավարտում է նամակը հետևյալ խոսքերով. «Ես նույնիսկ ինքս ինձ եմ հիմա սիրում»։

Ուխտի պատկանելությունը խորանում է, երբ մենք մոտենում ենք միմյանց և Տիրոջը Նրա իջևանատանը։ Տերն օրհնում է բոլորիս, երբ ոչ ոք մենակ չի նստում։ Եվ ո՞վ գիտի։ Գուցե մեր կողքին նստած անձը կարող է դառնալ բախտորոշիչ թխվածքաբլիթում խոստացված մեր լավագույն ընկերը։ Եկեք գտնենք և տեղ տանք Նրան և միմյանց Գառան ընթրիքի ժամանակ․ սա իմ խոնարհ աղոթքն է, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես “Fortune Cookies Didn’t Come from China,” Royal Examiner, Dec․ 26, 2021, royalexaminer.com/fortune-cookies-didnt-come-from-china; “National Fortune Cookie Day,” Days of the Year, daysoftheyear.com/days/fortune-cookie-day։

  2. Մշակութային եռանկյունացման գործընթացը կարող է նաև օգնել տարբերակել այն, ինչը կարելի է համարել ավետարանական մշակույթ, տեղական ազգային մշակույթ և ժամանակակից բազմազգ մշակույթ։

  3. International Organization for Migration, World Migration Report 2024, 21, publications.iom.int/books/world-migration-report-2024. “In 2022, there were 117 million displaced people in the world, and 71.2 million internally displaced people” (World Migration Report 2024, xii).

  4. Տես Հակոբ 5։

  5. Յուրաքանչյուր լեզու և մշակույթ ունի բառեր և տերմիններ, որոնք նկարագրում են սրտի քնքուշ զգացողությունները։ Նրա վերականգնված ավետարանի մեր ապրած լիությունը ընդլայնվում է, երբ մենք սովորում ենք միմյանցից։ Վերջերս քույրեր Աննալի (ծնունդով Մյունխենից) և Սյուզի Մայերսը, երեց Էրիխը և քույր Քրիստիանե Կոպիշկեն, ինչպես նաև երեց Յորգն ու քույր Ջուլիա Կլեբինգատը կիսվեցին սրտին դիպչող յուրահատուկ գերմաներեն խոսքերով։ Այս բառերով նկարագրված զգացմունքները գերազանցում են պաշտոնական քաղաքավարությունը։ Նրանք ավելին են քան առօրյայի պարտականությունները կամ պարտավորությունը։ Այս զգացմունքները խոսում են սրտի, ջերմ, մտերիմ հարաբերությունների, մեր աստվածային hոգիների հոգևոր ուրախության մասին։ Այս հատուկ բառերը գերմաներենում ներառում են Gemütlichkeit and gemütlich, Heimat, Heimweh, Geborgenheit, Zuflucht, Herzensangelegenheit, Herzensmensch, and Schummerstunde (հյուսիսից հազվագյուտ և պոետիկ եզրույթ):

  6. Ղուկաս 14․21, 23։ Նմանապես, հարսանեկան խնջույքի առակում, երբ հրավիրված հյուրերը չեն գալիս, թագավորը հրահանգում է իր ծառաներին գնալ և «ճանապարհներին» հավաքել «ում գտ[նեն]» (Մատթեոս 22․9):

  7. Վարդապետություն և Ուխտեր 58․9, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 58․6–8, 10–12։

  8. Վարդապետություն և Ուխտեր 65․3, 5, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 33․17։

  9. Գործք 10․11–12, 34–35, տես նաև Գործք 10․9–10, 13–18, 24–33, 44–48, 11․1–18, 15,6–11։

  10. Մեր՝ միմյանց և Նրա մոտ Նրա իջևանատանը հավաքվելը նկարագրված է 3 Նեփի 18․32-ում։ «Ոչ ոք մենակ չի նստում» մեր երկրպագության վայրերում, և մեր շարունակական ջերմ սպասավորումը միմյանց հանդեպ, իսկապես կարող է լինել այն միջոցը, որով մենք և նրանք «վերադառնան[ք] ու ապաշխարեն[ք], և գան[ք] [Նրա] մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և [Նա] կբժշկ[ի] նրանց. և [մենք] կլինեք նրանց փրկության բերելու միջոցը»:

  11. Վարդապետություն և Ուխտեր 104․15, 17 հատվածները մեզ հիշեցնում են. «բոլոր բաները [Տիրոջն] են», և «երկիրը լի է, և բավականաչափ կա նաև խնայելու համար»։ Հետևաբար, թե աղքատը, թե հարուստը պետք է օգնեն բոլորին վեհանալ և խոնարհվել։ Նմանապես, Բենիամին թագավորը հարցնում է. «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք»: Այսպիսով, հարուստներն ու աղքատները պարտավորվում են պատրաստակամորեն «բաժին հանել մեկդ մյուսին այն ստացվածքից, որ ունեք» (Մոսիա 4․19, 21, տես նաև Մոսիա 4.25–27):

  12. «Come, Ye Disconsolate» (Hymns, no. 115) օրհներգում Թոմաս Մուրը գրում է. «Եկեք ողորմության աթոռի մոտ, ջերմեռանդորեն ծնկի իջեք։ Վիրավոր սիրտը բացեք, ցավերը ձեր հայտնեք: Երկիրը չունի վիշտ, որ երկինքը չբուժի»:

  13. 1 Նեփի 19․7, 9: Լեռան քարոզում Տերն ասում է. «Քո մի երեսին խփողին մյուսն էլ մոտեցրու. նրան, ով քո վերարկուն վրայիցդ հանում է, մի արգելիր նրան շապիկդ էլ վերցնել» (Ղուկաս 6․29):

  14. Տես Մատթեոս 25․35-40։

  15. “No more a stranger nor a guest, but like a child at home” (“My Shepherd Will Supply My Need,” Hymns—For Home and Church, Gospel Library).

  16. Հիսուս Քրիստոսի ավետարանը ժամանակից ու մշակույթից վեր է։ Ինձ համար սա ուշագրավ վկայություն է, որ Մորմոնի Գիրքը սովորեցնում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը Ամերիկաների հին մշակութային միջավայրի համատեքստում։

  17. Ինչպես սովորեցրել են Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա խորհրդականները Առաջին Նախագահությունից, Եկեղեցու Նախագահների ուսմունքները: Ջոզեֆ Սմիթ (2007), 513, տես նաև Եփեսացիներին 1․10։

    Այսօր Եկեղեցու անդամներն ապրում են բազմազան քաղաքական, սոցիալական և տնտեսական պայմաններում։ Մեր ծխերն ու ճյուղերը տարբերվում են չափսերով և ղեկավարության ռեսուրսներով։ «Միատարրության և հարմարվողականության» սկզբունքները կարող են օգնել ամրապնդել ընտանիքը և Նրա վերականգնված Եկեղեցին ավետարանի ձևերով՝ որտեղ էլ որ մենք ապրենք (տես Handbook 2: Administering the Church [2010], 17.0

  18. 2 Նեփի 26․24, 33, շեշտադրումն ավելացված է, տես նաև 2 Նեփի 29, Ալմա 29․8։ Վարդապետություն և Ուխտեր 90․11-ը խոստանում է, որ «ամեն մարդ կլսի ավետարանի լրիվությունն իր լեզվով՝ իր մայրենի լեզվով»: Այս խոստումը կատարվում է, երբ մենք մեր տներում և Եկեղեցում միավորում ենք տարբեր լեզուները և ավետարանական մշակութային լեզուն։

  19. Տես Dallin H. Oaks, “Repentance and Change,” Liahona, Nov. 2003, 37–40.

  20. Dallin H. Oaks, “Repentance and Change,” 39.

  21. Տես Dallin H. Oaks, “Repentance and Change,” 38–39.

  22. Տես Հավատո հանգանակը 1.13: Երբ Հիսուս Քրիստոսում բազմազան ճյուղերն ու արմատները միահյուսվում են որպես մեկ, մենք գտնում ենք ավելի շատ այն բաները, որոնք «առաքինի [են], գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի»: Առաջինը տեսնում ենք վերջին, իսկ վերջինը՝ առաջին։ Մենք ուրախանում ենք, երբ սովորողները ուսուցանում են, իսկ ուսուցիչները՝ սովորում։ Բոլորը հասկանում են, շենանում և ցնծում միասին (տես Վարդապետություն և Ուխտեր 50․22

  23. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 15 մայիսի 2022 թ․), Ավետարանի գրադարան։

  24. Ջեդեդիա Մ. Գրանտը, որը ծառայել է Առաջին Նախագահությունում Բրիգամ Յանգի հետ, պատմել է հոգևոր աշխարհի մասին մի տեսիլքի մասին, որը ներառում էր բազմատեսակ գեղեցիկ ծաղիկներ, որոնք ծաղկում էին միասին, հնարավոր է՝ որպես բազմազանության մեջ միասնության և գեղեցկության փոխաբերություն: «Ես տեսել եմ լավ պարտեզներ այս երկրի վրա, բայց երբեք չեմ տեսել որևէ մեկը, որը կարող է համեմատվել այնտեղ եղածների հետ», - ասաց նա։ «Ես տեսա բազմատեսակ ծաղիկներ, որոնցից մի քանիսը հիսունից մինչև հարյուր տարբեր գույների ծաղիկներ ունեին մեկ ցողունի վրա»։ Նա զգաց «հոգևոր աշխարհի գեղեցկությունն ու փառքը, որտեղ արդար հոգիները հավաքվում են միասին» (“Remarks, at the Funeral of President Jedediah M. Grant, by President Heber C. Kimball,” Deseret News, Dec. 10, 1856, 317).

    Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը նույնպես գրանցել է Աստծո հավերժական քաղաքի մի երազ կամ տեսիլք, որտեղ նա տեսել է ծառեր, մրգեր, թփեր և ծաղիկներ՝ կատարյալ ծաղկած։ «Ես կարծես հասկացա, որ ամենուրեք առատ էին ծառեր՝ հյութալի պտուղներով, թփեր՝ գեղեցիկ երանգավորված տերևներով և կատարյալ ծաղկած ծաղիկներ» (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 1)։