Իմացեք, թե ով եք դուք իրականում
Անկախ նրանից, թե մեր աշակերտության ճանապարհին որտեղ ենք գտնվում, մեր կյանքը հիմնարար կերպով կփոխվի, եթե ավելի լավ հասկանանք, թե ով ենք մենք իրականում։
Մի քանի տարի առաջ մեր դուստրը նշանակալից փորձառություն ունեցավ իր միսիայի ընթացքում։ Նրա թույլտվությամբ, ես կիսվում եմ այդ շաբաթ նրա գրած նամակից մի հատվածով.
«Երեկ եկեղեցի վերադարձող անդամներից մեկը խնդրեց մեզ հնարավորինս շտապ այցելել իրեն։ Երբ մենք ժամանեցինք, տեսանք նրան հատակին ընկած՝ անզուսպ արտասվելիս։ Արցունքն աչքերին նա մեզ ասաց, որ կորցրել էր աշխատանքը, նրան վտարելու էին իր բնակարանից և կրկին անօթևան էր դառնալու»։
Մեր դուստրը շարունակում էր գրել. «Ես սկսեցի հանդուգն կերպով թերթել իմ սուրբ գրությունները՝ փորձելով գտնել մի բան, որը կօգներ նրան։ Անհրաժեշտ հատվածը փնտրելիս մտածեցի. «Ի՞նչ եմ անում»։ Սա այն չէ, ինչ Քրիստոսը կաներ։ Սա այնպիսի խնդիր չէ, որը ես կարող եմ լուծել, բայց նա Աստծո դուստրն է, որը իմ օգնության կարիքն ունի։ Ուստի, ես փակեցի սուրբ գրություններս, ծնկի իջա նրա կողքին և գրկեցի նրան։ Որոշ ժամանակ միասին արտասվում էինք, մինչև որ նա պատրաստ էր վեր կենալ և դիմակայել այս փորձությանը»։
Այս կնոջը մխիթարելուց հետո, մեր դուստրն օգտագործեց սուրբ գրությունները՝ օգնելու նրան հասկանալ իր աստվածային արժեքի իրականությունը և սովորեցնելու նրան մեր գոյության ամենահիմնարար ճշմարտություններից մեկը՝ մենք Աստծո սիրելի որդիներն ու դուստրերն ենք` մի Աստծո, որը կատարյալ կարեկցանք է ցուցաբերում մեր հանդեպ, երբ մենք տառապում ենք, և պատրաստ է օգնել մեզ, երբ սկսում ենք պայքարել։
Հատկանշական է, որ մեր միսիոներների կողմից ուսուցանվող վարդապետության առաջին ճշմարտությունն այն է, որ Աստված մեր սիրող Երկնային Հայրն է։ Յուրաքանչյուր հաջորդող ճշմարտություն հիմնված է մեր իրական էության հիմնարար ըմբռնման վրա։
Երեխաների միության գերագույն նախագահ Սյուզան Հ. Փորթերը սովորեցրել է. «Երբ գիտես և հասկանում ես, որ լիակատար սիրով սիրված ես՝ որպես Աստծո զավակ, ամեն ինչ փոխվում է։ Փոխվում է վերաբերմունքդ քո նկատմամբ, երբ սխալվում ես: Փոխվում է զգացողությունդ, երբ պատահում են դժվարություններ։ Փոխվում է Աստծո պատվիրանների մասին քո մտածելակերպը։ Փոխվում է քո տեսակետը մարդկանց մասին և հասկանում ես, որ կարող ես ինչ-որ բան փոխել կյանքում»։
Մենք տեսնում ենք այս փոփոխությունը, երբ կարդում ենք Մովսեսի փորձառության մասին՝ Աստծո հետ դեմ առ դեմ խոսելիս։ Այդ զրույցի ընթացքում Աստված բազմիցս Մովսեսին սովորեցրեց իր աստվածային ժառանգության մասին՝ ասելով. «Մովսես, … դու իմ որդին ես»։ Աստված բացատրեց, որ Մովսեսն Իր Միածնի նմանությամբ էր։ Մովսեսի համար հստակ դարձավ, թե ով էր ինքն իրականում, որ նա աշխատանք ուներ կատարելու, և որ նա սիրող Երկնային Հայր ուներ։
Այս փորձառությունից հետո հակառակորդը մոտեցավ նրան գայթակղելու և անմիջապես դիմեց նրան՝ ասելով. «Մովսես, մարդո՛ւ որդի»։ Սա հակառակորդի զինանոցի տարածված ու վտանգավոր գործիքներից մեկն է։ Մինչ մեր Երկնային Հայրը մշտապես սիրով հիշեցնում է մեզ, որ մենք Նրա զավակներն ենք, հակառակորդը միշտ փորձում է նսեմացնել մեզ, օգտագործելով մեր թուլությունները։ Բայց Մովսեսն արդեն հասկացել էր, որ ինքն ավելին էր, քան «մարդու որդի»։ Նա ասաց սատանային. «Ո՞վ ես դու։ Քանզի ահա, ես Աստծո որդի եմ»։ Նմանապես, երբ մենք բախվում ենք մահկանացու կյանքի մարտահրավերներին, կամ երբ զգում ենք, որ ինչ-որ մեկը փորձում է նսեմացնել մեզ, օգտագործելով մեր թուլությունները, մենք պետք է ամուր կառչենք այն գիտելիքից, թե ով ենք մենք իրականում։ Մենք պետք է հաստատում փնտրենք Աստծուց, այլ ոչ թե ուրիշներից։ Եվ երբ դա անենք, մենք նույնպես կարող ենք համարձակորեն հայտարարել. «Ես Աստծո որդի եմ»։
Չափահաս երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ մեր սիրելի նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Ուրեմն ո՞վ եք դուք։ Նախ և առաջ, դուք Աստծո զավակն եք, ուխտի զավակը և Հիսուս Քրիստոսի աշակերտը: Երբ դուք ընդունեք այս ճշմարտությունները, մեր Երկնային Հայրը կօգնի ձեզ հասնել ձեր վերջնական նպատակին՝ ապրելու հավերժ Իր սուրբ ներկայության մեջ»:
Պատահական չէ, որ հավանաբար ամենակրկնվող սուրբգրային հատվածում Աստված մեզ հիշեցնում է Իր հետ մեր հարաբերությունների մասին։ Այն բոլոր անուններից, որոնցով հնարավոր էր Նրան դիմել հաղորդության աղոթքում, Նա խնդրել է, որ իրեն անվանեն «Աստված, Հա՛յր Հավերժական»։
Երբ իսկապես իմանանք, թե ով ենք մենք, ավելի շատ կհավատանք, որ մեր սիրող Երկնային Հայրը մեզ համար ծրագիր է պատրաստել՝ կրկին Նրա մոտ վերադառնալու և Նրա հետ ապրելու համար։ Երեց Պատրիկ Քիրոնն ուսուցանել է. «Մեր Հոր գեղեցիկ ծրագիրը, այսինքն Նրա «հիանալի» ծրագիրը, նախատեսված է ձեզ տուն բերելու, այլ ոչ թե ձեզ դրսում պահելու համար: ․․․ Աստված անընդհատ հետևում է ձեզ»: Մի պահ մտածեք այդ մասին. մեր ամենակարող, սիրող Հայրը «անընդհատ հետևում է ձեզ»։
Անկախ նրանից, թե մեր աշակերտության ճանապարհին որտեղ ենք գտնվում, մեր կյանքը հիմնարար կերպով կփոխվի, եթե ավելի լավ հասկանանք, թե ով ենք մենք իրականում։ Թույլ տվեք առաջարկել երկու եղանակ, որոնցով կարող ենք խորացնել այս ըմբռնումը։
Նախ՝ աղոթքը
Երբ Փրկիչը սկսում էր Իր մահկանացու կյանքի ծառայությունը, նա տարվեց անապատ, որ «լինի Աստծո հետ»: Գուցե մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը՝ պարզապես աղոթելու փոխարեն բավարար ժամանակ հատկացնենք ամեն օր Աստծո հետ իսկապես հաղորդակցվելուն և «լին[ելու] Աստծո հետ»։
Ես նկատել եմ, որ իմ աղոթքների որակը բարելավվում է, երբ մի քանի րոպե նախապատրաստվում եմ, նախքան իմ Հորն աղոթելը։ Սուրբ գրությունները ցույց են տալիս մեզ, որ այս եղանակը գործում է։ Անկախ նրանից՝ դա Ջոզեֆ Սմիթն է, Նեփին՝ Հելամանի որդին, թե Ենովսը, բոլորը որոշակիորեն խորհել և խորհրդածել են Աստծո հետ իրենց հաղորդակցությունից առաջ, որի մասին նրանք գրել են։ Ենովսն ասել է, որ իր հոգին քաղցում էր, երբ իր հոր խոսքերը խորը ընկղմվել էին նրա սրտի մեջ։ Այս օրինակներից յուրաքանչյուրը մեզ ուսուցանում է, որ անհրաժեշտ է հոգևորապես նախապատրաստվել ամեն օր՝ «լին[ելու] Աստծո հետ»։
Փրկիչն ուսուցանել է նեփիացիներին. «Բայց դու, երբ աղոթում ես, մտիր քո սենյակը, և երբ փակես քո դուռը, աղոթի՛ր քո Հորը»։
Անկախ նրանից՝ խորդանոցում եք աղոթում, թե ննջասենյակում, սկզբունքն այն է, որ գտնեք մի վայր, որտեղ կարող եք մենակ լինել՝ աղոթելու և թույլ տալու ձեր հոգուն հանդարտվել և զգալ «մեղմ, հանդարտ ձայն[ի]» հուշումները։ Մենք կարող ենք նախապատրաստվել՝ խորհելով այն բաների շուրջ, որոնց համար շնորհակալ ենք, և այն հարցերի կամ մտահոգությունների շուրջ, որոնց մասին կցանկանայինք կիսվել մեր Հոր հետ։ Մենք պետք է խուսափենք կրկնվող աղոթքներ ասելուց, և խոսենք մեր Հոր հետ, եթե հնարավոր է բարձրաձայն։
Ես գիտակցում եմ, որ մեր կյանքի քաոսի մեջ, երբ խնամում ենք մանկահասակ երեխաներին կամ շտապում մեկ ժողովից մյուսին գնալ, մենք կարող է չունենանք հանդարտ սենյակի և մտածված նախապատրաստության շքեղությունը, բայց այդ լուռ, արագ և շտապ ասված աղոթքները կարող են շատ ավելի իմաստալից լինել, եթե մենք ջանք ենք գործադրել «լին[ելու] Աստծո հետ» օրվա ընթացքում։
Գուցե կան մարդիկ, որոնք երկար ժամանակ չեն աղոթել, կամ չեն զգացել, որ իրենց աղոթքները լսվում են։ Ես խոստանում եմ ձեզ, որ ձեր Երկնային Հայրը ճանաչում, սիրում և ցանկանում է լսել ձեզ։ Նա կամենում է հաղորդակցվել ձեզ հետ։ Նա ցանկանում է, որ դուք հիշեք, թե ով եք։
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը վերջերս ուսուցանել է. «Որքան էլ շատ եք աղոթում, ավելի շատ աղոթեք։ Որքան էլ եռանդուն եք աղոթում, ավելի եռանդուն աղոթեք»։
Մեր աղոթքներն ավելի հաճախակի ու եռանդուն դարձնելուց բացի, Մորմոնի Գրքի ամենօրյա ուսումնասիրությունը և տաճարում երկրպագելը կօգնեն մեր միտքը պատրաստել հայտնության համար։ Երբ մենք ձգտենք բարելավել մեր հաղորդակցումը Երկնային Հոր հետ, Նա կօրհնի մեզ՝ ավելի խորը զգալու, որ մենք Նրա զավակներն ենք։
Երկրորդ՝ ձեռք բերեք վկայություն այն մասին, որ Հիսուսը Քրիստոսն է
Երկնային Հոր սիրո մեծագույն դրսևորումը մեր հանդեպ՝ որպես Իր զավակներ, այն իրականությունն է, որ Նա ուղարկեց Իր Որդուն՝ մեր անձնական Փրկչին՝ օգնելու մեզ տուն վերադառնալ։ Հետևաբար, մենք պետք է ճանաչենք Նրան։
Տարիներ առաջ, երբ ծառայում էի որպես ցցի նախագահ, ես առաջարկ ուղարկեցի մի եղբոր համար, որպեսզի նա լիներ արարողությունների ծառայող տաճարում։ Լրացնելուց հետո, թե նա որքան հրաշալի արարողությունների ծառայող կլիներ՝ ես ակամայից սեղմեցի «Չհաստատել» կոճակը, և առաջարկն այդ տեսքով ներկայացվեց։ Նամակը վերադարձնելու անհաջող փորձերից հետո, ես զանգահարեցի տաճարի նախագահին և ասացի. «Ես սարսափելի սխալ եմ թույլ տվել»։ Առանց տատանվելու, այս տաճարի բարի նախագահն ասաց. «Նախագահ Էյր, դուք ոչինչ չեք արել, որը չի կարող ներվել և ի վերջո ուղղվել»։ Ինչպիսի հիանալի ճշմարտություն։ Իսկապես, Հիսուս Քրիստոսը «հզոր է փրկելիս»։
2019 թվականին տաճարային երաշխավորագրի հարցերը շատ փոփոխությունների ենթարկվեցին։ Նախկինում, հարցերից մեկը հետևյալն էր․ դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի դերի մասին որպես Փրկչի և Քավչի։ Այժմ հարցը հետևյալն է․ դուք ունե՞ք վկայություն Նրա դերի մասին որպես ձեր Փրկչի և Քավչի։ Հիսուս Քրիստոսի Քավությունը գործում է ոչ միայն ուրիշների համար, այլև ձեզ և ինձ համար։ Նա իմ Փրկիչն է: Նա ձեր Փրկիչն է: Անհատապես։ Միայն Նրա միջոցով դուք և ես կարող ենք վերադառնալ մեր Հոր մոտ։
Ուստի, եղբայրներ և քույրեր, եկեք փնտրենք Նրան։ Եկեք ուսումնասիրենք Նրա աստվածային հարաբերությունները Հոր և մեզանից յուրաքանչյուրի հետ։ Եկեք վայելենք քավիչ սիրո երգը, որն անհատապես տրվում է մեզանից յուրաքանչյուրին մեր Փրկչի միջոցով, երբ մենք ապաշխարում ենք։ Երբ մենք ճանաչենք նրան, որը «հզոր է փրկելիս», կհասկանանք, որ մենք՝ որպես Աստծո զավակներ, Նրա ուրախությունն ենք, Նրա ամենակարևոր կիզակետը և մենք իսկապես յուրաքանչյուրս արժանի ենք փրկության։
Ես վկայում եմ, որ մենք ունենք սիրող Երկնային Հայր։ Երբ մենք հասկանում ենք այս հավերժական ճշմարտությունը հզոր աղոթքի, անձնական հայտնության և Հիսուս Քրիստոսի մոտ գալու միջոցով, մենք կարող ենք այժմ և միշտ համարձակորեն հայտարարել. «Ես Աստծո որդի եմ»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: