Գերագույն համաժողով
«Սիրո՞ւմ ես ինձ»
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


11:42

«Սիրո՞ւմ ես ինձ»

Նույն կերպ, եթե ցանկանում ենք ցույց տալ մեր սերը Աստծո հանդեպ, պետք է հասկանանք, թե Նա ինչպես է ընկալում մեր սերը։

Անառակ որդու առակում ավագ եղբայրը սկզբում դժվարանում էր ուրախանալ, երբ իր կրտսեր եղբայրը տուն վերադարձավ վատ ընտրությունների և «իր ունեցածը անառակությամբ վատնելու» մի շրջանից հետո։ Ավագ եղբոր հպարտությունն ու ինքնագոհությունը թույլ չտվեցին նրան կիսել իր եղբոր՝ ապաշխարությամբ լի վերադարձի ուրախությունը։ Մենք նույնպես կարող ենք բաց թողնել հնարավորությունները և մեր խոսքերով ու գործողություններով մեր սիրելի մարդկանց ցույց չտանք նրանց հանդեպ մեր անկեղծ սերը։

Սուրբ գրություններում կան անկեղծ սիրո` և՛ ցուցաբերած, և՛ ստացված բազմաթիվ զորեղ օրինակներ․ Նոեմին և Հռութը, Ամմոնը և Լամոնի թագավորը, անառակ որդին և նրա հայրը, Փրկիչը և Նրա աշակերտները։

Երբ առատորեն կիսվում ենք սիրով և անկեղծորեն ընդունում այն, ստեղծվում է մի դրական շրջափուլ, որը խորացնում է սիրո կապը և՛ տվողի, և՛ ստացողի միջև։

Աստծո սերը կատարյալ է, անսահման է, հարատև է և «ամենաքաղցրն է»։ Այն լցնում է հոգին «չափազանց մեծ ուրախությամբ»։ Սակայն, երբեմն մեզ համար դժվար է ճանաչել Աստծո սերը մեր կյանքում։ Սակայն Երկնային Հայրը, ով կատարյալ կերպով սիրում է մեզ, այնքան է ցանկանում, որ մենք զգանք Իր սերը, որ Նա «խոսում է [մեզ] հետ ըստ [մեր] ․․․ հասկացողության»։ Մեր հանդեպ Իր սերը Նա կարտահայտի այնպիսի եղանակներով, որոնք մենք ինքներս կկարողանանք զգալ։ Մենք կարող ենք զգալ Աստծո սերը մեր հանդեպ, երբ վայելում ենք գեղեցիկ բնապատկերները, ստանում ենք մեր աղոթքների պատասխանները, կարիքի պահին ներշնչված մտքեր ունենում կամ ապրում ուրախության քաղցր պահեր։ Մեր հանդեպ Երկնային Հոր սիրո մեծագույն դրսևորումը, որը հետք է թողել և՛ մեր մտքում, և՛ մեր սրտում, այն պահն է, երբ Նա թույլ տվեց Իր Սիրելի Որդուն ինքնակամ զոհել Իրեն՝ որպես Քավիչ։

Ինչպես անառակ որդու ավագ եղբայրը, մենք հաճախ կենտրոնանում ենք մեզ վրա։ Մենք այնքան ենք կլանված մեր հանդեպ Աստծո սիրո ապացույցներ փնտրելով, որ հիասթափվում ենք, երբ դրանք չենք տեսնում։ Գեղեցիկ հակասությունն այն է, որ որքան շատ ենք ցույց տալիս մեր սերը Աստծո հանդեպ, այնքան ավելի հստակ ենք տեսնում Նրա սերը մեր հանդեպ։ Հավանաբար դա է պատճառը, որ Փրկիչը «ո՞րն է ամենամեծ պատվիրանը» հարցին պատասխանեց այս պարզ և կարևոր հրավերով. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով»։

Երբեմն, երբ ցույց ենք տալիս մեր սերը մեր ամենաթանկ մարդկանց հանդեպ, այն միանշանակ չի ընդունվում կամ ընկալվում նրանց կողմից։ Դա կարող է հիասթափեցնել և՛ սերը ցույց տվողին, և՛ սերը ստացողին։ Օգտակար կլինի հարցնել մեր սիրելի մարդկանց, թե ինչպես են նրանք ընկալում իրենց հանդեպ ցուցաբերված սերը։ Նույն կերպ, եթե ցանկանում ենք ցույց տալ մեր սերը Աստծո հանդեպ, պետք է հասկանանք, թե Նա ինչպես է ընկալում մեր սերը։ Բարեբախտաբար, սուրբ գրություններում Նա հստակ ներկայացրել է մի քանի եղանակ, որոնցով կարող ենք ցույց տալ մեր սերը Իր հանդեպ։

Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք

Տիբերեա ծովի մոտ Պետրոսի և հարուցյալ Տիրոջ միջև ուսանելի զրույցի միջոցով սովորում ենք, թե ինչ եղանակներով կարող ենք ցույց տալ մեր սերը Տիրոջ հանդեպ։

«Հիսուսն ասեց Սիմոն Պետրոսին. Սիմոն Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ դրանցից ավելի, Նրան ասեց. Այո, Տեր, դու գիտես որ ես սիրում եմ քեզ»։

Այս հատվածի կարևոր հարցը Տիրոջ կողմից հետևյալն է․ «Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»: Մենք ցույց ենք տալիս մեր սերը Տիրոջ հանդեպ, երբ Նրան վեր ենք դասում «դրանք»-ից։ «Դրանք» կարող են լինել մարդիկ, որևէ զբաղմունք կամ ինչ-որ բան, որը խանգարում է Նրան լինել մեր կյանքի ամենակարևոր ներգործողը։

Մեկ օրում, մեկ շաբաթում, մեկ ամսում կամ մեկ տարում երբեք բավարար ժամանակ չի լինի, որպեսզի հասցնենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է կամ ցանկանում ենք կատարել։ Մահկանացու կյանքի փորձության մի մասն այն է, որ մենք ժամանակի թանկարժեք ռեսուրսը օգտագործենք այն ամենի համար, ինչն ամենակարևորն է մեր հավիտենական բարիքի համար, և թողնենք այն, ինչն ավելի քիչ կարևոր է։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Բոլորիս ուղղված հարցը ․․․ նույնն է: Պատրա՞ստ եք թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա ձեր կյանքում: Թույլ կտա՞ք, որ Նրա խոսքերը, Նրա պատվիրաններն ու ուխտերը ազդեն ձեր ամենօրյա քայլերի վրա: Թույլ կտա՞ք, որ Նրա ձայնը գերակշռի: Դուք պատրա՞ստ եք թույլ տալ, որ այն, ինչ Նա է ցանկանում, որ անեք, ավելի կարևոր լինի ձեր բոլոր նպատակներից: Դուք պատրա՞ստ եք, որ ձեր «կամքը կուլ գնացած լինի [Նրա] կամքին»: Աստծուն առաջին տեղում դնելով՝ մենք ցույց ենք տալիս մեր աշակերտությունը և սերը Նրա հանդեպ։

Արածեցրու իմ ոչխարներին

Պետրոսի և Փրկչի նույն զրույցի հաջորդ քաջալերող տողերում մենք սովորում ենք ևս մեկ եղանակ, որով Տերը ընկալում է մեր սիրո դրսևորումները․ «[Տերը] երկրորդ անգամ նրան հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»»։ Նրան ասեց. Այո, Տեր, դու գիտես որ ես սիրում եմ քեզ, Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։

Մենք ցույց ենք տալիս մեր սերը Երկնային Հոր հանդեպ, երբ ծառայում ենք Նրա զավակներին, լսում ենք նրանց, սիրում, ոգեշնչում կամ սպասավորում նրանց։ Այդ ծառայությունը կարող է շատ պարզ լինել․ օրինակ՝ մարդկանց անկեղծորեն ընդունել՝ առանց դատապարտելու։ Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժնում մենք պատկերացում ենք կազմում այն մարդկանց բնավորության մասին, որոնք կժառանգեն սելեստիալ փառքը․ «Նրանք տեսնում են, ինչպես իրենք են տեսնված, և ճանաչում են, ինչպես իրենք են ճանաչված»։ Նրանք տեսնում են ուրիշներին այնպես, ինչպես Աստված է տեսնում իրենց, իսկ Աստված նրանց տեսնում է այնպիսին, ինչ իրենք կարող են դառնալ՝ աստվածային փառահեղ ներուժով։

Միսիայից տուն վերադառնալուց հետո ես ստանձնեցի խոտհունձի բիզնեսը, որը եղբայրներիս հետ սկսել էինք դեռ պատանեկության տարիներին։ Ես նաև սովորում էի համալսարանում։ Մի գարնանային շաբաթ հորդառատ անձրևների ու մոտեցող քննությունների պատճառով ես հետ էի մնացել այգեգործական աշխատանքներում։

Շաբաթվա կեսին եղանակը պարզվեց, և ես պլանավորեցի դասերից հետո լրացնել հետաձգված գործերը։ Սակայն տուն հասնելուն պես տեսա, որ իմ մեքենան և գործիքները բացակայում էին։ Անհանգստանալով՝ գնացի հանձնարարված այգիները․ ամեն մեկը արդեն գեղեցիկ կերպով մաքրված էր։ Վերջին այգում տեսա իմ կրտսեր եղբորը՝ խոտհնձիչի հետևից քայլելիս։ Նա ինձ տեսավ, ժպտաց ու ձեռքով արեց։ Երախտագիտության զգացումով ես գրկեցի և շնորհակալություն հայտնեցի նրան։ Եղբորս այդ կարևոր ծառայությունը խորապես ամրապնդեց իմ սերն ու նվիրվածությունը նրա հանդեպ։ Միմյանց ծառայելը գործող եղանակ է, որով մենք ցույց ենք տալիս մեր սերը Աստծո և Նրա Սիրելի Որդու հանդեպ։

Խոստովանեք Նրա ձեռքը բոլոր բաներում

Մենք նաև արտահայտում ենք մեր սերը Աստծո հանդեպ՝ ունենալով շնորհակալ սիրտ։ Տերն ասել է․ «Եվ ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն … բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում»։ Մենք ցույց ենք տալիս մեր սերն առ Աստված, երբ Նրան ընդունում ենք որպես մեր կյանքի ամեն բարիքի աղբյուր։

Ընկերության հիմնադրման առաջին օրերին ես և իմ գործընկերը անկեղծորեն աղոթում էինք կարևոր հանդիպումներից առաջ՝ Երկնային Հորից օգնություն խնդրելով։ Ամեն անգամ Աստված պատասխանում էր մեր աղոթքներին, և մեր հանդիպումները լավ էին անցնում։ Մի հանդիպումից հետո իմ գործընկերը նկատեց, որ մենք շտապում էինք օգնություն խնդրելուց, բայց դանդաղում էինք շնորհակալություն հայտնելուց։ Այդ պահից սկսած` մենք սովորություն դարձրինք անկեղծ շնորհակալության աղոթք ասել՝ ճանաչելով Տիրոջ ձեռքը մեր հաջողությունների մեջ։ Մենք ցույց ենք տալիս մեր սերը Աստծո հանդեպ, երբ «երախտագիտության վերաբերմունք» ենք դրսևորում։

Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները

Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու հանդեպ մեր սերը ցույց տալու մեկ այլ եղանակ է նրանց հնազանդվելը։ Փրկիչն ասել է. «Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները»: Այսպիսի հնազանդությունը ոչ թե կույր է կամ պարտադրված, այլ սիրո անկեղծ և կամովին արտահայտություն։ Երկնային Հոր կամքն է, որ մենք ցանկանանք հնազանդ լինել։ Քույր Թամարա Վ. Ռունիան դա անվանել է «Սիրուց դրդված հնազանդություն»։ Նա ասել է․ «Չնայած մենք հիմա կատարյալ հնազանդություն չունենք, մենք փորձում ենք սիրուց դրդված հնազանդվել՝ ընտրելով մնալ կրկին ու կրկին, քանի որ սիրում ենք Նրան»։

Երկնային Հայրը մեզ ոգեշնչելու համար տվեց ընտրության ազատություն, որ մեր ցանկությամբ ընտրենք Իրեն։ Նրա գործը և փառքը ոչ միայն մարդու անմահությունն ու հավերժական կյանքը իրականացնելն է, այլ նաև հույսը, որ մեր մեծագույն ցանկությունն Իր մոտ վերադառնալն է։ Սակայն Նա երբեք չի ստիպի մեզ հնազանդվել։ «Իմացեք այս, որ յուրաքանչյուր հոգի ազատ է» օրհներգի ժամանակ մենք երգում ենք․

Նա կկանչի, կհամոզի, կուղղորդի ճիշտ ձևով,

Եվ կօրհնի իմաստությամբ, սիրով և լույսով,

Անհամար ուղիներով լինել լավը, լինել բարի,

Բայց երբեք չի հարկադրի մարդկային մտքին»:

Լինելով միսիայի ղեկավարներ, ես և կինս՝ Քրիստինան, ոգեշնչվեցինք բազում միսիոներների օրինակներով, որոնք որոշեցին հնազանդ լինել ոչ միայն այն պատճառով, որ դա միսիոներական չափանիշ էր, այլև որովհետև ցանկանում էին ցուցադրել իրենց սերը Տիրոջ հանդեպ՝ խոնարհությամբ ներկայացնելով Նրան։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ասել է․ «Մեզ դաստիարակելիս մեր Երկնային Հոր նպատակն այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է և, ի վերջո, դառնան Իր նման։ Եթե Նա պարզապես կամենար, որ մենք հնազանդ լինեինք, Նա կօգտագործեր անհապաղ պարգևատրումներ և պատիժներ մեր վարքագծի վրա ազդելու համար»։ Մենք ցույց ենք տալիս մեր սերը Աստծո հանդեպ, երբ որոշում ենք հնազանդվել և հետևել Նրան:

Մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչը նկատում են մեր սերն Իրենց հանդեպ, երբ մեր կյանքում Նրանց դնում առաջին տեղում, ծառայում միմյանց, երախտագիտությամբ ընդունում Նրանցից եկող յուրաքանչյուր օրհնություն և որոշում կայացնում հնազանդվել ու հետևել Նրանց։

Ես վկայում եմ, որ մենք բոլորս իրականում Աստծո զավակներ ենք, և Նա կատարելապես սիրում է մեզ։ Ես վկայում եմ, որ Նա ցանկանում է, որ մենք զգանք Իր սերը այն եղանակներով, որոնք կարող ենք զգալ և հասկանալ։ Գեղեցիկ հակասությունն այն է, որ մենք ավելի խորությամբ կզգանք Նրա սերը, երբ ցույց տանք մեր սերը Նրա հանդեպ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ղուկաս 15․13:

  2. Տես Հռոմեացիներին 8․35–39, Dale G. Renlund, “Experience God’s Love” (Brigham Young University devotional, Dec. 3, 2019), speeches.byu.edu; Russell M. Nelson, “Divine Love,” Ensign, Feb. 2003, 20–25, or Liahona, Feb. 2023, 12–17։

  3. 1 Նեփի 8․11:

  4. 1 Նեփի 8․12։

  5. 2 Նեփի 31.3:

  6. Տես Հովհաննես 3․16։

  7. Տես Ա Հովհաննես 4.19:

  8. Մատթեոս 22.36-37։

  9. Թեև մենք Աստծո սերը չենք վաստակում մեր գործողություններով, Նա ցանկանում է զգալ Իր հանդեպ մեր սիրո դրսևորումները՝ լսելով մեր աղոթքները, օրհնելով մեզ և օգնելով մեզ զգալ Իր սերը մեր հանդեպ։

  10. Հովհաննես 21.15:

  11. «Մենք պետք է Աստծուն մյուս բոլոր բաներից առաջ դնենք մեր կյանքում։ Նա պետք է առաջինը լինի: ․․․

    «Երբ մենք Աստծուն առաջին տեղում ենք դնում, մյուս բոլոր բաներն ընկնում են իրենց համապատասխան տեղերը կամ դուրս են մղվում մեր կյանքից: Տիրոջ հանդեպ մեր սերը կկառավարի մեր գորովանքի պահանջը, մեր ժամանակի կարիքը, հետաքրքրությունները, որոնց մենք հետամուտ ենք և մեր առաջնահերթությունների հերթականությունը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թավտ Բենսոն [2014], 40)։ Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Լավ, ավելի լավ, լավագույն», Լիահոնա, նոյեմբեր 2007, 104-8։

  12. Ռասսել Մ․ Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 94։

  13. Հովհաննես 21.16։

  14. Տես Մոսիա 2.17։

  15. Վարդապետություն և Ուխտեր 76․94։

  16. Վարդապետություն և Ուխտեր 59․21:

  17. Տես Փիլիմոնին 1․4-7։

  18. Thomas S. Monson, “An Attitude of Gratitude,” Ensign, May 1992, 54.

  19. Հովհաննես 14.15։

  20. Թամարա Վ. Ռունիա, «Ձեր ապաշխարությունը չի ծանրաբեռնում Հիսուս Քրիստոսին, այլ ուրախացնում է Նրան», Լիահոնա, մայիս 2025, 92։

  21. Տես 2 Նեփի 10.23-24, Հելաման 14.30-31:

  22. Տես Մովսես 1․39։

  23. “Know This, That Every Soul Is Free,” Hymns, no. 240.

  24. Տես Մոսիա 5․2-5։

  25. Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտրեք այս օրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 104։

  26. Պատրիկ Քիրոն, «Ընդունեք Նրա պարգևը», Լիահոնա, մայիս 2025, 121-24։

  27. Ողջ հավերժության առաջին մեծ պատվիրանն է սիրել Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, դա է առաջին մեծ պատվիրանը։ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Հավերժության առաջին մեծ ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ Իր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» («Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու», կամ Լիահոնա, մայիս 2016, 127):

  28. «Hesed-ը սիրո և ողորմության հատուկ տեսակ է, որն Աստված է զգում և տարածում նրանց վրա, ովքեր ուխտ են կապել Իր հետ: Եվ մենք նույնպես hesed-ով ենք պատասխանում Նրան։

    Քանի որ Աստված hesed ունի նրանց հանդեպ, ովքեր ուխտ են կապել Իր հետ, ապա Նա կսիրի նրանց։ Նա կշարունակի աշխատել նրանց հետ և փոխվելու հնարավորություններ ընձեռել։ Նա կների նրանց, երբ նրանք ապաշխարեն: Եվ եթե նրանք մոլորվեն, Նա կօգնի գտնել դեպի Իրեն տանող ճանապարհը։

    «Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում, քան մինչ մեր ուխտ կապելն էին» (Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը» Լիահոնա, հոկ. 2022, 6)։