Գերագույն համաժողով
Անհատին սպասավորելու զորությունը
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:28

Անհատին սպասավորելու զորությունը

Երբ սպասավորում ենք անհատին, մենք հրավիրում ենք նրան գալ Հիսուս Քրիստոսի մոտ և երկրպագել Տիրոջ տանը։

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, շնորհակալություն այս դժվարին ժամանակներում Հիսուս Քրիստոսի մոտ գալու ձեր հավատարիմ նվիրվածության համար։ Դուք հրաշալի եք, դուք գեղեցիկ եք․ ձեզանից յուրաքանչյուրն Աստծո զավակն է։ Ես աղոթում եմ, որ մենք ճանաչենք Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ դառնանք և օգնենք միմյանց դառնալ Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտներ, և զգանք Նրա ուրախությունը, երբ երկրպագենք Տիրոջ տանը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է. «Հիմա է ժամանակը, որ ես և դուք պատրաստվենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Հիմա է ժամանակը, որ մենք մեր աշակերտությունը դարձնենք մեր ամենաբարձր առաջնահերթությունը: Ինչպե՞ս կարող ենք դա անել մի աշխարհում, որը լցված է շփոթեցնող շեղումներով»։

Նա պատասխանել է հարցին․ «Տաճարում կանոնավոր երկրպագությունը կօգնի մեզ: Տիրոջ տանը մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա: … Մենք սկսում ենք ճանաչել Նրան: … Յուրաքանչյուր մարդ, ով սրտանց կփնտրի Հիսուս Քրիստոսին, կգտնի Նրան տաճարում»։

Ուստի, մենք ինչպե՞ս ենք դառնում և օգնում միմյանց դառնալ Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտներ Մենք սպասավորում ենք անհատին։ Փրկչի ձևով ծառայելը ներառում է կարեկցանք, բարություն, համբերություն և սեր՝ առանց դատելու։ Երբ սպասավորում ենք անհատին, մենք հրավիրում ենք նրան գալ Հիսուս Քրիստոսի մոտ և երկրպագել Տիրոջ տանը՝ ստանալու Նրա փրկագնող զորությունից։ Այլ կերպ ասած, մենք օգնում ենք միմյանց դառնալ նվիրված աշակերտներ, երբ սպասավորում ենք անհատին այնպիսի ուղիներով, որոնք տանում են դեպի Տիրոջ տունը։

Մենք Տեր Հիսուս Քրիստոսից սովորում ենք անհատին սիրով և առանց դատելու, սպասավորելու զորության մասին։ Հիշո՞ւմ եք ջրհորի մոտ կանգնած սամարացի կնոջը։ Հնարավոր է՝ այս կինն իրեն զգացել է անկարևոր, միայնակ, հուսահատ և անտեսված։ Նա գուցե համարել է, որ ընդունված չէ իր միջավայրում։ Իր կյանքի ընթացքում նա ունեցել էր հինգ ամուսին, և այն տղամարդը, որի հետ նա ապրում էր, իր ամուսինը չէր։ Հնարավոր է, որ մյուսներն անարդարորեն դատել են նրան՝ չիմանալով նրա կյանքի հանգամանքները։ Սա կարող է լինել պատճառներից մեկը, որ նա օրվա ամենաշոգ ժամին մենակ եկավ ջրհորի մոտ։ Եվ այնուամենայնիվ, նա առաջիններից մեկն էր, ում Հիսուս Քրիստոսը հայտարարեց, որ Ինքն է Մեսիան։ Նրա համար այս կինն Աստծո դուստրն էր։

Հիսուս Քրիստոսն այս կնոջն ուսուցանեց, որ Իր միջոցով կարելի է ստանալ հավիտենական կյանք՝ ընդունելով կենդանի ջուրը։ Նա հայտարարեց․ «Ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան … հավիտյան չպիտի ծարավի, իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ … ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»:

Սամարացի կինը զգաց Փրկչի սերը և Հոգու միջոցով վկայություն ստացավ այն մասին, որ Նա Մեսիան է։ Այս վկայությունը ստանալուց հետո նա վերադարձավ քաղաք, հրավիրեց ուրիշներին գալ և տեսնել, և շատերը հավատացին, որ «ճշմարտապես [Հիսուսն] է աշխարհի Փրկիչը»։ Քրիստոսը սիրով սպասավորեց անհատին. արդյունքում շատերը դարձան Նրա նվիրված աշակերտները։

Մենք սովորում ենք անհատին կարեկցանքով սպասավորելու զորության մասին Քրիստոսի առաքյալներ Պետրոսից և Հովհաննեսից։ Հիշո՞ւմ եք ի ծնե կաղ այն մարդուն, որն ամեն օր պառկած էր տաճարի դռան մոտ և ողորմություն էր խնդրում։ Հնարավոր է՝ այս մարդն իրեն զգացել է անկարևոր, միայնակ, հուսահատ և անտեսված։ Նա գուցե համարել է, որ ընդունված չէ իր միջավայրում։

«Պետրոսն ասաց. Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, [ես] քեզ կտամ։ Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր»։

Պետրոսը բռնեց մարդու աջ ձեռքից, նրան ոտքի կանգնեցրեց, և այդ մարդը բժշկվեց։ Հրաշքից անմիջապես հետո այդ մարդը Պետրոսի և Հովհաննեսի հետ տաճար մտավ՝ «քայլելով, ցատկելով ու Աստծուն օրհնելով»: Պետրոսն ու Հովհաննեսը սպասավորեցին նրան այնպիսի ուղիներով, որոնք տանում էին դեպի Տիրոջ տուն, և այդ մարդը դարձավ Քրիստոսի նվիրված աշակերտ։

Իմ ընկերնե՛ր, իմ կյանքում եղել են պահեր, երբ ես նույնպես զգացել եմ անկարևոր, միայնակ, հուսահատ և անտեսված։ Ես համարում էի, որ ընդունված չեմ իմ միջավայրում։ Ես մկրտվեցի և հաստատվեցի որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, երբ 19 տարեկան էի։ Մեկ տարի անց ես ընդունեցի լիաժամկետ միսիա ծառայելու կանչը, բայց կային շատ բաներ, որոնք ես դեռ չէի սովորել Եկեղեցու պատմության մասին։

Իմ միսիոներական ծառայության սկզբում ես իմացա, որ կար մի ժամանակաշրջան, երբ սևամորթ աֆրիկյան ծագում ունեցողներին թույլ չէր տրվում վայելել Տիրոջ տանը երկրպագելու բոլոր օրհնությունները։ Իմանալով սա՝ ես զայրույթի, շփոթության, կասկածի և վախի զգացումներ ունեցա։ Այդ զգացումներն այնքան ուժեղ էին, որ ես կորցրի Սուրբ Հոգին ճանաչելու իմ կարողությունը որոշ ժամանակով։

Բարեբախտաբար, ես ունեի հրաշալի միսիոներական զուգընկեր՝ Քևին Վիքը, որը սպասավորեց ինձ սիրով, համբերատարությամբ և բարությամբ։ Ամեն գիշեր, երբ նա տեսնում էր ինձ կասկածի և անորոշության զգացումներով լի, պարզապես ասում էր կրտսեր երեց Ջոնսոնին. «Ես սիրում եմ քեզ»։ Մոտ երկու շաբաթ անց ես թույլ տվեցի ինձ զգալ Քևինի սերը։ Ես քաջություն ստացա աղոթելու Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով։ Երբ աղոթում էի, իմ ուշադրությունը գրավեցին Վարդապետություն և Ուխտերի 6-րդ բաժնի 21-23 հատվածները, որտեղ ասվում է.

«Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ՝ Աստծո Որդին: … Ես եմ լույսը, որ փայլում է խավարում։

… Ուղղիր միտքդ դեպի այն գիշերը, երբ դու ինձ էիր կանչում քո սրտում, որպեսզի իմանայիր այս բաների ճշմարտության մասին:

Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ։ Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց»։

Երբ կարդում էի, հիշեցի։ Հիշեցի այն օրը, երբ ծոմ էի պահել և աղոթել՝ իմանալու համար, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, և որ Ջոզեֆ Սմիթը Վերականգնման Մարգարեն է։ Ես հիշեցի Տիրոջ տանը կնքված ուխտերը, որոնք ինձ կապում են Հիսուս Քրիստոսի հետ շատ անձնական և մտերիմ ձևով։ Ես զգացի Փրկչի սերը, Նրա ողորմածությունը և վստահությունը նրանում, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Նրա թագավորությունն է երկրի վրա, և անհրաժեշտ է Նրա Երկրորդ Գալուստին մեզ նախապատրաստելու համար։ Քանի որ հիշեցի դա, ես կրկին կարողացա ճանաչել Սուրբ Հոգուն և ավելի լիարժեքորեն հասկանալ, որ Հիսուսը Քրիստոսն է, իսկ ես՝ Նրա աշակերտը։

Երբեմն մենք կունենանք անպատասխան հարցեր և կզգանք անկարևոր, հուսահատ, միայնակ և անտեսված։ Սակայն, իմ ընկերնե՛ր, մենք պետք է առաջ մղվենք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով և հիշենք Նրա խոսքերը.

«Ձեր սրտերը թող չխռովվեն»։

Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»:

Ես այդ իրականության և Փրկչի խոստացված օրհնության ականատեսն եմ։

Ուստի, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի համոզված լինենք, որ սպասավորում ենք անհատին առավել արդյունավետ ձևով։ Քրիստոսի վարդապետությամբ ապրելը կօգնի մեզ։ «Քրիստոսի վարդապետությամբ ապրելը», ինչպես նկարագրում է նախագահ Նելսոնը, «կարող է առաջացնել ամենահզոր և առաքինի շրջապտույտը՝ ստեղծելով հոգևոր լիցք մեր կյանքում։

«Երբ ձգտում ենք ապրել Հիսուս Քրիստոսի բարձրագույն օրենքներով, … Փրկիչը մեզ բարձրացնում է դեպի իրեն ձգող այս ընկած աշխարհից՝ օրհնելով մեզ ավելի մեծ գթությամբ, խոնարհությամբ, առատաձեռնությամբ, բարությամբ, կարգապահությամբ, խաղաղությամբ և հանգստությամբ»։

«[Այս հոգևոր] լիցքը, որն առաջանում է Քրիստոսի վարդապետությամբ ապրելով», բացատրել է երեց Դեյլ Գ․ Ռենլանդը, «ոչ միայն զորացնում է մեր աստվածային էության փոխակերպումը հավերժական ճակատագրի, այլ նաև մղում է մեզ` օգնելու ուրիշներին համապատասխան ձևերով»: Երեց Ռենլանդը հիշեցնում է մեզ, որ «Փրկչի աշխատանքը բժշկելն է՝ [մեզ բուժելը]»։ Մեր գործը սիրելն է` սիրել և ծառայել այն ձևով, որ ուրիշները ձգտեն դեպի Հիսուս Քրիստոսը»:

Քրիստոսի վարդապետությամբ ապրելու մեր կարողությունը կբարելավվի՝ Մորմոնի Գիրքն ամեն օր ուսումնասիրելով և հաղորդությունից ամեն շաբաթ ճաշակելով։ Նախագահ Նելսոնը հայտարարեել է, որ Մորմոնի Գիրքը «ուսուցանում է Քրիստոսի վարդապետությունը … [և] տրամադրում է Հիսուս Քրիստոսի Քավության ամենից ամբողջական և [հստակ] հասկացողությունը, որը հնարավոր չէ գտնել որևէ այլ տեղ»: Ես սիրում եմ այս գիրքը: Եվ ամեն շաբաթ հաղորդության արարողությանը աղոթքով մասնակցելը կընդլայնի մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի Քավության և Նրա վարդապետության մասին ու կապահովի հոգևոր նորացում, մխիթարություն և աստվածայնության զորություն մեր կյանքում։ Հիշեք՝ «[քահանայության] արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը», և այդ զորությունը, որը գալիս է Հիսուս Քրիստոսից, ամրապնդում է անհատին սպասավորելու մեր ցանկությունն ու կարողությունը։

Մորմոնի Գրքի իմ ուսումնասիրությունը և հաղորդությունից ճաշակելը նվազագույնի են հասցնում հուսահատությունը, և ուժեղացնում են անհատին Փրկչի ձևով սպասավորելու իմ վճռականությունը, ինչպես նաև օգնում են աշակերտությունը դարձնել իմ բարձրագույն առաջնահերթությունը։

Իմ ընկերնե՛ր, ես խոստանում եմ, որ եթե մենք ապրենք Քրիստոսի վարդապետությամբ և սպասավորենք անհատին այն ուղիներով, որոնք տանում են դեպի Տիրոջ տուն, մենք կկարողանանք առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հավատքով, նույնիսկ անպատասխան հարցերի և անկարևոր, միայնակ, հուսահատ ու անտեսված զգալու դեպքում։ Մենք կհրավիրենք անհատին գալ Հիսուս Քրիստոսի մոտ, երկրպագել Տիրոջ տանը և ստանալ Նրա փրկագնող զորությունն ու սերը։ Տիրոջ տանը մենք «կզգա[ն]ք [Փրկչի] ողորմությունը։ [Մենք] կգտնե[ն]ք [մեր] ամենախրթին հարցերի պատասխանները: [Եվ մենք] ավելի լավ կհասկանա[ն]ք Նրա ավետարանի ուրախությունը»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», Լիահոնա, նոյ․ 2024։

  2. Տես Հովհաննես 4․5-42։

  3. Ըստ պատմական տեղեկությունների՝ մարդկանց մեծամասնությունը Հակոբի աղբյուրի մոտ գնում էր վաղ առավոտյան։ Դա մի վայր էր, որտեղ մարդիկ հավաքվում և միմյանց ընկերակցում էին։ Սամարացի կինը մենակ եկավ Հակոբի աղբյուրի մոտ օրվա ամենաշոգ ժամին՝ վեցերորդ ժամին, այսինքն՝ կեսօրին։ Այս ժամին գալը կարող է ցույց տալ այն, թե ինչպես է նա ընկալել մյուսների և իր զգացումները իր նկատմամբ։

  4. Հովհաննես 4.13-14։

  5. Հովհաննես 4.42:

  6. Տես Գործք Առաքելոց 3․1-11։

  7. Գործք Առաքելոց 3․6։

  8. Տես Գործք Առաքելոց 3․7:

  9. Գործք Առաքելոց 3․8:

  10. Ես մկրտվեցի և հաստատվեցի որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ 1986 թվականի օգոստոսին։ 1987 թվականի օգոստոսից մինչև 1989 թվականի օգոստոսը ես ծառայեցի որպես միսիոներ Ալաբամա Բիրմինգհեմ միսիայում։

  11. Տես Church and Gospel Questions, “Race and The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Gospel Library։

  12. Այս փորձառությունն ավելի մանրամասնորեն բացատրվում է երեց Պիտեր Մ. Ջոնսոնի «Կիրառենք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը մեր կյանքում» (Brigham Young University–Idaho devotional, Mar. 14, 2023), byui.edu։

  13. Վարդապետություն և Ուխտեր 6․21–23։

  14. Հովհաննես 14.27։

  15. Հովհաննես 16.33:

  16. Քրիստոսի վարդապետությունը բաղկացած է հինգ փոխկապակցված տարրերից՝ հավատք Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, ապաշխարություն, ինչպես նաև՝ ստանալ արարողություններ և պատվել ուխտերը, սրբագործվել Սուրբ Հոգով և համբերել մինչև վերջ։ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը գործողության և աստվածային զորության սկզբունք է։ Ապաշխարությունը Քրիստոսի հանդեպ մեր հավատքի դրսևորումն է՝ մեր սրտերն ու հոգիները դեպի Նրան դարձնելով։ Ապաշխարությունը պատիժ չէ: Դա Հիսուսից հոգևորապես ծնվելու և Նրա պատկերը մեր դեմքին ընդունելու գործընթացն է։ Աստծո և Քրիստոսի հետ կնքված արարողությունները ստանալը և ուխտերը հարգելը մեզ ավելի մեծ հասանելիություն են տալիս Նրանց զորությանն ու Նրանց սիրուն և թույլ են տալիս մեզ սրբագործվել Սուրբ Հոգով։ Քրիստոսի վարդապետության վերջին տարրը մինչև վերջ համբերելն է, որը Քրիստոսի վարդապետության մյուս տարրերով «կրկնողաբար և անընդհատ» ապրելն է, որպեսզի մենք կարողանանք դառնալ և օգնենք միմյանց դառնալ Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտներ, և զգալ Նրա ուրախությունը, երբ երկրպագում ենք Տիրոջ տանը (Դեյլ Գ. Ռենլանդ, «Քրիստոսի վարդապետության հզոր և առաքինի շրջապտույտը», Լիահոնա, մայիս 2024, 81, տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», Լիահոնա, նոյ. 2022, 97)։

  17. Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», 97:

  18. Դեյլ Գ. Ռենլանդ, «Քրիստոսի վարդապետության հզոր և առաքինի շրջապտույտը», 82, 83, շեշտադրումն ավելացված է։

  19. Ռասսել Մ. Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյ․ 2017, 62-63:

  20. Վարդապետություն և Ուխտեր 84․20:

  21. Ռասսել Մ. Նելսոն, «Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», Լիահոնա, նոյ․ 2024, 122։