Գերագույն համաժողով
Մի կորցրեք ձեր հանդեպ վստահությունը
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:43

Մի կորցրեք ձեր հանդեպ վստահությունը

Դուք ուղիղ հասանելիություն ունեք աստվածային օգնությանը և բժշկմանը՝ չնայած ձեր մարդկային թերություններին։

Դպրոցի մի ուսուցիչ մի անգամ ուսուցանեց, որ նույնիսկ մեծ չափսեր ունենալով, կետը չի կարող կուլ տալ մարդուն, քանի որ կետերը փոքր կոկորդ ունեն։ Մի աղջիկ առարկեց. «Բայց Հովնանին կետը կուլ տվեց»։ Ուսուցիչը պատասխանեց. «Դա անհնար է»։ Դեռևս չհամոզվելով՝ աղջիկն ասաց. «Լավ, երբ դրախտ գնամ, ինքս կհարցնեմ նրան»։ Ուսուցիչը ծաղրեց. «Իսկ, եթե Հովնանը մեղսագործ էր և դրախտ չի գնացել»։ Աղջիկը պատասխանեց. «Այդ դեպքում Դուք կարող եք նրան հարցնել»։

Մենք ծիծաղում ենք, բայց չպետք է անտեսենք այն ուժը, որ Հովնանի պատմությունը տալիս է յուրաքանչյուր «երջանկության խոնարհ որոնողին», հատկապես նրանց, ովքեր չարչարվում են։

Աստված պատվիրեց Հովնանին «գնալ Նինվե»՝ ապաշխարություն աղաղակելու համար։ Բայց Նինվեն հին Իսրայելի դաժան թշնամին էր, ուստի Հովնանը անմիջապես նավով ուղևորվում է ճիշտ հակառակ ուղղությամբ՝ դեպի Թարսիս։ Երբ նա հեռանում է իր կանչից, սկսվում է նավակործան փոթորիկ։ Վստահ լինելով, որ պատճառը իր անհնազանդությունն է, Հովնանը կամավոր համաձայնվում է նավից դուրս նետվել։ Սա հանդարտեցնում է կատաղած ծովը, ինչը փրկում է նրա նավաստի ընկերներին։

Հովնանը հրաշքով խուսափում է մահից, քանի որ Տերը «մի մեծ ձկան հրամայեց», որ նրան կուլ տա։ Բայց նա երեք օր տանջվում է այդ անհավատալիորեն մութ ու քայքայող տեղում, մինչև որ ձուկը վերջապես փսխում է նրան ցամաքին։ Այնուհետև նա ընդունում է Նինվեի իր կանչը։ Սակայն, երբ քաղաքն ապաշխարում է և փրկվում է կործանումից, Հովնանը վրդովվում է իր թշնամիների հանդեպ ցուցաբերված ողորմածությունից։ Աստված համբերությամբ ուսուցանում է Հովնանին, որ Ինքը սիրում է և ձգտում է փրկել Իր բոլոր զավակներին։

Իր պարտականություններում մեկից ավելի անգամ սայթաքելով՝ Հովնանը վառ վկայություն է տալիս այն բանի, որ մահկանացու կյանքում «բոլորն ընկած են»։ Մենք հաճախ չենք խոսում Անկման մասին վկայության վերաբերյալ։ Սակայն մեծ օրհնություն է ունենալ վարդապետական հասկացողություն և հոգևոր վկայություն այն մասին, թե ինչու է մեզանից յուրաքանչյուրը պայքարում բարոյական, ֆիզիկական և իրավիճակային մարտահրավերների դեմ։ Այստեղ՝ երկրի վրա, տգեղ մոլախոտեր են աճում, նույնիսկ ամուր ոսկորներն են կոտրվում, և բոլորը «զրկվ[ում են] Աստծու փառքից»։ Սակայն այս մահկանացու վիճակը՝ Ադամի և Եվայի կողմից կատարված ընտրությունների արդյունքը, կարևոր է մեր գոյության իսկ պատճառի համար՝ «որպեսզի [մենք] ունենան[ք] ուրախություն»։ Ինչպես մեր առաջին ծնողները սովորեցին, միայն ընկած աշխարհի դառնությունը ճաշակելով և ցավը զգալով մենք կարող ենք անգամ պատկերացնել, առավել ևս վայելել իրական երջանկությունը։

Անկման մասին վկայությունը չի արդարացնում մեղքը կամ անփույթ մոտեցումը կյանքի պարտականությունների հանդեպ, որոնք մշտապես պահանջում են ջանասիրություն, առաքինություն և պատասխանատվություն։ Բայց դա պետք է մեղմացնի մեր հիասթափությունները, երբ ինչ-որ բան պարզապես սխալ է ընթանում, կամ երբ մենք բարոյական թերություն ենք տեսնում ընտանիքի անդամի, ընկերոջ կամ ղեկավարի մոտ։ Նման բաները շատ հաճախ մեզ ստիպում են խորասուզվել վիճելի քննադատության կամ վրդովմունքի մեջ, որը թուլացնում է մեր հավատքը։ Բայց Անկման մասին հաստատուն վկայությունը կարող է օգնել մեզ ավելի նմանվել Աստծուն, ինչպես Հովնանն է նկարագրել՝ «ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ» բոլորի, այդ թվում՝ մեր հանդեպ՝ մեր անխուսափելիորեն անկատար վիճակում։

Հովնանի պատմությունը, Անկման հետևանքները պատկերավոր ներկայացնելուց բացի, առավել հզոր կերպով մեզ ուղղորդում է դեպի Նա, ով կարող է մեզ ազատել այդ հետևանքներից։ Հովնանի անձնազոհությունը՝ իր նավաստի ընկերներին փրկելու համար, իսկապես քրիստոսանման արարք է։ Եվ երեք անգամ, երբ Հիսուսից պահանջում են Նրա՝ աստվածային լինելու հրաշագործ մի նշան, Նա բացականչում է, որ «նշան չի տրվի, բացի Հովնան[ի] … նշանից», հայտարարելով, որ ինչպես Հովնանը «երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորում, այնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի սրտում»։ Որպես Փրկչի զոհաբերական մահվան և փառահեղ Հարության խորհրդանիշ, Հովնանը գուցե անկատար է։ Բայց հենց սա է նրա անձնական վկայությունն ու նվիրվածությունը Հիսուս Քրիստոսին, որը մատուցվել է կետի փորում, դարձնում այդքան հուզիչ և ոգեշնչող։

Հովնանի աղաչանքը ճգնաժամի մեջ գտնվող լավ մարդու աղաչանք է՝ մեծ մասամբ իր իսկ պատճառով։ Սրբի համար, երբ ցավալի սովորության, մեկնաբանության կամ որոշման պատճառով աղետ է առաջանում, չնայած բազմաթիվ այլ բարի մտադրություններին և արդարության անկեղծ ջանքերին, դա կարող է հատկապես ողբալի լինել և մարդուն լքվածության զգացման մեջ թողնել։ Բայց անկախ աղետի պատճառից կամ աստիճանից, որին բախվում ենք, միշտ հույսի, բժշկման և երջանկության ցամաք կա։ Լսեք Հովնանին․

«Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, ․․․ անդունդի ընդերքից աղաղակեցի։ ․․․

Եվ դու ինձ գցեցիր խորխորատը՝ ծովերի սրտի մեջ, ․․․

Եվ ես ասացի. «Ես վռնդված եմ քո աչքի առաջից, սակայն դեռևս պիտի նայեմ քո սուրբ տաճարին»։

Ջրերն ինձ մինչև հոգիս շրջապատեցին, անդունդն ինձ պաշարեց, ջրիմուռ փաթաթվեց գլխիս։

Ես լեռների հիմքերին իջա, ․․․ բայց դու ինձ կենդանի հանեցիր գբից։ ․․․

Երբ հոգիս նվաղեց ․․․ Տիրոջը հիշեցի, և իմ աղոթքը ․․․ քո սուրբ տաճարը հասավ։

Սուտ աստվածներին պաշտողները կորցնելու են նրանց հանդեպ վստահությունը։

Բայց ես գոհաբանության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ. տված խոստումս պիտի կատարեմ։ Փրկությունը Տիրոջից է»։

Թեև դա շատ տարիներ առաջ էր, ես կարող եմ ձեզ ճշգրիտ ասել, թե որտեղ էի նստած և ինչ էի զգում, երբ անձնական դժոխքի խորքում հայտնաբերեցի այս սուրբ գրությունը։ Նրանց համար, ովքեր այսօր զգում են այնպես, ինչպես ես այն ժամանակ՝ որ լքված եք, խորտակված եք ամենախոր ջրերում, ջրիմուռները փաթաթված են ձեր գլխին, իսկ օվկիանոսային լեռները փլուզվում են ձեր շուրջը, Հովնանի օրինակով ոգեշնչված իմ աղերսանքն է՝ մի կորցրեք ձեր հանդեպ վստահությունը։ Դուք ուղիղ հասանելիություն ունեք աստվածային օգնությանը և բժշկմանը՝ չնայած ձեր մարդկային թերություններին։ Հիացմունք առաջացնող այս ողորմությունը գալիս է Հիսուս Քրիստոսից և Նրա միջոցով։ Քանի որ Նա կատարելապես ճանաչում և սիրում է ձեզ, Նա այն առաջարկում է ձեզ որպես ձեր «սեփականը», ինչը նշանակում է, որ այն կատարելապես համապատասխանում է ձեզ, նախատեսված է ձեր անհատական տանջանքները թեթևացնելու և ձեր հատուկ ցավերը բժշկելու համար։ Այսպիսով, հանուն Աստծո և ձեր հանդեպ սիրո, երես մի թեքեք դրանից։ Ընդունեք այն։ Սկսեք նրանից, որ հրաժարվեք լսել հակառակորդի «սուտ աստվածներին պաշտողներին», որոնք կգայթակղեն ձեզ մտածել, որ թեթևացում կարելի է գտնել ձեր հոգևոր պարտականություններից հեռանալու մեջ։ Դրա փոխարեն, հետևեք ապաշխարող Հովնանի օրինակին։ Աղաչեք Աստծուն։ Դարձեք դեպի տաճարը։ Կառչեք ձեր ուխտերից: Զոհաբերությամբ և շնորհակալությամբ ծառայեք Տիրոջը, Նրա Եկեղեցուն և ուրիշներին։

Այս քայլերի կատարումը ձեզ տեսլական կբերի Աստծո հատուկ ուխտի սիրո մասին՝ ինչը եբրայերեն Աստվածաշունչը անվանում է hesed։ Դուք կտեսնեք և կզգաք Աստծո հավատարիմ, անխոնջ, անսպառ և «գորովագութ ողորմությունների» զորությունը, որը կարող է ձեզ դարձնել «հզոր՝ ․․․ ի զորությունն ազատվելու» ցանկացած մեղքից կամ ցանկացած անհաջողությունից։ Վաղ և ուժեղ տառապանքը սկզբում կարող է մթագնել այդ տեսլականը: Մինչ շարունակեք «ինչ որ ուխտում ե[ք], կատար[ել]», նման տեսլականն ավելի ու ավելի պայծառ կշողա ձեր հոգում։ Եվ այդ տեսլականի միջոցով դուք ոչ միայն կգտնեք հույս և բժշկում, այլև, զարմանալիորեն, կգտնեք ուրախություն, նույնիսկ ձեր դժվարին իրավիճակում։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ շատ լավ ուսուցանել է. «Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից՝ մեր կյանքում ինչ-որ բան պատահում է, թե՝ ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ»:

Անկախ նրանից՝ Հովնանի նման բախվում ենք մեծ աղետի, թե մեր անկատար աշխարհի առօրյա մարտահրավերներին, հրավերը նույնն է․ մի կորցրեք ձեր հանդեպ վստահությունը։ Նայեք Հովնանի նշանին՝ կենդանի Քրիստոսին, Նրան, ով հարություն առավ Իր երեքօրյա գերեզմանից՝ հաղթելով ամեն ինչին՝ ձեզ համար։ Դարձեք դեպի Նա։ Հավատացեք Նրան։ Ծառայեք Նրան։ Ժպտացեք: Քանզի Նրա մեջ, և միայն Նրա մեջ է գտնվում Անկումից լիարժեք և երջանիկ բժշկումը, որի կարիքն ունենք մենք բոլորս և որը խոնարհաբար փնտրում ենք։ Ես վկայում եմ, որ սա ճշմարիտ է: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։

Հղումներ

  1. Ալմա 27․18։ Ընդամենը 48 հատվածներից բաղկացած Հովնանի գիրքը բազմաթիվ վարդապետական ճշմարտությունների և հոգևոր դասերի խտացված, բանաստեղծական դասական է։ See Ellis T. Rasmussen, A Latter-Day Saint Commentary on the Old Testament (1993), 653–57; D. Kelly Ogden and Andrew C. Skinner, Verse by Verse: The Old Testament, vol. 2, 1 Kings Through Malachi (2013), 133–38. Օգդենը և Սկիները նշում են, որ Հովնանի գրքում ապաշխարության ուսմունքի զորության շնորհիվ այն «կարդացվում է սինագոգներում հրեա ժողովրդի համար տարվա ամենասուրբ օրը՝ Քավության օրը կամ Յոմ Կիպուրի օրը, որը նույնպես կենտրոնանում է ապաշխարության և ներման վրա»։

  2. See Ogden and Skinner, Verse by Verse: The Old Testament, 134.

  3. Տես Հովնան 1-4:

  4. Ալմա 34․9:

  5. Հռոմեացիներին 3․23։

  6. Տես 2 Նեփի 2․17-25։

  7. Հովնան 4․2։

  8. Տես Ղուկաս 11.29-30, տես նաև Մատթեոս 12.39-41, 16.1-4:

  9. Հովնան 2-ը ավելի ուշ շրջանի վկայություն և գոհաբանության սաղմոս է, որի մեծ մասը նկարագրում է Հովնանի աղոթքը կետի փորից։

  10. Այս կերպ Հովնանը հակադրվում է Հոբի նման մեկի հետ, ով թվում է անմեղ՝ հաշվի առնելով իրեն հասած տառապանքը։ Երկուսն էլ հավատքի և տոկունության պատմություններ են՝ աղետի պայմաններում, բայց Հովնանի պատմությունը կարող է ավելի հասկանալի լինել նրանց համար, ովքեր զգում են, որ իրենց սեփական գործերն են իրենց ցավի արդարացված աղբյուրը։

  11. Անկասկած, դա այդպես էր Ջոզեֆ Սմիթի դեպքում, երբ Մարտին Հարիսի հանդեպ անկեղծ կարեկցանքն ու գնահատանքը նրան դրդեցին կիսվել Հարիսի հետ Մորմոնի Գրքի թարգմանված առաջին 116 թանկարժեք էջերով, որոնք այդ ժամանակ կորսվեցին, և ստիպեցին Ջոզեֆին ողբալ. «Ամեն ինչ կորած է» (տես Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815-1846 [2018], 43-53)։

  12. Հովնան 2․2-9, շեշտադրումն ավելացված է։

  13. 1 Նեփի 1․20, տես Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկ․ 2022, 6, 10։ Եբրայերեն բնօրինակի վստահություն բառը Հովնան 2 գլխում hesed-ն է, որը, ինչպես նախագահ Նելսոնը բացատրում է, «սիրո և ողորմության հատուկ տեսակ» է նրանց համար, ովքեր սուրբ ուխտեր են կապել Աստծո հետ. ողորմություն, որը, ինչպես նա բացատրում է, հավատարիմ է, անխոնջ և անսպառ։

  14. Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյ․ 2016, 82: