Գերագույն համաժողով
Անունը, որով դուք կոչվում եք
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


11:2

Անունը, որով դուք կոչվում եք

Ի՞նչ է նշանակում կոչվել Քրիստոսի անունով։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ եթե Տերը անձամբ խոսեր մեզ հետ, առաջին հերթին Նա կցանկանար համոզվել, որ մենք հասկանում ենք մեր ճշմարիտ ինքնությունը. մենք Աստծո զավակներ ենք, ուխտի զավակներ և Հիսուս Քրիստոսի աշակերտներ։ Ցանկացած այլ դասակարգում, ի վերջո, մեզ կհիասթափեցնի։

Ես անձամբ սա հասկացա, երբ իմ ավագ որդին ստացավ իր առաջին բջջային հեռախոսը։ Մեծ ոգևորությամբ նա սկսեց իր կոնտակտների մեջ մուտքագրել իր ընտանիքի անդամների և ընկերների անունները։ Մի օր ես նկատեցի, որ մայրն է զանգում։ Էկրանին հայտնվեց «Մայրիկ» անունը։ Դա խելամիտ և արժանապատիվ ընտրություն էր, և, խոստովանում եմ, հարգանքի նշան մեր տան լավագույն ծնողի հանդեպ։ Բնականաբար, ես հետաքրքրվեցի։ Ի՞նչ անուն էր նա ինձ տվել։

Ես թերթեցի նրա կոնտակտները՝ ենթադրելով, որ եթե Վենդին «Մայրիկ» էր կոչվել, ապա ես պետք է «Հայրիկ» կոչվեի։ Բայց ոչ։ Ես փնտրեցի «Հայր» տարբերակը։ Նորից չգտա։ Իմ հետաքրքրասիրությունը վերածվում էր մտահոգության։ «Արդյո՞ք նա ինձ «Քորի» է կոչում»։ Ոչ: Վերջին փորձն էի կատարում, երբ մտածեցի՝ մենք սիրում ենք ֆուտբոլ խաղալ, գուցե նա ինձ կոչում է «Պելե՛»։ Երանելի միտք։ Վերջապես, ես զանգահարեցի նրա համարին, և նրա էկրանին հայտնվեց երկու բառ՝ «Ոչ մայրիկ»։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ո՞րն է այն անունը, որով դուք կոչվում եք։

Հիսուսը Իր հետևորդներին բազմաթիվ անուններով էր կոչում․ Աշակերտներ։ Որդիներ ու դուստրեր։ Մարգարեների զավակներ։ Ոչխարներ։ Բարեկամներ։ Աշխարհի լույս։ Սրբեր։ Այս անուններից յուրաքանչյուրը կրում է հավերժական նշանակություն և ընդգծում է անձնական հարաբերությունները Փրկչի հետ։

Բայց այս անունների մեջ մեկը բարձրանում է մնացածից, և դա Քրիստոսի անունն է։ Մորմոնի Գրքում Բենիամին թագավորը զորավոր կերպով ուսուցանել է.

«Չկա տրված մեկ այլ անուն, որով փրկություն է գալիս. հետևաբար, ես կկամենայի, որ դուք ձեզ վրա վերցնեք Քրիստոսի անունը: …

Եվ կլինի այնպես, որ ով որ անի այս, կգտնվի Աստծո աջ կողմում, քանզի նա կիմանա անունը, որով նա կոչվում է. քանզի նա կկոչվի Քրիստոսի անունով»:

Նրանք, ովքեր իրենց վրա են վերցնում Քրիստոսի անունը, դառնում են Նրա աշակերտներն ու վկաները։ Գործք Առաքելոց գրքում մենք կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսի Հարությունից հետո Աստծո կողմից ընտրված վկաներին պատվիրվեց քարոզել և վկայել, որ ով հավատա Հիսուսին, մկրտվի և ստանա Սուրբ Հոգին, կստանա մեղքերի թողություն։ Այս սրբազան արարողությունները ստացողները հավաքվեցին Եկեղեցում, դարձան աշակերտներ և կոչվեցին քրիստոնյաներ։ Մորմոնի Գիրքը նույնպես նկարագրում է նրանց, ովքեր հավատում են Քրիստոսին՝ որպես քրիստոնյաներ և ուխտի ժողովրդին՝ որպես «Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը»։

Ի՞նչ է նշանակում կոչվել Քրիստոսի անունով։ Դա նշանակում է ուխտեր կապել և պահել, միշտ հիշել Նրան, պահել Նրա պատվիրանները և «հոժար [լինել] … կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում»։ Դա նշանակում է կանգնել մարգարեների և առաքյալների հետ, մինչ նրանք տարածում են Քրիստոսի ուղերձը ամբողջ աշխարհում՝ վարդապետությամբ, ուխտերով և արարողություններով։ Դա նաև նշանակում է ծառայել ուրիշներին՝ տառապանքը թեթևացնելու համար, և լույս լինել ու Քրիստոսի հանդեպ հույս բերել բոլոր մարդկանց։ Իհարկե, սա ողջ կյանքում շարունակվող գործընթաց է: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «մենք համարում ենք, որ սա մի կայարան է, որին ոչ ոք չի հասել մեկ ակնթարթում»։

Քանի որ աշակերտության ճանապարհը պահանջում է ժամանակ և ջանք` «տող առ տող, ցուցում առ ցուցում», հեշտ է խճճվել աշխարհի կողմից մեզ տրված անվանումներում։ Սրանք միայն ժամանակավոր արժեք են ներկայացնում և ինքնուրույն երբեք բավարար չեն լինի։ Փրկագնումը և հավերժության բաները միայն «Սուրբ Մեսիայի մեջ է և նրա միջոցով»։ Հետևաբար, աշակերտությունը առաջնահերթություն դարձնելու մարգարեական խորհրդին հետևելը ժամանակին և իմաստուն քայլ է, հատկապես այսքան շատ մրցակցող ձայների և ազդեցությունների դարաշրջանում։ Սա եղել է Բենիամին թագավորի խորհրդի առանցքը, երբ նա ասել է․ «Ես կկամենայի, որ դուք հիշեք պահել [Քրիստոսի] անունը միշտ գրված ձեր սրտերում, … որ դուք լսեք և իմանաք ձայնը, որով դուք պիտի կանչվեք, և նաև անունը, որով նա պիտի կանչի ձեզ»:

Մարտին Գասներ

Ես սա տեսել եմ իմ սեփական ընտանիքում։ Իմ նախապապ Մարտին Գասները ընդմիշտ փոխվեց, քանի որ մի խոնարհ ճյուղի նախագահ արձագանքեց Փրկչի կանչին։ 1909 թ․ Գերմանիայում դժվար ժամանակներ էին, և փողը չափազանց սուղ էր։ Խողովակների արտադրության գործարանում Մարտինը աշխատում էր որպես եռակցող։ Նա անձամբ խոստովանել է, որ իր վաստակած ողջ գումարը գրեթե ամեն աշխատավարձի օրը ծախսում էր խմելու, ծխելու և ընկերների համար տեղական պանդոկում խմիչքներ գնելու վրա։ Ի վերջո կինը զգուշացրեց, որ եթե նա չփոխվի, ինքը կհեռանա։

Մի օր Մարտինը պանդոկ գնալու ճանապարհին հանդիպեց ընկերոջը՝ ձեռքին ճմրթված մի թուղթ։ Նա այն գտել էր փողոցում և Մարտինին ասել, որ «Was wissen Sie von den Mormonen?» կամ «Ի՞նչ գիտեք մորմոնների մասին» վերնագրով գրքույկը կարդալուց հետո ինչ-որ այլ բան էր զգացել։ Վստահ եմ, որ այդ վերնագիրն է փոխել։

Հակառակ կողմում կար հասցե, որը բավականաչափ ընթեռնելի էր եկեղեցու տեղը գտնելու համար։ Եկեղեցին բավականին հեռու էր, բայց նրանք տպավորված էին կարդացածով և որոշեցին այդ կիրակի գնացքով գնալ այնտեղ։ Երբ նրանք հասան նշված հասցեն, գտան ոչ թե իրենց ակնկալած եկեղեցին, այլ սգո սրահ։ Մարտինը վարանեց, որովհետև իրականում սգո սրահում եկեղեցին հիշեցնում էր երկուսը մեկում առաջարկ։

Բայց վերևում` վարձակալված դահլիճում, նրանք գտան Սրբերի մի փոքր խմբի։ Մի մարդ հրավիրեց նրանց մասնակցելու վկայության ժողովին։ Մարտինը զգաց Հոգին և այնքան տպավորված էր պարզ, ջերմեռանդ վկայություններով, որ բերեց իր վկայությունը։ Եվ հենց այնտեղ, այդ ամենաանհավանական վայրում, նա ասաց, որ արդեն գիտի, որ սա ճիշտ Եկեղեցի է։

Հետո տղամարդը ներկայացավ որպես ճյուղի նախագահ և հարցրեց՝ արդյոք նրանք կվերադառնան։ Մարտինը բացատրեց, որ ինքը շատ հեռու է ապրում և չի կարող իրեն թույլ տալ ընտանիքի հետ ամեն կիրակի ճամփորդել։ Ճյուղի նախագահը պարզապես ասաց. «Հետևեք ինձ»։

Նրանք քայլեցին դեպի մոտակա գործարանը, որտեղ աշխատում էր ճյուղի նախագահի ընկերը։ Կարճ զրույցից հետո Մարտինին և նրա ընկերոջը աշխատանք առաջարկվեց։ Այնուհետև ճյուղի նախագահը նրանց տարավ բնակելի մի շենք և բնակարան ապահովեց նրանց ընտանիքների համար։

Այս ամենը տեղի ունեցավ երկու ժամվա ընթացքում։ Մարտինի ընտանիքը տեղափոխվեց հաջորդ շաբաթ։ Վեց ամիս անց նրանք մկրտվեցին։ Մարդը, որը մի ժամանակ համարվում էր անհույս հարբեցող, հայտնի դարձավ որպես իր նոր հավատքի եռանդուն միսիոներ, մինչև անգամ քաղաքի մարդիկ սկսեցին նրան անվանել «քահանա»՝ երբեմն էլ ոչ այնքան սիրալիր տոնով։

Ինչ վերաբերում է ճյուղի նախագահին, չեմ կարող ձեզ ասել նրա անունը. նրա տվյալները կորել են ժամանակի ընթացքում։ Բայց ես նրան կոչում եմ աշակերտ, պատգամաբեր, քրիստոնյա, բարի սամարացի և բարեկամ։ Նրա ազդեցությունը դեռևս զգացվում է 116 տարի անց, և ես կանգնած եմ այստեղ նրա աշակերտության շնորհիվ։

Գասներները տաճարի մոտ

Կա մի ասացվածք, որ դուք կարող եք հաշվել խնձորի սերմերը, բայց չեք կարող հաշվել այն խնձորները, որոնք աճում են մեկ սերմից: Ճյուղի նախագահի ցանած սերմը անթիվ պտուղներ է տվել։ Նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ 48 տարի անց Մարտինի ընտանիքի մի քանի սերունդներ վարագույրի երկու կողմերում կկնքվեն Բեռնի (Շվեյցարիա) տաճարում։

Հավանաբար ամենամեծ քարոզները մենք երբեք չենք լսում, այլ տեսնում ենք լուռ, համեստ գործերում այն սովորական մարդկանց, որոնք, փորձելով նմանվել Հիսուսին, շրջում են բարիք գործելով։ Այդ գթասիրտ ճյուղի նախագահի արածը ստուգաթերթի համար չէր։ Նա պարզապես ապրում էր Ալմայի գրքում նկարագրված ավետարանով. «Նրանք դուրս չէին քշում որևէ մեկին, … որ քաղցած էր, կամ, որ պապակ էր, կամ, որ հիվանդ էր, … նրանք բոլորի հանդեպ առատաձեռն էին՝ ինչպես ծերի, այնպես էլ երիտասարդի, … ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ»։ Եվ չպետք է անտեսենք կարևոր մի բան․ նրանք դուրս չէին քշում որևէ մեկին՝ «ինչպես եկեղեցուց դուրս, այնպես էլ եկեղեցում»։

Նրանք, ովքեր իրենց վրա են վերցնում Քրիստոսի անունը, հասկանում են, ինչպես ասել է Ջոզեֆ Սմիթը. «Մարդը, որը լցված է Աստծո սիրով, չի մտածում միայն իր ընտանիքին օրհնել, այլ՝ ողջ աշխարհին, փափագելով օրհնել ողջ մարդկային ցեղը»:

Այդպես էր ապրում Հիսուսը։ Իրականում Նա այնքան շատ բան արեց, որ Իր աշակերտները չկարողացան գրի առնել այդ ամենը։ Հովհաննես առաքյալը գրել է․ «Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէր լինի այդ գրքերը պարփակելու»։

Եկեք ձգտենք հետևել Քրիստոսի օրինակին՝ բարիք գործելով և աշակերտությունը դարձնելով մեր ողջ կյանքի առաջնահերթությունը, որպեսզի ամեն անգամ, երբ շփվենք ուրիշների հետ, նրանք կարողանան զգալ Աստծո սերը և Սուրբ Հոգու հաստատող զորությունը։ Այդ ժամանակ մենք կարող ենք միանալ իմ նախապապին և միլիոնավոր այլ մարդկանց, որոնք հայտարարել են Անդրեաս աշակերտի նման. «Գտանք Մեսիային»։

Ի վերջո, մեր ինքնությունը չի սահմանվում աշխարհի կողմից։ Սակայն մեր աշակերտությունը սահմանվում է մեր ստացած արարողություններով, մեր պահած ուխտերով և այն սիրով, որը մենք ցուցաբերում ենք Աստծո և մերձավորի հանդեպ՝ պարզապես բարիք գործելով։ Ինչպես Նախագահ Նելսոնն է ուսուցանել, մենք իսկապես Աստծո զավակներն ենք, ուխտի զավակներ, Հիսուս Քրիստոսի աշակերտներ։

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է և փրկագնել է մեզ։ Այդ Նա է, որ ասաց․ «Ես … կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: