Գերագույն համաժողով
Վկայության հավերժական պարգևը
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


12:17

Վկայության հավերժական պարգևը

Աստծո յուրաքանչյուր որդի կամ դուստր կարող է անձամբ ձեռք բերել ավելի խորը, ավելի ամուր և ավելի հաստատուն գիտելիք։

Իմ թանկագին եղբայրներ և քույրեր, վերջերս ես մտորում եմ Վերականգնման երեք հզոր ճշմարտությունների շուրջ։ Այս ճշմարտությունները խորապես օրհնել են իմ կյանքը։ Այսօր ես կցանկանայի կիսվել ձեզ հետ, թե ինչպես են դրանք առաջնորդել ինձ Հիսուս Քրիստոսի ավետարանի հաստատուն վկայություն ձեռք բերելու իմ ճամփորդության ընթացքում։

1․ Աստված մեր սիրող Երկնային Հայրն է

Նա ամենագետ է և ամենակարող։ Քրիստոսի Լույսի և Սուրբ Հոգու սպասավորության միջոցով Նրա ազդեցությունն ամենուր է։ Նրա բնույթից է բխում մեզ օրհնելը։

Նա տեսնում է մեր անցյալը, ներկան և հավերժական ճակատագիրը։ Նրանից ոչինչ չի կարող թաքցվել։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ «սելեստիալ մտածելակերպ ունենալու» հրավերը մեզ խրախուսում է հետամուտ լինել մեր Երկնային Հոր տեսլականին և բնույթին։

Իր աստվածային հատկանիշների շնորհիվ մեր Երկնային Հայրը մեզ տալիս է ամեն բարի պարգև՝ յուրաքանչյուրի առնչությամբ ունենալով Իր հավերժական հեռանկարն ու տեսլականը։

2. Կամքի ազատությունը ինքնուրույն ընտրելու և գործելու պարգև է

Դա նաև լավ ընտրություն կատարելու պարտականություն է։

Հիսուս Քրիստոսը այդ արտոնության համար փրկագին է վճարել Իր թանկարժեք արյունով։

Երբեմն գուցե կարծենք, որ կամքի ազատությունը նշանակում է անել այն, ինչ ուզում ենք։ Բայց այն փաստը, որ գինը վճարվել է, նշանակում է, որ կամքի ազատությունը սրբազան պարգև է։

Մենք գործակալներ ենք, իսկ գործակալները պատասխանատու են ինչ-որ բանի համար։ Այս դեպքում մենք պատասխանատու ենք մեր ունեցած գիտելիքի և մեզ տրված պարգևների հիման վրա կատարած ընտրությունների համար։ Մենք չենք կարող ընտրություն կատարել՝ առանց հետևանքների համար պատասխանատվություն կրելու։

Մենք ինչո՞ւ ունենք կամքի ազատություն։

Լավն ընտրելու համար։

Քրիստոսին ընտրելու համար։

Հավերժական կյանքը ընտրելու համար՝ կրկին ու կրկին։

3. Մեր վկայությունը գալիս է Սուրբ Հոգու զորությամբ

Սուրբ Հոգուց ստացած վկայությունն ավելի զորեղ է, քան աչքի տեսածը։ Նա Հոր և Որդու գլխավոր վկան է։ Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:

Եղբայրներ և քույրեր, սա է պատճառը, որ մեզանից յուրաքանչյուրն այսօր ունի Սուրբ Հոգու զորության կարիքը։

Սուրբ Հոգին կարող է վկայել բազմաթիվ ձևերով։ Այն կարող է կտրուկ և հանկարծակի գալ, ինչպես լամպն է վառվում մութ սենյակում։ Այն կարող է գալ ինչպես արևածագը՝ աստիճանաբար և ժամանակի ընթացքում։ Կարող է գալ նաև ինչպես լույսի ճառագայթը՝ կատարյալ բանականության կրկնվող ազդեցություններով։ Անկախ ստացման ձևից, այն գալիս է Սուրբ Հոգու միջոցով։

Վկայություն գտնելը Ջամայկայում

Ես մեծացել եմ գեղեցիկ Ջամայկայում. զվարճալի էր և հրաշալի։ Սակայն, երբ գնացի ավագ դպրոց, իմ դասընկերներից և ընկերներից ոմանք չէին կարողանում հասկանալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելու իմ որոշումը։ «Ինչպե՞ս կարողացար միանալ այդ եկեղեցուն»,- հարցնում էին նրանք։ «Ինչպե՞ս կարողացար հավատալ այդ պատմությանը»․ նկատի ունեին Առաջին Տեսիլքը։ «Ինչպե՞ս կարողացար կարդալ այդ գիրքը»․ նկատի ունեին Մորմոնի Գիրքը։ «Դու իսկապե՞ս հավատում ես այդ ամենին»։ Եվ «Ինչո՞ւ ես կյանքդ վատնում նման բաների վրա»։

Սոլթ Լեյքի տաճարը
Սրբազան պուրակը
Մորմոնի գիրքը

Ցավոտ էր, հատկապես, երբ այդ ամենը լսում էի ինձ համար թանկ մարդկանցից։

Բայց նրանք չգիտեին հետևյալը. ես մի փորձառություն էի ունեցել Սուրբ Հոգու հետ։ Երբ այդ վկայությունը լցրեց սիրտս, այն մեղմացրեց օրերի ցավը, և «մի պահ երկնքի տեսարանը [հայտնվեց] իմ առջև»։

Հնարավոր է՝ ձեզ ևս տվել են նմանատիպ հարցեր։ Գուցե նույնիսկ հիմա ձեզ անընդհատ նման հարցեր են տալիս, ինչպես ինձ։

Սուրբ Հոգու պարգևն ու վկայությունը հասանելի են բոլորին։

Ջամայկան ինձ համար նույնն է, ինչ Պալմիրան Ջոզեֆ Սմիթի համար։ Այն իմ Սրբազան Պուրակն է։ Ես չգիտեմ, թե Սրբազան պուրակի որ մասում Ջոզեֆը ծնկի իջավ աղոթելու, բայց ճշգրիտ գիտեմ, թե որտեղ էի ես, երբ իմ Սրբազան պուրակը իրականություն դարձավ։ Դա տեղի ունեցավ Ջամայկայի Մանդևիլ քաղաքի Ֆոր Գրով Ռոուդ փողոցում, իմ լոգարանում, չորեքշաբթի օրը՝ առավոտյան ժամը 6․00-ին, իմ մկրտությունից երեք տարի անց։ Այս սրբազան փորձառությունը տեղի ունեցավ, քանի որ երկու շաբաթ առաջ մի ոգեշնչված քույր միսիոներ հրավիրեց ինձ կարդալ Մորմոնի Գիրքը։ Քույր Օդրի Կրաուսը ներկա է այսօր այս համաժողովին իր ընտանիքի հետ և ես ընդմիշտ սիրում եմ նրան։

Երիտասարդ երեց Բրաունը քույր միսիոների հետ

Այդ փորձառությունը փոխեց ինձ:

Եղբայրներ և քույրեր, վկայությունը ժամանակավոր օգտագործման համար չի տրվում։ Մեր սիրող Երկնային Հոր այս պարգևը նախատեսված է հավերժական լինելու համար, քանի որ տվողը հավերժական է։ Վկայությունը չպետք է ունենա ժամկետ։ Այն չպետք է թուլանա կամ նվազի, քանի որ իմ կյանքում կամ աշխարհում ինչ-որ բան է փոխվել։ Այն պետք է ավելի ուժեղանա, քանի որ, ինչպես տաղանդների առակի ծառայի դեպքում, իմ անձնական վկայությունը պարգև է, որը պետք է բազմապատկել, այլ ոչ թե թաղել հողի մեջ։

Երբ նայում եմ հետ՝ մանկությանս տարիների դժվար օրերին, ապա անցածս փորձություններն ու հալածանքները օգնել են ինձ հասնել մի կետի, որտեղ ես ինքս այժմ գիտեմ։ Ես ոչ միայն հավատում եմ, հույս ունեմ կամ վստահում եմ, թեև սրանք հավատքի նշանակալի մասնիկներ են հաստատուն վկայության ճանապարհին։ Ես գովաբանում եմ ձեզ ձեր սեփական վկայությունը գտնելու համար՝ հարցեր տալով, ուսումնասիրելով, աղոթելով, ծոմ պահելով և խորհելով։ Խնդրում եմ, կանգ մի առեք։ Վկայության այս ուղուն հետևելու համար արժե ամեն ջանք գործադրել։ Ո՞ւմ կամ ինչի՞ն թույլ կտաք դա խլել։ «Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց»։

Աստծո յուրաքանչյուր որդի կամ դուստր կարող է անձամբ ձեռք բերել ավելի խորը, ավելի ամուր և ավելի հաստատուն գիտելիք։ Ինչպես Ջոզեֆ Սմիթը, որ հաստատեց իր վկայությունը՝ չնայած ընդդիմությանը, մենք կարող ենք համարձակորեն ասել. «Ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ, ոչ էլ կհամարձակվեի դա անել»:

Իմ թանկագին եղբայրներ և քույրեր, թող վկայության փոքրիկ սերմը գործի ձեր մեջ, մինչև որ ծլի և դառնա հավիտենական փառավոր հաստատուն գիտելիք։

Եթե դուք մկրտված և հաստատված անդամ եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, բայց դեռևս դժվարանում եք և ասում՝ «Ես վստահ չեմ, թե գիտեմ», խնդրում եմ հիշել հաղորդության աղոթքի այս խոստումը. «Որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան»։ Այս խոստումի շնորհիվ յուրաքանչյուրս կարող ենք հետևել վկայության և հաստատուն գիտելիքի ուղուն։

Պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար

Ահա մի մեծ ճշմարտություն. անկախ նրանից, թե ինչպես է վկայությունը տրվում՝ լինի դա արևածագի պես դանդաղ, թե փառահեղ տեսիլքի տեսքով, միևնույն է անհրաժեշտ է ընտրություն կատարել այս թանկարժեք պարգևը ստանալու համար։

«Ես ընտրում եմ հավատալ» ասելը հեշտացնում է Աստծուց վկայություն ստանալը։ Եթե նկատում ենք, որ մեր վկայությունը թուլանում է, հիշենք, որ մեր կատարած ընտրություններն են, որ նվազեցնում են վկայության զորությունը։ Բայց վկայությունը չի հեռանում։ Մենք պարզապես պետք է ընտրենք վերականգնել կապը։

Հավատալու ընտրությունը մեր կամքի ազատությունը օգտագործելու իմաստուն և զորավոր եղանակ է։

Ես չեմ տեսնում իմ կամքի ազատությունն օգտագործելու ավելի լավ միջոց, քան իմ վկայությունը պաշտպանելը։

Նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Ես խնդրում եմ ձեզ, որ պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։ Աշխատեք դրա համար: Պահպանեք այն։ Հոգ տարեք դրա մասին։ Զարգացրեք, որ այն աճի։ Սնուցեք այն ճշմարտությամբ»։

Ինձ համար պատասխանատվություն ստանձնել, աշխատել, հոգ տանել, պահպանել, զարգացնել և սնուցել բառերը հնչում են ինչպես գործակալ բառը, որին հանձնարարված է տնտես լինել ինչ-որ թանկարժեք և կարևոր բանի համար։

Վաղ օրերի եկեղեցում Փարլի Պ. Պրատը դժգոհություններ ուներ կապված Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ և որոշեց քննադատել նրան և Եկեղեցին։ «Երբ Ջոն Թեյլորը, ում Փարլին սովորեցնում էր ավետարանը, եկավ քաղաք, Փարլին նրան մի կողմ տարավ և զգուշացրեց, որ չհետևի Ջոզեֆին։ Ջոն Թեյլորն ասաց Փարլիին․

«Մինչև Կանադայից մեկնելը դուք զորեղ վկայություն եք տվել Ջոզեֆ Սմիթի՝ Աստծո մարգարե լինելու մասին, և ասել եք, որ այս բաները գիտեք հայտնությամբ և Սուրբ Հոգու պարգևով։

… Այժմ ես նույն վկայությունն ունեմ, որով դուք այն ժամանակ ուրախանում էիք։ Եթե աշխատանքը ճշմարիտ էր վեց ամիս առաջ, ապա այն այսօր էլ ճշմարիտ է։ Եթե այն ժամանակ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, ապա նա հիմա էլ մարգարե է»։

Ես վկայում եմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե էր, և որ նրա ստացած մարգարեական պատմուճանը շարունակում է գործել այսօր։ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է այս աշխատանքը։

Ես ձեզ հրավիրում եմ մտածել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին հաստատուն վկայություն ստանալու ձեր ուղու մասին։ Պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար, իմաստուն կերպով օգտագործեք ձեր ազատ կամքը և գնահատեք տվողին և Նրա բոլոր փառահեղ հատկանիշները։ Ես վկայում եմ, որ դուք ունեք զորություն։ Ոչ ոք չի կարող ընտրել ձեր փոխարեն: Ոչ ոք չի կարող խլել այդ պարգևը։ Դուք կարող եք ընտրել հավատալ։

Ես խոստանում եմ, որ երբ դուք սա անեք, ձեր վկայությունը «կենդանի ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։ Այն կլինի խարիսխ և խթան, և այն կաջակցի ձեզ դժվար ժամանակներում։ Այն ձեզ հնարավորություն կտա զարգացնել հոգևոր պարգևներ։ Այն կօգնի ձեզ ձեր անձնական սպասավորության և ծառայության մեջ։ Այն կլինի զենք սատանայի և ձեր թշնամիների դեմ։ Ձեր վկայությունը ուրախություն կլինի, երբ տեսնեք այն վերարտադրված ձեր երեխաների, թոռների և ծոռների, ինչպես նաև նրանց մեջ, ում սիրում և ծառայում եք։ Այն հզոր կլինի, երբ կիսվեք դրանով և օգտագործեք վկայելու համար։

Եթե դուք գիտեք, դուք գիտեք։ Ես գիտեմ, որ գիտեմ: Մեզ անհրաժեշտ են ավելի շատ հաստատուն վկայություններ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։ Ձեռք բերեք այն։ Փնտրեք այն: Սա հրատապ է։ Սա վերջին տնտեսությունն է՝ ժամանակների լրության տնտեսությունը:

Հիսուս Քրիստոսը հայտարարել է այս ճշմարտությունը․ «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»:

Եղբայրներ և քույրեր, Հիսուս Քրիստոսի վկայությունը երբեք նախատեսված չի եղել որպես ժամանակավոր պարգև։ Դրա հետ կապված ոչինչ ժամանակավոր չէ՝ ո՛չ տվողը, ո՛չ պարգևն ինքնին, ո՛չ պարգևի տեղ հասցնողը, ո՛չ էլ այն, թե ում մասին է պարգևը։ Թող ձեր վկայությունը նույն կերպ նկարագրվի։ Թեև «երկինքն ու երկիրը կանցնեն», Հիսուս Քրիստոսի ավետարանի ձեր վկայությունը չի անցնի։ Հիմա է ժամանակը ունենալու այս թանկարժեք պարգևը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. «Աստված մեր երկնային Հայրն է, և մենք Նրա զավակներն ենք: Նա ստեղծեց մեզ Իր պատկերով: Նա ունի փառավորված, կատարյալ «մսից ու ոսկորից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը» (Վարդապետություն և Ուխտեր 130.22):

    Աստված մեզ անձամբ ճանաչում է, և Նա սիրում է մեզ ավելին, քան մենք կարող ենք հասկանալ: Նա հասկանում է մեր փորձությունները, վշտերը և թուլությունները և Իր աջակցությունն է առաջարկում մեզ դրանցում: Նա ուրախանում է մեր առաջընթացով և կօգնի մեզ ճիշտ ընտրություն կատարել: Նա ուզում է հաղորդակցվել մեզ հետ, և մենք կարող ենք հաղորդակցվել Նրա հետ աղոթքի միջոցով (Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի Ավետարանով կիսվելու ուղեցույց [2023], 33)։

  2. Տես Վարդապետություն և Ուխտեր 84․46-47, 88․12-13:

  3. «Պարզապես որովհետև Աստված Աստված է, պարզապես որովհետև Քրիստոսը Քրիստոսն է, նրանք չեն կարող անել այլ բան, քան հոգ տանել մեր մասին, օրհնել և օգնել մեզ, եթե մենք միայն գանք նրանց մոտ՝ մոտենալով նրանց շնորհի գահին՝ հեզությամբ և սրտի խոնարհությամբ։ Նրանք չեն կարողանում հեռու պահել մեզնից Իրենց օրհնությունները։ Նրանք պետք է այդպես վարվեն։ Դա նրանց բնույթն է» (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Եկեք ինձ մոտ» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, հունվարի 2, 1997], 4, speeches.byu.edu)։

  4. Տես Ղուկաս 12․2, Մորոնի 7․22, Աբրահամ 2․8։

  5. «Ես հրավիրում եմ ձեզ որդեգրել «սելեստիալ մտածելակերպի» սովորույթը։ Ունենալ սելեստիալ մտածելակերպ՝ նշանակում է ունենալ հոգևոր մտածողություն։ Մորմոնի Գրքի մարգարե Հակոբից մենք սովորում ենք, որ «հոգևոր մտածելակերպով լինելը` կյանք [է] հավերժական» (Ռասսել Մ․ Նելսոն, «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Լիահոնա, նոյ. 2023, 117)։

  6. Տես Topics and Questions, «Agency and Accountability», Ավետարանի գրադարան, տես նաև 2 Նեփի 2․11, 16։

  7. Տես Ա Պետրոս 1․18-20, Աբրահամ 3․22-28։

  8. Sես Ա Կորնթացիներին 6.20:

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 101․78:

  10. «Հիսուս Քրիստոսի ավետարանը մի ծրագիր է, որը մեզ ցույց է տալիս, թե ինչպես դառնալ այնպիսին, ինչպիսին Երկնային Հայրն է ցանկանում մեզ տեսնել: …

    Անբիծ և կատարյալ վիճակը կլինի ուխտերի, արարողությունների և գործողությունների, ճիշտ ընտրությունների և շարունակական ապաշխարության հաստատուն հաջողության արդյունքը» (Դալլին Հ․ Օուքս, “The Challenge to Become,” Liahona, Jan. 2001, 40, 41; emphasis added), տես նաև Մովսես 7․33։

  11. Տես Մորոնի 10․4-5:

  12. «Հոգին կարիք չունի սահմանափակվելու միայն խոսքերով. Նա կարող է Հոգին հոգու հետ հաղորդակցել այնպիսի լեզվով, որը անսխալ է, քանի որ այն բառեր չունի։ Դա Հոգուց եկող կատարյալ գիտելիքի և բանականության հաղորդում է, և ես հասկացել եմ, որ դա իսկապես գիտելիք ձեռք բերելու լավագույն միջոցն է։ Այն ավելի զորեղ և երկարատև ազդեցություն ունի, քան դիպչելը կամ տեսնելը. մենք կարող ենք կասկածել ֆիզիկական զգայարանների վրա, բայց չենք կարող կասկածել, երբ Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ։ Այն ամենահաստատուն վկայությունն է։ Այդ պատճառով Սուրբ Հոգին կամ Սուրբ Հոգու վկայությունը ժխտելը աններելի մեղք է» (Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, “Strong Impressions of the Spirit,” Liahona, June 2013, 49):

  13. Տես Հովհաննես 5․32, 2 Նեփի 31․18, 3 Նեփի 11․36։

  14. Ռասսել Մ. Նելսոն «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96։ Նույն ելույթի ժամանակ նա ասաց.

    «Ես հորդորում եմ ձեզ վեր բարձրանալ ձեր ներկա հոգևոր ունակությունից՝ անձնական վկայություն ստանալու համար։ …

    Օ՜, այնքան շատ բաներ կան, որ Երկնային Հայրը կամենում է, որ իմանաք: Ինչպես երեց Նիլ Ա. Մաքսվելն է ուսուցանել. «Նրանց, ովքեր աչքեր ունեն տեսնելու և ականջներ՝ լսելու, պարզ է, որ Հայրը և Որդին տալիս են տիեզերքի գաղտնիքները»։ …

    Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախ ու ավելի հստակ լսելով Հոգու ձայնը» (95, 96)։

  15. Տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Հայտնության Հոգին», Լիահոնա, մայիս 2011, 87-90, Ալեքսանդր Դուշկու, «Լույսի սյուներ և շողեր», Լիահոնա, մայիս 2024, 14-16։

  16. «Testimony», Hymns, no. 137.

  17. Տես Թվեր 11․29, Հակոբոս 1․5:

  18. Տես Վարդապետություն և Ուխտեր 20․28, Մովսես 1․3։

  19. Տես Մատթեոս 25.14–30: «Հոգևոր վկայությունը, որը ես ստացա Սուրբ Հոգուց … չի վերացել: Իրականում, այն ավելի է ուժեղացել։ Այն բաները, որոնք ես սովորեցի իմ պատանեկության տարիներին Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար սկզբունքների մասին, եղել են իմ ամուր հիմքն իմ ողջ կյանքի ընթացքում» (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, “Սնուցեք արմատները, և ճյուղերը կաճեն,” Լիահոնա, նոյ. 2024, 101)։

  20. Վարդապետություն և Ուխտեր 6.23:

  21. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.25:

  22. Տես Ալմա 32․27, 30, 37-38, 41:

  23. Տես Վարդապետություն և Ուխտեր 20․77:

  24. Տես Վարդապետություն և Ուխտեր 88․33:

    «Այնուհետև, գուցե ամենակարևոր մասը, նվերն ընդունելն է։ … Նվերն իսկապես ընդունելու համար մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ արժեքավոր է այն մեզ համար, ապա լիարժեք օգտագործում ենք` երախտագիտությամբ հիշելով նվիրողին։

    Նվեր ընդունելը պասիվ գործողություն չէ, այլ մտածված և նշանակալից արարք է, որը շատ ավելին է, քան պարզապես փաթեթ բացելը։ Ընդունել նշանակում է գնահատել և կապվել նվերի և նվիրողի սրտի հետ այնպես, որ կապը նվիրողի և ստացողի միջև ամրապնդվի» (Պատրիկ Քիրոն, «Ընդունեք Նրա պարգևը», Լիահոնա, մայիս 2025, 121–22)։

  25. Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022), Ավետարանի գրադարան։

  26. Տես Վարդապետություն և Ուխտեր 70․3-4:

  27. Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 (2018), 280-81։

  28. Տես Մոսիա 4․9-12։

  29. Վարդապետություն և Ուխտեր 63․23, շեշտադրումն ավելացված է։

  30. Տես Ալմա 5․46-48: Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է, որ «փրկությունը չի կարող գալ առանց հայտնության։ Առանց դրա ծառայելը ապարդյուն է։ … Ոչ մի մարդ չի կարող Հիսուս Քրիստոսի սպասավորը, եթե մարգարե չէ։ Ոչ ոք չի կարող ծառայել Հիսուս Քրիստոսին, եթե չունի Հիսուսի վկայությունը, և սա է մարգարեության ոգին» (The Joseph Smith Papers, History, 1838–1856, volume C-1 [2 November 1838–31 July 1842] [addenda], 12, josephsmithpapers.org; spelling, capitalization, and punctuation modernized).

  31. Մենք կանգնած ենք դարերի սահմանագլխին, որի հանդեպ պատմությունը միշտ մեծ և խորին ակնածանք է ունեցել։ Սա վերջին տնտեսությունն է, որի վրա կենտրոնացած է եղել ամեն բան անցյալում» (Գորդոն Բ. Հինքլի, “At the Summit of the Ages,” Liahona, Jan. 2000, 90)։

  32. Մատթեոս 24.35:

  33. Տես Մորոնի 10.30։