Որ բոլորը կարողանան շենանալ
Երբ կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա, ուսուցանում ենք Նրա վարդապետությունը և ջանասիրաբար սովորում, հրավիրում ենք Սուրբ Հոգուն խորացնել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և օգնել մեզ ավելի նմանվել Նրան։
Մի պատմություն կա մի համալսարանական երիտասարդ ուսանողի մասին, որը մեծ դժվարություններ ուներ մի բարդ դասընթացի հետ կապված․ ուստի նա գտավ մասնավոր ուսուցիչ՝ իրեն օգնելու համար: Դասընթացի ավարտին մոտ պրոֆեսորը հայտարարեց, որ ուսանողները կարող են եզրափակիչ քննությանն իրենց հետ բերել մի թերթիկ, որի վրա կարող են տեղադրել այն ամենը, ինչ ցանկանում են։ Որոշ ուսանողներ պատրաստվեցին՝ դասախոսություններից և դասագրքերից մանր գրառումներ կատարելով, որոնք հնարավոր էր կարդալ միայն խոշորացույցով։ Բայց երիտասարդը եզրափակիչ քննությանը եկավ դատարկ թերթիկով և մի անծանոթի հետ։ Երբ պրոֆեսորը հարցրեց, երիտասարդը պատասխանեց. «Դուք ասացիք, որ կարող եմ բերել մի թերթիկ, որի վրա կարող է լինել ցանկացած բան»։ Ապա թուղթը դրեց հատակին՝ իր սեղանի կողքին, և ասաց. «Ես կցանկանայի, որ իմ մասնավոր ուսուցիչը կանգնի իմ թերթիկի վրա»։
Սուրբ Հոգին
Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, օրհնված Աստվածագլխի անդամի թանկագին ընկերակցությամբ, մենք կարող ենք ունենալ ամենակատարյալ ուսուցչի օգնությունը։ Սուրբ Հոգին գիտի բոլոր բաները, վկայում է ճշմարտության մասին և «կհիշեցնի [մեզ] ամեն ինչ»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հաճախ է խոսել Տիրոջ ձայնը լսելու կարևորության մասին։ Նա ուսուցանել է, թե ինչպես փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը և բազմիցս խնդրել է մեզ մեծացնել հայտնություն ստանալու մեր հոգևոր կարողությունը:
Այսօր ես ձեզ հրավիրում եմ մտածել Սուրբ Հոգու դերի մասին, մասնավորապես՝ տանը և եկեղեցում ավետարանի ուսումնասիրության և ուսուցման հետ կապված։ Սուրբ Հոգին տրվում է հավատքի աղոթքով և այն ժամանակ, երբ մենք ձգտում ենք ապրել այդ թանկարժեք պարգևին արժանի կյանքով։ Եկեղեցու՝ Ուսուցանել Փրկչի ձևով ոգեշնչված ձեռնարկն ընդգծում է Տիրոջ կողմից սահմանված տարբեր սկզբունքներ, որոնք օգնում են հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը։
Ջանասիրաբար սովորելու կոչ արեք
Այդ սկզբունքներից մեկը ջանասիրաբար սովորելու կոչն է։ Գուցե անցյալում կարծում էինք, որ ուսուցումը ծնողի կամ ուսուցչի համար հնարավորություն է՝ հրավիրելու Հոգուն իրենց սեփական նախապատրաստության համար, ապա կիսվելու իրենց սովորածով` երեխաների կամ դասարանի անդամների հետ, որոնց դերը եղել է լսելը։ Բայց ավելի արդյունավետ է լինում, երբ մենք՝ որպես սովորողներ, նույնպես պատրաստված ենք գալիս, և ուսուցիչները ստեղծում են ուսումնական փորձառություններ, որոնք նպաստում են անմիջապես մեր սրտում և մտքում անձնական հայտնություն ստանալուն։ Ապա, երբ մեզ հնարավորություն է տրվում կիսվել գիտելիքներով, որոնք սովորում ենք մեր ուսումնասիրության և Սուրբ Հոգու միջոցով , մենք օգնում ենք միմյանց ուսուցանվել և շենանալ: Երբ կիրառում ենք ավետարանի սկզբունքները, Հոգին կրկին վկայում է դրանց ճշմարտացիության մասին։
Ինչպես բոլոր բաներում, այնպես էլ այստեղ՝ Հիսուս Քրիստոսը կատարյալ օրինակն է: Նա մեզանից յուրաքանչյուրին հրավիրել է լինել ջանասեր ուսանողներ և պատասխանատվություն ստանձնել մեր սեփական վկայությունների համար։ Նա հրավիրեց իր աշակերտներին պատրաստվել սովորելու, կիսվելու սովորածով և գործել հավատքով։ Նա աղոթեց նրանց համար, տեսավ նրանց աստվածային ներուժը, լսեց և օգնեց նրանց իմանալ, որ իրենք սիրված և պահանջված են։
Մենք կարող ենք ավելի շատ կենտրոնանալ սովորողների առաջընթացի վրա, նրանց կարիքները բավարարելու վրա, ինչպես նաև ողջ կյանքում աշակերտ լինելու հոգևոր սովորություններ զարգացնելուն նպաստելու վրա։ Երբ որպես սովորողներ՝ կիրառում ենք մեր կամքի ազատությունն ուսման գործընթացում, Սուրբ Հոգուն ցույց ենք տալիս Նրա կողմից ուսուցանվելու մեր պատրաստակամությունը։
Ես շնորհակալ եմ ուսուցչին, որը ինձ հրավիրեց ավելի լավ սովորող դառնալ։ Երբ սկսեցի ուսումը քոլեջում, սխալմամբ դպրոցը համարում էի մի բան, որին պետք է դիմանալ՝ որպեսզի ինձ թույլ տան սպորտով զբաղվել։ Մի օր, իմ գրած աշխատանքը կարդալուց հետո, պրոֆեսորն ասաց, որ կարծում է՝ ես օժտված եմ վերլուծական մտածողությամբ։ Ես նույնիսկ չգիտեի, թե դա ինչ է նշանակում։ Նա ասաց, որ ավելի կենտրոնացած ջանքերի շնորհիվ ես կարող եմ լավ ուսանող դառնալ։ Ես երբեք չէի մտածել դրա մասին։ Նրա հետաքրքրությունը, խրախուսանքը և հրավերները փոխեցին իմ կրթության ընթացքը և մեծապես օրհնեցին իմ կյանքը։
Ուսուցանեք վարդապետությունը
Սուրբ Հոգուն հրավիրելու հետ կապված մեկ այլ սկզբունք է ճշմարիտ վարդապետություն ուսուցանելը։ Սա նշանակում է, որ մեր ավետարանական ուսումնասիրությունն ու ուսուցումը հիմնված են Աստծո խոսքի վրա, և մենք տպավորություն չենք ստեղծում կամ ենթադրություն անում այն մասին, ինչը Տերը չի հայտնել։ Փոխարենը՝ մենք կենտրոնանում ենք ավետարանի կարևոր և հավերժական սկզբունքների վրա, որոնք թույլ են տալիս Հոգուն վկայել ճշմարտության մասին։ Մենք կրկին հետևում ենք Փրկչի օրինակին։ Նա ասել է․ «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց»։
Ճշմարիտ վարդապետությունը գտնվում է սուրբ գրություններում և ժամանակակից մարգարեների ուսմունքներում։ Տիրոջ հորդորը՝ ուսումնասիրել սուրբ գրություններն անհատապես և ընտանիքներով և ամեն շաբաթ եկեղեցի հաճախել՝ Նրա ավետարանն ուսումնասիրելու համար, հնարավորություն է տալիս՝ լսելու Նրա ձայնը և սովորելու վարդապետությունը։ Մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները՝ հասկանալու պատմությունը, ուսուցանված սկզբունքները և այդ ճշմարտությունների կիրառումը մեր կյանքում։ Ի՜նչ օրհնություն է սուրբ գրությունները մեր ձեռքի տակ ունենալը։ Պատկերացրեք Ադամին ու Եվային, Աբինադիին կամ նույնիսկ Մեծ Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին, որոնք այցելում են մեր տները կամ դասարանները՝ մեզ ուսուցանելու համար։ Նրանք կարող են, երբ մենք սնվում ենք Աստծո խոսքով։ Հետևողական ջանքերի շնորհիվ մենք կսովորենք հասկանալ ու սիրել սուրբ գրությունները և վստահել, որ դրանք ունեն հոգու հարցերի պատասխանները։
Մեր ամուսնությունից առաջ կար մի ժամանակ, երբ կինս՝ Քրիստին, դժվարանում էր զգալ Երկնային Հոր սերը և հասկանալ Նրա ծրագիրը իր համար։ Երբ նա աղոթեց առաջնորդության համար, ինստիտուտ հաճախելու հուշում ստացավ և գրանցվեց Նոր Կտակարանի դասընթացի։ Սուրբ գրություններն ուսուցանելու և դրանց հետ վարվելու ձևը ցույց էր տալիս, թե ուսուցիչը որքան շատ էր սիրում Աստծո խոսքը։ Երբ նա մասնակցեց դասերին, Սուրբ Հոգին հուշեց նրան, որ սուրբ գրություններում կա ինչ-որ բան, որի կարիքը նա ուներ։ Նրա ուսուցչի սերը սուրբ գրությունների հանդեպ և Սուրբ Հոգու հուշումները նրա մեջ ցանկություն առաջացրին սկսել Աստծո խոսքի լուրջ ուսումնասիրություն, որը դարձավ խոր դարձի և նվիրված ծառայության ողջ կյանքի ճամփորդություն։
Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա
Ինչպես առաջարկում է Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկը, մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը պետք է միշտ կենտրոնանան Հիսուս Քրիստոսի վրա։ Մենք կարող ենք ավելի հաճախ և ակնածանքով խոսել Նրա մասին և փնտրել ավելի շատ հնարավորություններ՝ արտահայտելու մեր վկայությունը, երախտագիտությունն ու սերը նրա հանդեպ։ Անկախ իրավիճակից, երբ մենք հիշում ենք Նրան, կարող ենք «նրա Հոգին [մեզ] հետ ունենա[լ]։
Հիսուս Քրիստոսին մեր ուսուցման կենտրոնում պահելու մի ձև է ընդգծելը, որ Նա է կատարյալ օրինակը, ավետարանի բոլոր սկզբունքների մարմնացումը և արտահայտությունը: Նույնիսկ, երբ Նրա մասին ուղղակիորեն չի հիշատակվում սուրբգրային պատմության մեջ, մենք դեռ կարող ենք մատնանշել Նրան՝ որպես ուսուցանվող սկզբունքի օրինակ։ Մենք կարող ենք պարզապես հարցնել. «Կարո՞ղ եք հիշել մի դեպք, երբ Հիսուս Քրիստոսն այս սկզբունքն ուսուցանել է Իր օրինակով»։
Մենք կարող ենք նաև կենտրոնանալ Նրա վրա՝ ուսումնասիրելով Նրա տիտղոսները, դերերը և հատկանիշները՝ ձգտելով ոչ միայն սովորել, թե Նա ինչ է արել, այլև ավելի լավ հասկանալ, թե ով է Նա։ Օրինակ՝ ապաշխարության սկզբունքն ուսումնասիրելիս կարևոր է հասկանալ, թե ինչպես ապաշխարել։ Բայց կարևոր է նաև հիշել, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը՝ ապաշխարությունը հնարավոր դարձնելու համար, և հասկանալ, թե ապաշխարությունն ինչ է ուսուցանում մեզ Նրա, Նրա իրական բնույթի և հատկանիշների մասին։ Ի՞նչ է ասում մեր ապաշխարելու հնարավորությունը Նրա սիրո, համբերության և ողորմածության մասին, մեր աստվածային ներուժի հանդեպ Նրա հավատի, մեր մեղքերը քավելու Նրա պատրաստակամության և ներելու մեջ Նրա գտած ուրախության մասին։ Նրա տիտղոսների՝ Աստծո Գառ, Փրկիչ և Բժիշկ, ըմբռնումը մեզ օգնում է հասկանալ, որ ապաշխարությունը Նրա հրավերն է՝ մեզ մաքրելու, փոխելու և բժշկելու համար։ Կենտրոնանալն այն բանի վրա, թե ինչ է Նա արել մեզ համար, և ով է Նա դրա շնորհիվ, կօգնի մեզ ունենալ «հավատք ի ապաշխարություն»։
Երբեմն մենք կարող ենք անմիջապես չտեսնել Փրկչի հատկանիշները, որոնք ընդգգծված են սուրբ գրության պատմության մեջ։ Օրինակ՝ երբ կարդում ենք, թե Նեփին ինչպես նավ կառուցեց, հաճախ կենտրոնանում ենք միայն Նեփիի վրա։ Սակայն Փրկչի վրա կենտրոնանալով՝ մենք կտեսնենք, որ այս պատմությունը պահպանվել է ոչ թե Նեփիի, այլ Աստծո մեծությունը մեզ ցույց տալու համար, որ Նա ուժ է տալիս պահելու Իր պատվիրանները և ազատում է մեզ կարիքի ժամին։
Մենք կարող ենք նաև կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերի վրա՝ Երկնային Հոր երջանկության կատարյալ ծրագրում։ Այն կարող է փոխել մեր կյանքի ընթացքը, երբ մեր հանգամանքները դիտարկում ենք Աստծո հավերժական ծրագրի տեսանկյունից, այլ ոչ թե՝ ծրագիրը՝ մեր աշխարհիկ հանգամանքների տեսանկյունից։ Ավետարանը պահանջների ցուցակ չէ, այն բարի լուրն է, որ Հիսուս Քրիստոսը հաղթեց է մեղքին և մահին։ Աստծո հետ մեր ուխտերը պահելու միջոցով Նրա հրաշալի շնորհը ստանալով՝ մենք կարող ենք ուրախ ապրել հիմա և պատրաստվել մեր Երկնային Հոր հետ հավերժական կյանքին։ Երբ կարդանք Երկնային Հոր և Փրկչի մասին սուրբ գրություններում, մենք ավելի լավ կճանաչենք Նրանց և ավելի հաճախ կտեսնենք Նրանց հզոր սերն ու ազդեցությունը մեր կյանքում։
Ես միշտ կհիշեմ այն Հոգին, որը զգացի երիտասարդ տարիքում, երբ մեր ուսուցիչը ուսուցանում էր Փրկչի կյանքի վերջին օրերի մասին։ Նա օգնեց մեզ հասկանալ վերնատանը, Գեթսեմանիում, Գողգոթայում և դատարկ գերեզմանում տեղի ունեցած իրադարձությունների կարևորությունը։ Նա կիսվեց Փրկչի հանդեպ իր խորին երախտագիտությամբ և Նրան հետևելու հաստատուն ցանկությամբ։ Նրա ուսմունքը հրավիրում էր Սուրբ Հոգուն՝ վկայելու Հիսուս Քրիստոսի մասին։ Այդ դասի ժամանակ զգացած Հոգին ամրացրեց իմ հավատքը և մեծացրեց Փրկչի հանդեպ իմ սերն ու գնահատանքը։ Այդ ուսուցչի ազդեցությունը մնացել է ինձ հետ ամբողջ կյանքում։ Ինչպես ասվել է մեկ այլ ուսուցչի մասին. «Մենք կարող էինք ջերմացնել մեր ձեռքերը [նրա] հավատի կրակով»:
Եզրափակում
Մեր տներում և Եկեղեցու ժողովներում, երբ կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա, ուսուցանում ենք Նրա վարդապետությունը և ջանասիրաբար սովորում, հրավիրում ենք Սուրբ Հոգուն խորացնել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և օգնել մեզ ավելի նմանվել Նրան, որն ավետարանի ամբողջ ուսուցման և ուսումնասիրության նպատակն է։
Ես շնորհակալ եմ իմ կյանքի ուսուցիչների համար՝ սկսած բարեպաշտ ծնողներից, տեղական ղեկավարներից և ուսուցիչներից, մինչև այն տղամարդիկ ու կանայք, որոնք կանչվել են ուսուցանելու և վկայելու այս ամբիոնից, որոնք օգնում են մեզ ճանաչել ու հետևել Հիսուս Քրիստոսին։ Եվ ես շնորհակալ եմ Սուրբ Հոգուն՝ կատարյալ ուսուցչին։ Սուրբ Հոգու շնորհիվ ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և ունի կատարյալ ծրագիր մեզ համար, որ Հիսուսը Քրիստոսն է՝ աշխարհի Փրկիչն ու Քավիչը, և որ Նրա ավետարանն ու Եկեղեցին վերականգնվել են։ Ես երախտագիտությամբ վկայում եմ այս ամենի մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։