Հիսուս Քրիստոսի քավիչ սերը
Բուժումն ու ներումը իրենց ամբողջական խորությամբ դրսևորվում են Հիսուս Քրիստոսի քավիչ սիրո մեջ։
Ես արտահայտում եմ իմ սերը նախագահ Ռասսել Մ. Նելսոնի նկատմամբ և իմ երախտագիտությունը այն ուշագրավ ազդեցության համար, որը նա ունեցել է մեզանից յուրաքանչյուրի վրա։ Եվ մեզանից յուրաքանչյուրի անունից շնորհակալ եմ Աստծուն նախագահ Դալլին Հ. Օուքսի ազնիվ կյանքը պահպանելու և մեծարելու համար։
Յուրաքանչյուր անցնող տարվա հետ ես ավելի մեծ սեր եմ զգում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա ողորմած Քավության հանդեպ։ Նրա գերագույն զոհաբերությունը, որը հաղթեց մահը և մեղքը, մարդկության ողջ պատմության ընթացքում ամենակարևոր ներդրումն է։ Նրա աստվածային պարգևի ըմբռնումը ինձ համար մի անվերջ երկնային հատոր է, որը կշարունակվի գերեզմանից այն կողմ։
Փրկչի զորավոր կարեկցանքը, որն արտահայտվում է մեղքերը ներելով և ուրիշների մեղքերի հետևանքով առաջացած վերքերը բուժելով, Աստծո սիրո ամենահրաշալի դրսևորումն է։
Իմ ցանկությունն է հույս տալ նրանց, ովքեր ներում են փնտրում շատ լուրջ մեղքերի համար, և մխիթարություն տալ նրանց, ովքեր բուժում են փնտրում ուրիշների լուրջ մեղքերի հետևանքով առաջացած տանջալից վերքերից։
Բուժումն ու ներումը իրենց ամբողջական խորությամբ դրսևորվում են Հիսուս Քրիստոսի քավիչ սիրո մեջ։
Հավատք առ Հիսուս Քրիստոս
Եթե դուք լուրջ մեղքեր եք գործել և ապաշխարում եք կամ ցանկանում եք լիովին ապաշխարել ու զգալ ներման անպատմելի ուրախությունը, խնդրում եմ իմացեք, որ այդ հրաշքը սպասում է ձեզ։ Փրկիչը շարունակ կանչում է. «Ինձ մո՛տ եկեք»։
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատը զորացնելը կխթանի ձեր հոգու կարոտը՝ ճանաչելու Նրան, հավատալու Նրան և ձեր սիրտը նվիրելու Նրան։ Ենովսը հարցրեց իր ներման մասին. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ դա»։ Տերը պատասխանեց. «Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ, որին դու երբեք նախկինում ո՛չ լսել ես, ո՛չ տեսել»:
Մորոնին ասել է․ «Եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ»:
Մեղքից հեռանալը, դեպի Աստված դառնալը և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը զորացնելը կարող է գեղեցիկ սկիզբ լինել։ Ձեր կամքը Աստծուն խոնարհաբար ենթարկելու համար հարկավոր է ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին խոստովանել լուրջ մեղքերը, բայց ձեր լիակատար ներումը գալիս է Փրկչից։ Ներումը աստվածային պարգև է, որը տրվել է Հիսուս Քրիստոսի շնորհով։
Ազնվություն
Աստծո մոտ վերադառնալու անկեղծ ցանկությունը զուգորդվում է վճռականությամբ՝ լիովին անկեղծ լինելու ձեր Երկնային Հոր, ինքներդ ձեզ և նրանց հետ, ովքեր տուժել են, ինչպես նաև ձեր քահանայության ղեկավարի հետ։ Ձեր Երկնային Հայրը ուրախանում է Իր մոտ գալու ձեր վճռականությամբ։ Փշրված հոգի ունենալը՝ ինքներդ ձեզ խոնարհաբար Աստծո ձեռքը հանձնելն է։ Կոտրված սիրտ ունենալը բերում է այն, ինչ Պողոս առաքյալը նկարագրել է որպես «ըստ Աստծու ուզածի տրտմություն», հոգու խոր կարոտ՝ վերադառնալու Նրա մոտ՝ ինչ գնով էլ որ լինի։
Վերականգնել այն, ինչ կոտրել եք
Ձեր կարոտը մղում է վերականգնելու այն, ինչ կոտրել եք։ Բայց որոշ բաներ ձեր ուժերից վեր են, և դուք ջանասիրաբար աղոթում եք, որ Տերն Իր շնորհով օգնի բուժել նրանց, ովքեր վիրավորվել են ձեր գործողությունների հետևանքով։
Ուրիշներին հասցված լուրջ մեղքի հետևանքները հաճախ ցավալիորեն դժվար է հաղթահարել։ Արդյո՞ք հետևում եք Մոսիայի որդիների օրինակին, ովքեր «եռանդուն ձգտ[ում էին] փոխհատուցել բոլոր վնասները, որոնք նրանք հասցրել էին»։ Նրանց հետ, ում հարգում եք, խոսեք այն մասին, ինչը դուք գուցե չեք տեսնում։
Երբ պատրաստվում էի այս ելույթին, անսպասելի էլեկտրոնային նամակ ստացա մեկից, ով ապաշխարում էր և ցանկանում էր վերադառնալ Եկեղեցի։ Նրա նախկին կինը դեռևս տառապում էր «[նրանց] հավերժական ամուսնության կորստից, [երեխաների հետ կապված դժվարություններից], ֆինանսական անապահովությունից, … ծախսերին համընթաց ապրելու անկարողությունից, [և] դավաճանության խորը, խեղդող զգացումից»։
Նա ինձ հետ կիսվեց, թե ինչպես իր քահանայության ղեկավարը «ոգեշնչում զգաց [խնդրելու նրան] աղոթքով մտածել, թե [ինչ կարող է լրացուցիչ անել իր նախկին կնոջ և երեխաների համար]»։ Թույլտվություն ունենալով, կիսվում եմ նրա նամակից մի հատվածով։
«Սկզբում ես կարծում էի, որ ամուսնալուծության ժամանակ իմ տված [գումարը] ավելի քան առատաձեռն էր, բայց իմ ճյուղի նախագահը քաջալերեց ինձ ծոմ պահել և աղոթել դրա համար։
Սկզբում ես համաձայն չէի լրացուցիչ փոխհատուցումների գաղափարի հետ։ Քանի որ իմ մեղքերը ֆինանսական չէին, ես մտածում էի, թե իրականում ինչ է նշանակում «առատաձեռն փոխհատուցում»։ … [բայց] շուտով հասկացա, որ խնդիրը միայն փողը չէ։
Իմ քահանայության ղեկավարները հանդիպեցին [իմ նախկին կնոջ] և երեխաներիս հետ և հասկացան, որ նրանք դեռ դժվարության մեջ են և չեն ապաքինվել։
Իմ նոր նպատակն էր առաջ շարժվել հավատքով։ Ես պարզապես արտահայտեցի առանց որևէ նախապայմանների օգնելու իմ ցանկությունը … Ես որոշեցի [նախկին կնոջս ուղարկել որոշակի գումար] իմ ամեն աշխատավարձից, որը կազմում էր իմ զուտ աշխատավարձի զգալի մասը։ Առաջին վճարումը կատարելուց անմիջապես առաջ [միտքս ներշնչվեց], որ Տերն ասում է, որ վճարեմ [այդ գումարի կրկնապատիկը]:
Ես հասկացա, որ փոխհատուցումը միայն փողի մասին չէ։ Դա վերաբերում է իմ կյանքը Տիրոջը խոնարհաբար նվիրելուն։ … Գումարը նախատեսված է ընտանիքիցս վերցրածը փոխարինելու համար՝ իմ վատ ընտրությունների պատճառով։ Այն վերաբերում է խոստումներ տալուն և պահելուն՝ առանց որևէ բան ակնկալելու փոխարեն, և նրան օգնելուն, որ չանհանգստանա տան հաշիվների համար, որ կարողանա փնտրել Հոգին»։
Ձեր ջանքերը՝ վերականգնելու այն, ինչ կոտրել եք, կարող է որևէ կապ չունենալ փողի հետ, բայց երբ դուք խոնարհաբար հարցնում եք Տիրոջը, գուցե հասկանաք, որ ավելին կարող եք անել։
Աստիճանաբար տրվող Աստվածային հավանություն
Երբ փնտրեք ստանալ Տիրոջ ներումը, համբերատար եղեք՝ սպասելով Նրա լիակատար հավանությանը։ Մտածեք այս սուրբ գրության մասին.
«Եվ նրանք խոնարհեցրին իրենց, մինչև իսկ համեստության խորքերը. և նրանք ուժգին կանչում էին առ Աստված. այո, մինչև իսկ ողջ օրվա ընթացքում։ … [Բայց] Տերը դանդաղ էր նրանց աղաղակը լսելիս՝ նրանց անօրինությունների պատճառով»։
«Այնուամենայնիվ, Տերը լսեց նրանց աղաղակները և սկսեց … թեթևացնել նրանց բեռները. … և … նրանք սկսեցին աստիճանաբար բարգավաճել երկրում»։
Համբերատար եղեք, քանի որ Տերն աստիճանաբար ձեզ Իր օրհնությունն ու հավանությունը կտա։
Տիրոջ սահմանած ժամանակին դուք կզգաք Նրա ձայնը, որն ասում է ձեզ․ «Այլևս չթողնես, որ այս բաները խռովեն քեզ»։ Մի օր, երբ դուք շարունակեք դառնալ դեպի Փրկիչը, ձեր Երկնային Հայրը կվերցնի «հանցանքը [ձեր] սրտ[ից], իր Որդու արժանիքների միջոցով»։
Վիրավոր և տառապյալ
Դիմելով նրանց, ովքեր այդքան անարդարացիորեն վիրավորվել են մեկ ուրիշի լուրջ մեղքերի պատճառով, ես ցանկանում եմ կիսվել Փրկչի սիրով և կարեկցանքով, Նրա մխիթարությամբ և խաղաղությամբ։
Ձեր զգացած տխրությունը, վիշտը, կորուստը, դավաճանության խեղդող զգացումը, ձեր կյանքի բեկումն այնպես, ինչպես դուք պատկերացնում եք․ այս ամենի պարագայում ես ձեզ հավաստիացնում եմ, որ Փրկիչը ճանաչում և սիրում է ձեզ։ Դիմեք Նրան։ Նա ձեր մխիթարությունն ու ուժն է։ Նա կուղարկի Իր հրեշտակներին՝ ձեզ բարձրացնելու։ Ե՞րբ կանցնի ձեր ցավը, արդյո՞ք վիշտը կմեղմանա, անցանկալի հիշողությունները կմոռացվե՞ն։ Ես չգիտեմ։ Բայց սա գիտեմ. Նա զորություն ունի առաջ բերելու գեղեցիկը ձեր տառապանքի մոխրից։
Միչիգան նահանգի Գրանդ Բլան քաղաքի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը, Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց անսասան հավատքով, իրենց քաջությամբ և անձնուրացությամբ, ստացել են և առաջիկա շաբաթներին ու ամիսներին առատորեն կստանան Փրկչի անհամեմատելի սերն ու շնորհը։
Երբ դուք շարունակեք վստահել Նրան, խավարի ձեր ամպերը և գիշերով թափած տանջալից արցունքները առավոտյան լույսի ներքո կվերածվեն ուրախության և խաղաղության հորդառատ արցունքների։ Ձեր տրտմությունն ուրախություն կլինի։ ․․․ Եվ ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզանից»։ Այդ պահը կգա։ Ես վկայում եմ, որ այն կգա։
Հիսուս Քրիստոսի քավիչ սերը կարելի է գտնել ամենադժվարին իրավիճակներում, բայց մենք բոլորս անընդհատ կարիք ունենք մեր Փրկչի քավիչ շնորհին։ Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․ «Մահկանացու կյանքում իր քավիչ փորձառության շնորհիվ մեր Փրկիչը կարողանում է սփոփել, բուժել և զորացնել բոլոր տղամարդկանց և կանանց ամենուր, բայց ես հավատում եմ, որ նա անում է դա միայն նրանց համար, ովքեր փնտրում են նրան և Նրանից օգնություն խնդրում: Հակոբոս Առաքյալը ուսուցանել է. «Խոնարհեցեք Տիրոջ առաջին, և նա կբարձրացնէ ձեզ» (Հակոբոսի 4.10): Մենք պատրաստվում ենք այդ օրհնությանը, երբ հավատում ենք Նրան և աղոթքով օգնություն խնդրում Նրանից»:
Երեց Ռոբերտ Ի. Ուելս
Ես թույլտվություն ստացա իմ սիրելի ընկեր և պատվավոր գերագույն իշխանություն յոթանասունական, այժմ 97 տարեկան՝ երեց Ռոբերտ Ի. Վելսից, կիսվելու իր ավելի քան 60 տարի առաջ ունեցած փորձառությամբ։
1960 թվականին Ռոբերտ Վելսը ապրում էր Պարագվայում և աշխատում որպես միջազգային բանկիր․ այդ տարիներին 32-ամյա Ռոբերտ Վելսը և նրա կինը՝ Մերիլը, երկու տարբեր ինքնաթիռների օդաչուներ էին և Ուրուգվայից վերադառնում էին տուն Պարագվայ։ Հանդիպելով խիտ ամպերի՝ Ռոբերտն ու Մերիլը կորցրեցին միմյանց հետ տեսակապը և ռադիոկապը։ Ռոբերտն արագ վայրէջք կատարեց, և, իմացավ, որ կնոջ ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ո՛չ իր կինը, ո՛չ էլ նրա հետ թռչող երկու ընկերները ողջ չէին մնացել։ Նրա երեխաները, իրենց բնակավայրում՝ Ասունսիոնում, յոթ, հինգ և երկու տարեկան էին։
Երեց Վելսը պատմել է իր վշտի մասին.
«Բառերով հնարավոր չէ արտահայտել այն ցավը, որը ուռչում էր իմ մեջ, կլանելով իմ զգացմունքներն ու բթացնելով զգայարաններս։ Խոր վշտի արցունքները պարզապես չէին դադարում հոսել։ Իրավիճակն ավելի էր վատթարանում, երբ միտքս փորձում էր հաղթահարել կնոջս մահվան սարսափելի գիտակցումը, ես զգացի, որ մեծ մեղքի զգացում եմ ապրում՝ որ ես եմ մեղավոր վթարի համար»։
Ռոբերտն իրեն մեղադրում էր ինքնաթիռն ավելի մանրակրկիտ չստուգելու և կնոջը թռիչքի համար գործիքակազմի ավելի լավ հրահանգներ չտալու համար։ Նա իրեն մեղավոր էր զգում անփութության մեջ։
Ռոբերտն ասել է․
«Միտքս խավարեց։… Ես պարզապես գոյությունս էի պահում՝ [երեխաների համար], ուրիշ ոչինչ։
Ես… կորցրել էի ապրելու ցանկությունը»։
Ժամանակի ընթացքում Ռոբերտն օրհնվեց մի խոր հոգևոր փորձառությամբ։ Նա պատմել է.
«Մոտ մեկ տարի անց, մի երեկո, երբ ծնկի իջած աղոթում էի, հրաշք տեղի ունեցավ։ Երկնային Հորս աղոթելիս ու աղաչելիս ես զգացի, որ Փրկիչը եկավ ինձ մոտ, և ես լսեցի մի լսելի ձայն, որն այս խոսքերն էր ասում իմ հոգուն և ականջներին. «Ռոբերտ, իմ քավող զոհաբերությունը վճարել է քո մեղքերի և սխալների համար։ Կինդ ներում է քեզ։ Քո ընկերները ներում են քեզ։ Ես կբարձրացնեմ քո բեռը»։
Այդ պահից սկսած, մեղքի բեռը [և հուսահատությունը] զարմանալիորեն հեռացվեցին ինձանից։ Ես փրկվել էի։ Ես անմիջապես հասկացա Փրկչի Քավության ընդգրկուն զորությունը և… որ այն ուղղակիորեն վերաբերում էր ինձ։ ․․․ Ես … զգացի լույս և ուրախություն, ինչպիսին երբեք չէի զգացել։ ․․․ Ինձ տրվել էր չվաստակած պարգև՝ Տիրոջ շնորհի պարգևը։ … Ես դրան արժանի չէի. ես ոչինչ չէի արել դրան արժանի լինելու համար, այնուամենայնիվ, Նա ինձ տվեց դա»։
Եղբայրներ և քույրեր, թող մենք բոլորս «սրբագործվենք Քրիստոսում Աստծո շնորհով, Քրիստոսի արյան հեղվելով, ․․․ դառնալով սուրբ՝ առանց բծի»:
Ես վկայում եմ մեր Փրկչի և Քավիչի սիրո, ողորմածության և շնորհի մասին։ Նա ապրում է: Մենք Նրանն ենք․ մենք ուխտի զավակներ ենք։ Երբ մենք հավատում ենք Նրան, հետևում ենք Նրան և վստահում Նրան, Նա կբարձրացնի մեզ մեր վշտերից և մեղքերից։ Այնուհետև, այս մահկանացու կյանքից այն կողմ, մեր Հոր տանը, մենք կապրենք Նրա հետ հավիտյանս հավիտենից։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: