Պարզություն Քրիստոսում
Քրիստոսի մաքուր վարդապետությունը պարզեցված և կենտրոնացված ձևով կիրառելը կօգնի մեզ ուրախություն գտնել մեր առօրյա կյանքում։
1․ Նախաբան
Երեսուներեք տարի առաջ ես ստացա Յուտա Օգդեն միսիայում միսիոներ ծառայելու իմ կանչը։ Իհարկե, քանի որ ես Եվրոպայից էի, Յուտայի տեղական ավանդական ճաշատեսակները, ինչպես օրինակ՝ «գազարով կանաչ ժելեն» և «թաղման կարտոֆիլը» ինձ համար մի փոքր տարօրինակ էին։
Այնուամենայնիվ, ես խորապես տպավորված էի շատ Սրբերի նվիրվածությամբ և աշակերտությամբ, Եկեղեցու ժողովներին մասնակցող մարդկանց մեծ թվով, ինչպես նաև Եկեղեցու՝ լիարժեք գործող ծրագրերի ծավալով։ Երբ իմ միսիան ավարտվեց, ես ցանկացա համոզվել, որ այն ուրախությունը, որ զգացել էի, և այն հոգևոր ուժն ու հասունությունը, որ նկատել էի, հասանելի կլինեն նաև իմ ապագա ընտանիքի համար։ Ես ցանկանում էի արագ վերադառնալ և ապրել իմ կյանքը «հավիտենական բլուրների» ստվերներում։
Սակայն Տերն այլ ծրագրեր ուներ։ Հայրենիքում գտնվելու իմ առաջին կիրակի օրը իմ իմաստուն եպիսկոպոսը կանչեց ինձ ծառայելու որպես մեր ծխի Երիտասարդ տղամարդկանց նախագահ։ Ծառայելով երիտասարդ տղամարդկանց այդ հրաշալի խմբին՝ ես շուտով հասկացա, որ Քրիստոսի աշակերտ լինելուց բխող ուրախությունը գրեթե կապ չունի Եկեղեցու ժողովների չափի կամ ծրագրերի ծավալի հետ։
Այսպիսով, երբ ամուսնացա իմ գեղեցիկ կնոջ՝ Մարգրետի հետ, մենք ուրախությամբ որոշեցինք մնալ Եվրոպայում և մեծացնել մեր ընտանիքը հայրենի Գերմանիայում։ Միասին մենք ականատես եղանք, թե նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ինչ է ուսուցանել տարիներ առաջ․ «ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ»։ Երբ մեր կյանքի կիզակետը Քրիստոսի և Նրա ավետարանի ուղերձն է, մենք կարող ենք վայելել աշակերտության բոլոր օրհնությունները՝ անկախ այն վայրից, որտեղ ապրում ենք։
2. Պարզությունը, որը Քրիստոսում է
Սակայն, աշխարհում, որն ավելի ու ավելի աշխարհասեր, բարդ և շփոթեցնող է դառնում՝ տարբեր և հաճախ հակասող ուղերձներով ու պահանջներով, ինչպե՞ս կարող ենք խուսափել, որ մեր աչքերը չկուրանան ու մեր սրտերը չկարծրանան, և շարունակենք կենտրոնանացած մնալ Հիսուս Քրիստոսի ավետարանի «պարզ ու արժեքավոր բաներ[ի]» վրա։ Շփոթության ժամանակաշրջանում Պողոս առաքյալը լավ խորհուրդ տվեց Կորնթոսի սրբերին՝ հիշեցնելով նրանց կենտրոնանալ «Քրիստոսի» պարզության վրա։
Քրիստոսի վարդապետությունը և ավետարանի օրենքն այնքան պարզ են, որ նույնիսկ փոքր երեխաները կարող են հասկանալ դրանք։ Մենք կարող ենք օգտվել Հիսուս Քրիստոսի փրկագնող զորությունից և ստանալ մեր Երկնային Հոր կողմից մեզ համար պատրաստած բոլոր հոգևոր օրհնությունները՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելով, ապաշխարելով, մկրտվելով, սրբագործվելով Սուրբ Հոգու պարգևի միջոցով և համբերելով մինչև վերջ։ Նախագահ Նելսոնն այս ճամփորդությունը շատ գեղեցիկ ձևով նկարագրել է որպես «ուխտի ուղի» և «Հիսուս Քրիստոսի բարեպաշտ աշակերտը» դառնալու գործընթաց։
Եթե այս ուղերձն այդքան պարզ է, ինչո՞ւ է Քրիստոսի օրենքով ապրելը և Նրա օրինակին հետևելը հաճախ այդքան դժվար թվում։ Հնարավոր է՝ մենք սխալ մեկնաբանենք պարզությունը՝ այն ընկալելով որպես մի բան, որին կարելի է հասնել առանց ջանքերի կամ ջանասիրության։ Քրիստոսին հետևելը պահանջում է մշտական ջանք և շարունակական փոփոխություն։ Մենք պետք է «հան[ենք] բնական մարդուն ու դառնա[նք] ինչպես մի [փոքրիկ] երեխա»։ Սա ներառում է «ապավին[ել] Տիրոջը» և ազատվել բարդություններից, ինչպես անում են փոքր երեխաները։ Քրիստոսի մաքուր վարդապետությունը պարզեցված և կենտրոնացված ձևով կիրառելը կօգնի մեզ ուրախություն գտնել մեր առօրյա կյանքում, ստանալ առաջնորդություն մեր կոչումներում, պատասխանել կյանքի ամենաբարդ հարցերից մի քանիսին և ուժ ստանալ` դիմակայելու մեր ամենամեծ մարտահրավերներին։
Բայց ինչպե՞ս կարող ենք գործնականում կիրառել այս պարզությունը մեր ողջ կյանքում՝ որպես Քրիստոսի աշակերտներ։ Նախագահ Նելսոնը հիշեցրել է մեզ կենտրոնանալ «մաքուր ճշմարտության, մաքուր վարդապետության և մաքուր հայտնության» վրա, երբ ձգտում ենք հետևել Փրկչին։ Պարբերաբար տալով այս հարցը՝ «Ի՞նչ կցանկանար Տեր Հիսուս Քրիստոսը, որ ես անեմ»,- բացահայտում է խորիմաստ ուղղություն։ Նրա օրինակին հետևելը տրամադրում է ապահով ուղի՝ անորոշության միջով անցնելու համար, և սիրառատ ու ուղղորդող ձեռք, որից կարող ենք կառչել օրեցօր։ Նա Խաղաղության Իշխանն է և Բարի Հովիվը։ Նա մեր Մխիթարիչն ու Ազատարարն է։ Նա մեր վեմն է և ապաստանը։ Նա բարեկամ է՝ իմ և ձեր բարեկամը։ Նա մեզ բոլորիս հրավիրում է սիրել Աստծուն, պահել Նրա պատվիրանները և սիրել մեր մերձավորին։
Երբ մենք ընտրում ենք հետևել Քրիստոսի օրինակին և առաջ շարժվել Նրա հանդեպ հավատքով, ընդունել Նրա Քավության զորությունը և հիշել մեր ուխտերը, սերը լցնում է մեր սրտերը, հույսն ու բժշկումը բարձրացնում են մեր հոգիները, իսկ դառնությունն ու տխրությունը փոխարինվում են երախտագիտությամբ և խոստացված օրհնություններին սպասելու համբերությամբ։ Երբեմն մենք ստիպված ենք հեռու մնալ մեզ վնասող իրավիճակներից կամ դիմել մասնագետի օգնությանը։ Սակայն, բոլոր դեպքերում, ավետարանի պարզ սկզբունքների կիրառումը կօգնի մեզ հաղթահարել այս փորձությունները Տիրոջ ձևով։
Մենք երբեմն թերագնահատում ենք այն ուժը, որը ստանում ենք պարզ գործողություններից, ինչպիսիք են՝ աղոթքը, ծոմապահությունը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ամենօրյա ապաշխարությունը, ամեն շաբաթ հաղորդություն ընդունելը և կանոնավոր կերպով տաճար հաճախելը։ Բայց երբ մենք գիտակցում ենք, որ մեզ անհրաժեշտ չէ «մի մեծ բան անել» և կենտրոնանում ենք մաքուր և պարզ վարդապետության վրա, մենք սկսում ենք տեսնել, թե ինչպես է ավետարանը «հրաշալիորեն գործում» մեզ համար, նույնիսկ ամենադժվար հանգամանքներում։ Մենք գտնում ենք ուժ և «Աստծո առաջ վստահություն», նույնիսկ այն ժամանակ, երբ վշտի մեջ ենք։ Երեց Մ. Ռասսել Բալլարդը բազմիցս մեզ հիշեցրել է. «Հենց այդ պարզության մեջ [մենք] կգտնեք խաղաղությունը, ուրախությունն ու երջանկությունը»։
Քրիստոսում եղած պարզության կիրառումը մեզ ստիպում է մարդկանց դասել գործընթացներից վեր և հավերժական հարաբերությունները՝ կարճաժամկետ վարքագծից վեր։ Աստծո փրկության և վեհացման աշխատանքում մենք կենտրոնանում ենք «ամենակարևոր բաներ[ի]» վրա՝ մեր սպասավորության առաջադրանքներն ավարտելու վրա կենտրոնանալու փոխարեն։ Մենք ժամանակ ենք տրամադրում՝ առաջնահերթություն տալու այն բաներին, որոնք կարող ենք անել, այլ ոչ թե ծանրաբեռնվելու այն բաներով, որոնք չենք կարող անել։ Տերը հիշեցրել է մեզ․ «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է»: Որքան զորեղ խրախուսանք է՝ գործել պարզությամբ և խոնարհությամբ՝ անկախ մեր հանգամանքներից։
3. Օմա Սիսլա
Իմ տատիկ Մարթա Սիսլան, (այս նկարում աջ կողմում գտնվող կինը) մեծ բաներ իրականացնելու նպատակով «փոքր և հասարակ բաներ» անելու հրաշալի օրինակ էր։ Մենք սիրով նրան անվանեցինք Օմա (գերմաներեն՝ տատիկ) Սիսլա Օման ընդունեց ավետարանը Արևելյան Պրուսիայի Սելբոնգեն փոքրիկ գյուղում իմ նախատատիկի հետ միասին՝ 1926 թ․ մայիսի 30-ին։
Մարթա Սիսլան (աջից) իր մկրտության օրը
Նա սիրում էր Տիրոջն ու Նրա ավետարանը և վճռականորեն տրամադրված էր պահել իր կապած ուխտերը։ 1930 թ․ նա ամուսնացավ պապիկիս հետ, որը Եկեղեցու անդամ չէր։ Այդ ժամանակ Օմայի համար անհնար էր Եկեղեցու ժողովներին մասնակցելը, քանի որ պապիկիս ֆերման շատ հեռու էր մոտակա հավաքատնից։ Բայց նա կենտրոնացավ այն բանի վրա, ինչ կարող էր անել։ Օման շարունակեց աղոթել, կարդալ սուրբ գրությունները և երգել Սիոնի երգերը։
Ոմանք կարող էին մտածել, որ նա այլևս ակտիվ չէր իր հավատքի մեջ, բայց դա հեռու էր իրականությունից։ Երբ հորաքույրս և հայրս ծնվեցին, տանը քահանայություն կրող չկար, և Եկեղեցու ժողովներին կամ արարողություններին մոտակայքում մասնակցելու հնարավորություն չունենալով՝ նա կրկին արեց այն, ինչ կարող էր, և կենտրոնացավ իր երեխաներին՝ «աղոթել և ուղիղ քայլել Տիրոջ առաջ» հորդորը ուսուցանելու վրա։ Նա ամեն օր կարդում էր նրանց համար սուրբ գրություններից, երգում էր նրանց հետ Սիոնի երգերը և, իհարկե, աղոթում նրանց հետ։ Նրա Եկեղեցու փորձառությունը 100 տոկոս տնակենտրոն էր։
1945 թ․ պապիկս ծառայում էր պատերազմում՝ տնից հեռու։ Երբ թշնամիները մոտեցան նրանց ֆերմային, Օման վերցրեց իր երկու երեխաներին և լքեց իրենց սիրելի ֆերման՝ ավելի ապահով վայրում ապաստան փնտրելու համար։ Դժվար և կյանքին սպառնացող ճամփորդությունից հետո նրանք վերջապես ապաստան գտան 1945 թ․ մայիսին՝ հյուսիսային Գերմանիայում։ Նրանք այլևս ոչինչ չունեին, բացի այն հագուստից, որը կրում էին։ Բայց Օման շարունակեց անել այն, ինչ կարող էր. նա ամեն օր աղոթում էր իր երեխաների հետ։ Նրանց հետ ամեն օր երգում էր Սիոնի երգերը, որոնք անգիր էր սովորել։
Կյանքը չափազանց դժվար էր, և երկար տարիներ ընտանիքը կենտրոնացած էր պարզապես բավարար ուտելիք ապահովելու վրա։ Բայց 1955 թ․ հայրս, որն այդ ժամանակ 17 տարեկան էր, գնում էր Ռենդսբուրգ քաղաքի արհեստագործական դպրոց։ Նա անցնում էր մի շենքի կողքով և դրա վրա տեսավ մի փոքրիկ ցուցանակ, որի վրա գրված էր՝ «Kirche Jesu Christi der Heiligen der Letzten Tage» («Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»)։ Նա մտածեց. «Հետաքրքիր է․ սա Մայրիկի եկեղեցին է»։ Ուստի, երբ տուն վերադարձավ, Օմային ասաց, որ գտել է նրա եկեղեցին։
Պատկերացրեք, թե նա ինչ էր զգում Եկեղեցու հետ գրեթե 25 տարի որևէ կապ չունենալուց հետո։ Նա վճռականորեն տրամադրված էր հաջորդ կիրակի օրը մասնակցելու ժողովին և համոզեց հորս միանալ իրեն։ Ռենդսբուրգը ավելի քան 32 կմ հեռու էր այն փոքրիկ գյուղից, որտեղ նրանք ապրում էին։ Բայց դա չէր խանգարի Օմային եկեղեցի հաճախել։ Հաջորդ կիրակի նա հեծանիվ նստեց հորս հետ և գնաց եկեղեցի։
Երբ հաղորդության ժողովը սկսվեց, հայրս նստեց վերջին շարքում՝ հուսալով, որ այն շուտով կավարտվի։ Սա Օմայի եկեղեցին էր, ոչ թե իրենը։ Նրա տեսածը շատ հուսադրող չէր. ներկա էին միայն մի քանի տարեց կանայք և երկու երիտասարդ միսիոներներ, որոնք արդյունավետորեն ղեկավարում էին ժողովի ողջ ընթացքը։ Բայց հետո նրանք սկսեցին երգել Սիոնի երգերը, որոնք հայրս լսել էր դեռ փոքր տարիքից՝ «Եկեք, Սրբեր», «Ով, Հայր իմ», «Փառք տանք Մարդուն»։ Երբ լսեց, թե ինչպես է այդ փոքրիկ հոտը երգում մանկուց իր իմացած երգը, նա հուզվեց և անմիջապես, առանց կասկածի հասկացավ, որ Եկեղեցին ճշմարիտ է։
Առաջին հաղորդության ժողովը, որին տատիկս մասնակցեց 25 տարի անց, այն ժողովն էր, որտեղ հայրս անձնական վկայություն ստացավ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտացիության վերաբերյալ։ Նա մկրտվեց երեք շաբաթ անց՝ 1955 թ․ սեպտեմբերի 25-ին, պապիկիս և հորաքրոջս հետ միասին։
Ռենդսբուրգում այդ փոքրիկ հաղորդության ժողովից անցել է ավելի քան 70 տարի։ Ես հաճախ եմ մտածում Օմայի մասին, թե ինչ էր նա զգում այդ միայնակ անցկացրած գիշերներին՝ կատարելով այն փոքր ու պարզ բաները, որոնք կարող էր անել՝ աղոթել, կարդալ և երգել։ Երբ այսօր այստեղ՝ գերագույն համաժողովում, խոսում եմ իմ Օմայի մասին, իր ուխտերը պահելու և Տիրոջն ապավինելու նրա վճռականությունը՝ չնայած իր դժվարություններին, լցնում է իմ սիրտը խոնարհությամբ և երախտագիտությամբ՝ ոչ միայն նրա, այլև աշխարհում մեր բազմաթիվ հրաշալի Սրբերի համար, որոնք կենտրոնանում են Քրիստոսի պարզության վրա իրենց դժվարին հանգամանքներում, գուցե ներկայումս քիչ փոփոխություն տեսնելով, բայց վստահ լինելով, որ ապագայում մի օր մեծ բաներ պիտի իրականանան։
4․ Փոքր և հասարակ բաներ
Ես իմ փորձից սովորել եմ, որ ավետարանի փոքր և հասարակ բաները և Քրիստոսի վրա հավատարմությամբ կենտրոնանալը մեզ տանում են դեպի իսկական ուրախություն, իրականացնում են զորավոր հրաշքներ և վստահություն են ներշնչում, որ բոլոր խոստացված օրհնությունները կիրականանան։ Սա նույնքան ճշմարիտ է ձեզ համար, որքան ինձ համար։ Նախագահ Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ասել է․ «Որոշ օրհնություններ շուտ են գալիս, մյուսները գալիս են ուշ, իսկ մի մասն էլ չի գալիս, քանի դեռ երկնքում չենք, բայց նրանց համար, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, դրանք գալիս են»։ Այս մասին ես նույնպես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։