Գերագույն համաժողով
Կատարեք ձեր բաժինը ամբողջ սրտով
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


15:22

Կատարեք ձեր բաժինը ամբողջ սրտով

Վստահեք Փրկչին և համբերատար ու ջանասիրաբար ներգրավվեք՝ կատարելով ձեր բաժինը ամբողջ սրտով։

Անցյալ տարի Եվրոպա կատարած ուղևորության ժամանակ ես այցելեցի իմ նախկին աշխատավայրը՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանում գտնվող Lufthansa գերմանական ավիաուղիների գրասենյակը։

Իրենց օդաչուներին մարզելու համար նրանք շահագործում են մի քանի բարդ և լիարժեք շարժման թռիչքի սիմուլյատորներ, որոնք կարող են վերստեղծել գրեթե ցանկացած նորմալ և արտակարգ թռիչքի պայման։ Օդանավի հրամանատար աշխատելու երկար տարիների ընթացքում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ես պետք է ստուգողական թռիչք կատարեի թռիչքի սիմուլյատորում՝ օդաչուական արտոնագրի վավերականությունը պահպանելու համար։ Ես լավ եմ հիշում լարված ու անհանգիստ այդ ծանր պահերը, բայց նաև հիշում եմ բավարարվածության զգացումը քննության հանձնումից հետո։ Այն ժամանակ ես երիտասարդ էի և սիրում էի մարտահրավերները։

Իմ այցի ժամանակ Lufthansa-ի ղեկավարներից մեկը հարցրեց՝ արդյոք կցանկանայի կրկին փորձել ու ևս մեկ անգամ թռչել 747 սիմուլյատորով։

Մինչ կհասցնեի մտքումս վերլուծել հարցը, լսեցի մի ձայն՝ զարմանալիորեն նման իմ ձայնին. «Այո՛, շատ կուզեի»։

Հենց որ ասացի այդ խոսքերը, գլխումս մտքերի տեղատարափ սկսվեց։ Շատ ժամանակ էր անցել այն օրերից, երբ ես թռչում էի 747-ով։ Այն ժամանակ ես երիտասարդ և վստահ հրամանատար էի։ Այժմ իմ համբավը պետք է բարձր պահեի՝ որպես նախկին գլխավոր օդաչու։ Արդյո՞ք ամոթով չէի մնա այս հմուտ օդաչուների առաջ։

Բայց արդեն ուշ էր նահանջելու համար, ուստի ես զբաղեցրի հրամանատարի աթոռը, ձեռքերս դրեցի ծանոթ ու սիրելի կառավարման լծակների վրա և կրկին զգացի թռիչքի ոգևորությունը, երբ մեծ ինքնաթիռը մռնչալով սլացավ թռիչքուղով և բարձրացավ դեպի վայրի կապույտ բարձունքը։

Ուրախ եմ ասելու, որ թռիչքը հաջող էր, ինքնաթիռն անվնաս մնաց, ինչպես և իմ համբավը։

Այնուամենայնիվ, փորձառությունը խոնարհեցնող էր։ Երիտասարդ տարիներին թռչելը գրեթե իմ երկրորդ բնույթն էր։ Այժմ, իմ ողջ կենտրոնացումը պահանջվեց՝ անելու հիմնական բաները։

Աշակերտությունը պահանջում է կարգապահություն

Թռիչքի սիմուլյատորում ունեցած իմ փորձը կարևոր հիշեցում էր, որ ցանկացած բանում հմուտ լինելու համար՝ լինի դա թռչելու, թիավարելու, ցանելու, թե գյուտ անելու գործերում, պահանջվում է հետևողական ինքնակարգապահություն և կիրառում։

Կարող են տարիներ պահանջվել՝ որևէ հմտություն ձեռք բերելու կամ որևէ տաղանդ զարգացնելու համար։ Դուք գուցե այնպես ջանասիրաբար աշխատեք, որ դա ձեր երկրորդ բնույթը դառնա։ Բայց եթե մտածեք, որ կարելի է դադարեցնել պարապելն ու ուսումնասիրելը, դուք աստիճանաբար կկորցնեք այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք էիք բերել մեծ ջանքերի գնով։

Դա վերաբերում է այնպիսի հմտություններին, ինչպիսիք են՝ լեզու սովորելը, երաժշտական գործիք նվագելը և ուղևորատար ինքնաթիռ վարելը։ Դա վերաբերում է նաև Քրիստոսի աշակերտ դառնալուն։

Պարզ ասած՝ աշակերտությունը պահանջում է ինքնակարգապահություն։

Դա սովորական ձգտում չէ և պատահական չի առաջանում։

Հավատքն առ Հիսուս Քրիստոս պարգև է, սակայն այն ստանալը գիտակցված ընտրություն է, որը պահանջում է մեր ողջ «զորությ[ան], մտք[ի] և ուժ[ի] նվիրվածություն»։ Դա ամենօրյա պարապմունք է։ Ամենժամյա։ Դա պահանջում է մշտական ուսուցում և հաստատակամ պարտավորվածություն։ Մեր հավատքը, որը մեր հավատարմությունն է Փրկչի հանդեպ, ուժեղանում է, երբ փորձվում է այն հակադրության դեմ, որին մենք բախվում ենք այստեղ՝ մահկանացու կյանքում։ Այն տոկուն է, որովհետև մենք շարունակում ենք սնուցել, ակտիվորեն կիրառել և երբեք չենք հանձնվում։

Մյուս կողմից, եթե մենք չենք կարողանում օգտագործել հավատքը և դրա համոզիչ ուժը՝ գործելով դրա համաձայն, թուլանում է համոզվածության աստիճանն այն բաներում, որոնք ժամանակին սուրբ էին մեզ համար, և վստահությունն այն բաներում, որոնք մի ժամանակ գիտեինք, որ ճշմարիտ են։

Գայթակղությունները, որոնք երբեք չէին հրապուրում մեզ, սկսում են ավելի քիչ վախեցնող և ավելի գրավիչ թվալ։

Երեկվա վկայության կրակը կարող է մեզ տաքացնել միայն կարճ ժամանակ։ Այն անընդհատ սնուցման կարիք ունի՝ վառ մնալու համար։

Նոր Կտակարանում Փրկիչն ուսուցանել է մի առակ տիրոջ մասին, որն իր ծառաներից յուրաքանչյուրին սրբությամբ վստահեց որոշակի գումար, որը կոչվում էր տաղանդ։ Ծառաները, որոնք ջանասիրաբար օգտագործեցին իրենց տաղանդները, ավելացրին դրանք։ Իսկ այն ծառան, որը թաղեց իր տաղանդը, ի վերջո կորցրեց այն։

Ո՞րն է դասը։ Աստված մեզ պարգևներ է տալիս՝ գիտելիքի, ունակության, հնարավորության, և ուզում է, որ մենք դրանք օգտագործենք և շատացնենք, որպեսզի դրանք օրհնեն մեզ և Նրա մյուս զավակներին։ Դա տեղի չի ունենում, եթե մենք այդ պարգևները դնում ենք բարձր պահարանի վրա, ինչպես՝ մրցանակները, որոնցով ժամանակ առ ժամանակ հիանում ենք։ Մեր պարգևները զարգանում և շատանում են միայն այն ժամանակ, երբ դրանք օգտագործում ենք։

Դուք շնորհալի եք

«Բայց երեց Ուխդորֆ,- դուք կարող եք ասել,- ես որևէ պարգև կամ տաղանդ չունեմ, առնվազն, որ արժեքավոր լինի»։ Հնարավոր է՝ դուք նայում եք ուրիշներին, որոնց պարգևները ակներև են, տպավորիչ, և համեմատելով, ինքներդ ձեզ շատ սովորական մարդ եք զգում։ Գուցե ենթադրում եք, որ նախամահկանացու կյանքում՝ մեծ պարգևների և տաղանդների «հյուրասիրության» օրը ձեր ափսեն ցավալիորեն կիսադատարկ է եղել, հատկապես ուրիշների դարսված ու լեփ-լեցուն ափսեների համեմատ։

Օ՜, որքան կցանկանայի գրկել ձեզ և օգնել, որ հասկանաք այս մեծ ճշմարտությունը. դուք լույսի օրհնյալ էակ եք, անսահման Աստծո հոգևոր զավակը։ Եվ դուք ձեր մեջ կրում եք մի ներուժ, որը վեր է ձեր սեփական պատկերացումից։

Ինչպես նշել են բանաստեղծները, դուք երկիր եք գալիս «փառքի ամպերի միջով»։

Ձեր ծագման պատմությունը աստվածային է, ինչպես նաև ձեր ճակատագիրը։ Դուք լքում եք երկինքը՝ այստեղ գալու համար, բայց երկինքը երբեք չի լքում ձեզ։

Դուք ամեն ինչ եք, բայց ոչ սովորական։

Դուք շնորհալի՜ եք։

Վարդապետություն և Ուխտերում Աստված հայտարարել է․

«Կան շատ պարգևներ, և ամեն մարդու մի պարգև է տրված Աստծո Հոգուց:

Ոմանց տրված է մի բան, ոմանց էլ տրված է մեկ ուրիշ բան, որպեսզի բոլորն այդպիսով օգտվեն»:

Մեր պարգևներից մի քանիսը թվարկված են սուրբ գրություններում։ Շատերն էլ՝ ոչ։

Ինչպես ասել է մարգարե Մորոնին. «Չուրանաք Աստծո պարգևները, քանզի դրանք շատ են. քանզի դրանք գալիս են նույն Աստծուց»: Դրանք կարող են դրսևորվել «զանազան ուղիներ[ով], … բայց դա նույն Աստվածն է, որ գործում է ամենուրեք՝ ամենի մեջ»:

Գուցե մեր հոգևոր պարգևները միշտ չէ, որ աչքի են ընկնում, բայց դա չի նշանակում, որ դրանք պակաս կարևոր են։ Թույլ տվեք կիսվել ձեզ հետ որոշ հոգևոր պարգևներով, որոնք նկատել եմ այնքան շատ անդամների մոտ ամբողջ աշխարհում։ Խորհեք, թե արդյոք դուք օրհնվել եք այս պարգևներից որևէ մեկով կամ մի քանիսով․

  • Կարեկցանք ցուցաբերելը։

  • Անտեսված մարդկանց նկատելը։

  • Ուրախ լինելու պատճառներ գտնելը։

  • Խաղաղարար լինելը:

  • Փոքրիկ հրաշքները նկատելը։

  • Անկեղծ հաճոյախոսություններ անելը։

  • Ներելը։

  • Ապաշխարելը։

  • Տոկուն լինելը։

  • Պարզ բացատրելը։

  • Երեխաների հետ շփվելը։

  • Եկեղեցու ղեկավարներին աջակցելը։

  • Ուրիշներին օգնելը, որ իրենց համայնքի մաս զգան։

Այս պարգևները գուցե չեն ցուցադրվում ծխի տաղանդների շոուի ժամանակ։ Բայց հուսով եմ՝ հասկանում եք, թե ինչ թանկ են դրանք Տիրոջ գործի համար և ինչպես կարող եք ձեր պարգևներով դիպչել, օրհնել կամ նույնիսկ փրկել Աստծո զավակներից որևէ մեկին։ Հիշեք՝ «Փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները»։

Ուստի, յուրաքանչյուրս թող կատարի իր փոքրիկ բաժինը։

Կատարեք ձեր փոքրիկ բաժինը

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սիրելի՛ ընկերներ, ես աղոթում եմ, որ Հոգին օգնի ձեզ ճանաչել ձեզ տրված Աստծո պարգևներն ու տաղանդները։ Ապա, Տիրոջ առակի հավատարիմ ծառաների նման, եկեք մեծացնենք և մեծարենք դրանց։

Կգա օրը, երբ մենք կկանգնենք մեր կարեկից Երկնային Հոր առջև՝ մեր տնտեսության մասին հաշվետվություն տալու։ Նա կցանկանա իմանալ, թե մենք ինչ ենք արել Իր տված պարգևներով, մասնավորապես՝ ինչպես ենք դրանք օգտագործել Իր զավակներին օրհնելու համար։ Աստված գիտի, թե ով ենք մենք իրականում, ով կարող ենք դառնալ, ուստի, մեզանից Նրա ակնկալիքները մեծ են։

Բայց Նա չի ակնկալում, որ մենք որևէ մեծ, հերոսական կամ գերմարդկային ցատկ կատարենք՝ այնտեղ հասնելու համար։ Նրա ստեղծած աշխարհում աճը տեղի է ունենում աստիճանաբար և համբերությամբ, ինչպես նաև՝ հետևողականորեն ու անզիջում կերպով։

Հիշեք՝ Հիսուս Քրիստոսն է, որ արդեն կատարել է գերմարդկային դերը, երբ հաղթել է մահին և մեղքին։

Մեր բաժինը Քրիստոսին հետևելն է։ Մեր բաժինն է՝ հեռանալ մեղքից, դառնալ դեպի Փրկիչը և քայլել Նրա ճանապարհով՝ քայլ առ քայլ։ Երբ դա անում ենք ջանասիրաբար և հավատարմորեն, ի վերջո թոթափում ենք անկատարությունների և սխալների կապանքները և դանդաղորեն զտվում ենք, մինչև այն կատարյալ օրը, երբ կկատարելագործվենք Քրիստոսում։

Օրհնությունները հասու են մեզ։ Խոստումները սահմանված են։ Դուռը լայն բաց է։ Մեր ընտրությունն է՝ մտնել և սկսել։

Սկզբում կարող ենք փոքր քայլեր անել։ Բայց ամեն ինչ կարգին է:

Որտեղ հավատքը թույլ է, սկսեք Քրիստոս Հիսուսի և Նրա մաքրագործող ու զտող զորության հանդեպ հույսով։

Մեր Հայրը խնդրում է, որ մենք հավատքի և աշակերտության այս մարտահրավերին մոտենանք ոչ թե որպես պատահական զբոսաշրջիկներ, այլ որպես ամբողջ սրտով հավատացյալներ, որոնք հետևում են թողնում և լքում են Բաբելոնը և իրենց սրտերը, մտքերն ու քայլերը ուղղում դեպի Սիոն։

Մենք գիտենք, որ միայն մեր ջանքերը չեն կարող մեզ սելեստիալ դարձնել։ Բայց դրանք կարող են մեզ դարձնել հավատարիմ և նվիրված Հիսուս Քրիստոսին, իսկ Նա կդարձնի մեզ սելեստիալ։

Մեր սիրելի Փրկչի շնորհիվ չկա այնպիսի բան, որը պարտվող սցենար է։ Եթե մեր հույսն ու հավատը դնենք Նրա վրա, հաղթանակը երաշխավորված է։ Նա խոստանում է մեզ հասու դարձնել Իր ուժը, Իր զորությունը, Իր առատ շնորհը։ Քայլ առ քայլ, քիչ-քիչ, մենք ավելի կմոտենանք այն մեծ և կատարյալ օրվան, երբ կապրենք Նրա և մեր մտերիմների հետ՝ հավերժական փառքի մեջ։

Դրան հասնելու համար մենք պետք է մեր բաժինը կատարենք այսօր և ամեն օր։ Մենք շնորհակալ ենք երեկվա մեր քայլերի համար, բայց այդտեղ կանգ չենք առնում։ Մենք գիտենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց թույլ չենք տա, որ դա մեզ հուսահատեցնի։

Դա մեր էությունն է՝ որպես Քրիստոսի հետևորդներ։

Ես կոչ եմ անում և օրհնում Եկեղեցու յուրաքանչյուր անդամի և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լինել դրա մի մասը, վստահել Փրկչին և համբերատար ու ջանասիրաբար ներգրավվել, կատարելով ձեր բաժինը ամբողջ սրտով, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի, և մի օր ստանաք այն ամենն, ինչ Հայրն ունի։ Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ավիաընկերության հրամանատարները պարտավոր են վեց ամիսը մեկ անցնել ստուգողական թռիչք սիմուլյատորում՝ իրենց հմտությունները պահպանելու և արտոնագիրը թարմացնելու համար։ Այս խիստ վերապատրաստումը օրենքի պահանջ է, որը սահմանվել է ավիացիոն վարչությունների կողմից, ինչպիսին է, օրինակ, FAA-ը։

  2. Տես Ա Կորնթացիներին 12․9։

  3. Մորոնի 10.32։

  4. «Ճիշտ, ինչպես մարդու ֆիզիկական մկանները չեն կարող զարգանալ կամ պահպանվել առանց ձգողության օրենքի դեմ պայքարի, այնպես էլ մահկանացու աճը մեզանից պահանջում է պայքար սատանայի գայթակղությունների և այլ մահկանացու հակադրությունների դեմ» (Դալլին Հ. Օուքս, «Աստվածային օգնություն մահկանացու կյանքի համար», Լիահոնա, մայիս 2025, 104)։

  5. Տես Ալմա 32․37-43:

  6. Տես Մատթեոս 25.14–30: Վերականգնման վաղ օրերին Տերը հղում արեց այս առակին, խրատելով նրանց, ովքեր թաքցնում էին Իր տված տաղանդները։ Նա նույնիսկ զգուշացրեց նրանց, որ եթե շարունակեն թաղել իրենց տաղանդը, «նրանցից կվերցվի, նույնիսկ այն, ինչ նրանք ունեն» (Վարդապետություն և Ուխտեր 60․2–3

  7. Երբեմն մենք չափազանցնում ենք շնորհների և տաղանդների կարևորությունը՝ համառ ջանքերի հաշվին։ Մեր ժամանակների ամենահաջողակ հեղինակներից մեկը գրել է. «Իհարկե, պետք է որոշակի տաղանդ լինի, բայց տաղանդը սարսափելի էժան ապրանք է, ավելի էժան, քան սեղանի աղը։ Այն, թե ինչը տարբերակում է տաղանդավոր անհատին հաջողակից, շատ քրտնաջան աշխատանքն ու ուսումնառությունն է՝ կատարելագործման մշտական գործընթացը» (Stephen King, Danse Macabre [2011], 88)։

  8. “Ode: Intimations of Immortality from Recollections of Early Childhood,” The Poetical Works of William Wordsworth (1835), 249.

  9. Վարդապետություն և Ուխտեր 46.11–12:

  10. Մորոնի 10․8:

  11. Տարիներ առաջ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մարվին Ջ. Էշթոնը կարևոր ուղերձ հղեց որոշ ոչ այնքան ակնհայտ պարգևների մասին, տես (տես “There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20–23)։

  12. Ալմա 37․6։

  13. Տես Կողոսացիներին 3․23, Վարդապետություն և Ուխտեր 64․34։

  14. Տես Վարդապետություն և Ուխտեր 50.24։

  15. Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Կամքի ազատություն»:

  16. Տես Վարդապետություն և Ուխտեր 84.38: