Գերագույն համաժողով
Զարդարված ժուժկալության արժանիքով
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


15:8

Զարդարված ժուժկալության արժանիքով

Ես անկեղծորեն հրավիրում եմ մեզ բոլորիս զարդարել մեր մտքերն ու սրտերը քրիստոսանման՝ ժուժկալության արժանիքով։

2021 թվականի մայիսին, Սոլթ Լեյքի տաճարի վերանորոգման աշխատանքներին ծանոթանալիս, նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հիացավ այն ռահվիրաների ջանքերով, ովքեր սահմանափակ միջոցներով և անսասան հավատքով կառուցել էին այդ սրբազան շինությունը, ֆիզիկական և հոգևոր գլուխգործոց, որը դիմացավ ժամանակի փորձությանը։ Սակայն նա նաև նկատեց քայքայման հետևանքները, որոնք ժամանակի ընթացքում ճեղքեր էին առաջացրել տաճարի հիմքի և շարվածքի մեջ, ինչը կառուցվածքային ամրացման կարիքի հստակ նշան էր։

Նախագահ Նելսոնը Սոլթ Լեյքի տաճարի բակում

Մեր սիրելի մարգարեն այնուհետև մեզ սովորեցրեց, որ ինչպես անհրաժեշտ էր լուրջ քայլեր ձեռնարկել տաճարի սկզբնական հիմքը ամրացնելու համար, որպեսզի այն դիմակայի բնության ուժերին, մենք նույնպես պետք է ձեռնարկենք արտակարգ միջոցներ՝ գուցե այնպիսի միջոցներ, որոնք նախկինում երբեք չենք ձեռնարկել՝ Հիսուս Քրիստոսում մեր սեփական հոգևոր հիմքը ամրացնելու համար։ Իր հայտնի ուղերձի ժամանակ Նա մեզ հղեց երկու խորիմաստ հարց անձնական մտորումների համար. «Որքա՞ն ամուր է ձեր հիմքը։ Իսկ ավետարանի ձեր վկայությանն ու հասկացողությանը ինչպիսի՞ ամրացումներ են անհրաժեշտ»:

Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ տրամադրում է Աստծո կողմից ոգեշնչված արդյունավետ միջոցներ՝ կանխելով մեր հոգևոր քայքայումը, զորեղ կերպով ամրապնդելով մեր հիմքը և օգնելով մեզ խուսափել մեր հավատքի բացերից և անկայունությունից՝ թե՛ մեր վկայության, թե՛ Ավետարանի սուրբ ճշմարտությունների մեր ըմբռնման մեջ։ Այս նպատակին հասնելու կարևոր սկզբունքներից մեկը Վարդապետություն և Ուխտերի 12-րդ բաժնում է․ հայտնություն, որը մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով տրվել է Ջոզեֆ Նայթին՝ արդար մի մարդու, որն անկեղծորեն ձգտում էր հասկանալ Տիրոջ կամքը, ոչ թե պարզապես արտաքին փոփոխության, այլ իր աշակերտության մեջ անսասան կանգնելու համար՝ հաստատուն, ինչպես երկնքի սյուները։ Տերը հայտարարել է.

«Ահա, ես ասում եմ քեզ և նաև բոլոր նրանց, ովքեր փափագում են առաջ տանել և հաստատել այս գործը.

Եվ ոչ ոք չի կարող օգնել այս գործում, եթե նա չլինի խոնարհ և սիրով լի, ունենալով հավատք, հույս և գթություն, ժուժկալ լինելով բոլոր բաներում, ինչ էլ որ վստահված լինի նրա խնամքին»:

Փրկչի առաջնորդությունը, որը գրառված է այս սրբազան հայտնության մեջ, հիշեցնում է մեզ, որ ժուժկալությունը Հիսուս Քրիստոսում ամուր հիմք ունենալու համար անհրաժեշտ ամրաշինական տարր է։ Այն անփոխարինելի արժանիքներից մեկն է ոչ միայն նրանց համար, ովքեր կոչված են ծառայելու, այլև բոլոր նրանց համար, ովքեր սրբազան ուխտեր են կապել Տիրոջ հետ և հավատարմորեն հետևում են Նրան։ Ժուժկալությունը ներդաշնակեցնում և ամրապնդում է այս հայտնության մեջ նշված մյուս քրիստոսանման հատկանիշները՝ խոնարհությունը, հավատքը, հույսը, գթությունը և մաքուր սերը, որը բխում է Նրանից։ Ավելին, ժուժկալություն զարգացնելը իմաստալից միջոց է՝ մեր հոգիները պաշտպանելու աշխարհիկ ազդեցությունների կողմից աննկատ, բայց անընդհատ տեղի ունեցող հոգևոր քայքայումից, որը կարող է թուլացնել մեր հիմքը Հիսուս Քրիստոսում։

Քրիստոսի ճշմարիտ աշակերտներին զարդարող հատկանիշների շարքում առանձնանում է ժուժկալությունը՝ որպես Փրկչի արտացոլանք, Հոգու թանկարժեք պտուղ, որը հասանելի է բոլոր նրանց, ովքեր բաց են աստվածային ազդեցության համար։ Հենց արժանիքն է, որ ներդաշնակություն է բերում սրտին՝ իմաստուն և հանդարտ եղանակով ձևավորելով ցանկություններն ու զգացմունքները։ Սուրբ գրություններում ժուժկալությունը ներկայացվում է որպես մեր հոգևոր ճամփորդության առաջընթացի էական մաս, որը մեզ տանում է դեպի համբերություն, աստվածավախություն և կարեկցանք, միաժամանակ կատարելագործում մեր զգացմունքները, մեր խոսքերը և մեր գործողությունները։

Քրիստոսի աշակերտները, ովքեր ձգտում են զարգացնել այս քրիստոսանման հատկանիշը, դառնում են ավելի ու ավելի խոնարհ և սիրով լի։ Նրանց մեջ զարգանում է խաղաղ մի ուժ, և նրանք ավելի լավ են կարողանում զսպել զայրույթը, զարգացնել համբերություն և ուրիշներին վերաբերվել հանդուրժողականությամբ, հարգանքով և արժանապատվությամբ, նույնիսկ երբ հակառակորդի քամիները ուժգնորեն փչում են։ Նրանք ձգտում են չգործել պահի ազդեցության տակ, այլ ընտրում են գործել հոգևոր իմաստությամբ՝ առաջնորդվելով հեզությամբ և Սուրբ Հոգու նուրբ ազդեցությամբ։ Այսպիսով, նրանք հոգևոր քայքայումից ավելի քիչ խոցելի են դառնում, քանի որ, ինչպես Պողոս առաքյալն էր սովորեցրել, նրանք գիտեն, որ կարող են ամեն բան անել իրենց զորացնող Քրիստոսով, նույնիսկ այն փորձությունների ժամանակ, որոնք կարող են սասանել Նրա մասին իրենց վկայությունը։

Տիտոսին ուղղված իր նամակում Պողոսը սրբազան խորհուրդ է փոխանցել նրանց որակավորման վերաբերյալ, ովքեր ցանկանում են ներկայացնել Փրկչին և կատարել Նրա կամքը հավատքով ու նվիրվածությամբ։ Նա ասել է, որ նրանք պետք է լինեն հյուրասեր, խոհեմ, արդար և սուրբ՝ հատկանիշներ, որոնք հստակորեն արտացոլում են ժուժկալության ազդեցությունը։

Ինչևէ, Պողոսը զգուշացրել է, որ նրանք պետք է լինեն «ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, … [և] ո՛չ կռվարար»։ Նման բնութագրերը հակասում են Փրկչի ուսմունքներին և խոչընդոտում են իրական հոգևոր աճին։ Սուրբ Գրքի համատեքստում «ո՛չ հանդուգն» նա է, ով հրաժարվում է լինել ամբարտավան և հպարտ, «ո՛չ բարկացող» նա է, ով խուսափում է անհամբեր և զայրացած լինելու բնական ցանկությունից, իսկ «ո՛չ կռվարար» նա է, ով մերժում է հակառակվող, ագրեսիվ և կոպիտ վարքագիծը՝ խոսքում, ֆիզիկապես և հուզականորեն։ Երբ ձգտում ենք փոխել մեր վարքագիծը հավատքով և խոնարհությամբ, մենք կարող ենք ամուր խարիսխ գցել Նրա շնորհի ամուր ժայռի վրա և դառնալ մաքուր ու հղկված գործիքներ Նրա սուրբ ձեռքերում։

Աննան և Սամուելը

Խորհելով ժուժկալության արժանիքը զարգացնելու անհրաժեշտության մասին՝ ես հիշում եմ Սամուել մարգարեի մոր՝ Աննայի խոսքերը՝ մի կնոջ, որը զարմանալի հավատք ուներ և նույնիսկ մեծ փորձություններից հետո երախտիքի երգ էր մատուցում Տիրոջը։ Նա ասել է․ «Այլևս հպարտությամբ մի՛ պարծենաք, Թող մեծախոսություն դուրս չգա ձեր բերանից, Քանզի Տերն է գիտությունների Աստվածը, Եվ նա է կշռում գործերը»։ Նրա երգը ավելին է, քան աղոթք, այն կոչ է, ուղղված սեփական անձին, գործելու խոնարհությամբ, ինքնատիրապետմամբ և չափավորությամբ։ Աննան մեզ հիշեցնում է, որ իսկական հոգևոր ուժը չի դրսևորվում հապշտապ արձագանքներով կամ ամբարտավան խոսքերով, այլ չափավոր, մտածված վերաբերմունքով, որը համապատասխանում է Տիրոջ իմաստությանը։

Հաճախ աշխարհը գովաբանում է ագրեսիվ, ամբարտավան, անհամբեր և չափազանցված վարքագիծը՝ արդարացնելով այն առօրյա կյանքի ճնշումներով և հավանության արժանանալու ժողովրդականության հակումով։ Երբ մեր հայացքը շեղում ենք ժուժկալության արժանիքից և անտեսում Սուրբ Հոգու մեղմ ու չափավորող ազդեցությունը մեր գործելակերպի և խոսքի մեջ, մենք հեշտությամբ ընկնում ենք թշնամու թակարդը, որն անխուսափելիորեն մեզ տանում է այնպիսի խոսքեր ասելու և այնպիսի վերաբերմունք ցուցաբերելու, որի համար խորապես կզղջանք՝ լինի դա մեր սոցիալական, ընտանեկան, թե նույնիսկ հոգևոր հարաբերություններում։ Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ հրավիրում է կիրառել այս արժանիքը հատկապես դժվարին ժամանակներում, քանի որ հենց այդ պահերին է բացահայտվում անհատի իրական բնավորությունը։ Ինչպես Մարտին Լյութեր Քինգ Կրտսերն է ասել. «Մարդուն ի վերջո գնահատում են ոչ թե ըստ հարմարավետ պահերի վարքագծի, այլ մարտահրավերների և հակասությունների պահին նրա դրսևորած վարքի»։

Որպես ուխտի ժողովուրդ՝ մենք կոչված ենք ապրելու՝ մեր սրտերը արմատավորված Տիրոջը տված սրբազան խոստումների մեջ, ուշադիր հետևելով օրինակին, որը Նա հաստատել է Իր կատարյալ օրինակով։ Ի պատասխան՝ Նա խոստացել է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս է իմ վարդապետությունը՝ ով որ կառուցում է սրա վրա, կառուցում է իմ վեմի վրա, և դժոխքի դռները չպիտի հաղթեն նրանց»:

Փրկիչը

Թող ձեր սրտերը չխռովվեն, Հովարդ Լյոն, տրամադրվել է Հեվընլայթի կողմից

Փրկչի ծառայությունը երկրի վրա նշանավորվեց Նրա բնավորության բոլոր գծերում ժուժկալության արժանիքով։ Իր կատարյալ օրինակով Նա ուսուցանեց մեզ․ «Համբերող եղիր չարչարանքների մեջ, մի անարգիր նրանց, ովքեր անարգում են քեզ»։ Երբ Նա սովորեցնում էր, որ մենք չպետք է տրվենք զայրույթին՝ վեճերի և հակառակության պատճառով, Նա հայտարարեց. «Դուք պետք է ապաշխարեք և դառնաք ինչպես մի փոքր երեխա»։ Նա նաև սովորեցրեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գալ Իր մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, պետք է հաշտվեն նրանց հետ, ում վրա զայրացած են կամ նրանց հետ, ովքեր ինչ-որ բան ունեն իրենց դեմ։ Ժուժկալ վերաբերմունքով և կարեկից սրտով Նա մեզ վստահեցրել է, որ երբ մեզ հետ կոպտությամբ, անբարյացակամությամբ, անհարգալից վարվեն կամ արհամարհեն, Նրա բարությունը չի հեռանա մեզանից, և Նրա խաղաղության ուխտը չի վերանա մեր կյանքից։

Մի քանի տարի առաջ ես և կինս սուրբ արտոնություն ունեցանք հանդիպելու Եկեղեցու որոշ հավատարիմ անդամների Մեխիկո Սիթիում։ Նրանցից շատերն անձամբ կամ իրենց սիրելիները ենթարկվել էին աննկարագրելի փորձությունների, այդ թվում՝ առևանգումների, սպանությունների և այլ ցավալի ողբերգությունների։

Մինչ նայում էինք այդ Սրբերին, մենք չտեսանք զայրույթ, վրդովմունք կամ վրեժխնդրության ցանկություն։ Փոխարենը, մենք տեսանք լուռ խոնարհություն։ Նրանց դեմքերը, թեև լի վշտով, ճառագում էին բուժման և մխիթարության անկեղծ կարոտ։ Չնայած նրանց սրտերը կոտրված էին տառապանքից, այս Սրբերը առաջ շարժվեցին Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով՝ ընտրելով թույլ չտալ, որ իրենց տառապանքները խոչընդոտ դառնան իրենց հավատքի համար կամ անկայունություն առաջացնեն ավետարանի իրենց վկայության մեջ։

Այդ սրբազան հավաքի ավարտին մենք ողջունեցինք նրանցից յուրաքանչյուրին։ Յուրաքանչյուր ձեռքսեղմում, յուրաքանչյուր գրկախառնություն դարձավ լուռ վկայություն, որ Տիրոջ օգնությամբ մենք կարող ենք ընտրել ժուժկալությամբ արձագանքել կյանքի հիասթափություններին և մարտահրավերներին։ Նրանց լուռ և համեստ օրինակը ծառայեց որպես քնքուշ հրավեր՝ քայլելու Փրկչի ճանապարհով՝ բոլոր բաներում ժուժկալությամբ։ Հրեշտակների ներկայության մեջ լինելու զգացողություն ունեցանք։

Հիսուս Քրիստոսը՝ բոլորից մեծագույնը, չարչարվեց մեզ համար, մինչև որ արյունահոսեց իր յուրաքանչյուր ծակոտիից, սակայն Նա երբեք թույլ չտվեց, որ զայրույթը բորբոքի Իր սիրտը, և ոչ էլ ագրեսիվ, վիրավորական կամ անպարկեշտ խոսքեր դուրս եկան Նրա շուրթերից, նույնիսկ այդպիսի տառապանքի մեջ։ Անթերի ժուժկալությամբ և անզուգական հեզությամբ Նա չէր մտածում Իր մասին, այլ Աստծո յուրաքանչյուր զավակի՝ անցյալի, ներկայի և ապագայի։ Պետրոս առաքյալը վկայեց Քրիստոսի վեհ վերաբերմունքի մասին, երբ հայտարարեց. «Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին»։ Նույնիսկ Իր ամենամեծ տառապանքի մեջ Փրկիչը ցուցաբերեց կատարյալ և աստվածային ժուժկալություն։ Նա հայտարարել է․ «Այնուամենայնիվ, փա՛ռք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես անկեղծորեն հրավիրում եմ մեզ բոլորիս զարդարել մեր մտքերն ու սրտերը ժուժկալության քրիստոսանման արժանիքով՝ որպես սրբազան պատասխան մեր սիրելի նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մարգարեական կոչին։ Երբ մենք հավատքով և ջանասիրությամբ ձգտենք մեր գործողություններին և խոսքերին միահյուսել ժուժկալությունը, ես վկայում եմ, որ մենք կամրապնդենք և ավելի ապահով կխարսխենք մեր կյանքը մեր Քավչի ամուր հիմքի վրա։

Ես հանդիսավոր կերպով վկայում եմ, որ անդադար ժուժկալության ձգտելը մաքրում է մեր հոգին և սրբագործում մեր սիրտը Փրկչի առջև՝ նրբորեն մեզ ավելի մոտեցնելով Նրան և հույսով ու խաղաղությամբ պատրաստելով մեզ այն փառահեղ օրվան, երբ մենք կհանդիպենք Նրան Նրա Երկրորդ Գալստյան ժամանակ։ Ես կիսվում եմ այս սուրբ խոսքերով մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: