Փորձված և զորացած Քրիստոսով
Ապացուցողական պահերը չեն վկայում այն մասին, որ Տերը լքել է ձեզ։ Փոխարենը, դրանք ապացույց են այն բանի, որ Նա բավականաչափ սիրում է ձեզ՝ զտելու և զորացնելու համար։
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես զգում եմ Տիրոջ սերը, երբ միասին հավաքվում ենք։ Ես խոնարհությամբ եմ ընդունում ձեզ հետ խոսելու հնարավորությունը։ Աղոթում եմ, որ Հոգին ձեր սրտերին հասցնի այն, ինչ Տերը կցանկանար, որ դուք լսեիք, և դա շատ ավելին է, քան այն խոսքերը, որոնք ես կասեմ։
Երիտասարդ տարիքում ես փորձում էի ֆիզիկա և մաթեմատիկա սովորել համալսարանում։ Ես ճնշված էի զգում: Եվ հասկացա, որ փորձում էի սովորել մի բան, որն ավելի բարդ էր, քան ես կարծում էի։ Որքան ավելի ճնշված էի զգում, այնքան ավելի քիչ ուժ էի գտնում շարունակելու փորձերը։ Հուսահատությունս ստիպեց ինձ կարծել, որ իմ ջանքերը գրեթե անարդյունք էին։ Ես սկսեցի մտածել դա թողնելու և ավելի հեշտ բան սովորելու մասին։
Ես ինձ թույլ էի զգում։ Երբ աղոթում էի, զգացի Տիրոջ հանդարտ հավաստիացումը։ Կարծես Նա ասաց ինձ իմ մտքում. «Ես քեզ փորձում եմ, բայց ես նաև քեզ հետ եմ»։
Այդ ժամանակ դեռ լիովին չէի ըմբռնում այդ խոսքերի ամբողջ իմաստը։ Բայց ես գիտեի, թե ինչ պետք է անեմ․ սկսեցի գործել։
Հաջորդող տարիների ընթացքում խորհելով և աշխատելով՝ ես աստիճանաբար հասկացա սուրբ գրությունների այս քաջալերող ուղերձը. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։
Ես հասկացա, որ ֆիզիկայի հետ իմ պայքարն իրականում Տիրոջ պարգևն էր։ Նա ուսուցանում էր ինձ, որ Իր օգնությամբ ես կարող եմ անել անհնար թվացող բաներ, եթե հավատամ, որ Նա ինձ միշտ կօգնի։ Այս պարգևի միջոցով Տերը գործում էր՝ ինձ փորձելու և զորացնելու համար։
Փորձել բառը մի քանի իմաստ ունի։ Ինչ-որ բան փորձելը պարզապես այն ստուգելու համար չէ։ Դա նրա ամրությունն ուժեղացնելու համար է։ Պողպատի կտորը փորձարկելը նշանակում է այն ճնշման տակ դնել։ Ջերմությունը, քաշը և ճնշումը ավելացվում են, մինչև նյութի իրական բնույթը կատարելագործվում և բացահայտվում է։ Փորձարկման արդյունքում պողպատը չի թուլանում: Իրականում, այն դառնում է մի բան, որին կարելի է վստահել, մի բան, որը բավականաչափ ամուր է` ավելի մեծ բեռներ կրելու համար։
Տերը մեզ նույն կերպ է փորձում՝ զորացնելու համար։ Այդ փորձությունը չի գալիս հարմարավետության կամ հանգստության պահերին։ Մենք փորձվում ենք այն պահերին, երբ մեր բեռներն ավելի ծանր են թվում, քան կարծում էինք, որ կարող ենք կրել։ Տերը ուսուցանում է, որ մենք պետք է շարունակենք աճել, երբեք չհոգնենք ջանք գործադրելուց, չհանձնվենք և շարունակենք փորձել։
Երբ մենք շարունակում ենք հավատալ Հիսուս Քրիստոսին, նույնիսկ եթե այդ պահին մեզ ամեն ինչ անհնար է թվում, մենք հոգևորապես զորանում ենք։ Սուրբ գրություններն ընդգծում են այս ճշմարտությունը։
Օրինակ՝ մարգարե Մորոնին հենց այդպես փորձվեց և զորացավ։ Նա իր կյանքի վերջին տարիներն ապրեց մենակ։ Նա գրել է, որ չուներ ընկերներ, իր հայրը սպանվել էր, և իր ժողովուրդը՝ ոչնչացվել։ Նրան հետապնդում էին մարդիկ, որոնք ցանկանում էին խլել նրա կյանքը։
Սակայն Մորոնին չհուսահատվեց։ Փոխարենը, թիթեղների վրա նա փորագրեց իր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին նրանց համար, ում չէր տեսնելու, այդ թվում՝ այն մարդկանց սերունդների համար, որոնք ցանկանում էին սպանել նրան։ Նա մեզ համար գրեց։ Նա գիտեր, որ ոմանք կծաղրեն իր խոսքերը։ Նա գիտեր, որ ոմանք կմերժեն դրանք։ Այնուամենայնիվ, նա շարունակում էր գրել։
Փորձվելու արդյունքում Մորոնիի հավատքը զտվեց և զորացավ։ Այն դարձավ ավելի մաքուր։ Նրա խոսքերն արտահայտում են այն մարդու զորությունը, որը հավատարմությամբ համբերել է մինչև վերջ։ Մենք կարող ենք զգալ այդ զորությունը, երբ կարդում ենք նրա վկայությունը.
«Այժմ ես՝ Մորոնիս, գրում եմ որոշ բան, ինչն ինձ կարևոր է թվում. և ես գրում եմ իմ եղբայրներին՝ Լամանացիներին. և ես կկամենայի, որ նրանք իմանան, որ ավելի քան չորս հարյուր և քսան տարիներ անց են կացել այն ժամանակից ի վեր, ինչ տրվել էր Քրիստոսի գալստի նշանը:
Եվ ես, ձեզ համար հորդորանքի ձևով մի քանի խոսքեր խոսելուց հետո, կկնքեմ այս հիշատակարանները:
Ահա, ես կկամենայի հորդորել ձեզ, որ երբ դուք կարդաք այս բաները, եթե դա Աստծո իմաստությամբ լինի, որ դուք կարդաք դրանք, որ դուք հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ, Ադամի ստեղծումից ի վեր, մինչև ընդհուպ այն ժամանակը, երբ դուք կստանաք այս բաները, և կխորհեք այն ձեր սրտերում:
Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չե՞ն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ:
Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:
Մորոնիի վկայությունը զտվեց միայնության մեջ, բայց այն փայլում է որպես լույս, առաջնորդելով բոլոր սերունդներին՝ փնտրելու մեր Երկնային Հորը և Փրկիչ Հիսուս Քրիստոսին։
Մորմոնի Գրքի մեկ այլ մարգարե՝ Հակոբը, փորձվեց և զորացավ մանուկ հասակում՝ անցնելով տառապանքների և մեծ վշտերի միջով։ Բայց նրա հայրը՝ Լեքին, ուսուցանում էր, որ Աստված կօրհնի նրան իր փորձությունների միջոցով։
«Եվ, ահա, քո մանկության տարիներին դու տարել ես չարչարանքներ և շատ վիշտ՝ քո եղբայրների կոպտության պատճառով:
Այնուամենայնիվ, Հակոբ, անապատում իմ առաջնե՛կ, դու գիտես Աստծո մեծությունը. և նա կնվիրագործի քո չարչարանքները քո օգտի համար:
Ուստի, քո հոգին կօրհնվի և դու ապահով կբնակվես քո եղբոր՝ Նեփիի հետ. և օրերդ կանցնեն քո Աստծո ծառայության մեջ: Ուստի, ես գիտեմ, որ դու փրկագնված ես քո Քավչի արդարության շնորհիվ. քանզի դու տեսել ես, որ ժամանակի լրիվության մեջ նա գալիս է՝ փրկություն բերելու մարդկությանը»:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը նման ձևով փորձվեց և զորացավ, երբ Լիբերթիի բանտում էր։ Խոր տառապանքների մեջ՝ Մարգարե Ջոզեֆն աղաղակեց.
«Ով Աստված, ո՞րտեղ ես դու։
Որքա՞ն պիտի քո ձեռքը ետ պահվի»։
Տերը Ջոզեֆի տառապանքի մեջ տեսավ նրա տոկունության սրբագործող ազդեցությունը, երբ պատասխանեց.
«Որդիս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.
Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին»:
Փորձության և զորացման ամենամեծ օրինակը իրականացավ Փրկչի Քավության միջոցով։ Նա Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը: Նա կրեց մեր ցավերն ու վշտերը։ Նա խմեց դառը բաժակից։ Նա ամեն պահի ապացուցեց իր հավատարմությունը։
Իր փառահեղ Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը կարող է զորացնել մեզ մեր փորձության ժամանակ։ Նա գիտի, թե ինչպես մեզ սատարել, քանի որ զգացել է բոլոր այն դժվարությունները, որոնք մենք երբևէ կունենանք մահկանացու կյանքում։ «Նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները ․․․ որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների»։
Մենք իմանում ենք, որ Գեթսեմանիի պարտեզում գտնվելիս Փրկիչը հարցրեց Հորը՝ արդյոք փորձությունը կարող է Իրենից հեռու անցնել, բայց հետո Նա նաև ասաց, որ եթե դա Հոր կամքն է, ապա Փրկիչը կանի դա։ Այլ կերպ ասած՝ Փրկիչը նույնիսկ կասկած և անորոշություն ունեցավ, բայց Նա հավատք ուներ Իր Երկնային Հոր հանդեպ։
Եղբայրներ և քույրեր, ձեր փորձարկումն ու զորացումը կարող են չնմանվել Մորոնիի, Հակոբի կամ Մարգարե Ջոզեֆի փորձարկմանն ու զորացմանը։ Սակայն դրանք անպայման կգան։ Դրանք կարող են գալ աննկատ՝ ընտանեկան կյանքի փորձությունների տեսքով։ Կարող են դրսևորվել հիվանդության, հիասթափության, վշտի կամ միայնության ձևով։
Ես վկայում եմ, որ այդ պահերը չեն նշանակում, որ Տերը լքել է ձեզ։ Փոխարենը, դրանք ապացույց են այն բանի, որ Նա բավականաչափ սիրում է ձեզ՝ զտելու և զորացնելու համար։ Նա ձեզ բավականաչափ ուժեղ է դարձնում՝ հավիտենական կյանքի բեռը կրելու համար։
Եթե հավատարիմ մնանք մեր ծառայության մեջ, Տերը կզտի մեզ։ Նա կզորացնի մեզ: Եվ մի օր մենք հետ կնայենք և կտեսնենք, որ հենց այդ փորձություններն էին Նրա սիրո ապացույցը։ Կտեսնենք, որ Նա մեզ նախապատրաստում էր, որպեսզի կարողանանք Նրա հետ փառքի մեջ լինել։ Ինչպես Տիրոջ առաքյալ Պողոսն ասաց իր կյանքի վերջում. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի»։
Ես վկայում եմ, որ Աստված ճանաչում է ձեզ։ Նա գիտի, թե ինչ փորձությունների եք բախվում։ Նա ձեզ հետ է: Նա չի թողնի ձեզ։ Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է։ Նա մեր ուժն է, Քավիչը և հույսը։ Եթե մենք վստահենք Նրան, Նա մեր հոգևոր զորությունը համարժեք կդարձնի այն բոլոր փորձություններին, որոնք կոչված ենք կրել։ Ես վկայում եմ սա Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: