Գերագույն համաժողով
Ժպտացող դեմքեր և երախտապարտ սրտեր
2025 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:53

Ժպտացող դեմքեր և երախտապարտ սրտեր

Աֆրիկայում մեր Սրբերի հանճարեղությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ նրանք բախվում են կյանքի մարտահրավերներին և աճող Եկեղեցու պահանջներին։

Մոտ մեկ տարի առաջ ես հետ կանչվեցի Յոթանասունի նախագահությունից․ այդ մասին հայտարարվեց այս գերագույն համաժողովում։ Քանի որ իմ անունը հնչեց պատվավոր Բարձրագույն Իշխանությունների կոչում ստացողների կազմում, շատերը ենթադրեցին, որ ես նաև ավարտում եմ իմ ծառայությունը։ Համաժողովից հետո ես ստացա բազմաթիվ շնորհակալական նամակներ և բարեմաղթանքներ կյանքիս հաջորդ փուլի համար։ Ոմանք նույնիսկ առաջարկեցին գնել հյուսիսային Սոլթ Լեյքի իմ տունը։ Հաճելի էր տեսնել, որ ինձ կարոտելու են, ինչպես նաև իմանալ, որ մենք խնդիրներ չենք ունենա մեր տունը վաճառելու հետ կապված, երբ ավարտեմ ծառայությունս։ Բայց ես դեռ պատրաստ չեմ։

Իմ նոր նշանակումը Մոնիկային և ինձ տեղափոխեց գեղեցիկ Աֆրիկա, որտեղ Եկեղեցին ծաղկում է։ Մեծ օրհնություն էր ծառայել Աֆրիկայի հարավային տարածքի հավատարիմ Սրբերի մեջ և ականատես լինել, թե ինչպես է Տերը սիրում նրանց։ Ոգեշնչող է տեսնել տարբեր ծագում ունեցող սերունդների ընտանիքներ, այդ թվում՝ բազմաթիվ հաջողակ և լավ կրթված Եկեղեցու անդամների, որոնք իրենց ժամանակն ու տաղանդները նվիրում են մարդկանց ծառայելուն։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանի ժողովրդագրական տվյալները, շատ համեստ միջոցներ ունեցող մարդիկ միանում են Եկեղեցուն և փոխակերպում իրենց կյանքը տասանորդի հավատարմության օրհնությունների և Եկեղեցու կողմից առաջարկվող կրթական հնարավորությունների շնորհիվ։ Այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Succeed in School, EnglishConnect, BYU–Pathway, Մշտական կրթական հիմնադրամը, օրհնում են շատերի կյանքը, հատկապես՝ աճող սերնդինը։

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը մի անգամ ասել է. «Ասում են, որ անպայման չէ, որ այս եկեղեցին գրավի հանճարեղ մարդկանց, ավելի շուտ՝ այն սովորական մարդկանց հանճարեղ է դարձնում»։

Աֆրիկայում մեր Սրբերի հանճարեղությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ նրանք բախվում են կյանքի մարտահրավերներին և աճող Եկեղեցու պահանջներին։ Նրանք միշտ դրան մոտենում են դրական տրամադրվածությամբ։ Նրանք լավ են մարմնավորում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտնի ուսմունքը.

«Ուրախությունը, որ մենք զգում ենք, շատ քիչ է կապված մեր կյանքի հանգամանքների հետ և մեծապես կապված է մեր կյանքի կիզակետի հետ:

Երբ մեր կյանքի կիզակետը Աստծո փրկության ծրագրի, … Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա է, մենք կարող ենք ուրախություն զգալ, անկախ այն բանից` ինչ է կատարվում կամ չի կատարվում մեր կյանքում»:

Նրանք ուրախություն են գտնում՝ չնայած իրենց դժվարություններին։ Նրանք հասկացել են, որ Փրկչի հետ մեր հարաբերությունները մեզ հնարավորություն են տալիս մոտենալ դժվարություններին ժպտացող դեմքով և երախտապարտ սրտով։

Աֆրիկայի Սրբերը

Թույլ տվեք կիսվել այս հավատարիմ Սրբերի հետ ունեցած իմ փորձառություններով, որոնք առաջնորդվում են այդ սկզբունքով՝ սկսելով Մոզամբիկից։

Մոզամբիկ

Մի քանի ամիս առաջ ես նախագահում էի մեկ տարեկան ցցի համաժողովում, որն արդեն ուներ 10 միավոր։ Ավելի քան 2000 մարդ կար փոքրիկ հավաքատանը և դրսում տեղադրված էր երեք վրան։ Ցցի նախագահը 31 տարեկան է, նրա կինը՝ 26, և նրանք ունեն երկու փոքր երեխա։ Նա ղեկավարում է այս աճող և դժվարությունների միջով անցնող ցիցը՝ առանց բողոքելու, միայն ժպտացող դեմքով և երախտապարտ սրտով։

Հայրապետի հետ հարցազրույցի ժամանակ ես իմացա, որ նրա կինը ծանր հիվանդ է, և նա դժվարանում է հոգ տանել կնոջ մասին։ Ցցի նախագահի հետ խնդիրը քննարկելուց հետո, մենք նրա կնոջը քահանայության օրհնություն տվեցինք։ Ես հարցրի հայրապետին, թե միջինում քանի հայրապետական օրհնություն է տալիս։

Նա ասաց․ «Ութից տասը»։

Ես հարցրի՝ «Ամեն ամի՞ս»։

Նա պատասխանեց. «Ամեն շաբաթ»։ Ես նրան խորհուրդ տվեցի, որ շաբաթավերջին այդքան շատ հերթագրելը խելամիտ չէ։

«Երեց Գոդոյ,- ասաց նա,- շատ ցանկացողներ կան ամեն շաբաթ գալու, այդ թվում՝ նոր անդամներ և շատ երիտասարդներ»։ Կրկին՝ ոչ մի բողոք, միայն ժպտացող դեմք և երախտապարտ սիրտ։

Ցցի համաժողովի շաբաթ երեկոյան նիստից հետո, հյուրանոց գնալու ճանապարհին նկատեցի, որ մարդիկ ուտելիք էին գնում ճանապարհի երկայնքով։ Գիշեր էր։ Ես հարցրի վարորդիս, թե ինչու են նրանք գիշերը ուտելիք գնում, այլ ոչ թե՝ ցերեկը։ Նա պատասխանեց, որ մարդիկ ցերեկը աշխատում են, որ գումար ունենան ավելի ուշ գնում անելու համար։

«Օ՜, նրանք այսօր աշխատել են, որ վաղը ուտեն», - ասացի ես։

Բայց նա ուղղեց ինձ. «Ո՛չ, նրանք օրվա ընթացքում աշխատում են, որ երեկոյան ուտեն»։ Ես հույս ունեի, որ մեր անդամները գուցե ավելի լավ վիճակում լինեին, բայց նա ասաց, որ շատերը երկրի այդ հատվածում ունեն այդ մարտահրավերը։ Հաջորդ առավոտյան, մեր կիրակնօրյա նիստի ժամանակ, երբ ավելի քաջատեղյակ էի նրանց հանգամանքներից, ես ավելի շատ հուզվեցի նրանց ժպտացող դեմքերից և երախտապարտ սրտերից։

Զամբիա

Կիրակի օրը դեպի հավաքատուն ուղևորվելիս, ցցի նախագահը և ես տեսանք մի զույգի, որը քայլում էր ճանապարհով՝ նորածնի և երկու փոքր երեխաների հետ։ Մենք կանգ առանք և նրանց առաջարկեցինք մեքենայով տանել։ Նրանք զարմացան և շատ ուրախացան։ Երբ հարցրի, թե որքան հեռու պետք է քայլեն տնից մինչև հավաքատուն, ընտանիքի հայրը պատասխանեց, որ դա կարող է տևել 45 րոպեից մինչև մեկ ժամ՝ կախված երեխաների արագությունից։ Ամեն կիրակի նրանք այս ճանապարհը կտրում էին երկու անգամ, առանց տրտնջալու՝ միայն ժպտացող դեմքով և երախտապարտ սրտով։

Մալավի

Ցցի համաժողովից առաջ, մի կիրակի ես այցելեցի երկու ճյուղ, որոնք հանրային դպրոցի շենքերն էին օգտագործում որպես հավաքատուն։ Ես ցնցված էի շենքերի հասարակ ու համեստ պայմաններից, որտեղ չկային նույնիսկ տարրական հարմարություններ։ Երբ այնտեղ հանդիպեցի մի քանի անդամների, պատրաստ էի ներողություն խնդրել նրանց հավաքատան անբավարար պայմանների համար, բայց նրանք ուրախ էին, որ մոտիկ հավաքատուն ունեին և ստիպված չէին երկար քայլել։ Կրկին, բողոքներ չկային՝ միայն ժպտացող դեմքեր և երախտապարտ սրտեր։

Զիմբաբվե

Շաբաթ օրվա ղեկավարության ուսուցումից հետո, կիրակի օրը ցցի նախագահն ինձ տարավ վարձակալած մի տուն, որտեղ անց էր կացվում կիրակնօրյա ծառայությունը։ Ներկա էր 240 մարդ։ Ապա՝ եպիսկոպոսը ներկայացրեց այդ շաբաթ մկրտված 10 նոր անդամներին։ Մարդիկ տեղավորված էին երկու փոքր սենյակներում, որոշ անդամներ նույնիսկ նստած էին շենքի բակում և պատուհաններից ու դռներից հետևում էին ժողովին։ Կրկին, բողոքներ չկային՝ միայն ժպտացող դեմքեր և երախտապարտ սրտեր։

Լեսոտո

Ես այցելեցի այս գեղեցիկ փոքրիկ երկիրը, որը հայտնի է նաև «լեռնային թագավորություն» անվամբ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է Եկեղեցու շրջանը պատրաստվում դառնալ ցից։ Շաբաթ օրվա ժողովներից հետո ես մասնակցեցի կիրակնօրյա ծառայություններին նրանց ճյուղերից մեկում՝ վարձակալած տանը։ Հաղորդության սենյակը լեփ-լեցուն էր, մարդիկ կանգնած էին նաև դռնից դուրս։ Ես ճյուղի նախագահին ասացի, որ նրան ավելի մեծ տուն է պետք։ Ի զարմանս ինձ, նա տեղեկացրեց, որ սա իր անդամության միայն կեսն է։ Մյուս կեսը երկրորդ ժամից հետո կմասնակցի երկրորդ հաղորդության ժողովին։ Կրկին, բողոքներ չկային՝ միայն ժպտացող դեմքեր և երախտապարտ սրտեր։

Ավելի ուշ ես նորից վերադարձա Լեսոտո՝ մեր մի քանի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած մահացու ճանապարհային պատահարի պատճառով, որն արդեն նշվել է Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի կողմից ավելի վաղ։ Երբ այցելեցի ընտանիքներին և ղեկավարներին, սպասում էի մռայլ մթնոլորտի։ Փոխարենը, ես հանդիպեցի ուժեղ և դիմացկուն Սրբերի, ովքեր հաղթահարում էին իրավիճակը ոգեշնչված ձևով։

Մֆո Անիսիա Նկուն

Այս նկարում վթարից ողջ մնացած 14-ամյա Մֆո Անիսիա Նկուն է, որի խոսքերը պարզ վկայում են այդ մասին. «Վստահեք Հիսուսին և միշտ դիմեք Նրան, որովհետև Նրա միջոցով դուք կգտնեք խաղաղություն, և Նա կօգնի ձեզ բուժման գործընթացում»։

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որտեղ մենք տեսնում ենք նրանց դրական տրամադրվածությունը, քանի որ նրանք իրենց կյանքը կենտրոնացնում են Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա։ Նրանք գիտեն, թե որտեղ գտնել օգնություն և հույս։

Փրկչի բժշկող զորությունը

Ինչո՞ւ Փրկիչը կարող է օգնել նրանց և մեզ մեր կյանքի ցանկացած հանգամանքներում։ Պատասխանը կարելի է գտնել սուրբ գրություններում.

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. …

Նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, … որպեսզի նա կարողանա իմանալ, … ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների»:

Ինչպես երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն է ուսուցանել՝ չկա այնպիսի ֆիզիկական ցավ, տառապանք կամ թուլություն, որը մենք զգում ենք, և որը ծանոթ չէ Փրկչին։ «Թուլության պահին ես և դուք գուցե աղաղակենք. «Ոչ ոք չի հասկանում, [թե ինչի միջով եմ ես անցնում]․․․ գուցե ոչ մի մարդկային էակ չգիտի։ Բայց Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է»։ Եվ ինչո՞ւ։ Որովհետև Նա զգացել և կրել է մեր բեռը մեզանից առաջ»։

Ես եզրափակում եմ Մատթեոս 11-ում գրված Քրիստոսի խոսքերի մասին իմ վկայությամբ․

«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։

Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք,

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»:

Աֆրիկայի այդ Սրբերի նման, ես գիտեմ, որ այս խոստումը ճշմարիտ է։ Դա ճշմարիտ է այնտեղ, ճշմարիտ է ամենուրեք։ Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: