«Դռան շեմի հրաշքը», Ընկեր, հունվար 2026, 18-19:
Դռան շեմի հրաշքը
Գրեյսիի մայրիկը լա՞վ կլինի։
Իրական պատմություն ԱՄՆ-ից:
Գրեյսին վերջացրեց նրբաբլիթների վերջին կտորը, ամանները դրեց լվացարանի մեջ և վերցրեց ուսապարկը։
«Ընտանեկան աղոթքի ժամանակն է»,- ասաց հայրիկը։
Բոլորը ծնկի իջան հյուրասենյակում։ Գրեյսիի երկվորյակ եղբայրը՝ Ջորջը, աղոթքն ասաց։ «Խնդրում եմ, օգնիր մեզ լավ օր անցկացնել դպրոցում»,- ասաց նա։ «Եվ խնդրում եմ, օրհնիր մայրիկին, որ նա լավ լինի։ Խնդրում եմ օրհնիր բժիշկներին, որ իմանան, թե ինչպես օգնել նրան»։
Գրեյսիի մայրը ուղեղի ուռուցք ուներ։ Նա վիրահատության կարիք ուներ։ Բժիշկները հույս ունեին, որ ամեն ինչ լավ կլինի, բայց վստահ չէին։
Աղոթքից հետո մայրիկը բոլորին գրկեց։ «Այսօր նորից բժշկի մոտ եմ գնալու։ Հուսով եմ՝ ավելի շատ պատասխաններ կստանանք»։
Ի՞նչ կլինի, եթե մայրիկը մահանա, և ես այլևս չկարողանամ խոսել նրա հետ։ Մտածեց Գրեյսին։ Նա շատ վախեցած էր: Նա չէր կարող պատկերացնել, որ չի կարողանա գրկել մայրիկին կամ դպրոցից հետո տեսնել նրան։
Այդ օրը Գրեյսին, սովորականի պես, գնաց դասի, ընդմիջման և ճաշի։ Բայց նա անընդհատ մտածում էր մայրիկի մասին։ Երբ նա վախենում էր, մտածում էր Երեխաների միության իր սիրելի երգի մասին։ Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել Երկնային Հոր ծրագրի միջոցով, երգում էր նա իր մտքում։
Երբ նրանք դպրոցից տուն վերադարձան, Գրեյսին և Ջորջը վազելով ներս մտան և մայրիկին ամուր գրկեցին։ «Ինչպե՞ս անցավ բժշկի հետ հանդիպումը»։ Հարցրեց Գրեյցին։
«Լավ անցավ»,- ասաց մայրիկը։ «Մենք դեռ շատ բան չգիտենք։ Վիրահատությունից առաջ հաջորդ շաբաթ ևս մի քանի այցեր ունեմ»։
Գրեյսին ուրախ էր տեսնել մորը։ Բայց նա դեռ անհանգստացած էր։
Մի քանի օր անց դռան զանգը հնչեց։ Երբ մայրիկը բացեց դուռը, Գրեյսին լսեց երաժշտության ձայն։
Նա մայրիկի հետ կանգնած էր դռան շեմին և նայում էր եկեղեցուց ու դպրոցից եկած ընտանիքի ընկերների բազմությանը։ Նրանք Երեխաների միության երգեր էին երգում։ «Մենք մտածում էինք ձեր մասին և ուզում էինք մի փոքր մխիթարություն բերել»,- ասաց նրանցից մեկը։ Ապա նրանք նորից սկսեցին երգել։
Ջորջը նույնպես մոտեցավ դռանը։ Նա շրջվեց դեպի Գրեյսին։ «Արի երգենք նրանց հետ»։
Գրեյսին ու Ջորջը վերցրին իրենց վերարկուները և դուրս վազեցին՝ միանալու մյուսներին։ Նրանք երգեցին որքան կարող էին բարձր.
Գրեյսին տեսավ, թե ինչպես մայրիկը սրբեց արցունքները։ Նրա փոքր քույրը՝ Ռոզին, նույնպես կառչած էր մոր փեշից և լսում էր։
Խաղաղության զգացում տարածվեց Գրեյսիի վրա։ Նա դեռ անհանգստանում էր մայրիկի համար։ Բայց նա գիտեր, որ Հիսուս Քրիստոսը սիրում է իրենց։ Նա հրաշքների Աստված է: Եվ ինչ-որ կերպ Գրեյսին գիտեր, որ ամեն ինչ լավ կլինի։
Նկարները՝ Բեթանի Սթենկլիֆի